հոդվածներ

Մեր հին ադաթից ընկել ենք, զրկվել, նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել

Անկախ Հայաստանում արդարության, հավասարության, օրինականության սկզբունքներով առաջնորդվող պետական կարգեր հաստատելու գործում հիմնական խոչընդոտը, անշուշտ, մեր ժողովրդի քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակն է: Վերջին երկու տասնամյակներում հայ ժողովուրդը չկարողացավ դուրս գալ իր կեցության ավանդական նորմերի շրջանակից եւ կառուցել մի հանրապետություն, որտեղ հավասարությունն ու արժանապատվությունը կդիտվեին բարձրագույն արժեք եւ մարդկային փոխհարաբերությունների հիմք:

Հանրապետությունը որպես կառավարման ձեւ իսկապես մարդկային փոխհարաբերությունների առանձնահատուկ մշակույթ է պահանջում: Եթե երկրի կառավարման գործում ուղղակի կամ պատվիրակված ժողովրդավարությունը ժողովրդի համար մնում է անընկալելի, եթե պետության օրենքները նրա կյանքի կազմակերպման ու բարեկեցության միակ սկզբնաղբյուրը չեն, ապա հանրապետությունը վերածվում է ֆարսի: Ժողովուրդն է հանրապետության միակ սուվերենը եւ քաղաքացին պետք է իր գիտակցությամբ ու հոգեկերտվածքով համապատասխանի իր իսկ հռչակած պետական կարգերին: Ու քանի դեռ հանրությունը չի ընկալել ինչ ասել է «հանրապետություն», չունի համապատասխան քաղաքական մտածողություն` այդ կառավարման ձեւը խորությամբ ընկալելու ու կյանքի կոչելու համար, նա չի կարող կառուցել այնպիսի պետական կարգ, որը կհամատասխանի իր ցանկություններին։

Քաղաքացու ծնունդը տեղի է ունեցել հին հունական քաղաք-պետությունների` պոլիսների պատերի ներքո: Այստեղ էլ հենց մարդկանց համատեղ կյանքը կարգաբերելու գիտակցության բարձրագույն աստիճանի վրա կազմավորվել են առաջին քաղաքացիական հանրությունները: Մարդկային փոխհարաբերությունների հիմքում դրվել են քաղաքացու իրավունքները, որոնց մեջ ներառվել են նաեւ քաղաքական իրավունքները։

Հետագայում հռոմեացի իրավաբանները զարգացրել եւ դասակարգել են այդ քաղաքացիական իրավունքները եւ դրանք փոխկապակցել Հին Հռոմի պետական կարգերի` հանրապետության հետ` տալով նաեւ վերջինիս բնութագիրը։ Այդ է պատճառը, որ «հանրապետություն» հասկացության լիարժեք սահմանումը մենք հանդիպում ենք հենց Հին Հռոմի փիլիսոփաների, իրավաբանների աշխատություններում։ Հարկ է նկատել, որ Հռոմը հենց իր հանրապետական կարգերի շնորհիվ է, որ կարողացել է հասնել նախ իր սոցիալ-քաղաքական կյանքի կարգաբերմանը, իսկ հետո նաեւ` նվաճել Միջերկրական ծովի ամբողջ ավազանը` դառնալով Հին աշխարհի գլխավոր հեգեմոնը։

Փիլիսոփա, Հռոմեական Հանրապետության կարկառուն քաղաքական գործիչներից Ցիցերոնը (մ․թ․ա․ 106-43թթ.) որպես հանրապետություն բնորոշում էր այն հարաբերությունների ամբողջությունը, որը կազմում էր որոշակի տարածքում բնակվող ժողովրդի ընդհանուր գործը (res publica-ն բառացի թարգմանելիս նշանակում է «գործ հանրության») եւ որը տարբերվում էր մասնավոր գործից (res private)։ Ընդ որում «ժողովուրդ» եզրի տակ նա հասկանում էր «բազում մարդկանց այնպիսի միավորում, ովքեր իրավունքի եւ ընդհանուր շահերի հարցերում միմյանց հետ կապված են համաձայնությամբ» (Պետության մասին, I, XXV, 39): Այստեղից էլ սկզբնավորվել է հանրապետական կառավարման ձեւի այն բացատրությունը, ըստ որի դա մի կարգ է, որտեղ հանրության կառավարումն ամբողջ ժողովրդի գործն է։

Հանրապետության էության հարցում մեր ժողովրդի մոտ կա որոշակի անընկալունակություն եւ դա կապված է հենց պետական կառավարմանը նրա մասնակցության խնդրին: Ըստ հայության շրջանում գերիշխող պատկերացումների` պետական կառավարումը մի հատուկ սուբյեկտի` որոշակի անձի կամ անձանց խմբի գործն է: Հովհաննես Թումանյանը «Հառաչանք» պոեմում ծերունու բերանով հայ ժողովրդի տրտունջը մեզ փոխանցելու հետ մեկտեղ մեզ է ավանդել նաեւ ժողովրդի մտածողության կերպը.

«Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք,

Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք»:

Ըստ ժողովրդական պատկերացումների` այդ վերնախավի իշխանության տակ հասարակ ժողովուրդը պետք է փորձի գտնել իր բարեկեցությունն ու հանգիստը եւ զբաղվի իր «ընտանիքը պահելու» գործով`

«Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց,

Էն էլ հըրեն հա՜ - երկընքից կախված»:

Անցյալից ժառանգած հենց նշված պատկերացումների արդյունքում է, որ պետության կառուցվածքի եւ կառավարման ձեւի հանդեպ բնակչության մեծամասնության վերաբերմունքը բավական պասիվ է դառնում: Մարդկանց համար շատ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում այն, թե կառավարիչները ինչպես են կառավարում ժողովրդին, քան թե այն, թե ինչպես են հայտնվել պետական կառավարման ղեկին: Ըստ այդմ էլ` եթե պետական կառավարման համակարգի յուրացումը երբեւէ կարելի է ներել, ապա ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունները` բռնանալու ու հարստահարելու քայլերը առավել աններելի արարքներ են: Միաժամանակ, եթե խոսվում է երկրում հնարավոր փոփոխություններից, ապա որպես փոփոխությունների սկզբնաղբյուր շատ շատերը երբեք չեն դիտում հանրությանը կամ նրա մի մասնիկը կազմող քաղաքացուն: Քաղաքացիների մեծամասնության համար փոփոխություններ իրականացնող սուբյեկտը իրենից «վերեւ» կանգնած բարձր հովանի ունեցող նախագահն է, պաշտոնյան, օլիգարխը, թաղային հեղինակությունը, օրենքով գողը, ընդդիմադիր լիդերը եւ այլն:

Իհարկե, մեր հանրության նման մտածողությունը ձեւավորվել է անցյալում` «հատուկների» եւ «հասարակների» սոցիալական շերտավորում ենթադրող պատմական գործընթացների ազդեցությամբ (հնում հայ հանրությունը բաժանված է եղել իշխող եւ ենթարկվող դասակարգերի` փոքրամասնություն կազմող «ազատների» եւ մեծամասնություն կազմող «անազատների»): Գերիշխող մշակույթի ժառանգականության ուժով նման մտածողությունը փոխանցվել է սերնդեսերունդ եւ մինչ օրս իր անմիջական ազդեցությունն է թողնում հանրային կյանքի վրա:

Ըստ Նիկողայոս Ադոնցի` ժողովուրդների պատմական կյանքի ամենալավ վկան եւ նրա մեկնաբանը լեզուն ու դպրությունն են: Տուրք տալով իր պատմական փորձին ու խոր արմատներ ձգած կրոնական գիտակցությանը` մեր ժողովուրդը աշխարհում պետական կառավարման հանրապետական ձեւի լայն տարածման պայմաններում ստիպված է եղել վերջինիս ինստիտուցիոնալ հասկացությունները ձեւակերպել յուրովի` իր գիտակցության եւ լեզվամտածողության սահմաններում: Արդյունքում նա վերադարձել է իր անցյալի քաղաքական միակ համակարգին` դարեր շարունակ Հայաստանում գործադրված նախարարական կարգերին եւ նրա դիտանկյունից ձեւակերպել այդ նոր հասկացությունները: Այսպես` հանրապետության մեջ կառավարչական գործառույթներ կատարող գլխավոր պաշտոնյաներին նա նույնացրել է «հատուկների» («ազատների») դասի աշխարհիկ ղեկավարների հետ` այդ պաշտոնյաներին կոչելով «նախարարներ»:

Մի այլ օրինակ է «հասարակություն» տերմինի կիրառումը մեզանում: Ինչպես նկատել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Արման Յարալյանը` հայ ժողովրդը մինչ օրս օգտվում է դարերի խորքից եկող իր համակեցությունը կարգավորող սոցիալական նորմերից եւ դրանք բնութագրող տերմիններից: Հենց դրա արդյունքում է, որ ներհանրային կյանքը ճանաչում է սոցիալական շերտավորումը եւ մի օրգանիզմի շրջանակում ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների շուրջ համախմբված մարդկանց անվանում «հասարակություն»: Վերջինս անցյալում բնակչության մեծամասնություն կազմող անազատների` «հասարակների» դասի անվանումն է` համապատասխանեցված ժամանակակից պահանջներին: Օգտվելով նման կարգի տերմիններից` հանրությունն անգիտակցաբար իրեն մեկուսացնում է պետական կառավարմանը մասնակցելու պարտականությունից` այդ բեռը դնելով «հատուկ» մի շերտի` վերնախավի վրա:

Պետք է նկատել, որ XX դարում հայության քաղաքական միտքն ու գիտակցությունը զարգացել է նույն շերտավորված սոցիալական կառույցի եւ ԽՍՀՄ գաղափարախոսության ու քաղաքական կյանքի միջեւ եղած արմատական տարբերության պայմաններում: Չնայած նրան, որ մի կողմից տիրապետող մարքսիստական փիլիսոփայությունը հավաստիացնում էր, թե սոցիալիստական հասարակարգում դասակարգերը վերացված են եւ իշխանությունը համաժողովրդական է, բայց մյուս կողմից հանրությունն ականատեսն էր, թե ինչպես են Կոմունիստական կուսակցության քաղբյուրոն ու կենտկոմը, պետության կառավարչական լծակներն իրենց ձեռքում պահելով, իշխում նույն այդ ժողովրդի վրա:

Աշխարհում ժողովրդավարության հաղթարշավի պայմաններում երբ մարդկանց ուղեղները ծանրաբեռնված են նման արխայիկ գաղափարներով ու տերմիններով, այսօր իհարկե դժվար է խոսել Հայաստանի Հանրապետության քաղաքացու` սեփական երկրի հանդեպ ստանձնած հանձնառության մասին: Այն մասին, որ երկրում արդարության, հավասարության, օրինականության սկզբունքների կիրառման, ինչպես նաեւ պետության ներքաղաքական կյանքի, անկախության ու ինքնիշխանության միակ պատասխանատուն հենց ինքն է` հայ մարդը: Դրա փոխարեն մեր ականջներում շարունակում է տրտնջալ «Հառաչանքի» ծեր այգեպանը`

«Մեր բանն էլ, ախպեր, էսպես է եկած,

Մենք լեզու չունենք – ուժեղը աստված:

Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,

Նորն էլ չգիտենք թե ինչ է եկել»:

Սակայն, այնուամենայնիվ հարկ է նկատել, որ մեր պետության քաղաքական կառուցվածքի ձեւը` «հանրապետությունը», պետական կառավարման գործում միակ սուբյեկտ ճանաչում է ժողովրդին` նրան օժտելով բացառիկ իրավունքներով: Նման իրավուքների գոյությունը հանրապետական կարգերի պահպանման գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պարտավորեցնում են կոնկրետ վերաբերմունքի արժանացնել պետական կառավարման համակարգի յուրացման ցանկացած դեպք: Ուստի քաղաքացին ստիպված է կամ հրաժարվել քաղաքացիությունից, եթե չի ուզում պայքարել հանրապետական կարգերի համար, կամ բնակչության մեծամասնության հետ համաձայնեցնելով փոխել կառավարման ձեւը (օրինակ` միապետության անցնել), կամ պայքարել իր պարտականությունների կատարմանը` պետական կառավարմանը հասնելու համար, կամ էլ ապրել ստի մեջ` թե ինքն է երկրի միակ տերը, բայց իրականում սեփական անձը հանձնել կառավարման համակարգը յուրացրած այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի ողորմածությանը: Սուտը մեր գլխին դրած` հենց այդպես էլ ապրում ենք: Առայժմ: