հոդվածներ

ԿԱՅԱՑՈՒՄ

Կամ պալատական մտավորականության վերջին «վճիռը» Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Մի քանի օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում ներկա գտնվեցի «Կայացում» ֆիլմի պրեմիերային: Նախօրոք միայն տեղեկացված էի, որ ֆիլմը վերաբերելու է Հայաստանում վերջին քսան տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին: Չնայած խորին հավատ տածելով ի վերջո կայսրությունից առանձնացած ու անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ, բայց, միաժամանակ, Հայաստանի ներկայիս ակնհայտ չկայացած պետականության վերաբերյալ համակարգված պատկերացումներ ու դիտարկումներ ունենալով` ֆիլմի պրեմիերային գնում էի մեծ հետաքրքրասիրությամբ: Ցանկալի էր ծանոթանալ ֆիլմի ստեղծագործական խմբի երկրիս կայացվածության մասին պատկերացումներին:

Ասեմ, որ մեկ ժամ տևող փաստավավերագրական այս ֆիլմն ուղղակի ցնցող տպավորություն թողեց: Ի վերջո, հանդիպեցի ներկայիս գավառական, «սովետահայ» մտավորականության այն գաղափարի էկրանավորմանը, որտեղ հայրենիքի բաժան մասերի միավորմանը, ազատագրական պայքարին, ինքնիշխան պետականության, օրինականության ու արդար հասարակարգի հաստատմանն ուղղված՝ հայության վերջին քսան տարիների մաքառումներին տրված էր հակապատմական ու իռացիոնալ մի բացատրություն:

Պալատական այս մտավորականները վերջին երկու տասնամյակում երկրիս ու ազգիս անհաջողություններն ու, նաև, պետականության չկայացվածությունը բացատրելու միակ ճանապարհը տեսել էին հերթական քավության նոխազը գտնելու մեջ: Եվ այդ կոտոշները տնկած այծը, որը թույլ չէր տալիս, որ կայանա Հայաստան երկիրը, պարզվում է, «Ազատության» հրապարակն է:

Այս գաղափարին առիթ էի ունեցել հանդիպել նաև 1,5 տարի առաջ: Այն ժամանակ պալատին մոտ կանգնած մի քանի այլ «սովետահայ ժուռնալիստներ» հետընտրական զարգացումների ազդեցության տակ փորձել էին համոզել ծանոթներիցս մեկին, որ մեղավորը հենց հրապարակն է, քանի որ նրա տեղում երբևէ մատուռ ու առանձին հանգուցյալների գերեզմաններ են եղել, և օպերայի ու բալետի թատրոնի շենքի կառուցմամբ, երբ ավերվել են այդ հուշարձանները, մի տեսակ նզովքի է արժանացել հրապարակը:

Հետագայում այս գաղափարը զարգացում ապրեց ու ժողովրդի կողմից անգամ հումորի վերածվեց, ըստ որի «Ազատության» հրապարակում «թուղթ ու գիր» են արել հայտնի սիամական երկվորյակների վրա, և հրապարակը քանդելու որոշումն այդ «թուղթ ու գիր»-ը գտնելու հանգամանքով է պայմանավորված:

Ֆիլմի հեղինակները, լինելով հումորից բացարձակապես զուրկ, նշածս «ժուռնալիստների» գաղափարը ֆիլմում հասցրել են արդեն մի նոր աստիճանի` հրապարակում տարիների ընթացքում ծավալվող իրադարձությունները պայմանավորելով «նավսով»: Եվ քանի որ «նավսից» ազատվելու խնդիր կար, հեղինակները երկրի ներկայիս կառավարիչների կողմից «Ազատության» հրապարակը շինհրապարակի վերածելու որոշման իրագործումը մեկնաբանում են որպես չարիքից ազատվելու գործընթաց: Ֆիլմում ցուցադրվում են կադրեր «Ազատության» հրապարակը «քլնգող» էքսկավատորի աշխատանքից ու դրան զուգահեռ` «ամբոխի» գործողություններից: Այն «ամբոխի», որն, ըստ ֆիլմի, անընդհատ խոչընդոտում էր «շինարար» նորօրյա Ռոբին Հուդին կառուցել «Հյուսիսային պողոտա»-ն, մեր երազանքների իրականացման ռահվիրա (ասվածի համատեքստում ներկայացված են «Հանրապետության» հրապարակից 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախագահության առթիվ երկնքում սավառնող օդապարիկները ցուցադրող կադրեր՝ որպես այդ բարենպատակ երազանքների մարմնավորում) ամենակարող ու ամենագետ Ջեյմս Բոնդին երկրի բարեկարգման աշխատանքներով զբաղվել և այլն, և այլն: Ի վերջո ենթադրվում է, որ էքսկավատորը նավսազերծում է «Ազատության» հրապարակը, քանի որ հաջորդող կադրերում լուսավոր տոնայնությամբ ցուցադրվում է Սերժ Սարգսյանը երդման արարողության ժամանակ, ու դրանով, կարծես, Հայաստան երկիրը վերջապես մտնում է պայծառ ապագա:

Հենց այս տոնայնությամբ էլ ֆիլմը վերջանում է: Այստեղ, սակայն, մի կարևոր իրադարձություն ֆիլմի հեղինակները մոռացել էին ցուցադրել (ի դեպ այդ իրադարձությունը կարող էին նաև իռացիոնալ կերպով` դավադրությունների տեսությամբ բացատրելով ներկայացնել):

Ինչպես հիշում եք, երբ Սերժ Սարգսյանը երդման արարողությունից հետո ժողովրդից արդեն մեկուսացված հրապարակում ընդունում էր իշխանությանը տիրանալու փաստի վերջնական ամրագրում հանդիսացող զորահանդեսը, բնության կողմից քշված մի «թշվառական»` սովորական մի ցելոֆան, դավադրաբար ներխուժեց «Ազատության» հրապարակ և պատիվ ունեցավ ներկա գտնվելու դարի մեծագույն իրադարձությանը: Ու քանի որ «Ազատության» հրապարակում ազատ տեղեր միշտ էլ կգտնվեն, վերջինս, օգտվելով իրեն ընձեռնված ազատությունից, անընդհատ այս ու այն կողմ էր տարուբերվում:

Ֆիլմի հեղինակներին խորհուրդ կտանք այս կադրերն անպայման տեղադրել ֆիլմում: Նավսված դավադիր հրապարակի իռացիոնալ բացատրությունն ամրագրելու համար դա լավագույն վկայությունը կլինի: Դեռ ուշ չէ, ու հանդիսատեսը հաստատ չի նեղանա:

Իսկ հիմա ժողովրդին ու պետությանը հասցված վիրավորանքի մասին:
Ֆիլմում հերոսը, որի աշխարհայացքի պրիզմայով էին ներկայացված ֆիլմում ծավալվող իրադարձությունները, երկու բոմժերի ֆոնին այդ բոմժերի վառած խարույկի մեջ էր գցում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնող ֆոտոնկարները: Ավարտելով իր միսիան` նա խորհրդավոր հեռանում է, թողնելով երկու բոմժերին, որ «զմայլվեն» իրենց ձեռքներին եղած ֆոտոխցիկի այդ նույն իրադարձությունները ներկայացնող կադրերով: Համատեքստում այն իմաստն է դրված, թե պետք է մոռանալ «Ազատության» հրապարակն ու նրանով պայմանավորված իրադարձությունները: Կամ, այլ կերպ ասած, փակել բոլոր այն էջերը, որոնք կապված են վերջին քսան տարիների հանգուցային իրադարձությունների հետ: Իսկ ըստ ֆիլմի հեղինակների, ովքեր չեն ուզում այրել կամ որ նույնն է մոռանալ այդ էջերը, բոմժեր են:

Ֆիլմի հեղինակների` մեր գավառական «սովետահայ մտավորականների» մտավոր կարողությունները զարգացնելու համար մի փոքր պատմական էքսկուրս կատարեմ: Մարդկության պատմության (բառի քաղաքակրթական իմաստով) ողջ ընթացքում հասարակական հարաբերությունների առաջընթացի հիմքում կանգնած է եղել քաղաքը: Քաղաքով է պայմանավորված եղել պետությունների առաջացումն ու զարգացումը: Քաղաքով է պայմանավորված եղել այդ պետություններում ընդհանուրի օգուտի (համընդհանուր բարիքի) գաղափարի՝ հանրային գիտակցության մեջ մի նոր աստիճանի բարձրացումը, որը մարդկանց ուղղորդում էր դեպի քաղաքացիակական դիրքորոշման ձևավորմանն ու քաղաքացիակական վարքագիծ դրսևորելուն: Այն օգուտին, որն արդեն ուղղված չէր միայն նեղ` համայնքի շահերի ապահովմանը, այլ իր մեջ ներառում էր նաև սոցիալական տարբեր շերտերի շահերի համադրում: Սրանով է, որ ուղի է հարթվել քաղաքներում մարդկանց (տվյալ դեպքում արդեն քաղաքացիների) վարքագծի համընդհանուր ու համապարտադիր նորմերի (օրենքների) ընդունման համար: Ի վերջո, քաղաքով է պայմանավորված եղել այդ պետություններում մարդկային հանրույթի` քաղաքացիական հասարակության հասարակական բարեկեցությունը` որպես նշված գործընթացների հանգուցալուծում: Իզուր չէ, որ հասարակական հարաբերությունների սուբյեկտի, հիմնական առարկայի և օբյեկտի (քաղաքացի, քաղաքագիտություն և քաղաքական գործունեություն, քաղաքակրթություն) արմատական հիմքը, այդ թվում նաև հայերենում, քաղաք (պոլիս) բառն է:

Մեր գավառական պալատական «մտավորականության» համբերությունը փարատելու համար այժմ անդրադառնամ քաղաքի ու քաղաքացու փոխադարձ կապը ապահովող հիմնական միջոցի պարզաբանմանը:

Որպես կենդանի օրգանիզմ քաղաքի բարձրակետն ինքնաբավությամբ և քաղաքական ինքնիշխանությամբ օժտված պետության (քաղաք պետություն և քաղաքների համադաշնություն պետություն) տեսլականն է: Այդ նպատակին հասնելու համար պետությունը (քաղաքը) փոխադարձ որոշակի իրավունքների և պարտականությունների մեջ է մտնում իր բնակչության (քաղաքացիների) հետ: Կախված փոխադարձ կապի մեծությունից ու ամրությունից` պետություններն, անկախ իրենց զբաղեցրած տարածքի մեծությունից, լինում են հզոր կամ թույլ, բարգավաճ կամ աղքատ և այլն:

Պետության հզորությունն, այսպիսով, ուղիղ համեմատական է իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների համառությանն ու ուժին, ինչպես նաև քաղաքացիների` իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելու ունակության մեծությանը: Այդ նպատակին հասնելու, ինչպես նաև նշված փոխադարձ կապի մեծությունն ու ամրությունն ապահովելու համար երբևէ ստեղծված ամենակենսունակ մեխանիզմը քաղաքացիների մասնակցությունն է պետական կառավարմանը:

Պատմականորեն այնպես է ձևավորվել, որ քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանն իրացվել է երկու ճանապարհով: Պետության բնակչության քանակից կախված կիրառվել են կամ քաղաքացիների կողմից ուղղակի որոշումներ կայացնելու, կամ ներկայացուցչական մարմինների միջոցով պետական կառավարմանը մասնակցելու ձևերը: Այդ իսկ պատճառով հատկապես հին ու միջին դարերում գումարվել են ժողովրդական ժողովներ, որտեղ կայացվել են պետական նշանակության որոշումները, ընտրել են պետական պաշտոնեությանը և այլն:
Պատմության նոր ու նորագույն շրջանում կիրառություն է գտել առավելապես քաղաքացիների՝ ներկայացուցչական մարմինների միջոցով պետական կառավարմանը մասնակցելու ձևը: Սա ներկայիս ընտրական մեխանիզմների միջոցով բոլորիս քաջ հայտնի ճանապարհն է: Ժողովրդաիշխանության (դեմոկրատական պետության) կառավարման այս երկու համակարգերի աղբյուրն, այսպիսով, պետության քաղաքացիներն են, որոնք օժտված են որոշումներ կայացնելու կամ ընտրելու իրավասությամբ:

Եթե ժողովրդական ժողովներում քաղաքացիների ուղղակի մասնակցությամբ ու որոշումներ կայացնելով երբևէ հնարավոր է եղել առավել արդար պետական կառավարման հասնել, ապա ներկայիս ընտրական մեխանիզմները կեղծելու միջոցով շատ ու շատ բարոյազուրկներ տարբեր ժամանակաշրջաններում կարողացել են նաև ուզուրպացել իշխանությունն ու թուլացնել կամ անկման հասցնել շատ ու շատ պետություններ: Այդ իսկ պատճառով թե՛ անցյալում, և թե՛, առավել ևս, ներկայում ընտրական մեխանիզմների չգործելու պայմաններում քաղաքի (պետության) ու քաղաքացու փոխադարձ կապն ապահովող միակ հիմնական միջոցը դարձել են (դառնում են) այն նույն ժողովրդական ժողովները, որոնց միջոցով քաղաքացիները կարողանում են իրացնել պետական կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը:

Պատմականորեն այնպես է ձևավորվել, որ ժողովրդական ժողովները և նրանց մարմնացում հրապարակները բոլոր ժամանակներում երբեք չեն դարձել ամորֆ ու իմաստազուրկ, ժամանակավոր երևույթներ:

Ընդհակառակը, քաղաքակրթությանն ու գիտությանը նրանց տված մնայուն արժեքները մինչև այժմ էլ կազմում են համաշխարհային մշակույթի անգին գոհարներ: Ներկայիս եվրոպական քաղաքակրթության պորտալարը մեզ տանում է դեպի հենց անտիկ պոլիսի այն էներգետիկ դաշտը, որը հունական քաղաք պետություններում կոչվում էր ագորա, իսկ Հռոմում` ֆորում: Այստեղ էր կենտրոնացած հասարակական կյանքը, որով էլ քաղաքի սիրտն էր դառնում: Ժողովրդական ժողովների ընթացքում ծավալվող քաղաքական սուր քննարկումներն ու դատական վիճաբանությունները հիմք հանդիսացան, որ ժամանակի ընթացքում «ֆորումին» տրվի նաև ներկայումս շատ կիրառական «քննարկումների վայր» իմաստը: Այս հրապարակներում էին գտնվում անտիկ պետությունների վարչական, դատական, տնտեսական գործառույթներ իրականացնող կարևոր հաստատությունները, պաշտամունքի շատ ու շատ վայրեր:

Մի քանի տվյալների ներկայացումն իսկ ամեն ինչ ասում է: Այսպես, ներկայիս ռոմանո-գերմանական իրավական համակարգի հիմնասյունը հենց Հռոմի ֆորումն է, որտեղ իր ծագումն ու զարգացումն ապրեց հռոմեական իրավունքը: Նմանապես անտիկ հռետորական արվեստի ամբողջ գունապնակը կապված է ագորայի ու ֆորումի հետ: Այս հրապարակների հետ են կապված ճարտարապետությանը, կիրառական արվեստին վերաբերող գլուխգործոցները, որոնք ներկայիս Հռոմի, Աթենքի և այլ քաղաքների զբոսաշրջության գրավականն են:

Միաժամանակ, պետք է ասել, որ այս հրապարակների հետ են կապված անտիկ պատմության շատ ու շատ դրամատիկ էջեր: Սակայն, համոզված եմ, որ անցյալում չէր գտնվի (և թե այսօր չի գտնվի) որևէ հույն, առավել ևս արվեստի ներկայացուցիչ, որը կփորձի պալատին կամ իշխող կլանին դուր գալու համար այդ դրամատիկ էջերը վերագրել ագորայի նավսված լինելուն՝ հիմնավորելու հրապարակի ավերումը:

Ընդհակառակը, ներկայում իշխող կլանին մի քիչ քաղաքակրթելու համար շատ ուսուցողական կլիներ, որ մեր գավառական արվեստագետները ստեղծագործական իրենց ձիրքն ուղղեին «Ազատության» և անտիկ նշված հրապարակների միջև զուգահեռներ անցկացնելուն: Ասենք Ք. ա. I դարի վերջում Աթենքի ագորայի տարածքում կառուցված Օդեոնը, որը սկզբում օգտագործվում էր որպես թատերական ներկայացումների հանդիսավայր, իսկ հետագայում վերածվեց քննարկումների կարևոր մի կենտրոնի, կարող էին համեմատել Երևանի օպերայի ու բալետի թատրոնի շենքի հետ, կամ նույն ագորայի 12 մետրանոց մարմարե «Քամիների աշտարակը», որը կիրառվում էր որպես օդերևութաբանական կայան ու նաև արևային ու ջրային ժամացույց` օպերայի ու բալետի թատրոնի շենքի ժամացույց-ջերմաչափի հետ և այլն:

Ինչ վերաբերում է ժողովրդական ժողովներին ու այնտեղ քաղաքացիական հասարակության կողմից ծավալվող բուռն քննարկումներին ու ընդվզումներին, ապա այդ հարցում, պարոնայք պալատական մտավորականներ, ձեր կարողությունները կասկածի են ենթակա, այլապես նույն վերնագրով ֆիլմ կնկարահանեիք մեր քաղաքացիական հասարակության մասին: