articles

Ադեկվատության բացակայություն

2016-03-31

Կուսակցությունների գործունեությունը քննարկելիս, երբ ցուցանվում է տարիներ տեւող նրանց անպտուղ գործունեությունը, մեթոդական սնանկությունը, անկամությունն ու պատեհապաշտությունը, ու որպես այդ ամենի հետեւանք՝ հանրության՝ կուսակցությունների հանդեպ տածած անվստահությունը, երբ կուսակցականների բոլոր կեղծ հակափաստարկներն ապարդյուն են անցնում, ի վերջո նրանք կառչում են «ինչ-որ բան անելու» հակափաստարկից: «Թողնենք, որ հանցավոր վարչախումբը լիովին ազա՞տ զգա իրեն, գործում ենք մեր հնարավորությունների ու կարողությունների սահմաններում, տանը նստած չենք մնում»,- սա է դառնում նրանց պատասխանը:

Իհարկե, երբ հարց է տրվում այդ անպտուղ գործունեության իմաստի մասին, պատասխանում են` վկայակոչելով ինչ-ինչ բարոյական ստանդարտներ: Մեր ժողովրդի համար ընկալելի է պայքարը հանուն արդարության, թեկուզեւ անարդյունք լինի այդ պայքարը: Ու կուսակցականների պատասխանները հենց բարոյական հաղթանակներին հավատարիմ մնալու վկայությունն են: Նման պատասխաններում ակնհայտ է դառնում կուսակցությունների ապաքաղաքական վարքագիծը: Մի վարքագիծ, որն այնքան ընկալելի է հենց մեր ժողովրդի համար: Խոսիր գործի օգտակարությունից ու արդյունքից, նա կխոսի մի այլ լեզվով ` վկայակոչելով իր գործի արդար, իսկ դիմացինի չար, վատ ու անարդար լինելը: Ահա հենց այդ գիտակցությունն էլ արդարացնում է կուսակցությունների «մի բան անելու» մասին պատկերացումը: Վերջինս դիտվում է առավել դրական երեւույթ, քան թե տանը նստելը եւ ոչինչ չանելը:

Մեր քաղաքացիների մոտ բացակայում է ռացիոնալությունն ու ադեկվատությունը: Ժողովուրդը հեռու է քաղաքական վարքը ըստ արդյունքի ու օգուտի գնահատելու ունակությունից։ Հերոսանալու մղումը հանրային վարքի հիմքում է ընկած եւ դիտվում է որպես սոցիալական ստատուսը բարձրացնելու հիմնական ճանապարհ։ Կարեւորը ոչ թե այն է, թե շոշափելի ինչ արդյունքի ես հասնում, այլ այն՝ թե ինչպիսի մեծարանքի ես արժանանում։ Նման դեպքում դիպուկ է արտահայտվել մեր հրամանատարներից Լեոնիդ Ազգալդյանը։ Երբ վերջինիս դիմել է մի հայրենանվեր երիտասարդ՝ իրեն նույնպես ջոկատում ընդգրկելու խնդրանքով, Ազգալդյանը հարցրել է նրան, թե ինչ ներդրում կարող է ունենալ նա՝ ջոկատի կազմում կռվելով։ Երիտասարդը շատ անկեղծ պատասխանել է, որ պատրաստ է կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Իսկ Ազգալդյանը շատ դիպուկ նկատել է, որ իրեն դիակներ պետք չեն, իրեն պետք են զինվորներ, ովքեր կասեն, որ կարող են թշնամու այս բլուրը գրավել, այն տեխնիկան ոչնչացնել, այն մի խնդիրը լուծել․․․։ Ահա տիպիկ օրինակ, թե ինչպես է մեզանում բացակայում վարքի ռացիոնալությունն ու խնդիրների հանդեպ ադեկվատ մոտեցումը։

Կուսակցականների «մի բան անելու» երեւույթն, այսպիսով, իրենց կյանքը հանուն հայրենիքի ծառայեցնելու սրտառուչ հայտարարության համատեքստում պետք է հասկանալ։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ դա կամ պարզագույն մի դեմագոգիա է, կամ իրապես այդ մարդիկ հեռու են քաղաքական գործընթացների էությունը հասկանալուց ու քաղաքական իրավիճակներին ադեկվատ արձագանքելու կարողությունից։ Չէ որ, երբ չգիտես ինչ անել, չես կարող իմանալ ինչպես անել։ Նա ում հույսը «մի բան անելն» է, կամ այլ կերպ ասած՝ հայրենանվեր ակտիվությունն է, նա մեթոդապես անճար է, իսկ նրա նպատակն առավելապես մշուշոտ է, վարքն էլ՝ տրամաբանությունից զուրկ։

Իսկ ինչո՞ւ հանրությունը չի հասկանում դա։ Ինչո՞ւ երբեւէ չի բարձրաձայնում կուսակցությունների տրամաբանված քայլերի շղթան տեսնելու հարցը, այնպիսի մեթոդական քայլերի, որոնք միտված են կոնկրետ արդյունքի։ Չէ ո՞ր երբ կուսակցությունը, օրինակ, հանրահավաք է հրավիրում, այն պետք է նաեւ արդյունք ապահովի, այլ ոչ թե այնտեղ հանդես եկողների գովքին ծառայի, կամ թե վերածվի պոռոտախոսության ու կուսակցական լիդերների փուչ բազուկների ցուցադրության։ Հանրահավաքի մասնակցի ադեկվատությունն այն կլինի, որ նա հանրահավաքի կազմակերպիչներից պահանջի բացատրել, թե ինչի համար են իրեն հրավիրել հրապարակ ու ինչ է նա անելու։ Իսկ եթե քաղաքացուն վերապահված չէ ինչ-որ բան անելը, ապա ինչու են խլել նրա ժամանակը եւ բերել հրապարակ։

Սոցիալական ադեկվատությունը հանրային կյանքում ընդունված սոցիալական նորմերն ու շաբլոններն իմանալն ու հենց դրանցով առաջնորդվելն է: Սակայն երբ խոսում ենք քաղաքական կյանքում մարդկանց ոչ ադեկվատ վարքի մասին, ապա տեսնում ենք, որ թե ընդհանրապես հանրությունը եւ թե մասնավորապես կուսակցությունները շարժվում են այնպիսի սոցիալական շաբլոններով, որում տեղ չունեն ռացիոնալությունը, արդյունավետությունը, օգտակարությունը: Դրա փոխարեն ընկալելի ու ընդօրինակելի է իռացիոնալը, պաթետիկը, բարոյականը: Ստացվում է, որ անադեկվատն այն մարդիկ են, ովքեր չեն առաջնորդվում հենց այդ գերիշխող գիտակցությամբ, այլ տողերիս հեղինակի նման խոսում են ինչ-որ վերամբարձ քաղաքական գիտակցության մասին:

Քննարկվող խնդիրն ունի շատ խորը պատմական արմատներ: Դարեր շարունակ հայությունն ապրել է` իրենից վանելով քաղաքական գիտակցությունը: Դրա փոխարեն օտար կառավարիչներն ու իր իսկ ազգային եկեղեցին նրան սովորեցրել են հուսալ, հավատալ, վստահել, համակերպվել, հանդուրժել: Կրոնական գիտակցությունը մարդկանց դարձնում է կառավարելի հոտ: Այն ձեւավորում է ոչ թե խնդիրը հասկանալու ու լուծելու պատրաստ անհատ, այլ մարդկային մի կոլեկտիվ, որի անդամները կոչված են գովելի արարքներ կատարել: Եթե քաղաքական մտածողությունը հիմնվում է փորձի ու վերլուծության վրա, ապա կրոնական գիտակցությունը` հավատի ու հեղինակության: Առաջին դեպքում խնդիրը լուծված է համարվում, եթե կա արդյունք, իսկ երկրորդ դեպքում կարեւորը ակտիվությունն ու մասնակցությունն է ընդհանուր գործին, որի համար մեծարանքի կարժանանա մարդը: Նմանապես քաղաքականության մեջ քաղաքական գիտակցությունը հաղթանակը չափում է արդյունքով, իսկ կրոնական գիտակցությունը ոգեղեն էնտուզիազմի կիրառման չափաքանակով: Այստեղից են ծնվում հայաստանյան ծեծվող, բանտարկվող հերոսները, բայց որոնց գործունեության արդյունքը` լուծած խնդիրները, զրոյի է հավասար:

Վերադառնալով կուսակցությունների «մի բան անելու» վարքագծին՝ կարող ենք նկատել, որ դա հանրության համար բավական հոգեհարազատ այն վիճակն է, որում կարեւորվում է վատին ընդդիմանալը, դեպի արտաքին աշխարհը սպասումներ ունենալը, հեղինակություններին վստահելը, ոգեղեն խանդավառվածին մեծարելը։ Սակայն «մի բան անողները» դատապարտված են մշտապես մնալ քաղաքական գիտակցությամբ առաջնորդվողների գերին, քանզի վերջիններս ռացիոնալ են դատում եւ սեփական հաջողությունը չափում են կոնկրետ արդյունքով։ Դրա հետեւանքով է, որ հանցավոր վարչախումբը շատ ավելի ադեկվատ է իրավիճակին, գիտի ում հետ գործ ունի, ինչի է նա ընդունակ, ինչ է նա ուզում եւ որն է նրա դեմն առնելու ճանապարհը։

Երբ հանրությունը ադեկվատ դառնա իրավիճակին ու ռացոնալ որոշումներ կայացնի հենց կուսակցությունների հետ կապված հարցերում, այդ նույն պահին էլ կուսակցությունները ստիպված կլինեն նույնքան ադեկվատ գտվել այդ իրավիճակում՝ պաշտպանելով ոչ թե սեփական նեղ խմբակային, այլ հանրային շահը։ Այդ պահից սկսած նրանք իրենց հայացքները կդարձնեն ոչ թե դեպի վարչախումբը՝ մի քանի աթոռներ ձեռք բերելու հույսով, այլ ժողովուրդը, ում ապտակը իրենց երեսին կիջնի, եթե ժողովրդի հետ միասին չպայքարեն հանրային շահի համար։ Կուսակցությունների ադեկվատությունը սկսվում է ժողովրդի ադեկվատությունից: Իսկ պետական կառավարման համակարգը բռնազավթած կլանների ադեկվատությունը` քաղաքական դաշտում գործող ուժերի ադեկվատությունից: Ահա այն շղթան, որը մեզ կձերբազատի բարոյական հաղթանակներից։

Քանի դեռ դա չկա, ստիպված ենք գործող վարչախմբից դժգոհ տարբեր խմբավորումների ակտիվության հանդիսատեսը լինել, որոնք փորձում են բռնել վարչախմբի նետած այն թելը, որը նրանց կտանի պառլամենտ, ու կդարձնի «ընդդիմություն» ցուցանակի տակ կախված մի քանի մանդատների տերը: