հոդվածներ

Հաց ախպեր

Մի մարդ գնաց հեռու երկիր գործ անելու։ Ընկավ մի քաղաք։ Տեսավ մի տեղ հավաքված մարդիկ հանապազօրյա հացը չեն կարողանում վաստակել՝ դժգոհելով ճանապարհին փռված բորենիներից։

— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք բողոքի երթով ձեր սովյալներին կերակրում, մի՞թե մեքենա չունեք։

— Մեքենան ի՞նչ բան է,— հարցրին քաղաքացիք։

Մարդը վերցրեց իր մեքենան, բեռնեց սննդով ու քշեց դեպի բորենիների շղթան, նրանց ատամները ջարդեց, գլուխները հաշվեց ու հացը դարսեց մյուս կողմը․․․

Իհարկե այս հեքիաթն ունի իր շարունակությունը, որը մեզ կարող է կտրել իրականությունից։ Ուստի վերադառնանք ցավալի իրականություն՝ սակայն շարունակելով ընթանալ հայկական ժողովրդական հեքիաթի սցենարին համահունչ։ Ակնհայտ է, որ մեր պայքարի մեքենան արդեն երկու տասնամյակ փորձում են քշել իրենց լիդեր երեւակայող տանուտերերն ու լիդերի վկաները դարձած գյուղացիք։ Եւ երբ այդ մեքենայից գլուխ չեն հանում, երբ մեքենան պատեպատ են խփում, երբ վրաերթի ենթարկված մարդկանց թողնում են կիսամեռ վիճակում, վազում են Հաց ախպոր մոտ՝ նրան համոզելու գալ ու մեքենային բան հասկացնել։ Իսկ Հաց ախպերը այս երկրից չէ, նա կամ անցյալից է կամ ապագայից, ով մեր աշխարհն է եկել՝ ասելու համար թե ովքեր ենք մենք ու ինչպես պետք է գործենք։ Նա Մատենադարանի խունացած մագաղաթների վրա մեր պատմիչների կողմից նկարագրված հայկյան դարաշրջանի հայորդու մաքառող տեսակն է, ով անցյալից եկել է մեզ ոչ թե համոզելու, թե ինչ չպետք է անենք, այլ իր գործով մեզ սովորեցնելու թե ինչ պետք է մենք անենք։ Նա ապագայից եկած այն հայորդին է, ով խոսքի փոխարեն գործելու ճրագն է վառել, այն հավատամքով, որ իր ետեւից գնալու են հազարները։ Արթուր Սարգսյանը մեր անցյալն ու ապագան իրար կապող օղակն է։

Հաց ախպերն ուրիշի ծանր կյանքով տառապող մարդն է, օտարության մեջ հայրենակցին դժբախտության մեջ չթողնողն անծանոթ հայն է, մեր թաղի «շտապ օգնությունն» է, հանդերում աշխատող գյուղացուն սառը թան տանող պատանին է, քրիստոնեական սիրով առաջնորդվող մեր մեջ եղած եզակի անհատն է, նորատունկ այգին բարկ արեւի տակ ջրող ջրվորն է, փայտին շունչ տվող արվեստագետն է, ռազմի դաշտում հաց ու փամփուշտ հասցնող մեքենայի վարորդն է, գլուխը կախ իր գործն անող համեստ բանվորն է, ընկերոջ համար ավտոմատի պահունակը լիցքավորող արյունաքամ լինող զինվորն է, Հայոց հյուրասիրության աստված Վանատուրն է, թշնամու կրակն իր վրա վերցնող «Հունան Ավետիսյանն» է։

Հաց ախպերը միայնակ որոշում կայացնող, միայնակ պատասխանատվություն վերցնող ու միայնակ գործ անող դարերում կորսված բայց օրերս գտնված հայն է։ Արթուր Սարգսյանը մորթվելու պատրաստ ցեղասպանվող ամբոխին մերժող, իր քայլով մեզ օրինակ ծառայող, պայքարի արդյունավետ ճանապարհները ցույց տվող, առաջինը պայքարի նետվող համեստ մեր ընկերն է։ Նա ցեղասպանությունից հետո վերածնված նոր հայն է ու Հայկ Կյուրեղյանի, «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ մեր պետականության հիմնաքարը։

Ծնունդդ շնորհավո՛ր, Հաց ախպեր։