articles

Երկրում ստեղծված վիճակի համար ո՞վ է մեղավոր

2016-01-18

Հայաստանի անկախ պետության քառորդ դարն արդեն պատմություն է: Այդ ընթացքում պետականաշինության գործի տապալումը, քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրները երկրում առաջ են բերել սոցիալական խորը ճգնաժամ: Վերջինս առաջին հերթին պետական կառավարման մեջ եղած հանցավոր դրսեւորումների ուղղակի հետեւանքն է: Պետությանը եւ ժողովրդին տարիներ շարունակ հասցվել է նյութական եւ ոչ նյութական ահռելի վնաս: Այն չափվում է միլիարդավոր դոլարների արտաքին ու ներքին պարտքով, տնտեսական հզորությունների լիակատար թալանով, երկրից հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթով, առկա բնակչության ծայր աղքատությամբ, ապագայի նկատմամբ քաղաքացիների հույսի ու հավատի կորստով եւ այլն:

Ներկայումս երկրում ստեղծված վիճակի հանրային գնահատականներում կարելի է ասել, որ մեծ անհամապատասխանություններ գրեթե չկան: Սակայն այլ է պատկերը եղած հանցավոր դրսեւորումների համար մեղավորների կոնկրետ հասցեականությունը որոշելու հարցում: Հանրային քննարկումներում արդեն նկատվում է հստակ մի սահմանագիծ, որը ստեղծված վիճակի համար մեղավորներ եւ առկա ճգնաժամից ելքեր փնտրելիս քննարկման մասնակիցներին բաժանում է երկու ճամբարի: Փորձենք տալ այդ ճամբարների գաղափարաբանությունները:

Հանրության մի մասը հանգել է այն մտքին, որ քառորդդարյա հանցավոր գործունեության հետեւանքների համար մեղավորները կոնկրետ են եւ վերջիններիս շրջանակից դուրս պետք չէ «քավության նոխազներ» փնտրել: Այն է` այդ հանցանքները գործած անձինք եղել են պետական կառավարման լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած պաշտոնյաները եւ նրանց փոփոխությամբ է հնարավոր հասնել նշված հետեւանքների վերացմանը:

Այս մտքի կրողներն իրենց խոսքը հիմնավորում են` փաստարկման համար ելակետ ընդունելով իրավաքաղաքական հաստատված ընթացակարգերը: Ըստ այդմ՝ պետական կառավարումը պետական մարմինների ու նրանց գործադրած լծակների որոշակի աստիճանակարգություն է ենթադրում եւ այդ աստիճանակարգության մեջ քաղաքական որոշումներն ու պատասխանատվությունը հանգուցալուծվում են պետության գլխի ով լինելով: Պետության «վատ» գլխի «լավ» գլխով փոխարինմամբ հնարավոր է առողջացնել նաեւ ողջ պետական ապարատը, հետեւաբար նաեւ` ամբողջ պետությունը: Պետության գլխի որակական փոփոխությունը նոր եռանդ կհաղորդի պետական մեքենային ու նրա «ժանգոտած», պարալիզացված պտուտակներին կստիպի շարժվել:

Հանրության մյուս մասն առկա վիճակի համար մեղքի գնահատման բոլորովին այլ սանդղակ է կիրառում: Այն հիմնվում է հանրության կենսաձեւի վրա եւ առկա վիճակը բացատրում է սոցիոմշակութային խորքային գործոններով: Ըստ այդմ, խոսվում է հայաստանյան պաշտոնյաների` հանրությունից ունեցած արտապատկերման մասին: Ինչպիսին հանրության որակն է, այդպիսին էլ ընդհանրապես պետության պաշտոնեության եւ մասնավորապես նրա կառավարիչների որակն է: Հետեւաբար, քանի դեռ չի փոխվել հանրությունը, կառավարիչների փոփոխությամբ հնարավոր չի լինի հասնել էական փոփոխությունների: Պետության գլխի ֆորմալ փոփոխությունը չի կարող լինել «լավի» ու «վատի» փոփոխություն, քանզի հանրության նույն որակի մեջ չեն կարող լինել «լավ» ու «վատ» կառավարիչներ: Բոլոր «լավ» կամ «որակյալ» կառավարիչները շատ արագ կվերափոխվեն «վատերի»: Ըստ այս խմբի փաստարկման` հանրության հասունությունն ու քաղաքական համապատասխան պահանջարկն է ձեւավորում պետության գլխի «որակի» շուրջ ի հայտ եկող առաջարկը: Այսպիսով, միայն հանրության որակական ներքին փոփոխություններից հետո պետական սայլը կարող է տեղից շարժվել` ստիպելով պետական մեքենայի «ժանգոտած», պարալիզացված պտուտակներին պտտվել:

Վերադառնանք առաջին խմբի ելակետային փաստարկներին: Ըստ այս ճամբարի ներկայացուցիչների` պետության գլխի` հանրապետության նախագահի վարքից էլ արտածում է Հայաստանի ներկայիս վիճակի համար մեղավորների կոնկրետ հասցեականությունը: Ըստ այդմ` եթե քաղաքացին կոնկրետ չի զբաղեցրել որեւէ պաշտոն, ապա նա չի կարող մեղսակիցը լինել համապատասխան օղակների գործած պետական հանցանքների: Հանրության հանցավոր թողտվությունը, անգործությունը անհիմն կամ կեղծ պնդումներ են: Այդ իսկ պատճառով քաղաքացին ազատ է առկա վիճակի համար պատասխանատվությունից ու մեղքի զգացումից: Եղել է պետական պաշտոնեություն, որի գլուխ կանգնած է եղել hանրապետության նախագահը, եւ ուրեմն հենց նա էլ պատասխանատվություն է կրում իր ու իր ենթականների արարքների համար: Եթե հանրությունը դժգոհ է պետության վիճակից, ապա նա, ի վերջո, ստիպված է փոխել երկրի նախագահին, քանզի առկա ճգնաժամը վերջինիս հանցավոր գործունեության կամ թողտվության հետեւանքն է: Ուստի, քաղաքացին խնդիր ունի ոչ թե իրեն փոխել, այլ պետական կառավարման ղեկը բռնազավթած հանցագործներին փոխել իրապես մտահոգ պետական այրերով:

Ըստ այս խմբի ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների` մեր հանրությունն ընդհանուր առմամբ առողջ հանրություն է եւ պետք չէ նրան փնովել եւ իր քաղաքական գիտակցությունն ու սոցիալական հոգեբանությունը վերափոխելու պահանջներ դնել: Ժողովրդի լիարժեք կամ մասնակի հիվանդ լինելու համոզմունքն այսպիսով կեղծիք է, քանի որ նախորդ քառորդ դարում բոլոր դեպքերում ժողովուրդը ոտքի է կանգնել անարդարությունների դեմ, արժանապատվորեն հաղթական պատերազմ է մղել արտաքին թշնամու դեմ, ունի ըմբոստ կեցվածք, պայքարում է իրեն հպատակեցնելու դեմն առնելու համար եւ այլն:

Ի տաբերություն առաջին խմբի` երկրորդ խմբի ելակետային փաստարկներից էլ ի հայտ է գալիս Հայաստանի ներկայիս վիճակի մեղավորների բոլորովին այլ հասցեականություն: Ըստ այդմ` եթե քաղաքացին չի զբաղեցրել որեւէ պաշտոն, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից: Պետության կառավարումը, ըստ ՀՀ Սահմանադրության, ժողովրդի մենաշնորհն է, եւ վերջինս պարտավոր է տեր կանգնել իր իրավունքներին եւ կրել պատասխանատվություն իր հաստատած կարգի կամ դրա խաթարումների համար: Այդ թվում պատասխանատվություն նրա համար, որ թույլ է տվել այլոց կողմից պետական կառավարման համակարգը յուրացվի: Այսպիսով, պետական կառավարման համակարգի յուրացումը լայն առումով հանրության թերացման կամ անգործության հետեւանքն է: Մինչեւ հանրությունը չհասկանա իր մեղավորությունը, չփոխի պետական կառավարման հանդեպ իր մոտեցումները, դրան չմոտենա տիրոջ զգացումով, մինչեւ չհասնի իր պատկերացումների, կարծրատիպերի, համոզմունքների ու վարքի արմատական փոփոխությանը, նա չի կարող արդյունք ունենալ պետական շինարարության գործում եւ հասնել հանրապետական կարգերի հաստատմանը:

Ըստ երկրորդ խմբի ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների` մեր հանրությունը ընդհանուր առմամբ հիվանդ հանրություն է, ունի սեփական արժանիքների չափազանցված ինքնագնահատական, չի հասկանում ժողովրդավարության էությունը եւ քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձեւաչափը, ծայրահեղ դյուրահավատ է եւ միեւնույն ժամանակ իր հավատի չարաշահման դեպքում չափազանց չարակամ, հնարավորության դեպքում պատրաստ է պետական շահը ստորադասել անձնական շահին, ունի կլանային, թայֆայական մտահորիզոն, նաեւ` սրված գոյապահպանական վախեր եւ հանուն իր ու իր ընտանիքի բարեկեցության (գոյապահպանության) հանդուրժում է սոցիալական անարդարությունը եւ այլն:

Ահա Հայաստանի քաղաքական մտքի նման հակադրության պայմաններում է մեզանում փորձ արվում գտնել ելքեր ստեղծված իրավիճակից: Ընդ որում, առաջին ճամբարում գտնվող քաղաքացիների գաղափարաբանությունը ներքուստ ունի իր մեջ ներդրված պառակտման կատարյալ մի մեխանիզմ: Պետական կառավարման մեջ ներկայիս «վատերի» «արժանի» կամ «լավ» պետական այրերով փոխարինելու տեսական հիմքերը ու դրա արդյունքում ձեւակերպված քաղաքական նպատակը, այն է` գործող հանցավոր վարչախմբի պարագլխի տապալումը եւ փոխարինումը (իշխանափոխությունը), տվյալ ճամբարի ներկայացուցիչներին բաժանում է թիմերի` կախված ըստ իրենց համակրանքի օբյեկտի: Այդ թիմերը լիովին ունակ են ոչնչացնել միմյանց` հանրությանը համոզելու համար սեփական առաջնորդի եւ նրա հետ գործող առանձին անձանց առավել արժանիությունը պետական կառավարմանը մասնակցելու գործին:

Այսպես` մի կողմից կլանային կամ գաղափարական որեւէ առանցքի ու քաղաքական ինչ-ինչ տերմիններ շրջանառելու միջոցով («միակ», «ինստիտուցիոնալ» եւ այլն) այդ թիմերի միջեւ ներքին պայքար է ընթանում ընդդիմադիրի բարձրագույն կարգավիճակի համար: Մյուս կողմից պայքար է մղվում հակոտնյա գաղափարական ճամբարի ներկայացուցիչների դեմ` զերծ պահելու համար հանրային կարծիքը այն «գաղափարական վարակից», ըստ որի` պայքարը նախ պետք է մղել սեփական քաղաքական օրգանիզմի ներսում` հանրության շրջանում ներքին վերափոխման հասնելու համար ու հետո տարածել այն ողջ պետական օրգանիզմի վրա: Եւ երրորդ ճակատով պայքար է մղվում պետությանը ճգնաժամի հասցրած եւ իր կողմից միակ մեղավոր ճանաչված սուբյեկտի` գործող հանցավոր վարչախմբի դեմ:

Միաժամանակ, երկրորդ ճամբարում նույնպես կան տարաձայնություններ, որոնք, սակայն, ի տարբերություն առաջինի՝ անձնավորված չեն, այլ մեթոդական են: Հիմնական բանավեճն ընթանում է հանրության վերափոխման արդյունքում պայքարը ատոմացված, թե համախմբված տանելու եղանակների շուրջ: Մի դեպքում մարդկային վարքի «սլաքը» կանգ է առնում քաղաքացու կողմից երկրում ստեղծված վիճակի համար սեփական պատասխանատվության գիտակցման եւ ապա իր սուբյեկտային վարքի գնահատման միջոցով անհատական «պարտիզանական» պայքար մղելու ընտրության վրա: Իսկ մյուս դեպքում` քաղաքացու կողմից երկրում ստեղծված վիճակի համար սեփական պատասխանատվության գիտակցման եւ ապա քաղաքացիական անհնազանդության միջոցով, ոչ բռնի միջոցներով քաղաքացիական շարժում ձեւավորելու, գործող վարչախմբի դեմ հրապարակային պայքար մղելու ընտրության վրա:

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս վիճակի համար մեղքի գնահատման եւ ելքեր առաջարկելու հանրային երկու ճամբարների գոյության մասին ներկայացված վերլուծությունը գրեթե համընկնում է Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին տարիներին մեզանում եղած կուսակցական ու քաղաքացիական պայքարների երկու տարբեր քաղաքական հայեցակարգերի մասին պատկերացումներին եւ քաղաքական վարքի երկու տարբեր սուբյեկտների` կուսակցությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների, տարբերակմանը: Այսօր ընդդիմադիր հանրության մեջ քաղաքական ակտիվություն ցուցաբերող յուրաքանչյուր անձ իրեն տեսնում է ներկայացված ճամբարներից մեկում: Ընդ որում, եթե նա գտնվում է առաջին ճամբարում, ապա նրան բացարձակապես չեն հետաքրքրում քաղաքական նպատակին հասնելու իր պայքարի մեթոդական հիմքերը: Գաղափարական կամ ապագաղափարական (շահային) ակտիվությունը նրան ստիպում է ձեւակերպել արտաքին թիրախը եւ, պետության ներկայիս վիճակի համար ամբողջ մեղքը բարդելով իրենից դուրս գտնվող սուբյեկտների ու հանգամանքների վրա, փորձել երկրում փոփոխությունների հասնել մի այլ հավակնոտ արտաքին միավորի միջոցով: Իսկ եթե անձը գտնվում է երկրորդ ճամբարում, ապա նրա ակտիվությունն ուղղված է տվյալ իրավիճակում իր մեղքի բաժնի որոշմանը, սխալների վերհանմանը, մեթոդական լուծումների որոնմանը, եւ սեփական ակտիվությամբ երկրում, թեկուզեւ չնչին, բայց փոփոխությունների ամրագրմանը: