հոդվածներ

Կրթությունը մեր մշակույթի ոլորաններում

Տգետ եւ բարոյական սկզբունքներ չունեցող մարդուն կարելի է ոչ միայն ստիպել, այլ նաեւ հեշտությամբ համոզել դիմել քայլերի, որը դեմ է հանրության ու պետության շահերին: Ընդհանրապես արժանապատվությունից զուրկ, նյութապաշտ հակահանրային շերտն առավել վնասաբեր ու կործանարար է դառնում, երբ այն լիովին սողոսկում է պետական օրգանիզմի տարբեր օղակներ:

Նման բացասական միտումների դեպքում երկրում բարոյական սկզբունքների, քաղաքակրթական արժեքների, առաջադեմ գաղափարների, հիմնարար գիտելիքի եւ դրա ժառանգման մեխանիզմների նեղացող շրջանակը, ի վերջո, հանրությանը մատնում է անզորության եւ բերում այնպիսի բարոյական անկման, որ խաթարվում է պետության բնականոն կենսագործունեությունը: Քաղաքացիների կողմից ապաբարոյական ու ապասոցիալական վարքագիծ դրսեւորելու, պետական շահերը չգիտակցելու կամ արհամարհելու, մասնավոր շահերը գերադասելու, տգիտության «խրախճանքի» պայմաններում պետությունը դառնում է թույլ ու խոցելի: Նման պետությունը բնականորեն ձեռք է բերում թշնամական շրջապատ, որի կողմից կատարվող սանիտարական մաքրագործումն արդեն դառնում է կենսաբանական անհրաժեշտություն:

Ի տարբերություն այդ ամենի, հանրային լայն շերտերի մոտ որոշակի սկզբունքների, արժեքների, գաղափարների ու գիտելիքի առկայությունը, դրանց կուտակման, զարգացման ու փոխանցման համակարգի գոյությունը կազմում է պետության առաջընթացի հիմքը: Յուրաքանչյուր պետության մեջ այն առարկայանում է կրթական համակարգի միջոցով: Կրթությունը դառնում է պետության կենսագործունեության հիմնասյուներից մեկը: Այն մարդու մեջ ձեւավորում է իր իրավունքների համար պայքարող քաղաքացուն, կերտում է սահմանին կանգնած գաղափարական զինվորին, պատրաստում է բանիմաց մասնագետին ու արտադրող աշխատավորին: Կրթական գործընթացի միջոցով հանրությունը նպատակաուղղված կերպով փոխանցում է իր մշակութային ժառանգությունը` կուտակած գիտելիքները, արժեքները, հմտությունները նոր սերունդներին:

Գաղտնիք չէ, որ մեր երկիրն այսօր գտնվում է սոցիալական խորը ճգնաժամի մեջ: Անզորության, երկրի հեռանկար չունենալու, սոցիալական անարդարության զգացումները տարեցտարի բազմապատկում են արտագաղթը: Երկրում պետական մարմինները գործում են միմիայն կլանային ու մասնավոր շահերի եւ խորհրդային ավանդույթի հաշվին: Այդ ամբողջ բացասական մթնոլորտն ուղղակի ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա` նրան դարձնելով իր գերին: Դպրոցը դառնում է երկրի վիճակի հայելային պատկերը:

Քրեաօլիգարխիկ վարչակարգի պայմաններում օրինաչափ են դառնում կրթական համակարգում տեղ գտնող կոռուպցիոն եւ փողերի լվացման երեւույթները, կուսակցականացված դպրոցի տնօրենների առկայությունը, քաղաքական գործընթացների մեջ կրթական հաստատությունների ներգրավումը, «խնամի-ծանոթ-բարեկամ» սոցիալական կապերով պայմանավորված կադրային քաղաքականությունը, հմուտ մասնագետների արտահոսքը եւ այլն:

Այս պատկերը կարծես թե տալիս է Հայաստանում գործող կրթական համակարգի հիմնարար արատների պատճառահետեւանքային կապերի պատասխանը: Այն է` պետության ճգնաժամը ուղղակի ազդել է կրթական համակարգի վրա` ոչնչացնելով նրա առողջ հիմքերը:

Սակայն, միայն պետական ուղղահայաց կապերով ամեն ինչ բացատրելու ցանկությունը երբեմն կարող է անհնար դարձնել ոչ պակաս արատավոր այլ երեւույթների պատճառների բացատրությունը: Այսպես, ինչպե՞ս բացատրել հանրակրթության բնագավառում կնոջ դերի ուռճացումը եւ երիտասարդ սերնդի դաստիարակության գործում ընդգրկված տղամարդկանց շատ փոքր տեսակարար կշիռը: Ինչո՞ւ տղամարդիկ չեն ցանկանում զբաղվել ուսուցչությամբ: Կամ ինչպե՞ս բացատրել միջանձնային խնդիրներով պայմանավորված կրթական գործընթացի այնպիսի խաթարումները, որոնք առանձին երեխաների կրթության ու դաստիարակության վրա ունենում են ճակատագրական նշանակություն:

Ընդունված սահմանում է, որ յուրաքանչյուր հանրություն արժանի է իր ձեւավորած (հանդուրժած) կառավարման համակարգին ու վերնախավին: Այս սահմանումից կարելի է նաեւ արտածել, որ ինչպիսին հանրությունն է, այնպիսին էլ նրա դպրոցն ու կրթական համակարգն է: Ընդհանրապես բացարձակ ճշմարտություն կարելի է համարել այն պնդումը, որ կրթությունը մշտապես կախված է տվյալ հանրության մեջ եղած արժեքային համակարգից եւ շրջանառվող գաղափարական հիմնատարրերից: Կրթության համակարգը մշտապես հետեւում է հանրության մեջ տեղ գտնող գաղափարական-արժեքային զարգացումներին: Ուստի, կարելի է նշել, որ դպրոցը որքան երկրի վիճակի, քաղաքական համակարգի հայելային պատկերն է, նույնքան էլ առկա հանրային մշակույթի` կրթական ավանդույթների, կրթության շուրջ եղած պատկերացումների, կրթության նկատմամբ վերաբերմունքի հայելային պատկերն է:

Կրթության բնագավառում եղած շատ արատներ կապ չունեն կամ շատ քիչ կապ ունեն պետական մեքենայի խաթարումների հետ: Դրանք կրթության նկատմամբ հանրության ունեցած մոտեցումների հետեւանք են: Հանրությունն ինչպիսի գնահատականի է արժանացնում, ինչպես է վերաբերվում գիտելիքին, կրթությանը, ուսուցմանը, դաստիարակությանը, այնպիսի դպրոց էլ նա ձեւավորում է: Դպրոցն առաջին հերթին հանրային մշակույթի արտադրյալն է, հետո նոր` պետական ուղղորդված քաղաքականության հետեւանքը: Իսկ մեր նման պետություններում, որտեղ պետական ինստիտուտները խաթարված են կամ բացակայում են, որտեղ պետական գործառույթներն ընդհանրապես չեն գործում, պետության մեջ չկա կրթական քաղաքականություն, կամ այն կա միայն թղթի վրա, կրթական համակարգը ոչ նյութական արժեքների շրջանառության հարցում հիմնվում է միմիայն հանրային մշակույթի վրա: Նման դեպքերում պետական ներգրավումն ու մոտեցումները վերաբերում են ընդամենը ազգային դպրոցի նյութատեխնիկական բազային, կադրային ռեսուրսներին, բայց ոչ երբեք մտքի զարգացմանը, գիտելիքի ծավալմանը, երիտասարդ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործին:

Սակայն, հանրային մշակույթը բավական տարասեռ երեւույթ է: Կրթության հարցում ժողովրդի տարբեր խավեր ու հայրենակցության վրա հիմնվող հանրույթներ ունեն բոլորովին տարբեր պատկերացումներ, մոտեցումներ ու ցուցաբերում են այլ վարքագիծ: Տավուշի մարզի շատ գյուղական դպրոցներում ավագ տղաների շրջանում եթե գիրք կարդալը բացարձակ առաջադեմ ընկալումներ ունի, կամ ուսուցչի հանդեպ ընդհանրական հարգանքը հիմնվում է կրթության վեհացման ինչ-որ սկզբունքների վրա, ապա մայրաքաղաքում կամ մերձմայրաքաղաքային առանձին դպրոցներում կարելի է տեսնել դրա հակոտնյան: Մի դեպքում հանրային գիտակցությունը կարող է հիմնվել, օրինակ, այն պատկերացումների վրա, որ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք է ունենալ, իսկ մյուս դեպքում ընդհակառակը` շատ խելք պետք չլինի: Ուստի, երբ խոսվում է դպրոցի ու կրթության համակարգի նկատմամբ հանրային մշակույթի ազդեցության մասին, ապա պետք է առաջին հերթին նկատի ունենալ ժողովրդի շրջանում տարածված դոմինանտ մշակույթը:

Կրթական համակարգը դոմինանտ մշակույթի անմիջական հետեւորդն է: Այն այդ մշակույթի վերարտադրողն ու բազմապատկողն է: Ինչպիսի արժեքներով որ մեծանում է երիտասարդ սերունդը, մեծ հաշվով այդպիսի արժեհամակարգի կրող էլ դառնում է հանրությունը: Այդ իսկ պատճառով, պետության մեջ կրթական քաղաքականության բացակայության դեպքում կրթական համակարգը դառնում է դոմինանտ մշակույթի հենասյունն ու նրա արատների «պահապան հրեշտակը»: Այստեղ վերարտադրվում է հենց այն մշակույթը, որը հետագայում պաշտոնյաներին համոզում է կաշառք վերցնել, վերադասներին կաշառք տալ ու քծնել, «համբալ» անվանել իր իրավունքների խախտման մասին բողոքող քաղաքացուն եւ այլն:

Ձեւավորված այդ մշակույթը կարող է որոշ չափով փոխվել միայն կրթության բնագավառում պետական քաղաքականության առկայությամբ: Սակայն, դա համառ ջանքեր պահանջող մի երկարատեւ գործընթաց է, որը դուրս է մեկ սերնդի կրթամշակութային ծավալման սահմաններից: Կրթական արդյունավետ համակարգը կյանքի է կոչվում մի քանի սերունդ կազմող հերթափոխի միջոցով, երբ պետությունը տասնամյակներ շարունակ հետեւողականորեն սկսում է վարել այնպիսի պետական քաղաքականություն, որտեղ դրվում է կրթական համակարգի միջոցով նոր քաղաքական ու հանրային մշակույթ ձեւավորելու նպատակ: Այդ դեպքում հնարավոր է դառնում ստանալ քաղաքակրթական այլ որակներ:

Կրթական համակարգի բարեփոխումներն արդյունք են տալիս մի քանի տասնամյակում միայն, երբ պետական կրթական քաղաքականության հետեւանքով կրթական գործընթացի ամբողջ փուլն անցած երիտասարդները, լիարժեք մուտք գործելով հանրային կյանք, նոր երանգներ են հաղորդում դրան: Տարիների ընթացքում կրթական «ինկուբատորներից» դուրս եկող նորանոր սերունդներն այդուհետ իրենց թվաքանակի բազմապատկման ու հին մշակույթի վրա ազդելու պատճառով կարողանում են որակական ու քանակական իրավիճակ փոխել երկրում:

Իսկ առայժմ մեր աչքի առաջ կրթության բնագավառում ծավալվում ու Հայաստանի տարբեր անկյուններում իր թեւերն է փռում դոմինանտ արատավոր մշակույթի դիկտատուրան` ապականելով անգամ այն առողջ բջիջները, որ կան պետության ծայրամասերում: Հարցը, թե ինչ է դոմինանտ մշակույթը, կարելի է ներկայացնել` բացասական շատ ու շատ երեւույթներ վկայակոչելով: Սակայն, եթե կա հարյուրամյա նամակ-վկայություն` տպված 1907թ. Թիֆլիսում լույս տեսնող «Անկախ մամուլ» օրաթերթում (7 դեկտեմբերի, N 6), ապա ավելի լավ է խոսքը փոխանցենք այդ նամակի հեղինակին` Մ. Բահաղյանին:

Նամակ Երեւանից

4-ն դեկտ., 1907 թ.

Մեր թեմական դպրոցում կարգը և կարգապահութիւնը, ավելի քան երբէք, այսպէս բարձր թողի արւած չէ եղել: Տեսչի թուլութիւնը դպրոցական դիսցիպլինայի տեսակէտից` միանգամայն զգալի է և ակներև. ամեն օր գլուխ է ջարդւում աշակերտների մէջ, որոնց չարութիւններն ուղղակի խայտառակութեան են հասել: Երևի դպրոցի նիւթական սղութիւնը նկատի առած լինելով, այս տարի վերակացու չի վարձել. բայց միանգամայն զարմանալի է թւում և այն հակասութիւնը, որ հոգաբարձուներից մէկի` պ. Օհանեանի բարեկամ, թէ չգիտեմ` գործակատարի եղբօրը, յատկացւած է ամսական 25 րուբլի ուսանողական օժանդակութիւն դպրոցի միջոցներից: Որի՞ն հաւատանք: Երկու հարիւրի չափ աշակերտներին թողնել առանց վերակացուի` նիւթականի պատճառով, իսկ նրա ռոճիկի չափ գրեթէ օժանդակութիւն տալ մի ուսանողի, որովհետև դա մի հոգաբարձուի քմահաճոյքն է, դա էլ արդէն չափից դուրս է: Մենք միանգամայն անհասկանալի ենք համարում այս տարւայ հոգաբարձական կազմի մաներաները իր տեսչով և դպրոցական գործերով: Յայտնի է, որ Ներսէս Թայիրեանի կտակած փողերի մասին զանազան լուրեր են պտտւում թէ` անյայտացել են մեծ գումարներ, որ իբր թէ նոր հոգաբարձութիւնը բողոք է տւել դատարանին:

Հասարակական պահանջ է առաջ գալիս, որպէսզի հոգաբարձութիւնը լոյս սփռէ այդ ասէկօսէների վրայ և հրապարակական պարզապանութիւն անէ դրանց մասին, հաշիւ տայ, թէ կտակւած փողերը ի՞նչ դրութեան մէջ են, դպրոցը ինչո՞ւ է կաղում նիւթական տեսակէտից: Դրանք էլ հօ քաղաքային վարչութեան պէս մի մեծ շինութիւն չշինեցին արաբական քանդակներով: Մ. Բահաղեան: