articles

Ինչո՞ւ են գորշ գայլերը գրոհում քրդական լեռները

2015-07-31

Հուլիսի 20-ին Թուրքիայի սահմանային Սուրուչ գավառում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվեց 32 մարդ։ Դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հարեւան սիրիական Քոբանի քաղաքին օգնություն տրամադրելու նպատակով հավաք էին նախաձեռնել Ստամբուլից Քոբանի մեկնող Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության 150 անդամներ։ Սուրուչը առավելապես քրդաբնակ շրջան է, ինչպես եւ սիրիական Քոբանի քաղաքը։ Վերջինս ամիսներ առաջ հերոսական պաշտպանություն էր կազմակերպել «Իսլամական պետության» զինյալների դեմ, սակայն արդյունքում քաղաքն ավերվել էր։ Թուրքաբնակ քրդերը նպատակ ունեին Քոբանիում վերականգնողական աշխատանքներ իրականացնել եւ օգնություն տրամադրել Սիրիայի իրենց եղբայրներին։ Այսպիսով, ահաբեկչության արդյունքում առաջին հերթին տուժողները քրդերն էին։

Սուրուչի ահաբեկչությունից հետո Թուրքիան հրապարակայնորեն միացավ ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ տարվող պայքարին՝ ամերիկյան օդուժին թույլ տալով օգտագործել իր օդակայաններն ԻՊ-ի դեմ պայքարում։ Միաժամանակ սեփական օդուժի միջոցով նա սկսեց ռմբակոծել Սիրիայի եւ Իրաքի տարածքները: Ընդ որում` զենքն ուղղվեց ոչ այնքան ԻՊ-ի դեմ, որքան՝ Իրաքյան Քրդստանում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերի։ 2013թ. սկզբին վերջինիս հետ կնքված զինադադարից հետո Թուրքիան առաջին անգամ խախտեց պայմանավորվածությունը՝ իր դեմ կրկին հանելով քրդերին։ ՔԱԿ-ը հայտարարեց, որ այլեւս ուժը կորցրած է ճանաչում զինադադարի մասին համաձայնությունը եւ զինված ելույթներ սկսեց Թուրքիայի տարածքում: Դրան ի պատասխան՝ թուրքական բանակը երկրի ամբողջ տարածքում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ նախաձեռնեց: Մի կայծից սպասվող հրդեհը իրականություն դարձավ:

Ակնհայտ է, որ նշված գործողությունները վերջին տարիներին տարածաշրջանում ռազմաքաղաքական ծրագրեր իրականացնելու՝ Թուրքիայի այն նախաձեռնություններից են, որոնք չեն հանդիպում արտաքին ուժերի դիմադրությանը։ Ինչո՞վ է դա պայմանավորված:

Սուրուչի ահաբեկչությունից հետո Թուրքիայի ներսում եւ նրա շուրջ ծավալվող դեպքերը հիմնականում կառուցվում են երկու միմյանց փոխլրացնող առանցքների վրա: Առաջինը Թուրքիա-ԱՄՆ համաձայնությունն է եւ ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ ԱՄՆ կողմից Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքները օգտագործելու հնարավորությունը, երկրորդը`Թուրքիայի կողմից տարածաշրջանում քրդական գործոնը, նրա ծավալման աստիճանը սահմանափակելու գործընթացը:

Ըստ ամենայնի, նշված գործընթացների սկզբնավորման, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից իր արտաքին ռազմաքաղաքական նպատակադրումները Մերձավոր Արեւելքում առաջ մղելու համար Սուրուչի ահաբեկչությունը ծառայեց ոչ թե որպես պատճառ, այլ` լավ մատուցված առիթ։ Հատկապես ԱՄՆ-ի հետ շատ արագ կայացված համաձայնությունը վկայում է կուլիսներում ԱՄՆ-ի հետ նախապես եղած որոշակի երկկողմ համաձայնությունների մասին։ Իսկ երեւացող մասում ընկած են արդեն հետեւյալ փաստերը:

Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարի գործում, ինչպես նաեւ լրացուցիչ ջանքեր գործադրել «Իրաքում անվտանգությունն ապահովելու եւ Սիրիայում քաղաքական հակամարտությունը կարգավորելու համար»: Դրանից հետո թուրքական կառավարությունը, հիմնվելով Ազգային մեծ ժողովի 2014թ. հոկտեմբերի 2-ի իրեն տրված մանդատի վրա, համաձայնել էր երկրի տարածքում ԱՄՆ Ռազմաօդային ուժերի եւ ՆԱՏՕ-ի կոալիցիոն մյուս գործընկերի օդանավերի ու անօդաչու թռչող սարքերի կայանմանը եւ օգտագործմանը: Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարեց, որ Վաշինգտոնը որոշել է խորացնել համագործակցությունը Անկարայի հետ: «Դա վերաբերում է զինծառայողների պատրաստման ծրագրին, հետախուզական տեղեկատվության փոխանակմանը, օպերացիաների իրականացման ժամանակ ջանքերի համատեղմանը»,-նշել էր Թոները:

Այսօր շատերի համար պարզ է, որ, շահարկելով ԻՊ-ի իսլամիստ-վահաբականների դեմ օպերացիա անցկացնելու հանգամանքը, պաշտոնական Անկարան բոլորովին այլ խնդիրներ է լուծում: Այսպես՝ Թուրքիայում քրդական ազգայնական շրջանակների ներկայացուցիչների ձերբակալությունները (ավելի քան հազար մարդ), երկրի արեւելյան նահանգներում թուրքական բանակի «հակաահաբեկչական» գործողությունները, քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ մեղադրանքներն ու հալածանքները, ԻՊ-ի դեմ նախորդ ամիսներին պայքար մղած ՔԱԿ-ի Իրաքի հյուսիսում գտնվող ռազմակայանների ռմբակոծումները վկայում են, որ ԱՄՆ-Թուրքիա համաձայնությունների հիմքում ընկած է պաշտոնական Անկարային «քրդական ճակատում» ազատ գործելու` ԱՄՆ կողմից տրված հնարավորությունը: Արդյունքում Թուրքիայի ներսում քրդական զինված ապստամբության օրինաչափ բռնկումն արդեն իսկ ստացել է տարածաշրջանային ընդգրկում եւ դարձել այլ երկրների շահերը արծարծող ու վտանգող գործոն: Մասնավորապես, հուլիսի 27-ին Թուրքիայի արեւելյան Աղրի նահանգում Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարի, իսկ հուլիսի 29-ին հարավարեւելյան քրդաբնակ Շըրնաք նահանգում Իրաքից (Քիրքուք) եկող նավթատար խողովակաշարի պայթեցումները, հուլիսի 30-ին Բինգյոլում Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա հարձակումը, Իրաքի հյուսիում ՔԱԿ դիրքերի ռմբահարումները ունեն տարածաշրջանային նշանակություն եւ ուղղակիորեն ազդում են Թուրքիա-Իրան, Թուրքիա-Իրաք, Իրան-Սիրիա եւ այլ հարաբերությունների վրա:

Ի՞նչ շահերի վրա է կառուցված ԱՄՆ-Թուրքիա ներկա գործակցությունը:

Անշուշտ, Թուրքիայի ցանկությունը` հասնել նրան, որ «քրդական հարցում» ԱՄՆ-ի դիմադրությունը երբեւէ կորցնի ուժն ու նշանակությունը, անցյալում միշտ էլ եղել է: Ուստի, այսօր Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ համաձայնության կայացումը առաջին հերթին վկայությունն է տարածաշրջանում ԱՄՆ ունեցած նոր ծրագրերի, որոնց արդյունքում ընդունելի են դարձել թուրքական առաջարկությունները: Այդ իսկ պատճառով միմյանց փոխլրացնող երկու առանցքների` ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ ԱՄՆ կողմից Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքներն օգտագործելու եւ Թուրքիայի կողմից տարածաշրջանում քրդական գործոնը, նրա ծավալման աստիճանը սահմանափակելու գործընթացները պայմանավորված են առաջին հերթին ԱՄՆ շահերով: Պարզապես առկա վիճակից Թուրքիայի արտաքին ու ներքին շահառությունն այնքան ակնառու է, որ ստվերում է ԱՄՆ-ի այն ծրագրերը, որոնք ի հայտ են եկել վերջին շաբաթներին կամ ամիսներին:

Թուրքիայի շահերը կապված են Սիրիայի ու Իրաքի տարածքներում մի քանի տասնյակ կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու՝ Անկարայի նպատակների հետ: Այդ մասին խոսվում է արդեն մի քանի տարի: Դրա հաջող գործարկման, հատկապես գերտերությունների, տարածաշրջանային երկրների կողմից հնարավորինս մեղմ դիմադրության դեպքում հիմքեր կստեղծվեն Անկարայի կողմից Սիրիայի ու Իրաքի ներքին գործերին առանց լուրջ խոչընդոտների միջամտելու, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, եվրոպական տերությունների, Ռուսաստանի, արաբական երկրների հետ անվտանգության, պաշտպանության բնագավառներում ռազմաքաղաքական նոր դիրքերից գործակցություն իրականացնելու, տարածաշրջանում Իրանի հսկայական ազդեցությունը նսեմացնելու համար եւ այլն:

Բացի արտաքին շահերից, Թուրքիայի ներկա ակտիվացումը կապվում է նաեւ Էրդողանի կողմից իր ներքաղաքական խնդիրները լուծելու հանգամանքի հետ։ Պառլամենտական ընտրություններում չկարողնալով հաղթահարել կառավարություն կազմելու սահմանադրական շեմը՝ Թուրքիան ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամայական: Ըստ առանձին քաղաքագետների` դրանով է նաեւ բացատրվում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրագույն ղեկավարության կողմից Թուրքիան դեպի արմատական ազգայնական դաշտ տանելու քաղաքականությունը։ Ըստ այդմ` քրդական անջատողականության դեմ պայքարի դրոշ բարձրացնելու եւ ազգայնական գործունեություն ծավալելու արդյունքում Էրդողանի կուսակցությունը ապագա ընտրություններում կկարողանա շահել առավել մեծ թվով ընտրողների վստահությունը, մեծամասնություն կազմել Ազգային մեծ ժողովում եւ առանց խնդիրների կառավարություն կազմել։

Սակայն, եթե Թուրքիայի շահերը տեսանելի են եւ այս օրերին բավական լայն մեկնաբանման են արժանանում, ապա ԱՄՆ-ի շահերն ու նպատակները, ինչպես ասվեց, մնում են ստվերում: Իսկ դրանք առավել կարեւոր նշանակություն ունեն, քանզի տարածաշրջանում ռազմաքաղաքական ներկայիս «ստատուս-քվոյի» փոփոխության հիմնական շարժիչ ուժն են:

Հուլիսի 14-ին Իրանի եւ միջազգային միջնորդ պետությունների` «վեցնյակի» (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ Գերմանիայի) միջեւ կնքված միջուկային համաձայնագիրը Մերձավոր Արեւելքում Իրանի ծավալման համար նոր հնարավորություններ է ստեղծել: ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց դաշնակիցների հետ մի քանի տարի տեւած լրջագույն մրցակցության պայմաններում Մերձավոր Արեւելքում Իրանի կողմից իր դիրքերի պահպանումն ու հզորացումը վկայում են, որ պատժամիջոցների ու դրանց հետեւանքների վերացումից հետո Թեհրանի հետ չափվել ու նրան զսպել չի կարող արդեն ոչ մի տարածաշրջանային ուժ: Ուստի պաշտոնական Թեհրանի հնարավորությունները սահմանափակելու համար ԱՄՆ-ն այսօր արդեն խնդիր ունի Իրանի սահմանների երկայնքով բռնկել ու թեժանցել նոր օջախներ` այդ երկիրը կապանքների մեջ պահելու համար:

Կարելի է նկատել, որ եթե Իրանին Մերձավոր Արեւելքում տրվում է (կամա, թե ակամա` այլ հարց է) «առաջին ջութակի» իրավունքը, ապա մյուս կողմից Թուրքիային` այդ «ջութակի ձայնը» որոշ չափով լռեցնելու համար նոր իրավունքներ ու հնարավորություններ: ԱՄՆ «պատրոնաժությամբ» ազատորեն ավիահարվածներ հասցնելով Սիրիայում ԻՊ-ի ուժերին եւ Իրաքում ՔԲԿ-ին` Թուրքիան շռնդալից մուտք է գործում Միջագետքում արդեն հիմնավորված Իրանի ազդեցության գոտի եւ ուղղակիորեն ձեռնոց նետում Թեհրանին։

Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում իր բնական դաշնակիցների` շիա աշխարհի, էթնիկ, կրոնական ու քաղաքական տարբեր խմբերի, համայնքների հետ Իրանին կապող օղակը եղել եւ մնում է Միջագետքի այն քրդաբնակ գոտին, որը բաժանում է Թուրքիան ընդհանրապես արաբական աշխարհից ու մասնավորապես ներկայիս ԻՊ-ի վերահսկողության տակ եղած տարածքներից: «Քրդական հարցի» վերբեռնումն, այսպիսով, ոչ միայն Թուրքիայի՝ վերը նկարագրված արտաքին ու ներքին շահերից է բխում, այլեւ ԱՄՆ-ի` Իրանին ու նրա դաշնակիցներին միմյանցից հնարավորինս զատելու ու գործակցությունը խոչընդոտելու հեռանկարային նպատակներից: Սակայն, դա համեմատաբար փոքր կշռաքար է Իրանի «միջագետքյան» նժարի թեթեւացման համար: Անհրաժեշտ են նաեւ այլ կշռաքարեր:

Օրերս միջազգային որոշ տեղեկատական հոսքեր կրկին սկսեցին շրջանառել Իսրայել-Թուրքիա դաշինքի նախկին ֆորմատը ակտիվացնելու մասին տեղեկատվությունը։ Այդ ամենը կապվեց հենց Իրանի ազդեցության մեծացման արդյունքում երկու երկրների համընկնող շահերի հետ: Մասնավորապես՝ Իսրայելի ԱԳՆ ղեկավար անձանցից Դորի Գոլդը հայտարարեց, որ Իսրայելի եւ Թուրքիայի գոյությանը վերաբերող սպառնալիքները նույնն են, ուստի ինքը հույս ունի, որ երկու երկրները կկարողնան գտնել այն ճանապարհը, որն անցյալում կթողնի տարաձայնությունները: Հենց երկու երկրների հարաբերությունների վերականգնման նպատակով էլ Հռոմում նա օրեր առաջ հանդիպել էր իր թուրք գործընկերոջ հետ:

Մյուս «կշռաքարը», որը պետք է Թուրքիայի հետ դրվի նույն նժարին, վերաբերում է Սաուդյան Արաբիային: ԱՄՆ-ն, յուրաքանչյուր առիթ օգտագործելով, փորձում է վստահեցնել Արաբական թերակղզու իր դաշնակիցներին, որ Իրանի ծավալման դեմ նրանք երբեք չեն զրկվի ԱՄՆ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական, լոգիստիկ եւ այլ կարգի օժանդակություններից: Հենց այդ նպատակով էլ հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիային 5,4 միլիարդ դոլարի Patriot հակահրթիռային համակարգերի վաճառքը: Պետքարտուղարությունը միաժամանակ հայտարարել է, որ սպառազինության գործարքը միտված է Սաուդյան Արաբիայի, որը տարածաշրջանում ԱՄՆ առանցքային գործընկերն է, պաշտպանունակությունը բարձրացնելուն: Ուստի, այդ գործարքը ուղղակիորեն պայմանավորված է Իրանի հետ «վեցնյակի» համաձայնությունից հետո Իրանի ազդեցությունը սահմանափակելու՝ ԱՄՆ ներկայիս կուրսի հետ:

Բացի մերձավորարեւելյան տարածաշրջանից, հարկ է սպասել, որ առաջիկա ամիսներին այլ տարածաշրջաններում եւս կարող են բռնկվել Իրանի ծավալմանը խոչընդոտող կամ նրա ազդեցությունն այս կամ այն կերպ սահմանափակող նոր օջախներ: Ռազմաքաղաքական գործընթացների ներկայիս տրամաբանությունը հուշում է, որ հատկապես Ռուսաստանի դեպքում, որքան էլ դրա գործնական իրականացման համար թույլ հիմքեր լինեն, կարող են նոր ռիսկեր առաջանալ: Վերջինս հենց այն աշխարհաքաղաքական ուժն է, որ կարող է տեւականորեն կանգնեցնել Իրանի առաջընթացը Մեծ Մերձավոր Արեւելքում:

Իբրեւ վերջաբան կարելի է նշել, որ ԻՊ-ի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացներն այսօր լիարժեք ծառայում են տարածաշրջանում Իրանի ազդեցության ծավալմանը խոչընդոտելու գործին: Վերջինիս խորապատկերին` Թուրքիայում ԱՄՆ օդուժի բազավորումը եթե առերեւույթ ծառայում է ԻՊ-ի դեմ պայքարին, ապա խորքային առումով այն Թուրքիային տրված քաղաքական օժանդակություն է` Իրանի հետ նոր մրցակցություն ծավալելու եւ քրդական հարցի վերբեռնման միջոցով Իրանի արեւմտյան սահմանները է՛լ ավելի մեծ քաոսի ենթարկելու համար: Կարելի է կարծել, որ ԱՄՆ-ի հեռակա կատարյալ նպատակը Իրանի պարտությունն ու Թուրքիայի հաղթանակն է: Սակայն, դա թյուր կարծիք է: ԱՄՆ-ին եւ նրա տանող ուժերին ընդամենը հարկավոր է կանխատեսելի, կաշկանդված, վերահսկելի ու կառավարելի տարածաշրջան: Թուրքիան հենց այդ ուղու առաջին մեծ հանգույցն ու այդ քաղաքականության առաջնային հասցեատերն է: