102-րդ ռազմաբազա. Հայաստանի համար անցյա՞լ, թե՞ ապագա-2
2013թ․ վերջում միջազգային քաղաքականության մեջ երկրորդ անսպասելի գործընթացը Իրանի շուրջ ծավալվող գործընթացների 180 աստիճանով փոփոխությունն էր: Իրանի եւ «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական համաձայնությունը դուռ բացեց Արեւմուտքի հետ Իրանի հարաբերությունների բարելավման համար: Այդ միտումը պահպանվեց ողջ 2014թ. ընթացքում եւ հանգեցրեց նրան, որ «Արաբական գարնան» հետեւանքով Սիրիայում բռնկված պատերազմում Արեւմուտքը կորցրեց իր հետաքրքրությունը: Արեւմտյան լրահոսում դադարեցվեց Իրանի դաշնակից Սիրիայի մասին նախկին քարոզչությունը եւ կարծես մոռացության տրվեց այն փաստարկը, որ Ասադի վարչակարգը բռնապետական է եւ նրա ժողովրդի արդար ընդվզման եւ ժողովրդավարական երկրների օգնության միջոցով պետք է տապալվի:
Աշխարհաքաղաքական գործընթացներում նման միտումները Ռուսաստանին կանգնեցրին լրջագույն փաստի առաջ: Հարավային Կովկասում իր շահերի պաշտպանության ու հատկապես 102-րդ ռազմաբազայի կենսագործունեության ու նշանակության համար ծագեցին նոր մարտահրավերներ: Իրանը Ռուսաստանի համար դադարեց լինել Արեւմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցությունում լիարժեք պատնեշ: Նախանշվեցին պաշտոնական Թեհրանի՝ Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացման գնալու ու Մեծ Մերձավոր Արեւելքում նոր դերակատարություն ստանձնելու հակվածությունն ու Ռուսաստանի համար դրանից եկող վտանգները:
102-րդ ռազմաբազայի համար ի հայտ եկավ երբեւէ նաեւ այլընտրանքային օդային ճանապարհների փակվելու խնդիրը: Թուրքիայի ՆԱՏՕ-ի կազմում գտնվելու, Վրաստանի Արեւմուտքի հովանավորությունը վայելելու, Իրանի Արեւմուտքի հետ մերձենալու հանգամանքները ռուսական քաղաքական մտքին այլ ելք չէին թողնում, քան գնալ Հարավային Կովկասում իրենց ռազմավարության եւ ռազմաքաղաքական ազդեցության կենտրոնի վերաֆորմատավորմանը եւ ուշադրությունը Ադրբեջանի վրա կենտրոնացնելուն: Սակայն բոլորի համար պարզ էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոյությունը երբեք չէր կարող թույլ տալ, որ պաշտոնական Բաքուն համաձայնի Ադրբեջանի տարածքը ծառայեցնել Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի սնուցման գործը գլուխ բերելուն:
Իրանի շուրջ տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններն, այսպիսով, հիմքեր ստեղծեցին խորհել ռազմաբազան ոչ թե արտաքին օժանդակ ու պաշտպանիչ նոր միջոցներով (ճանապարհներ, ենթակառուցվածքներ, պարտավորություններ) համալրելու մասին, որը գրեթե անհույս խաբկանք կլիներ, այլ` ռազմաբազան որպես միջոց ծառայեցնելու եւ Հարավային Կովկասում նոր ֆորմատավորման հասնելու:
Սկսած 2008թ-ից ռուսական 102-րդ ռազմաբազայի մեկուսացվածության հարցում ծագած խնդիրները, որոնք ընդհանրապես հանդիսանում էին Ռուսաստանի հարավային ուղղությամբ (սեւծովյան-կասպիական տարածաշրջան) իրականացվող ռազմավարական քաղաքականության կարեւոր բացթողումները, 2014թ. բազմապատկվեցին եւս մեկ ռազմաքաղաքական խնդրի ի հայտ գալով: Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Արեւմուտքի վերահսկողությունից դուրս գալու կամ նորովի դերակատարություն ստանձնելու պատճառով ամբողջ Մերձավոր Արեւելքը կանգնեց իսլամական ծայրահեղականությամբ ախտահարված լինելու, պատերազմների, կոտորածների ու ավերի ենթարկվելու խնդրի առջեւ: «Իսլամական պետության» կողմից հրապարակվեցին սպառնալիքներ` այդ թվում ուղղված Կենտրոնական Ասիային, Կովկասին եւ ամբողջ Ռուսաստանին:
«Իսլամական պետության» ի հայտ գալը Ռուսաստանին խնդիրների առաջ կանգնեցրեց առավելապես ոչ թե այն պատճառով, որ նրա կողմից հնչեցին ինչ-ինչ սպառնալիքներ Ռուսաստանի եւ նրա ազդեցության գոտում գտնվող տարածաշրջանների նկատմամբ, այլ նրա, որ այդ սպառնալիքների հասցեատերերը կամ վերջիններիս ծառայություններից երբեւէ օգտվել ցանկացող աշխարհաքաղաքական ուժերը հեռանկարում ահաբեկչական գործողություններ կամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելիս առավելություններ կարող են ունենալ պատերազմների վարման ռազմաքաղաքական գործիքների ու տակտիկայի հարցում: Տարածական առումով «Իսլամական պետությանը» դեմհանդիման կանգնած առաջնային ռուսական ռազմական միավորը` քրիստոնյա Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազան, լինելով 20-րդ դարի ստանդարտների մեջ, բավական անհույս պատվար էր Հարավային Կովկասում իսլամիստների մոբիլ զինվորական ջոկատների պատերազմի վարման մարտավարությանը եւ ահաբեկչության տարածմանը դիմագրավելու համար:
Ներկայացված աշխարհաքաղաքական առկա գործոնները՝ «Արաբական գարնանը» հար եւ նման առանձին տարածաշրջաններում սոցիալ-քաղաքական դրվածքները փոխելու Արեւմուտքի կարողությունը, Ուկրաինայի անցումը Արեւմուտքի լիակատար ազդեցության տակ, Դոնբասում պատերազմի վարման նորագույն ձեւերի գործարկումը եւ Ռուսաստանի կամովին դրա մեջ ներքաշվելը, Արեւմտյան ֆինանսատնտեսական պատժամիջոցների լայն կիրառումը Ռուսաստանի նկատմամբ, Արեւելյան Եւրոպայի երկրների ընդդեմ Ռուսաստանի անթաքույց բացասական վերաբերմունքը, Իրան-Արեւմուտք սերտ հարաբերությունների հաստատումը, պատերազմից քայքայված Սիրիայի դուրս գալը Արեւմուտքին դիմագրավող երկրների շրջանակից, «Իսլամական պետության» կամ իսլամական ծայրահեղական խմբավորումների՝ Ռուսաստանում եւ նրա ազդեցության գոտում գտնվող երկրներում ծավալվելու վտանգը, ահա այս ամենը Ռուսաստանի առջեւ դրել էր իր աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու եւ նոր լուծումներ գտնելու հրամայականը։ Այդ գործում հնարավորությունները այդքան էլ մեծ չէին։ Արեւմուտքին դիմագրավելու համար նախկին ռազմաքաղաքական բնագծերը վաղուց չէին համապատասխանում առկա իրավիճակին։ Իսկ հավանական նոր դաշնակիցների շրջանակն էլ կարելի էր գտնել միայն Ասիայում, այն էլ որոշակի շահեր զոհելու միջոցով։
2014թ․ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի պաշտոնական այցը Բաքու եւ հանդիպումը նախագահ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Հասանովի հետ։ Բաքվում կայացած պայմանավորվածությունների թվում էին Կասպից ծովում 2015թ․համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու որոշումը, 2015թ․երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության ծրագիրը, իսկ առաջարկների թվում՝ կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման հարցը։ Քննարկումներում մեծ տեղ էր հատկացված նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի (մինչ այժմ կնքված սպառազինության մատակարարման պայմանագրերի ընդհանուր գումարի ծավալն արդեն հասնում է 5 միլիարդ դոլարի սահմանագծին), Ռուսաստանում ադրբեջանական զինվորական կադրերի վերապատրաստման, Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի անդամակցության հետեւանքով Բաքվի մտավախությունները փարատելու խնդիրներին։
2014թ․նոյեմբերի 18-19-ին Շոյգուն պաշտոնական այցով մեկնեց Չինաստան։ Երկրի բարձրագույն ղեկավարության եւ իր չինացի կոլեգա Չան Վանցյուանի հետ տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերվեցին կարեւոր պայմանավորվածություններ, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում եւ Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու, գունավոր հեղափոխությունների սպառնալիքները համատեղ դիմագրավելու, ռազմական տեխնիկայի (ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ այլն) խոշոր խմբաքանակների արտադրության ու վաճառքի եւ այլ հարցերի շուրջ։
2014թ․ նոյեմբերի 20-ին ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն Պեկինից պաշտոնական այցով մեկնեց Իսլամաբադ (Պակիստան) եւ հանդիպեց այդ երկրի վարչապետ Շարիֆի եւ պաշտպանության նախարար Ասիֆի հետ։ Այստեղ երկու երկրների միջեւ կնքվեց ռազմական համագործակցության մասին համաձայնագիր եւ քննարկվեցին պաշտոնական Իսլամաբադի կողմից ռուսական ռազմական տեխնիկա (ուղղաթիռներ, ՀՕՊ միջոցներ) գնելու, տարածաշրջանային մարտահրավերների դեմ համատեղ պայքարելու հարցերը։ Ի դեպ Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը եւ պաշտոնապես սատարում է Ադրբեջանին նրա բոլոր գործողություններում։
2015թ․ հունվարի 19-20-ը Շոյգուն պաշտոնական այցով մեկնեց Թեհրան (Իրան)։ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց տարածաշրջանային եւ միջազգային անվտագության, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրները։ Հանդիպման շրջանակներում ստորագրվեց ԻԻՀ և ՌԴ միջեւ ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը։ Թեհրանում ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է Իրանի հետ երկարաժամկետ եւ բազմակողմանի համագործակցություն հաստատել եւ ողջունում է Իրանի իշխանությունների ձգտումը Ռուսաստանի հետ բազմակողմանի կապերի ընդլայնման ուղղությամբ, այդ թվում պաշտպանության ոլորտում։
«Մենք տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունենք, որոնց դիմակայել հնարավոր է միայն համաձայնեցված կերպով»,- ասել է Շոյգուն։
2015թ․հունվարի 21-ին տեղի ունեցավ Շոյգույի պաշտոնական այցը Նյու-Դելի (Հնդկաստան)։ Հնդկաստանի իր կոլեգա Պարրիկարոմի հետ քննարկվեցին երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կադրերի վերապատրաստման, գլխավոր շտաբների մակարդակով համագործակցության, 200 համատեղ նախագծերի հետագա իրացման հարցերը, ինչպես նաեւ ստորագրվեց թռիչքների անվտանգության բնագավառում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համաձայնագիրը։
Այս բոլոր այցերը ցույց են տալիս Ռուսաստանի՝ Եւրոպայի հետ պատնեշվելու եւ դեպի Արեւելք թեքվելու հաստատակամ կուրսի մասին։ Ընդ որում, Ռուսաստանի եւրոպական քաղաքականության լիակատար ձախողման եւ աշխարհաքաղաքական անելանելի վիճակի մասին օրերս բարձրաձայնեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Նա հայտարարեց, որ պաշտոնական Մինսկը մտադրված է հետեւողականորեն եւ նպատակաուղղված կերպով հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ։ Իսկ այն հարցին, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան իր ռազմավարական գործընկերոջ վարած միջազգային նման քաղաքականությանը, Բելառուսի ղեկավարը խնդրեց Կրեմլին ավելորդ «ջղաձգումներ» չանել։ «Չէ որ մենք չենք վրդովվում, որ Ռուսաստանը նպատաուղղված կերպով մեծ ջանքեր է գործադրում Արեւմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար։ Դե ուրեմն դուք եւս մի վրդովվեք»,- նշել էր Լուկաշենկոն։
Անշուշտ, դեպի Արեւելք կողմնորոշումը եւ նախկին ռազմաքաղաքական բնագծերի փոխարեն նորերի վրա ամրանալը, Ռուսաստանի համար այդքան էլ հեշտ խնդիրներից չէ։ 2015թ․ Ռուսաստանը Ղազախստանի եւ Ադրբեջանի հետ նախատեսում է Կասպից ծովում մեծածավալ զորավարժություններ անցկացնել ։ Ներկա աշխարհաքաղաքական դասավորության մեջ Կասպից ծովում ռազմավարական բնագծեր հաստատելու, նրա արեւմտյան ափի երկայնքով բազավորվելու հեռանկարը Կրեմլի համար ամենից օպտիմալ սահմանագիծն է սեւծովյան-կասպիական տարածաշրջանում։ Սեւ ծովում ունենալով Սեւաստոպոլ-Նովորոսիյսկ-Սուխում ռազմածովային առաջնային պաշտպանական գիծը, Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով ունենալով երկու առաջ քաշված եւ, ի տարբերություն Գյումրիի 102-րդ ռազմաբազայի, լիարժեք սնուցվող ֆորպոստ՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տեսքով, Ռուսաստանի համար առաջիկայում կարեւոր նպատակ է դառնում Բաքվում ամրանալու խնդրի կենսագործումը։ Այդ գործում Շոյգու-Ալիեւ վերջին հանդիպման ժամանակ արդեն իսկ կայացվել է ռազմավարական մի կարեւոր համաձայնություն։ Այն է՝ երկու երկրների ռազմանավերի միմյանց տարածք փոխայցերի մասին։
Կարելի է նկատել, որ առաջիկայում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործակցությունը այլընտրանք չունի եւ պայմանավորված է տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակով։ Պատրանքներ չպետք է ունենալ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում կարող է երբեւէ շրջանցել հայ-ռուսական ռազմավարական գործակցության եւ 102-րդ ռազմաբազայի հարցը։ Միաժամանակ չպետք է թերագնահատել այն վտանգները, որոնք ռուս-պակիստանյան սերտացող հարաբերությունների ազդեցությամբ կարող են առարկայանալ ադրբեջանա-պակիստանյան միացյալ «ճակատի» հանդես գալով։ Այս տարի սպասվում է Պակիստանի մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն՝ լիարժեք անդամի կարգավիճակի ձեռք բերումը։ Ադրբեջանա-պակիստանյան ընդհանուր «ճակատը» որքան հնարավորություններ է տալիս Պակիստանին Կենտրոնական Ասիայի հետ կապված իր ծրագրերում ստանալու Ադրբեջանի աջակցությունը Ռուսաստանին խնդիրներ առաջադրելու (պահանջներ պարտադրելու) գործում, դրա դիմաց վերջինիս տալով (զիջելով) որոշակի ռազմավարական ծավալման հնարավորություններ Պակիստանում եւ Աֆղանստանում, նույնքան էլ հնարավորություններ է տալիս Ադրբեջանին Հայաստանի հետ կապված իր ծրագրերում ստանալու Պակիստանի աջակցությունը Ռուսաստանին խնդիրներ առաջադրելու (պահանջներ պարտադրելու) գործում, դրա դիմաց վերջինիս տալով (զիջելով) որոշակի ռազմավարական ծավալման հնարավորություններ Կասպից ծովի արեւմտյան առափնյա շրջաններում։
Ներկայացված համառոտ քննությունը վկայում է, որ Ռուսաստանի տարածաշրջանային ու գլոբալ շահերը ներկայումս գտնվում են վերաֆորմատավորման մի գործընթացի մեջ որտեղ առկա մարտահրավերներին դիմագրավելու նրա հնարավորությունները շատ սահմանափակ են որպեսզի Կրեմլին հնարավորություն ընձեռեն պահպանել նախկին ռազմաքաղաքական բնագծերը։ Հարավային Կովկասում, կախված Իրանի դիրքորոշումից եւ Արեւմուտքի հետ վերջինիս գործակցության աստիճանից, առաջիկայում պետք է որոշվի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը։ Ամեն դեպքում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործակցությունը այլեւս փաստ է եւ Հայաստանի պետականության համար խնդիր կա լինել առավել ադեկվատ առկա մարտահրավերներին։