հոդվածներ

Պատերազմում հաղթանակի գրավականը քաղաքացու «զենքի իրավունքի» ճանաչումն է-1

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրերս մի կարեւոր հայտարարությամբ հանդես եկավ: «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, եւ չի մնացել որեւէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում։ Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»,- նշել էր ՊՆ պաշտոնյան։

Պատերազմը հանրային կյանքի ամենից դաժան փորձությունն է: Պարբերաբար ի հայտ եկող այդ երեւույթի մասնակիցները դնում են կենդանի մնալու եւ թշնամուն ոչնչացնելու նպատակ՝ զինված բռնության միջոցով լուծելու համար այն խնդիրները, որոնք հնարավոր չի եղել լուծել այլ ճանապարհով։ Պատերազմում հաղթում են այն հանրությունները, որոնք հոգեբանորեն ավելի պատրաստ են պայքարի, ունեն համապատասխան սպառազինություն եւ այն գործադրող ունակ կադրեր (մասնագետներ)։

ՊՆ մամլո խոսնակը մեր հանրությանը զգուշացնում է սահմանին վիճակի այն աստիճան բարդացման մասին, ըստ որի պարզ է դառնում, որ առնվազն բանակի ղեկավարությունը միանշանակ ընդունում է երկրի ակտիվ պատերազմական վիճակում գտնվելու փաստը: Ուստի հանրությունն էլ պարտավոր է նույնքան ադեկվատ գտնվել ու իր բոլոր ջանքերը, ռեսուրսները մեկտեղել՝ պատերազմական դրությանը հարիր պետական անվտանգության խնդիրները լուծելու համար։

Նշվածի համատեքստում հարց է առաջանում, թե որքանով է հանրությունը պատրաստ պատերազմին։ Չէ որ, պատերազմը միայն յուրաքանչյուր պետության ազգային բանակի գործը չէ՝ առավել եւս Հայաստանի դեպքում, որը չունի թիկունք, դեպի ծով ելք, շրջապատված է թուրքական օղակով, ու այդ ամենի հետ մեկտեղ ունի սահմանափակ մարդկային ու նյութական ռեսուրսներ։

Բանակը մշտապես սնվում է հանրությունից։ Ակտիվ պատերազմական գործողությունների դեպքում բանակում եղած զինվորական կադրերի պակասը միանգամից լրացվելու է պահեստազորից: Բացի այդ բանակում չընդգրկված չափահաս քաղաքացիների ֆիզիկական ուժն ու նյութական միջոցներն են ծառայելու թիկունքի ենթակառուցվածքների գործարկմանը։ Ի վերջո թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար ամբողջ ժողովուրդն է անդամագրվելու զինված պայքարին եւ կադրային սպաների հրամանի ներքո՝ ապահովելու երկրի պաշտպանունակությունը։

Ահա այս զարգացումներն աչքի առաջ ունենալով՝ մեր հանրությունը պարտավոր է շատ ավելի հաշվենկատ գտնվել ու չափազանց ռացիոնալ մոտեցում ցուցաբերել բանակի մամլո խոսնակի պաշտոնապես հրապարակայնացրած՝ երկրի պատերազմական դրության մեջ գտնվելու փաստին։ Ո՞րն է այդ մոտեցումը։

Մեր ազգի համար ռազմական գործը դարեր շարունակ եղել է սեփական փառքի կերտման գիտակցված ընտրությունը եւ գնահատվել է օտարների կողմից։ Այս հարցում սեփական պատմական ժառանգությունը թերագնահատելու ոչ մի հիմք մենք չենք կարող ունենալ։ Ռազմարվեստում ունեցած հաջողությունները, թշնամու դեմ կռվելու, պատերազմելու ձիրքը հայության տաղանդի վկայությունն ու հպարտության առարկան է եղել։ Պատմական տարբեր շրջափուլերում հայ ժողովրդի անկախ կամ կիսանկախ բոլոր վիճակները պայմանավորված են եղել ռազմական դասի գոյության, զենքի տիրապետման, սեփական իրավունքները գիտակցելու ու դրանք զենքի միջոցով պաշտպանելու ցանկության ու կարողության հետ։

Անցյալում որոշ պետություններ ու կայսրություններ, առաջնորդվելով հենց քաղաքական հստակ նպատակադրությամբ` առանձին ժողովուրդների հպատակեցնելու, ենթակայության բերելու համար, կյանքի են կոչել կրոնական ինչ-ինչ դոգմաներ ու արգելել այդ ժողովուրդների «զենքի իրավունքը»։ Օսմանյան կայսրության գոյության գրեթե ողջ ժամանակաշրջանում քրիստոնյա ժողովուրդները եւ հատկապես հայերը զրկված էին առաջնային քաղաքական այդ գործիքից՝ զենք պահելու, կրելու ու կիրառելու թույլտվությունից։ Դրա փոխարեն առեւտրային ու տնտեսական գործունեությունից ի հայտ եկող ոսկու փայլը, հենց օտարների նպատակային քաղաքականության շնորհիվ, շլացրել է մեր ժողովրդին, թուլացրել է նրա շրջահայացությունը ու բթացրել քաղաքական գիտակցությունը։ Մինչ օրս մեզանում աննկատ է մնում այն փաստը, որ Մերձավոր Արեւելքում տարբեր կառավարիչների կողմից հայությանը երբեւէ հատկացված տնտեսական ու առեւտրային արտոնությունները տրվել է ի փոխհատուցում նրանից խլված զենքի իրավունքի եւ, հետեւաբար` հայ ժողովրդի ապաքաղաքականացման ու հպատակեցման համար:

Վերջին երկու հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականությունը միտված է եղել հայ ժողովրդի միայն նպատակային զինվորագրմանը: Բոլոր այն դեպքերում, երբ վտանգ է առաջացել ռուսական տերության համար, երբ հայ ժողովրդի գիտակցության մեջ որպես քաղաքական առաջնային գործիք զենքի ամրագրումը եւ դրա քաղաքական նշանակության ընկալումը անխուսափելի է դարձել, ռուսական կայսերական մեքենան միանգամից վերացրել է հայության զինվորագրման կարգը, կազմալուծել է ռազմաքաղաքական ձեւավորվող մարմինները կամ ոչնչացրել ազգային հողի վրա գործող ռազմական գործիչներին: Առաջին աշխարհամարտի տարիներին Վանի ինքնապաշտպանության հաղթական ավարտից ընդամենը մի քանի ամիս անց Ռուսական կայսրությունը ուղղակի ոչնչացրեց հայության բնօրրանում վերակազմավորվող ռազմաքաղաքական պետական կառույցը` հենց միայն այն փաստից ելնելով, որ վանեցիները զինված ու թուրքերի դեմ բազում ճակատամարտերում հաղթանակած քաղաքացիներ էին եւ արդեն գտնվում էին սեփական պետական կառույցի կազմավորման ճանապարհին: Նմանապես բոլշեւիկների կողմից 1921թ. մեր ռազմական հրամանատարության աքսորն ու ոչնչացումը կամ երկրորդ աշխարհամարտի տարիներին ազգային դիվիզիաների ի վերջո կազմալուծումը պայմանավորված էր հենց պաշտոնական Մոսկվայի քաղաքական շահագրգռությամբ: Տվյալ գործողությունների միջոցով ոչնչացվում էր ոչ միայն պետականաստեղծ ինստիտուցիոնալ կառույցն ու ինքնուրույնության ձգտող ազգային զինվորական դասը, այլեւ` արմատախիլ էր արվում հայ ժողովրդի գիտակցականում ծլարձակած «զենքի իրավունքի» ընկալումը:

Վերեւում ներկայացված քննությունը կարող է մի էական հարցադրում առաջ բերել, թե ինչ կապ կարող է լինել հայ ժողովրդի զենքի իրավունքի ճանաչման եւ Ադրբեջանի հետ ներկայիս պատերազմի միջեւ, այն դեպքում, որ մենք ներկայում ունենք ազգային բանակ եւ հետեւաբար հայ ժողովրդի «զենքի իրավունքը» վերականգնված է: Ցավոք վերջին միտքը ներկա քաղաքական համակարգի պայմաններում մոլորություն է, եւ հետեւաբար մեր ժողովրդի մղած պատերազմի հաղթական ավարտի եւ իր «զենքի իրավունքի» երբեւէ նվաճման փոխկապվածությունը կարիք ունի լրացուցիչ պարզաբանման: