articles

«Ռեժիմը խուճապի մեջ է եւ պառակտման եզրին է կանգնած»

2015-09-30

Կուսակցական ու լրագրողական շրջանակների առաջ բերած հարցադրումներում ու քննարկումներում, ինչ-ինչ հիմնավորումների միջոցով, պարբերաբար ի հայտ են գալիս մի շարք կեղծ պնդումներ, որոնք մեր ժողովրդի քաղաքական մտածողության բացակայության եւ խորքային «կրոնական» գիտակցության պատճառով հանրության շրջանում բավական պարարտ հող են գտնում ու անընդհատ տիրաժավորվում են։ Դրա արդյունքում է նաեւ, որ հանրությունը կտրվում է իրականությունից՝ քաղաքական իրավիճակը հասկանալու, համապատասխան վերաբերմունք արտահայտելու ու գործ նախաձեռնելու փոխարեն կանգնելով ի սկզբանե դատապարտված ուղու վրա։ Անդրադառնանք նման երկու պնդումների։

Պնդում առաջին՝ «վարչախմբի ներսում կա խուճապ, որից կարելի է օգտվել»։

Ընդհանրապես խուճապը այնպիսի հոգեվիճակ է, որը ենթադրում է ոչ սովորական վտանգի առկայություն։ Խուճապի սկզբնավորման համար վտանգի աղբյուրը՝ սուբյեկտը, պետք է օբյեկտին հասցնի այնպիսի հարված կամ գոնե ստեղծի նման հարվածի այնպիսի սպասում, որ վերջինս կորցնի բնականոն վարքի «կողմնորոշիչները» եւ իրավիճակի շուրջ ռացիոնալ գնահատականները փոխարինի հուզականով ու շարժվի ըստ այդ արտակարգ իրավիճակի՝ թույլ տալով բազում սխալներ, որոնք թույլ չէր տա, եթե գիտակցական վերահսկողության ենթարկեր տեղի ունեցածը։

Ներկայացված մեկնաբանությունից արդեն իսկ երեւում է, որ գործող վարչախմբի մոտ խուճապ տեսնելու համար պետք է նախ նրա դեմ հանդես եկող ուժի (ուժերի) գործողություններում սուբյեկտային վարք տեսնել՝ նպատակային այնպիսի գործողություններ, որոնք վարչախմբին կհանեն հավասարակշռությունից ու կստիպեն կատարել սխալներ։ Սակայն, ի տարբերություն գործող վարչախմբի, Հայաստանում տարիներ շարունակ կուսակցությունները, քաղաքական ուժերը, դաշինքները գրեթե մշտապես եղել են օբյեկտի կարգավիճակում։ Ընդհակառակը, վարչախումբն է ակտիվ միջամտել ընդդիմադիր ուժերի «պայքարի» գործին, ստիպել կատարել այս կամ այն քայլը, հետեւել իր ստեղծած օրակարգին, գնալ իր հետ բանակցությունների, իսկ վերջին շրջանում արդեն՝ մասնակցել հատկապես պոռնոինդուստրիայում տարածում գտած աշխատանքի ընդունվելու նպատակով կազմակերպվող տեսալուսանկարահանումների։

Երբ գործող վարչախումբը ուժային կառույցների կամ կրիմինալի միջոցով դիմում է բռնարարքների, դա բոլորովին էլ խուճապի վկայություն չէ։ Միայն ընդդիմադիր անատամ ուժերի մոտ կարող էր ծագել այն տափակաբանությունը, որ եթե քո դեմ բռնանում են, ուրեմն քեզանից վախենում են, եւ քանի որ քեզանից վախենում են եւ դիմում եմ բռնության, ուրեմն խուճապի մեջ են։ Քաղաքականությունն այնպիսի սուբյեկտային վարք է, որն ունի նպատակ եւ դրան հասնելուն ուղղված լուծում պահանջող խնդիրներ։ Քաղաքականության մեջ ադեկվատությունն այնպիսի վիճակ է, երբ նպատակին հասնելու համար գիտես ինչ խնդիր պետք է լուծես եւ գտնում ես այն մեթոդներն ու միջոցները, որոնք բերում են խնդրի լուծմանը։

Քաղաքական գիտելիքի պակասը եւ ընդհանուր անզորությունը հայոց քաղաքական շրջանակներին ինքնախաբեությամբ զբաղվելու անսպառ հնարավորություն են ընձեռում։ Երբ դիմացդ կանգնած սուբյեկտը նախ նախաձեռնում է որեւէ նպատակային գործընթաց, որին դու դեմ ես, հետո բռնանում է քո կամքի կամ մարմնի նկատմամբ, հետո կանչում է ֆոտոսեսիայի, անկախ նրանից թե դու հրաժարվո՞ւմ ես գնալ, թե՞ այնուամենայնիվ գնում ես, այդ ամենից երբեք չի բխում, որ դու այնպիսի սուբյեկտ ես, որ քեզանից վախենում են կամ խուճապի մատնվում։ Միեւնույն ժամանակ, եթե անգամ քեզ չեն կանչում ֆոտոսեսիայի, բայց դրա փոխարեն կրկնակի են բռնանում, դա նույնպես դեռ չի նշանակում, որ քեզանից վախեցած են կամ խուճապի են մատնված։ Առավելապես դա նշանակում է, որ իրենց նպատակային գործունեության մեջ առայժմ (կամ՝ միգուցեեւ ընդհանրապես) քո հետ կապված խնդրի լուծումը տեսնում են քո կամքի վրա բռնանալու կամ քեզ ծեծելու միջոցով։

Ասվածի համատեքստում կարելի է նաեւ նշել, որ խուճապի մասին խոսող շրջանակները, քանի դեռ իրենք պրոակտիվ վարքի կրողներ չեն, քանի դեռ դեպքերի ընթացքը ըստ սեփական նպատակային ծրագրերի ապահովողներ չեն, քանի դեռ նրանց գործողություններում պարտադրանքի տարրեր չկան, քանի դեռ իրենց հասցված վնասի դիմաց նրանք պատիժ կիրառած չկան, ուրեմն հենց իրենք են խուճապի մեջ, քաղաքական տվյալ գործընթացում գտնվում են օբյեկտի կարգավիճակում եւ զբաղված են միմիայն շառլատանությամբ։

Պնդում երկրորդ՝ «վարչախմբի ներսում կա պառակտում, որից կարելի է օգտվել»։

Շատ դեպքերում ընդդիմադիր շրջանակները հանրությանը դեպի իրենց տրամադրելու համար, բերում են ինչ-որ փաստեր վարչախմբի ներսում կատարվող տարբեր մրցակցային գործընթացներից եւ կառչում այն պնդումից, թե վարչախմբի ներսում կա պառակտում։ Ըստ այդ հիմնավորման՝ նման պառակտումը նպաստելու է իրենց հաղթանակին կամ ի օգուտ հանրության է աշխատելու։

Ընդհանրապես իշխանության ձգտելու մոտիվը, լինի վարչախմբի ներսում, թե դրանից դուրս, մշտապես առկա է քաղաքական սուբյեկտների մոտ։ Դա գործող վարչախմբի ներսում մշտական մրցակցության առիթ է եղել անցյալում, ներկայում եւ լինելու է ապագայում։ Ընդ որում այդ մոտիվը շատ ավելի ուժեղ արտահայտվում է վարչախմբի ներսում ու ազդում է վարչախմբի ընդհանուր կոնֆիգուրացիայի վրա, քան թե ընդդիմության, քանի որ ի տարբերության ընդդիմադիր ուժերի, վարչախմբի ներսում վարչական լծակներին տիրապետող անձիք շատ ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում պետական կառավարման համակարգը, որն է այդ համակարգի յուրացումը, ինչ է ընդհանրապես իշխանությունը մարդկային հարաբերություններում եւ ինչպես կարելի է պահել կառավարման լծակները իրենց ձեռքում կամ տիրանալ ավելի մեծ լծակների։

Հենց նշված հանգամանքներից ելնելով՝ ի տարբերություն ընդդիմության հրապարակային գործունեության եւ ցուցադրվող ակնկալիքների, վարչախմբի ներսում մշտապես առկա է ստվերային պայքար, որը երբեմն կարող է եւ արտաքնապես երեւալ ու իրական փաստ դառնալ։ Ասվածը հիմք է տալիս եզրակացնել, որ վարչախմբի ներսում մշտապես առկա մրցակցությունն ու անգամ վարչական լծակները պահելու կամ նոր լծակների տիրելու համար կոշտ պայքարը չի կարող որակվել պառակտում, քանի դեռ չկան առնվազն երկու հստակ տարանջատված սուբյեկտներ (անձեր, խմբեր, կլաններ), որոնք գործում են իրար ոչնչացնելու ու կառավարման համակարգից մեկը մյուսին լիարժեք դուրս մղելու նպատակադրմամբ։

Տեսականորեն հնարավոր է, որ վարչախմբի ներսում ձեւավորվի իրապես հակադիր երկու ճամբար (նորանկախ Հայաստանի պատմությունն ունի նման մի քանի օրինակներ), որի ժամանակ կողմերի շահերից բխի ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը։ Այդ դեպքում, սակայն, ընդդիմադիր կուսակցությունները տվյալ ճամբարների համար կարող են միմիայն ծառայել հանրության համակրանքը շահելու գործիք։ Արդյունքում նրանց միջոցով կարող է կատարվել կառավարման համակարգի նոր յուրացում եւ լեգիտիմացում։ Սակայն նման ծառայության դիմաց այս կամ այն կուսակցությանը տրված փոխհատուցումը ոչ էական վարչական լծակների կամ բիզնես քվոտաների տեսքով կլինի։

Քաղաքական իրական որեւէ սուբյեկտ երբեք գործիք ծառայող օբյեկտին ցանկություն չունի բարձրացնել սուբյեկտի աստիճան ու իր հավասար գործընկերը դարձնել։ Տեսականորեն եթե քաղաքական գործընթացը դրան հանգեցնի, ապա այդ սուբյեկտը կլինի նոր ձեւավորված հանցավոր վարչախմբի մի մասնիկը՝ տարանջատվելով հանրությունից ու հրաժարվելով նրան տրված խոստումներից։

Հայաստանում, որտեղ քաղաքական գիտելիքի պակաս կա, կարող են լինել այնպիսի մոլորություններ, ըստ որի վարչախմբի ներսում տեղ գտնող մրցակցությունը պառակտման հիմնարար նշան է, նման գործընթացը ի նպաստ հանրության է ծառայում եւ կարելի է դրանից օգտվել։ Եթե քաղաքական ուժի հույսը նման մրցակցությունից կամ անգամ հնարավոր պառակտումից օգտվելն է, ապա նա դատապարտված է քաղաքական գործընթացներում մնալ օբյեկտի կարգավիճակում եւ սպասել, թե սուբյեկտային վարք ցուցաբերող անհատներն ու ուժերը ինչպես կորոշեն դեպքերի ընթացքը։ Իրական սուբյեկտները վստահում են սեփական ուժերին, հիմնվում են իրենց կամքի ու ծրագրերի վրա եւ գործում են ըստ նախանշած նպատակի։

Սուբյեկտային վարքը որեւէ ուժի համար քաղաքական գործընթացում հաջողության հասնելու առաջնային գրավականներից է։ Կախված ցուցաբերած սկզբունքայնությունից, կամքից, իրավիճակի ճիշտ վերլուծությունից, կիրառած քաղաքական տեխնոլոգիաներից, մեխանիզմներից եւ այլ պարամետրերից սուբյեկտը կարող է հաջողության հասնել քաղաքական պայքարում՝ այդ ընթացքում խուճապի մատնելով վարչախմբին, նրան պառակտման հասցնելով, ստիպելով, որ իր հետ նստեն բանակցությունների, կատարեն իր վերջնագրերը եւ այլն։ Սակայն նշված իրավիճակները բոլորովին հակապատկերն են այն վիճակի, որն առկա է Հայաստանում։ Մի քանի անգամ հետապնդումների ու բռնության ենթարկվելուց հետո, հիմնվելով գործող վարչախմբի ներսում տարբեր շրջանակների մրցակության փաստի վրա, հայտարարել, որ վարչախումբը խուճապի մեջ է ու կանգնած է պառակտման եզրին, դա ոչ թե քաղաքականություն է, այլ սովորական կեղծիք։

Մեր հանրության դյուրահավատության, ինչպես նաեւ սեփական խնդիրների լուծումը ինչ-որ «Փրկիչների» պատվիրակելու պատճառով նման կեղծ պնդումները երկար կյանք են ունենալ։ Արդյունքում երկրում շարունակում են չլուծված մնալ շատ ու շատ քաղաքական խնդիրներ։ Հավատալով վարչախմբի խուճապի մասին պնդումներին, սպասելով նրա պառակտմանը՝ մարդիկ իրենց դուրս են դնում քաղաքական գործընթացներից։ Երկրում փոփոխություններ կարող են լինել, երբ քաղաքացիական հանրությունը կարողանա ինքնակազմակերպվել, ցուցաբերի կամային ու նպատակային վարք, իրապես դառնա քաղաքականության սուբյեկտ եւ հույսը դնի միմիայն իր վրա։