articles

Դատարկ խոսքն ու կոնկրետ գործը չափվում է արդյունքով

Հայաստանում քաղաքական պայքարի մասին պատկերացումները մշտապես դառնում են քննարկումների առարկա: Այդ քննարկումներում պայքարելու փաստը համընդհանուր ճանաչման է արժանանում, երբ ներկայացվում է որեւէ քաղաքական գործչի կամ ակտիվ քաղաքացու փաստարկված, ծանրակշիռ, իրավիճակը ներկայացնող, մեղավորներին վատաբանող ու երբեմն էլ նրանց հասցեին չարություն սերմանող խոսքը: Կյանքում չհասնելով որեւէ առաջընթացի, իր առջեւ ծառացած խնդիրներում լուծումներ չունենալով, հետեւելով տարածում գտած այդ վերբալ պահվածքին` հանրությունը ընկնում է ապատիկ վիճակի մեջ, ու ավելի շատ տարվում չարախոսությամբ: Դրա արդյունքում է, որ տարիներ շարունակ խոսքն արժեզրկվում է այնպես, որ այսօր տարբեր քաղաքական գործիչների, հռետորների բերանում այն ծեծված բառերի ու նախադասությունների մի շարան է արդեն հիշեցնում:

Տարիների ընթացքում խոսքի ուժով համեմված անպտուղ քաղաքական պայքարն, այսպիսով, հանգեցնում է նրան, որ խոսքը կորցնում է իմաստն ու գործընթացների վրա ազդելու գործառույթը: Եւ այդ ամենը միայն այն պատճառով, որ չկա դրան զուգահեռ ընթացող որեւէ խնդրի լուծմանը միտված կոնկրետ գործը: Առանց գործի խոսքը չլիցքավորված փամփուշտի է վերածվում եւ ոչ մի թիրախ խոցել չի կարող: Սակայն, այնուամենայնիվ, սոցիալական ցանցերում մարդիկ համառորեն շարունակում են իրար մեղադրել չպայքարելու մեջ` ներքուստ ունենալով այն համոզումը, որ տարբեր միջավայրերում իրենց դժգոհությամբ համեմված, չարությամբ արտահայտված խոսքը կամ հանրահավաքում այլոց նույնատիպ խոսքի ունկնդրությունը եղել է պայքար հանուն Հայաստանի լուսավոր ապագայի կամ ընդդեմ հանցավոր վարչախմբի:

Այնումենայնիվ, քաղաքական ակտիվություն ցուցաբերող անձիք երբեմն փորձում են խոսքի հետ մեկտեղ կատարված ինչ-որ «գործերի» օրինակներ վկայակոչել: Նրանց կողմից մատնանշվում են որոշակի քայլեր, որոնք կատարվել են անցյալում: Սակայն ինչո՞ւ դա պայքար չէ, նրանց օրինակներում խոսքի ու գործի անջրպետը որտե՞ղ է գոյացել:

Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդն ունի այնպիսի ապաքաղաքական մտածողություն, որ քաղաքական ամեն տեսակ գործընթացների նրա տեսլականում բացակայում է մի կարեւոր բաղադրիչ` սեփական ակտիվության դիմաց ակնկալվող արդյունքը։ Քաղաքական միավորները կարողանում են իրենց առջեւ նպատակ դնել` ձեւակերպել այն իդեալական վիճակը, թե ինչին են նրանք ձգտում: Կարող է պարադոքսալ թվա, սակայն հենց այդ պահից բոլոր դեպքերում քաղաքական գործընթացի նպատակի ու ցուցաբերվող ակտիվության դիմաց սպասվող արդյունքի միջեւ առաջանում է մի մեծ վիհ։ Նպատակի ձեւակերպման հետ միաժամանակ հայ մարդը չի մտածում գործնական արդյունքների մասին. քաղաքական գործընթացներին նրա մասնակցության մեջ բացակայում է խնդրի ձեւակերպումը, ռեսուրսների հաշվարկը, լծակների օգտագործումը եւ ի վերջո դրված կոնկրետ խնդրի լուծմանը հասնելու ակնկալիքը։ Դա բերում է նրան, որ որոշակի անհաջողություններից ու պարտություններից հետո ընդդիմադիր միավորների ղեկավարները որպես ռազմավարական ուղենիշ են ձեւակերպում այն իդեալական ձգտումը, որը մինչ այդ հանդես էր եկել որպես նպատակ, ու սկսում են տարիներով «խաղալ» այդ նպատակի հետ: Այսպես, տարիներ շարունակ արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու նպատակը դարձել է հայաստանյան ընդդիմության այցեքարտը: Սակայն տարիներ շարունակ այդ նպատակին ուղղված անպտուղ ակտիվությունը ոչնչի չի հանգեցրել, անգամ նրան, որ հանրությունը հստակ խնդիր դնի պատասխանատվության կանչել «պայքարի» ելած քաղաքական ակտիվություն ցուցաբերող տվյալ անձանց` իրենց գործողություններով որեւէ արդյունք չարձանագրելու համար:

Վերջին՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հենց դրա ապացույցն է։ Նախապես բոլորի համար պարզ էր, որ գործող վարչախումբը կեղծելու ու ամեն գնով ավարտին էր հասցնելու իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Ընդդիմադիր միավորների ղեկավարները նպատակ էին դրել տապալել հանրաքվեի գործընթացը եւ «Սահմանադրության հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու եւ գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի»: Ու դրա համար նրանք ելել էին «պայքարի», որը իրենից ենթադրում էր մի կողմից հանրահավաքների, երթերի, մարզերում քաղաքացիների հետ հանդիպումների միջոցով ընդդեմ գործող վարչախմբի ժողովրդի համախմբում, իսկ մյուս կողմից` տեղամասում կռիվ տալ` թույլ չտալով, որ վարչախումբը լիարժեք կեղծի հանրաքվեի արդյունքները:

Հենց այստեղ է, որ հարց է ծագում, թե այդ ակտիվության սպասված կամ ցանկալի արդյունքը որն էր: Այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ հրապարակ կգային ու ռեժիմը խուճապի կմատնվեր, կկազմալուծվեր, կտապալվեր եւ իրականություն կդառնար այդքան երկար սպասված «իշխանափոխությո՞ւնը»։ Կամ թե` տեղամասերում երկու-երեք նվիրյալ անձանց միջոցով հնարավոր կլիներ կանխել համատարած կեղծիքներն ու քրեական տարրերի ակտիվությո՞ւնը: Արդյո՞ք նման արդյունքների հավակնելու համար ընդդիմադիր միավորները ունեին բավարար միտք, կամք, կարողություն գործը մինչեւ վերջ հասցնելու համար, իսկ վարչախումբն էլ գտնվում էր այնպիսի ճահճացած վիճակում, որ նրա տապալվելը քիչ թե շատ կանխատեսելի էր։

Հանուն ազգի ու պետության գեղեցիկ նպատակներով ու բարոյական կատեգորիաներով առաջնորդվելուց զատ, որն իհարկե ողջունելի է, շատ ավելի լավ կլինի, որ մեր քաղաքացիները երբեւէ սկսեն մտածել քաղաքական կատեգորիաներով։ Քաղաքական վարքը որոշակի մտածողություն է պահանջում, որի առանցքում արդյունքի գիտակցումն է ընկած։ Այսինքն քաղաքական ցանկացած ակտիվություն պետք է ուղղված լինի կոնկրետ խնդրի լուծմանը եւ արդյունքի ապահովմանը: Հիմա հարց տանք մեզ, թե մեր ակտիվությամբ քիչ թե շատ տեսանելի ինչ արդյունք էիք ակնկալում վերջերս ավարտված գործընթացում։ Երբ կոնկրետացնեք մեր սպասելիք արդյունքը, ապա եւս մի հարց ստիպված ենք մեզ տալ` հույսներս ո՞ւմ վրա էր նման արդյունք ակնկալելու համար։ Եթե այլոց, ապա եղավ այն, ինչը որ պետք է լիներ: Վարչախմբի տապալմանը վերաբերող բնակչության մեծ մասի ամորֆ, երազային ակնկալիքները չիրականացան, քանի որ քաղաքացու հույսի աղբյուրը ինքը չէր, այլ իրենից դուրս գտնվող արտաքին աշխարհը, հանգամանքները: «Աստված մի դուռ կբացի», «Լեւոն պապին մի բան գիտի, նա միշտ ճիշտ է դուրս գալիս», «Ժիրոն կռված, «դուխով» տղա է, որ ասում է, ուրեմն մի բան կանի» մտածողությունն է մեր անհաջողությունների պատճառը։

Քաղաքական գործընթացում արդյունքը լինում է հետեւողական գործողությունների հետեւանքնով, այնպիսի գործողությունների որոնք կոնկրետ խնդիր են լուծում եւ որակապես ու քանակապես ենթակա են վերլուծության: Քաղաքացիներին հանրահավաքի հրավիրելով ի՞նչ խնդիր ենք մենք լուծում: Հանրահավաքում ելույթ ունենալով կարելի է անընդհատ ապացուցել, որ այս վարչախումբը հանցավոր է ու գործում է ընդդեմ պետության ու հանրության: Եւ դրանից հետո սեփական անհաջողությունների առաջ բերած հոգեբանական բեռը եւ երկրի ընդհանուր վիճակից ժողովրդի մեջ կուտակված լարվածությունը լիցքաթափելու համար կարելի է Երեւանի փողոցներով երթ կազմակերպել ու գնալ տուն:

Եթե մեր խնդիրը այդ լարվածությունը պարպելն է, ապա այդ երեւույթը բոլորովին այլ մեկնաբանության է արժանի: Իսկ եթե ոչ, ապա սեփական վարքը ի վերջո պետք է ենթարկել քաղաքական մտածողության պահանջներին եւ մեր ակտիվության դիմաց ակնկալել տեսանելի ու չափելի կոնկրետ արդյունքներ: Ընդ որում յուրաքանչյուրիս ընդհանրական նպատականները դրանից երբեք չեն տուժի, բայց ծրագրվող գործը կառարկայանա: Այդուհետ կարելի է տարբերել թե ովքեր են ճարտար, բայց փուչ խոսքի վարպետները, իսկ ովքեր կոնկրետ գործ անողները, որոնցից կարելի է սպասել արդյունքների, իսկ դրանք չլինելու դեպքում` պատասխանատվության կանչել հանրության վստահությունը չարաշահելու համար: