հոդվածներ

Ռուս-թուրքական հերթական շախմատային պարտիա - 1

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցումից անցել է կես տարի: Իշխանություններն ինչ-որ չեն խոսում հայության համար զգայուն այդ հարցում իրենց արտաքին նախաձեռնողական քաղաքականության այլևս վախճանի մասին: Ժողովուրդը կասեր. «Խեր լինի»:
Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի սառեցում-դադարի կեսամյա շրջանը բավարար ժամանակահատված է, որպեսզի այժմ նույն սառնությունից մի քիչ հաղորդենք նաև մեր դատողությանն ու փորձենք հասկանալ, թե ո՞ր քամին էր, որ այդ խնդիրն անսպասելի կերպով քշեց հայոց օրակարգ ու հանրության տարբեր շերտերի մոտ այդքան հրճվանք-հուզումներ առաջ բերելուց հետո նույնքան տարօրինակ կերպով հանեց օրակարգից:
Այն, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի պատվիրատուն Ռուսաստանն էր, գրվել է ոչ մեկ անգամ: Գրվել է նաև հաշտեցման գործընթացի ռուս-վրացական պատերազմի հետ կապի մասին (http: //www.armtimes.com/1703, http: //www.armtimes.com/2136, http: //www.armtimes.com/2941): Սակայն երկու իրադարձությունների թվացյալ ժամանակավրեպությունն ու պատճառահետևանքային կապի թվացյալ բացակայությունը մեզ ստիպում է կրկին անդրադառնալ այդ թեմային և հիմնավորել, որ օրակարգ ձևավորողը եղել է պատերազմի քամին:
2008թ. հունիսի 23-ին պաշտոնական այցով գտնվելով Մոսկվայում և հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ` Հայաստանի Հանրապետության դրածո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»:
Տեղին է հիշել, որ ոչընտրի նշած թուրքական առաջարկը տարիների պատմություն ուներ և տվյալ ժամանակաշրջանի հետ աղերսվում էր այնքանով, որքանով կարիք կար նրա նոր քայլեր ձեռնարկելու մտադրությանը պատճառականություն հաղորդել: Ինչևէ, մինչ հրավերքին ի պատասխան Գյուլը կայցելեր Հայաստան` Կովկասում կրքերը շիկացան: Օգոստոս ամսին ռուս-վրացական պատերազմի արդյունքում Ռուսաստանը Հարավային Կովկաս ներխուժել-վերատիրելու հայտ ներկայացրեց:
Խոշոր տերությունների ռազմաքաղաքական ծրագրերի ու գործընթացների գիտակներին հայտնի է, որ խոշոր տերությունների մասնակցությամբ անսպասելի ծագած ինչ-որ լոկալ պատերազմներ ուղղակի չեն լինում: Միայն մեր նման ինքնիշխանությունը կորցրած երկրներում է, որ, իրենց տերերի պատվերն ի կատար ածելով, իշխանությունները հանրության աչքում հատուկ ծառայություն ունենալու պատրանքի համար, պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ կարող են ուղղել անմիտների, անբանների և անգործների կանտորայի վերածված Նալբանդյան 104 հասցե: Տերությունների դոլարները հաշված են ու միլիարդավոր դոլարները հատուկ ծառայությունների վրա նրա համար չեն ծախսում, որ փոքր պետությունների մեծ զորաշարժերը չնկատեն: Իսկ ռազմավարական վերլուծական-հետազոտական կենտրոններին էլ ֆինանսավորում են ոչ նրա համար, որ այլոց դուդուկի տակ նազանքներով հիմնավորեն պատմական փաստերն ուսումնասիրող հայ-թուրքական հանձնաժողովի գոյությամբ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չառնելը: Այդ կենտրոնները ֆինանսավորվում են արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար, որպեսզի մեր նման փոքր պետություններին ուղղորդեն կամ պարտադրեն ձեռնարկել «Միացյալ Վրաստան» («Միացյալ Ադրբեջան», «Միացյալ Հայաստան») ազգային բրենդի տակ իրենց շահերից բխող արկածախնդիր քայլեր:
Օգոստոսյան պատերազմի հենց միայն ընթացքը ցույց տվեց, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ամբողջ մեքենան ռազմական տեսանկյունից հստակ նախապատրաստվել էր պատերազմին: Նախապատրաստվել էր նաև միջազգային հանրության կոշտ արձագանքին ու տերությունների քաղաքական տարաբնույթ նախաձեռնություններին: Յուրաքանչյուր պատերազմ ինքնին ենթադրում է ինչպես հակառակորդի հնարավոր դաշնակիցների, համակիրների, օժանդակողների չեզոքացում, այնպես էլ` սեփականի ձեռքբերում: Այս վերջինի սպասարկմանն էլ հենց ուղղված էր ռուսների նախաձեռնած ու Սերժ Սարգսյանի մոսկովյան ելույթով սկզբնավորված հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:
Օգոստոսյան պատերազմից մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի ռուսական հրահանգով տվյալ պատերազմին ու դրա հետևանքներին սպասարկելուն ուղղված գործակցությունն, այսպիսով, ոչ մի ժամանակավրեպություն չի ենթադրում: Դեպքերից մեկ-երկու ամիս առաջ արդեն լրատվական հոսքերում նշմարվում էին պատերազմի սկսման հնարավորությունները: Պատերազմից մեկ ամիս առաջ, անգամ հայկական մամուլում գրվել է դրա նախապատրաստության մասին (Պատերազմի պատրաստությո՞ւն, http: //hzh.am/Arkhiv/2008/jule/0907/09-07.html): Եթե մամուլով պատերազմի հնարավորության մասին էր շրջանառվում, ապա հատուկ ծառայությունների գործունեությունը նույն շրջանում ուղղված էր դետալների վերհանմանն ու սեփական իշխանությունների պատվերով շահավետ ծրագրերի կազմմանը: Հայտնի է, որ թուրքական հատուկ ծառայություններն, օրինակ, նախօրոք գիտենալով սպասվող պատերազմի և ելքի մասին, պատերազմի օրերին Ալիևին զգուշացրել են հետ կանգնել Ղարաբաղին հարվածելու թվացյալ արդյունավետ ձեռնարկումից (http: //www.regnum.ru/news/1280052.html): Հետևաբար ռուսների նախաձեռնած հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը պետք է դառնար ծրագրավորված պատերազմին օժանդակող մի նախագիծ` ինչ-ինչ խնդիրներ լուծելու նկատառումով:
Եթե պատերազմի արդյունքում ի հայտ եկած գործընթացները ներկայումս առավելապես ավարտված չլինեին, ապա կարելի էր խոսել ենթադրություններով: Սակայն, պատերազմի հետևանքով առաջացած զարգացումներն այժմ հնարավորություն են տալիս խոսել հայ-թուրքական «հաշտեցման» գործընթաց նախաձեռնած Ռուսաստանի հետապնդած իրական նպատակների մասին:
Թուրքիան` որպես Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր տարածաշրջանային տերություն, ԱՄՆ գործուն աջակցությամբ կարող էր Վրաստանի դիմադրական պայքարի հիմնական հավանական աջակիցը դառնալ: Ուստի հարկ էր նախօրոք Թուրքիային չեզոքացնել` հետ պահել նման դիրքորոշում-գործակցությունից: Սակայն մաքսիմում ծրագրով Թուրքիան կարող էր վերածվել նաև Վրաստանին Արևմուտքի հնարավոր աջակցությունը խափանող հիմնական օղակի (Թուրքիայի ձեռքում գտնվող նեղուցները դարեր շարունակ նրան նման հնարավորություն ընձեռել են): Իսկ դրա համար թանկ գին պետք է վճարվեր: Միաժամանակ Վրաստանի հետ պատերազմում Թուրքիայի անգամ չեզոքությունը ինքնաբերաբար ենթադրում էր արտաքին աշխարհից «Հայաստան» կոչվող ֆորպոստի ամբողջական մեկուսացում, որը 102-րդ ռազմաբազան կվերածեր նկուղում հայտնված խրտվիլակի: Այդ իսկ պատճառով մշակվեց «հայ-թուրքական հաշտեցում» անունով առևտրային գործարք-նախագիծը, որտեղ վճարվող գնի դերում հանդես էր գալիս գնվելիք ծառայություններին համարժեք (ըստ` ռուսական իշխանությունների)` Հայաստանի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ուրացումը: Հունիսի 23-ի ելույթի մեխը հենց դա էր, իսկ գնվելիք ծառայություններից նշված էր միայն սահմանների բացումը. «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»: Մնացածը ծառայությունները արդեն ռուս-թուրքական գաղտնի բանակցությունների դաշտում պետք է գտնվեին և հրապարակման ենթակա չէին: Կարևորը ՀՀ ոչընտիր նախագահի բերանով Հայաստանի Հանրապետության կողմից ցեղասպանության ուրացման պատրաստակամությունն ի ցույց դնելն էր:
Օգոստոսյան պատերազմում Թուրքիան ոչ միայն ծավալված իրադարձությունների լուռ հետևողի դերում էր, այլև` Վրաստանին ուղղված Արևմուտքի աջակցության լուռ խափանողի: Ամերիկյան էսկադրիայի առջև նեղուցները փակվեցին այնքան ժամանակ, մինչև ծովափին վրացական ռազմուժն այլևս անպիտան դարձավ որևէ գործողություն կատարելու համար:
Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Թուրքիան ռուսների հետ գործարքի մեջ մտնելով, ոչ միայն խաղադրույք էր կատարել ամենամյա դամոկլյան սուրը` ցեղասպանության խնդիրը ռուսների միջոցով տարեկարգից հանելու նպատակով, այլև Կովկասում «խաղաղարար» նոր դերեր ու դիրքեր ստանձնելու հաշվարկով:
Շարունակելի