հոդվածներ

Հազար տարվա բանավեճ

Հայ հանրությունն ինչ-որ չափով ծանոթ է Հայոց պետականությունների կործանման գործում եկեղեցու երբեմն ուղղակի, իսկ երբեմն էլ` անուղղակի դերակատարությանը:

Խոսքն Արշակունյաց եւ Բագրատունյաց (Անիի) թագավորությունների կործանմանն է վերաբերում, որոնք տեղի ունեցան համապատասխանաբար 428 եւ 1045 թվականներին: Սակայն քչերին է հայտնի, որ 1045թ. հայոց եկեղեցու անմիջական մասնակցությամբ Անիի թագավորության կործանումից հետո հենց նույն եկեղեցին պատճառ դարձավ նաեւ 1065թ. Կարսի թագավորության անկմանը:

Նախորդ հոդվածներից մեկում (http: //www.zhamanak.com/article/16028/) մենք անդրադարձել ենք 11-րդ դարում Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանության արդյունքում տեղի ունեցած Անիի թագավորության անկման պատմությանը: Այստեղ հարկ է միայն նշել, որ Անիին տիրելուց եւ պետականությանը վերջ տալուց հետո կայսրության ախորժակը բացվել էր եւ շուտով Պոլսում գործարկվում է նաեւ Հայոց կաթողիկոսության վերացման ծրագիրը: Այդ նպատակով Անիի թագավորությանը տերուտնօրեն դարձած բյուզանդական կառավարիչ Կեկավմենոսը, ի կատար ածելով կայսեր հրամանը, 1046թ. կաթողիկոս Պետրոս Գետադարձին «խաբեությամբ» Անիից բերում է Արծն, ապա բանտարկում Խաղտո Առիճ բերդում: Շուտով Սեւքար բերդում բանտարկվում է նաեւ Պետրոսի քրոջորդի Խաչիկը, ում Պետրոսը, խորհելով, որ հույները կարող էին իր վերադարձը արգելել, Անիից հեռանալուց առաջ կաթողիկոս էր օծել: Արդեն հաջորդ տարի` 1047թ., երկու կաթողիկոսները տարվում են Պոլիս: Այսպես սկսվում է Հայոց երկու կաթողիկոսների երկարատեւ «աքսորական» շրջանը, որը շարունակվելու էր մինչեւ նրանց մահը:

Հայոց կաթողիկոսությունը ոչնչացնելու կայսերական ծրագիրը ոչնչով չէր տարբերվում Անիի թագավորությանը տիրելու նախկինում արդեն գործարկված ծրագրից: Ինչպես թագավորական գահի դեպքում, այստեղ եւս հայրապետական գահի տերը, քանի դեռ կենդանի էր, կարող էր դիտվել իր հետեւորդների գլուխ (Հայոց Գագիկ Բ արքան մինչեւ իր կյանքի վերջը` 1079թ., շարունակում էր կրել «Հայոց թագավոր» տիտղոսը): Սակայն կաթողիկոսն այլեւս չէր կարող վերադառնալ կաթողիկոսանիստ բնակավայրը` Անի (ինչպեսեւ` Գագիկ Բ-ի դեպքում): Իսկ նրա մահից հետո, ըստ բյուզանդական այդ ծրագրի, կաթողիկոսական աթոռը դադարելու էր գոյություն ունենալ: Վերջինիս գործնական իրագործումը դիտվում էր հայերի քաղկեդոնականություն ընդունելու եւ հույների հետ կրոնա-դավանաբանական ընդհանուր միություն կազմելու համատեքստում:
Փառամոլ ու գանձասեր Պետրոս կաթողիկոսը վախճանվում է 1058թ., Սեբաստիայում, որտեղ նա հանգրվանել էր Պոլսում տարիներ տեւած «պատվավոր աքսորից» հետո: 1058-1059թթ. բյուզանդական արքունիքը տարված էր կայսերական իշխանության գահաժառանգման խնդիրները կարգավորելով եւ Հայոց կաթողիկոսության բարձման վերջին արարի իրականացմանը ստիպված էր ձեռնամուխ լինել երկու տարի անց: Արդեն 1060թ. նորընտիր Կոստանդին Դուկաս կայսրը Պոլսո պատրիարքի հետ գործարկում է հայերի եւ ասորիների հետ «միություն հաստատելու» գործընթացը: Այն կայսրության ամբողջ տարածքում շուտով հանգեցնելու էր կրոնական հալածանքների: Մատթեոս Ուռհայեցին այդ կապակցությամբ գրում է. «Այդ ժամանակ Տուկիծ կայսրը մի նենգ որոշում կայացրեց. նա կամեցավ հայոց երկրից վերացնել ու խափանել սուրբ Գրիգորի հայրապետական աթոռը: Այս պատճառով սկսեց հալածանքներ հարուցել եւ հայոց դավանանքի վերաբերյալ ամեն տեսակի հավատաքննություն կատարել: Հատկապես, երբ վախճանվեց տեր Պետրոսը, ահա այն ժամանակ հոռոմները դուրս եկան Սուրբ Աթոռի դեմ` ցանկանալով վերացնել այն եւ ջանալով հայերին գլխովին Քաղկեդոնի անօրեն դավանանքին դարձնել»:

Քանի դեռ կենդանի էր Պետրոսի կողմից ձեռնադրված Խաչիկ կաթողիկոսը, հայությունը ու, մասնավորապես, քաղաքական շրջանակները, հույս էին տածում, որ հույների հետ համաձայնության գալով ժամանակի ընթացքում հնարավոր կլինի բյուզանդական հալածանքների դեմն առնել եւ վերականգնել հայրապետական աթոռի խախտված դիրքերը: Սակայն կայսերական իշխանությունը չէր պատրաստվում զիջել եւ մտադիր էր սկսած գործը ավարտին հասցնել:

Հատկապես որ Խաչիկ կաթողիկոսին կարելի էր դիտարկել որպես միայն Պետրոսի տեղապահի եւ կասկածի տակ վերցնել նրա կաթողիկոսական իրավունքները: Ուստի կայսերական իշխանությունը կրկին դիմում է փորձված քայլի` Սեբաստիայից Պոլիս է տարվում Խաչիկ կաթողիկոսը (երկրորդ անգամ): Բոլորի համար պարզ էր, որ այս մի կաթողիկոսը եւս պետք է կիսեր նախորդի ճակատագիրը:

Միայն երեք տարի անց Անիի գահընկեց արված թագավոր Գագիկ Բագրատունուն ու Վասպուրականի գահընկեց արված թագավոր Սենեքերիմի որդիներ Ատոմ եւ Ապուսահլ Արծրունիներին մեծ դժվարությամբ հաջողվում է արձակել տալ Խաչիկ կաթողիկոսին: Իսկ վճարվելիք գնի հարցում, իհարկե, առաջին տեղում կաթողիկոսական աթոռն էր: Հայերն այժմ պետք է մոռանային ոչ միայն կաթողիկոսական աթոռի Անի վերադարձի, այլ նաեւ` հայրապետական հովվապետ ունենալու մասին:

Ժամանակի «կարկառուն» հոգեւոր այրերը միայն այդժամ գիտակցեցին Անիի (պետականության) կորստի արժեքը: «Տեր Խաչիկի սրտում սուգ կար, նա հիշում էր հայոց հայրապետական աթոռի վերացումը, Բագրատունյաց թագավորական գահի կործանումը, հույների չարամիտ ազգի ծառայության լծի ընդունումն ու հայոց լուսավորիչ սուրբ Գրիգորի աթոռի աղքատանալը» (Մատթեոս Ուռհայեցի): Իսկ քաղաքական այրերի համար միայն այդժամ էր ակնհայտ, թե ինչպես մի կոպտագույն սխալի ու դավաճանության արդյունքում (երբ կայսրությունը կարողացել էր տեր դառնալ Անիին) կայսեր համար այլեւս դժվար չէր տվյալ հանգամանքը վերածել «դոմինոյի էֆեկտի»` հայոց քաղաքական ու կրոնական գործիչներից պահանջելով նորանոր զիջումներ: Ակնհայտ էր նաեւ, որ Խաչիկ կաթողիկոսի կյանքը փրկագնելով` ընդամենը երկարացնում են հայրապետական աթոռը վերականգնելու հույսը: Իսկ թե ինչ էր լինելու նրա մահից հետո եւ ինչ փաստարկ ու միջոց կարող էր հետ բերել կորսվածը` անհայտ էր:

1065թ. Թավբլուրում վախճանվեց նաեւ Խաչիկ կաթողիկոսը: Կարելի է պատկերացնել, թե ինչ անորոշության մեջ էր այդ օրերին հայությունը: Այն հուղարկավորությունն էր կատարելու առավելապես ոչ թե Խաչիկ կաթողիկոսի, այլ` հայրապետական աթոռի: Եվ այն էլ Անիի պետականության կորստից ընդամենը 20 տարի անց:

Սկիզբ, թե վերջ

1066թ.` Խաչիկ կաթողիկոսի մահվան հենց հաջորդ տարում, վերականգնվեց Հայոց հայրապետական աթոռը: Վերականգնվեց կայսերական իշխանության կիրառած վերը արդեն նշված «դոմինոյի էֆեկտի» շնորհիվ: Ժամանակի երկու խոշոր պատմիչները` Արիստակես Լաստիվերցին եւ Մատթեոս Ուռհայեցին, գիտակցված լռության են մատնում եղելությունը: Հիմքեր ունեին լռության մատնելու (այս մասին` ստորեւ): Ուռհայեցին միայն նշում է, որ «այդ թվականին հայոց ազգիս կաթողիկոսական աթոռին նստեց ամենագովելի տեր Գրիգորիսը` Վասակ Բջնեցու որդի Գրիգոր Մագիստրոսի որդին, Պահլավունիների տոհմից: Տեր Գրիգորիսը հայրապետական աթոռին նստեց Աբաս Կարսեցու որդի Գագիկ շահնշահի հրամանով, որովհետեւ տեր Խաչիկի մահից հետո գտան, որ Սուրբ Աթոռի համար նա է արժանի»: Դեպքերի ընթացքը նկարագրված է, բայց իրականում` կիսատ: Կարսի Գագիկ թագավորը որքան էլ «հրամայեր», չէր կարող շրջանցել Անիի թագավորական գահից հետո նաեւ հայոց հայրապետական գահը իր ձեռքը վերցրած բյուզանդական կայսեր կամքը: Իսկ իրականությունը ի հայտ է գալիս մեկ այլ կաթողիկոսի` Ներսես Շնորհալու միջոցով: Վերջինս իր «Վիպասանքում» մասնավորապես նշում է.
Յայնժամ արքայն մեր կոչեցեալ,
Գագիկ անուն վերաձայնեալ,
Այն որ ըզԿարս ի Յոյնս տուեալ,
Եւ զԾամնդաւ դըղեակն առեալ,
Ջանիւ մեծաւ գուն գործեցեալ,
Ինչըս բազումս անթիւ ծախեալ,
Նաեւ ըզԿարս նախասացեալ,
Այսր խնդրոյ փոխանակեալ,
Զի հովուապետ Հայոց դարձեալ,
Նըստցի յաթոռն ունայնացեալ,
Որոյ ըղձից այսր հասեալ,
Եւ մատանեաւ ոսկի կնքեալ,
Մինչ զվերին հրաման առեալ:
Ներսես Շնորհալին Կարսի Գագիկ թագավորի «հրամանով» կաթողիկոս կարգված Գրիգորիսի (Գրիգոր Բ Վկայասեր) քրոջորդին էր եւ հետեւաբար դեպքերին քաջատեղյակ:

Շնորհալու վերը բերված տեղեկությունները վկայում են, որ Հայոց հայրապետական աթոռի վերականգնման դիմաց շատ մեծ գին է տրվել` մի ամբողջ թագավորություն: Այսպես հայոց հերթական պետականությունը` Կարսի թագավորությունը, զոհ է գնացել հայոց կրոնական իրավունքների եւ եկեղեցու անկախության վերականգնմանը: Ավելի ուշ շրջանի աղբյուրները առավել մանրամասն են խոսում տեղի ունեցած գործարքի մասին: Ըստ այդմ, Կարսի Գագիկ արքան ու դուստրը` Մարիամը, 1065թ. մեկնել են Պոլիս, որտեղ թագավորը հայրապետական աթոռի վերականգնման հարցով բանակցություններ է վարել կայսեր հետ (Մարիամը կայսրուհու հետ եղել է բարեկամական հարաբերությունների մեջ եւ փորձել է օգտագործել իր կապերը կայսեր վրա ազդեցություն գործելու նպատակով): Արդյունքում տեղի է ունեցել Հայոց հերթական թագավորության փոխանակումը (հանձնումը կայսերը): Եվ սա Հայոց հայրապետական աթոռի վերահաստատման եւ Բյուզանդական կայսրությունում Գագիկ թագավորին տրված առանձին կալվածքների դիմաց: Տրված կալվածքներից մեկում` Ծամնդավում էլ հենց կատարվել է նոր կաթողիկոսի` Գրիգորի Բ Վկայասերի օծումը:

Կայսերական իշխանության կողմից այս «դոմինոյի էֆեկտը» միգուցե դեռ էլի կիրառություն ստանար, եթե չլիներ կայսրության ուժը խորտակող 1071թ. Մանազկերտի ճակատամարտը: Մի ճակատամարտ, որը խոր հետք է թողել ներկայիս աշխարհակարգի ձեւավորման գործում:

Այդուհետ ու արդեն մի հազարամյակ հայ հանրությունը մի լուռ բանավեճի մեջ է երկու հիմնարար հաստատությունների` պետության եւ եկեղեցու` հայոց քաղաքական կյանքում միմյանց նկատմամբ ունեցած առաջնահերթությունը որոշելու հարցում: Երկու գաղափարների մրցակցության պայմաններում գրեթե մշտապես ծանրության նժարը թեքվել է պետության նկատմամբ եկեղեցու առավել կարեւորությունը պնդող կողմնակիցների վիթխարի բանակի կողմը: Վերջինիս ներկայացուցիչները իրենց հայացքներում ուղղակի չէ որ նսեմացրել են պետության նշանակությունը: Նրանց համար հիմնական կռվան ծառայել է պետականության բացակայության պայմաններում Հայոց եկեղեցու պետական առանձին գործառույթներ կատարելու փաստը: Խորը վերլուծության արդյունք չէ սա, այլ մեզ վրա իշխած կայսրությունների սերմանած գաղափարը, որ խոր կնիք է թողել հայոց հանրային մտածողության վրա:

Այսօր, սակայն, Հայոց բնօրրանում մեր պետականության լինելիության պայմաններում եկել է սրբագրումների շրջանը: Ու որպեսզի պետականությանն այսուհետ չսպառնան կղերի տհասությամբ բացատրվող արտաքին միջամտությունները, եկեղեցին զերծ պետք է մնա քաղաքական գործառույթներ կատարելու իր դարավոր փորձից: Պետականության լինելիության պայմաններում այդ փորձը փորձանք է բերում` «դոմինոյի էֆեկտի» տեսքով: Ու քանի որ «Պոլսում» կրկին գործարկվել է «գետադարձ» հրաշագործությունների մի նոր ծրագիր, ստիպված եմ Տեր Պետրոսի ժառանգներին իրենց նյութապաշտ բնույթին հարիր լեզվով բացատրել` չհամարձակվեք գործիք դառնալ` աթոռ կկորցնեք, իսկ մենք` ձեզ: