հոդվածներ

Կովկասյան փոքր պետությունների խնդիրը` տերությունների անվտանգության հայեցակարգերում

2008թ. օգոստոս ամսին Հարավային Օսիայում հումանիտար աղետը կանխելու եւ պաշտոնական Թբիլիսիի ձեռնարկած ռազմական գործողությունների դեմն առնելու համար իրագործվեց պատերազմական մի սցենար, երբ ռուսական զորքերը կարողացան հեշտությամբ ծնկի բերել վրացական բանակին:

Ռուս-վրացական այդ պատերազմի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Սակայն իրավական առումով Ռուսաստանի կողմից ճանաչված լինելու հանգամանքը Հարավային Օսիայի պետականաշինության և սեփական կյանքն ինքնուրույն տնօրինելու համար բավարար պայման չհանդիսացավ: Դրանից հետո, եթե Աբխազիայի սուբյեկտայնությունն ու ինքնուրույնությունը այս կամ այն չափով ընդունվել կամ վիճարկվել է, ապա Հարավային Օսիայի նկատմամբ Ռուսաստանի փաստացի լիակատար իշխանությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցել:

2014թ. մարտ ամսին Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի արդյունքում և Ռուսաստանի գործուն միջամտության շնորհիվ գործարկվեց Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու գործընթացը: Մարտի 11-ին Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունն ընդունեց անկախության մասին հռչակագիրը:

Մարտի 16-ին շտապ կարգով անցկացված հանրաքվեի միջոցով քվեարկողների 96,6 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանի հետ Ղրիմի միավորմանը: Մարտի 17-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը Ղրիմը հռչակեց որպես անկախ սուվերեն պետություն` Ղրիմի Հանրապետություն: Իսկ մարտի 18-ին Կրեմլում Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի Հանրապետության միջև ստորագրվեց պայմանագիր Ղրիմի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին:

Հարավային Օսիայի և Ղրիմի շուրջ տեղի ունեցած և վերևում ներկայացված ռազմաքաղաքական երկու տարբեր գործընթացները մի կարևոր հարցի պատասխան չեն տալիս: Ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնությունը մի դեպքում հարկ համարեց կենսագործել Վրաստանի զինված ուժերի գործողություններից արյունաքամ եղած և իր քաղաքական լիակատար վերահսկողության տակ գտնվող սուբյեկտի անկախության գործընթացը, իսկ մյուս դեպքում իրենից նույնքան կախման մեջ գտնվող, բայց ռազմական ագրեսիայի չենթարկված մեկ այլ ինքնավար հանրապետության իր կազմ ընգրկելու գործընթացը:

2008թ. Ռուսաստանը դեռևս ի վիճակի՞ չէր գնալ առավել խնդրահարույց ճանապարհով և իր կազմ ընդգրկել նաև Հարավային Օսիային ու Աբխազիային, թե՞ Կրեմլի կողմից այդ Հանրապետությունների անկախության ճանաչման գործընթացի մեկնարկը տալիս հաշվի են առնվել բոլորովին ուրիշ հանգամանքներ:

Իհարկե, նշված ռազմաքաղաքական փոքր սուբյեկտների ճակատագրերի որոշման հարցում յուրաքանչյուր որոշում Կրեմլը կայացրել է` առաջին հերթին տվյալ իրավիճակից առավել գործնական ելքեր և լուծումներ գտնելու շարժառիթից ելնելով: Սակայն այն հանգամանքը, որ իրավիճակային որոշումները երբևէ համաձայնեցվում են պետության անվտանգության ռազմավարական հայեցակարգերին, այսօր մեր առջև դնում է նաև այն հարցադրումը, թե այդ դեպքում ի՞նչն է խանգարում կամ հետ պահում Կրեմլին ներկայումս կամ մոտ ապագայում կյանքի կոչել նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու գործընթացը:

Սույն հոդվածով կփորձենք ներկայացնել այդ հարցի ռազմաստրատեգիական ասպեկտը:

Քաղաքագիտական միտքը վաղուց է խոսում Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետությունների ճանաչման և նրանց հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու գործում ռուսական քաղաքական կոնկրետ շահերի` Կովկասում ազդեցության ծավալման, Վրաստանին կախման մեջ պահելու, Հարավային Կովկաս գերտերությունների զինված ուժերի մուտքը թույլ չտալու, Կովկասում մյուս տերությունների աշխարհաքաղաքական ազդեցության ծավալումը նախականխելու և այլնի, մասին: Սակայն, բացի զուտ քաղաքական հետաքրքրություններից ու շահերից այդ երկու մասնակի ճանաչված հանրապետությունների, որպես ինքնուրույն սուբյեկտների ձևավորման գործում դեր է խաղացել նաև ռուսական ռազմաքաղաքական մեքենայի կոնկրետ շահագրգռությունը:

Վերջինս հիմնվում է ռազմավարական այնպիսի հայեցակարգերի վրա, որոնք ռուսական պետության անվտանգությունը դիտարկում են առաջին հերթին նրա ռազմական անվտանգության դիրքերից: Վերջինս հար և նման է Կովկասում դարեր շարունակ տարբեր կայսրությունների ունեցած նույնատիպ ռազմաքաղաքական շահերին և ըստ այդմ ձեռք բերած դիրքերին: Պատկերացնելու համար այդ շահերն ու դիրքերը ներկայացնենք մի քանի օրինակ:

Հնադարում և միջնադարում Կովկասի քաղաքական քարտեզը ներկայացել է բազում պետական կազմավորումների տեսքով, որոնք երբեմն ունեցել են շատ կարճ կյանք: Սակայն այդ կազմավորումների թվում կային նաև այնպիսիք, որոնք հիմնվում էին աշխարհաքաղաքական առավել մնայուն շահերի վրա և ուստի իրենց գոյությունը պահպանում էին դարերի ընթացքում: Վերջիններիս թվում էին Կողքիսը (Կոլխիդա), Վիրքը և Աղվանքը:

Կողքիսը հսկում էր Կովկասյան լեռնաշղթայի արևմտյան դռները (լեռնանցքները, ինչպես նաև` ծովի ու Կովկասյան լեռնաշղթայի բազուկների միջև ընկած գոգահովիտները), Վիրքը` կենտրոնական, իսկ Աղվանքը` արևելյան: Կովկասյան դռներն, այսպիսով, այդ պետությունների կենսագործունեության եւ քաղաքական նշանակության համար հիմնարար դեր էին խաղում: Կարելի է ասել, որ այդ դռներն են եղել տվյալ պետությունների գոյության հիմնական քաղաքական երաշխիքը:

Առանձին դեպքերում Կողքիսը (Լազիկե, Եգեր) դառնում էր Հռոմի (Բյուզանդիայի) նվաճողական քաղաքականության զոհը, քանի որ Կովկասյան լեռնաշղթայի արևմտյան դռան պահպանությունը դառնում էր Հռոմի (Բյուզանդիայի) ընդհանուր սևծովյան քաղաքականության գերին: Այսինքն, որպես ծովային տերություն Հռոմի համար երբեմն առավել շահավետ ու ծանրակշիռ էր դառնում Կողքիսի խնդիրը դիտարկել, որպես իր «Սևծովյան» քաղաքականության բաղկացուցիչը, քան թե «Կովկասյան»: Արդյունքում, ինչպես Սև ծովի մյուս ափամերձ շրջանները (այդ թվում` Ղրիմի թերակղզում եղած), Կողքիսը ևս կորցնում էր իր անկախ կարգավիճակն ու դառնում Հռոմի (Բյուզանդիայի) վարչական միավորներից մեկը:

Այլ էր վիճակը Վիրքի դեպքում: Դեպի Սև ծով մուտք չունենալու պատճառով այն միմիայն կայսրությունների «Կովկասյան» քաղաքականության բաղկացուցիչն էր: Նա թեև շփման գիծ ուներ Հռոմեական կայսրության հետ, սակայն վերջինիս շահերը երբեք թույլ չէին տալիս կործանել այս փոքր թագավորությունը, քանի որ Ալանաց դռան (Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական լեռնանցքների) պահպանությունը կմնար կայսրության ուսերին և մեծ խնդիրներ ու ծախսեր կառաջացներ:

Նույնանման նշանակություն ունեին Աղվանքն ու Վիրքը Պարթև Արշակունիների տերության և Սասանյան Պարսկաստանի համար: Այդ երկու կայսրությունները նշված երկու փոքր պետություններին դիտարկում էին որպես իրենց «Կովկասյան» քաղաքականության բաղկացուցիչը: Իբրև ռազմաքաղաքական միավորներ նրանց կործանումն այդքան էլ խնդրահարույց չէր: Սակայն Արևելյան այդ կայսրությունները շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեին, եթե Կովկասյան կենտրոնական և արևելյան դռների պահպանությունը վերցնեին հենց իրենց ուսերին:

Այդուհետ հարկ կլիներ ոչ միայն գործ ունենալ Կովկասյան հյուսիսային լեռնաբնակ ռազմատենչ ցեղերի, Հյուսիսային Կովկասում և ներկայիս Կուբանի տարածքում տարածվող Ալանաց պետության հետ, այլ նաև Վիրքի ու Աղվանքի անկախական ու հռոմեասեր կենտրոնախույս ուժերի, որոնց բոլորի ընդհանուր ուժը շատ ավելի վտանգավոր կարող էր լինել, քանց թե այդ երկու փոքր պետությունների կայսրության կազմում միավորելու շահը:

Ուշ միջնադարում` հատկապես 16-18-րդ դարերում, Վրացական թագավորությունների գոյությունը նմանապես բացատրվում է Հռոմին ու Պարթստանին փոխարինելու եկած երկու տերությունների` Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի համար այս պետական կազմավորումների ունեցած նույն նշանակությամբ: 16-րդ դարում Ռուսական պետությունը դեպի Սեւ ծով ու Կովկաս ծավալվելու իր առաջին քայլերն էր անում (1586թ. Համայն Ռուսիո արքա Ֆյոդր Իոանովիչը ընդունել էր նաեւ «Իբերական հողի, վրացական թագավորների եւ Կաբարդինական հողի, չերկասական ու լեռնային իշխանների տիրակալ» տիտղոսը):

Հյուսիսային Կովկասից եկող վտանգներն աչքի առաջ ունենալով` Օսմանյան եւ Պարսկական տերությունների համար վրացական փոքր թագավորությունները ձեռք էին բերել ռազմավարական որոշակի նշանակություն: Այդ երկու տերություններն այդպես էլ չփորձեցին վերջնական լուծարման ենթարկել վրացական պետականությունը: Վերջինս ողջ Կովկասի նվաճումն իր ձեռքը վերցրած Ռուսական կայսրության զոհը դարձավ: 1801թ. լուծարվեց եւ միացվեց Ռուսական կայսրությանը Քարթլիի ու Կախեթիի միացյալ թագավորությունը, իսկ 1810թ.` Իմերեթի թագավորությունը:

Վերադառնալով Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցին` պետք է նշել, որ Ռուսաստանն, անշուշտ, խնդիր ունի այդ պետական կազմավորումների միջոցով իր տարածքը պաշտպանել Հարավային Կովկասից եկող վտանգներից: Երկու պետությունները ներկայումս այնպիսի նշանակությունն ունեն Ռուսաստանի համար, ինչպիսին հնադարում ու միջնադարում ունեին Վիրքն ու Աղվանքը Մերձավոր Արեւելքի մեծ տերությունների համար: Ռազմաքաղաքական «ֆիլտրացիան», այն է` ռազմաքաղաքական այլ միավորներից Ռուսաստանին սպասվող վտանգները իրենց անկախ կարգավիճակով մեղմելու դերակատարությունը, այսօր այդ պետական կազմավորումների աշխարհաքաղաքական կոչումն է դարձել:

Այդ պետական կազմավորումների լուծարումը կարող է տեղ գտնել երկու դեպքում` Հարավային Կովկաս Ռուսաստանի հիմնավոր ծավալվելու կամ ռազմաքաղաքական այլ ուժերի կողմից դրանց կլանումը նախականխելու ժամանակ: Մյուս դեպքերում, որքան էլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի կախվածության աստիճանը, Կրեմլի անսպառ հնարավորությունները, տերության ռազմական ներուժը եւ այլ հանգամանքներ թույլ տան, միեւնույնն է այդ պետական կազմավորումների լուծարումից ստացվող վնասները ավելի մեծ են լինելու, քանց թե` Ռուսաստանի կազմ ընդգրկելու շահը:

Ի տարբերություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` Ղրիմն ընկած է Ռուսաստանի «Սեւծովյան» քաղաքականության առանցքում: Նրան վերապահված չէ ռազմաքաղաքական «ֆիլտրացիայի» դեր: Ընդհակառակը Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի` Սեւ ծովում ծավալվելու առաջնակարգ բաստիոնը եւ իր այդ դերակատարությամբ ինչ-որ առումով նման է հնադարում եւ միջնադարում եղած Կողքիսին: Սեւաստոպոլի նկատմամբ վերահսկողությունը առաջնահերթ նշանակություն ունի Ռուսաստանի համար: Նրա անկախ կարգավիճակը կարող է ամբողջովին կործանել Ռուսաստանի «Սեւծովյան» քաղաքականությունը: Չի կարող լինել «Սեւծովյան» քաղաքականություն, առանց Սեւաստոպոլի նկատմամբ ուղղակի վերահսկողության: Չի կարող լինել Ռուսական տերություն, առանց Սեւաստոպոլի վրա հիմնվող «Սեւծովյան» քաղաքականության:

Կարծում ենք սա է այն ռազմաստրատեգիական ասպեկտը, որը հնարավորություն է տալիս բացատրել, թե ինչու Ռուսաստանին մի դեպքում հարկ եղավ Կովկասյան «գաճաճներին» դարձնել անկախ պետություններ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքին գրեթե հավասար և երկու միլիոնից ավել բնակչություն ունեցող Ղրիմը ընդգրկել իր կազմի մեջ: