հոդվածներ

«Երիտասարդ գվարդիան»` Հայաստանում

2011 թվականը Հայաստանի համար դառնալու է բուռն ընտրական գործընթացների տարի: Քաղաքական ուժերն ամբողջ ուժով լծվել են նախապատրաստական աշխատանքների իրականացմանը: Սակայն Հայաստանում 2012թ. սպասվող խորհրդարանական, իսկ 2013թ.` նախագահական ընտրություններին սկսել են նախապատրաստվել ոչ միայն մեր երկրում:

Հունվարի 13-ին Մոսկվայում կայացած մի հանդիպում լույս է սփռում սպասվող ընտրություններին Կրեմլի մասնակցության մեխանիզմներից մեկի վրա: Աշխատանքային այդ հանդիպումը կայացել է մի կողմից Ռուսաստանի իշխող կուսակցության երիտթևի (Молодая Гвардия Единой России, կրճատ` МГЕР), իսկ մյուս կողմից` Ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանն աջակցող տարածաշրջանային հասարակական շարժման (այսուհետ` Շարժում) ներկայացուցիչների միջև: Վերջինս հայ հասարակությանը գրեթե անհայտ մի կազմակերպություն է, որն իր գործունեությունը սկսել է իրականացնել բոլորովին վերջերս` 2010թ. մարտին, իսկ հայաստանյան մասնաճյուղը գրանցվել է 08.04.2010թ.:
Նշված հանդիպման ժամանակ МГЕР-ի կոորդինացիոն խորհրդի համանախագահ Ալյոնա Արշինովան նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի կուսակցական փոխգործակցությունը ակտիվ զարգանում է, և իրենց ավագ ընկերների փորձը թույլ կտա արագ և արդյունավետ համագործակցություն հաստատել երկու երկրների երիտասարդության միջև: Իսկ Շարժման ղեկավար Մհեր Սիմոնյանը մասնավորապես ընդգծել է նաև. «Անհրաժեշտ է հասկանալ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը: Հայ և ռուս երիտասարդությունը պետք է շփվեն ժողովրդական դիվանագիտության շրջանակներում` առանց միջնորդների: Մենք գիտենք, որ Ռուսաստանը մտել է ընտրական շրջափուլ: Իր հերթին 2012թ. մայիսին Հայաստանում ևս կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ մեկ տարի անց` նաև նախագահական: Մեզ անհրաժեշտ է կարգավորել ընտրական տեխնոլոգիաների փոխանակումը և ընտրությունների ժամանակ աջակցել երիտասարդության հասարակական-քաղաքական ակտիվությանը»:
Այդ նպատակով «Երիտասարդ գվարդիայի» և Շարժման ներկայացուցիչները աշխատանքային հանդիպման ժամանակ համատեղ որոշում են կայացրել, ըստ որի` МГЕР-ը համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր պետք է ստորագրի ՀՀԿ և ԲՀԿ երիտթևերի հետ ս.թ. մարտին Հայաստան կատարելիք МГЕР-ի ներկայացուցիչների այցի ընթացքում:
«Միացյալ Ռուսաստան» քարոզող կուսակցության երիտասարդական կազմակերպության` «Երիտասարդ գվարդիայի» առաքելությունը Հայաստան և պրովինցիալ կոմերիտական բջիջների վերածված ՀՀԿ և ԲՀԿ երիտթևերի հետ նրանց հանդիպումը, որի ժամանակ առանց ավելորդ զգուշավորության թմբկահարվում է երկուստեք կիրառելիք ընտրական տեխնոլոգիաների փոխանակության խնդիրը, մեր քաղաքական դաշտի առողջ ուժերի համար ահազանգ պետք է դառնա: Քաղաքական վերադասավորումների և ընտրական գործընթացների հայաստանյան նախորդ փորձը հուշում է, որ այս դեպքում ևս գործ ունենք մեր երկրի` Մոսկվայի կողմից փորձադաշտ դառնալու կամ սեփական հայեցողությամբ մեր քաղաքական դաշտը վերաձևումների ենթարկելու ոչ պատվաբեր ծրագրի հետ: Նախորդ բոլոր ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների և դրա արդյունքում Հայաստանում ձևավորված վարչակարգի Կրեմլի կողմից կատարված լեգիտիմացումները գալիս են ապացուցելու, որ «Երիտասարդ գվարդիայի» հայաստանյան սպասվելիք շրջագայությունները պետք է կոորդինացնեն կոալիցիոն մեր երկու իշխող կուսակցությունների երիտթևերի հետագա գործունեությունը: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել ևս մի կարևոր օղակի վրա, որի տեսանելի գործողությունները մեզ հուշում են, որ Կրեմլի կողմից ոչ միայն գծված են մեր քաղաքական դաշտի 2012-2013թթ. վերաձևումների մեխանիզմները, այլ նաև որոշված են ենթակա շրջանակներին ուղղված հրահանգների կատարման համապատասխան վերահսկողները` կուրատորները: Խոսքն այս դեպքում ՀՀԿ և ԲՀԿ երիտթևերի փոխարեն որոշումներ ընդունած, Մոսկվայում գործող Ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանն աջակցող տարածաշրջանային հասարակական շարժման մասին է (վերջինիս հայաստանյան մասնաճյուղը, ըստ էության, ֆիկցիա է` կողմերի ձևական հավասարությունը պահելու նկատառումով):
Ինչպես տեսնում ենք, գործ ունենք Կրեմլի որոշումները Հայաստանում կյանքի կոչելու մի մեխանիզմի հետ, որտեղ հնօրյա Ուլյանա Գրոմովաներին և Օլեգ Կոշևոյներին եկել են փոխարինելու ինչ-որ Ալյոնա Արշինովաներ ու Մհեր Սիմոնյաններ: Ու եթե Գրոմովաներն ու Կոշևոյները գերմանացիների դեմ պայքարում օկուպացիոն տարածքում գործում էին ինքնուրույն, ապա «Երիտասարդ գվարդիա-2011» վերախմբագրված վեպում պահպանված են մեծ առաջնորդի` Ստալինի բոլոր ցուցումները: Չէ՞ որ առանց ավագ ընկերների փորձի և կուսակցական ղեկավարության ցուցումների` օկուպացիոն տարածքներում գործող կոմերիտական կազմակերպությունները ուղղակի չեն կարող դիմանալ նորօրյա պոլիցայների ագրեսիվ բռնաճնշումներին: Ուստի «Միացյալ Ռուսաստան» կառուցելու սուրբ գործում հարկ է, որ երիտասարդգվարդիականները բռնազավթված տարածքներում ցուցաբերեն խիստ զգուշավորություն և պահպանելով «Երիտասարդ գվարդիայի» (խոսքը վեպի մասին է) ուսուցանած վերջին վեց տասնամյակի նվիրյալ հայրենասիրական ավանդույթները` անվերապահ հետևեն կուսակցության ղեկավարության որոշումներին:
1946 թվականին լույս տեսավ Ալեքսանդր Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» վեպը, որը վերաբերում էր ֆաշիզմի դեմ Կրասնոդոն քաղաքում գործած ընդհատակյա երիտասարդական կազմակերպության գործունեությանը: Գիրքը մեծ իրարանցում առաջացրեց ԽՍՀՄ քաղաքական (կուսակցական) շրջանակներում: Հեղինակը խիստ քննադատության ենթարկվեց նրա համար, որ վեպում Կոմունիստական կուսակցության «ղեկավար և ուղղորդող» դերին ոչ բավարար անդրադարձ էր կատարել: Իսկ երբ բանը հասավ դիվանբաշուն, Ֆադեևին այլ բան չէր մնում, քան անվերապահ ենթարկվել նորին գերազանցություն մեծն առաջնորդի և ուսուցչի անբեկանելի ցուցումներին: Հայտնի են Ստալինի խոսքերը ուղղված գրքի հեղինակին.
- Քիչ է, որ դուք անօգնական գիրք եք գրել, դուք գրել եք նաև գաղափարապես վնասակար մի գիրք: Դուք երիտասարդգվարդիականներին պատկերել եք գրեթե որպես մախնոյականների: Բայց արդյո՞ք կարող էր բռնազավթված տարածքներում գոյություն ունենալ ու թշնամու դեմ արդյունավետ պայքարել մի կազմակերպություն` առանց կուսակցական ղեկավարության: Ձեր գրքից դատելով` ստացվում է կարող էր:
1951թ. լույս տեսավ Ալեքսանդր Ֆադեևի վերախմբագրված «Երիտասարդ գվարդիա» վեպը: Այնտեղ տեղ էին գտել կոմպարտիայի հրահանգ-ցուցումների ներքո գործող նոր կոմունիստ դեմքեր: Չէ՞ որ պարտիան մի արեգակ էր, որի կենարար լույսով միայն կարող էին իրենց գործունեությունը ծավալել հայրենիքին նվիրյալ հերոսները:
Անցան չորս տասնյակի հասնող «երկար ու ձիգ» տարիներ: Կուսակցական ղեկավարության միջից ինչ-որ սրիկաներ մինչ այդ հասցրել էին «հանգցնել» ժողովուրդների առաջնորդի անքուն գիշերներն ազդարարող աշխատասենյակի լույսը: Ու կոմունիզմի կառուցման գործից հոգնաբեկ մյուս «հայրերը» այդժամ ստիպված էին ենթարկվել Մորփեոսի կախարդանքներին: Օգտվելով ստեղծված դրությունից` անկախական կեղծ գաղափարներով տարված ու Գուլակի ճիրաններից անհայտ պատճառներով դուրս մնացած նացիոնալ-բուրժուաները ապստամբության դրոշ պարզեցին երկրի առանձին շրջաններում: Թշնամու կողմից բռնազավթվեցին հայրենիքի 14 մեծ ու փոքր նահանգներ:
Սակայն ազատարար պուտինյան բանակը ևս մեկ տասնամյակ անց սկսեց պայքարը զավթիչների դեմ` ապացուցելով, որ Ստալինի գործը միշտ անմահ է, իսկ նրա ցուցումները` անվերապահ կատարման ենթակա: Եվս մեկ տասնամյակ, և «Երիտասարդ գվարդիան» պարտիայի ցուցումների ներքո արդեն հնարավորություն ստացավ գործել նաև թշնամու կողմից բռնազավթված Անդրկովկասի լեռնային կածաններում: Սպասվում էր անհաշտ պայքար «ազատ-անկախ» կեղծ գաղափարներով տարված լևոնական աղանդավորների դեմ: Այդ աղանդավորների դեմ պայքարում անհրաժեշտ էր կոմերիտական տեղական բջիջները կուռ շարքերի վերածել:
Գրվում էր «Երիտասարդ գվարդիա-2011» նոր վեպը: