հոդվածներ

ԿԱԶԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԵՑ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՐՑԸ

Կազանյան հանդիպումից հետո տողերիս հեղինակը ղարաբաղյան հակամարտության բանակցային այդ հանգրվանին տվեց ոչ թե ձախողում բնորոշումը, այլ` հաջողում: Նման բնորոշման հիմքում բոլորովին էլ ընկած չէր այն ակնկալիքը կամ ցանկությունը, որ տապալելով Կազանում բանակցությունների սեղանին դրված առաջարկների ստորագրումը` կտապալվի նաեւ հակամարտության կարգավորման ողջ գործընթացը: Բանակցային գործընթացի այլընտրանքն անորոշ արդյունքով պատերազմն է եւ, հետեւաբար, տարածաշրջանի ապագայի կործանարար տեսլականը, որն անընդունելի է բոլոր առումներով:

Հաջողումն այն հեռանկարներն էին, որ բացվելու էին մեր երկրի առջեւ` ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդական ջանքերից պաշտոնական Բաքվի ակնկալիքների չիրականանալու արդյունքում հերթական անգամ «արեւմտյան» վերակողմնորոշում խաղարկելու, ինչպես նաեւ առաջիկա տարիներին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքական դաշտը ընտրական գործընթացներով ծանրաբեռնված լինելու պատճառով: Մոսկվայի հետ հարաբերություններում սպասվող սրացումները, ընտրական շրջափուլերում հակամարտության բանակցային գործընթացում բեկում ակնկալելու անհնարինությունը եւ ալիեւյան վարչախմբի Արեւմուտքի ու Թուրքիայի հետ հատկապես էներգակիրների հարցում քաղաքական առեւտրի մեջ մտնելը կարեւոր խթան կարող էին դառնալ, որպեսզի գործարկվեին Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար կարեւոր մի շարք կենսական ծրագրեր:

Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ, այցելեց Քարվաճառի շրջան եւ ծանոթացավ այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այցի հիմնական մեխը ռազմավարական նշանակություն ունեցող մի ծրագիր էր` Սոդք-Քարվաճառ մայրուղու կառուցումը, որի մեկնարկը տրվեց օրերս:

Սա իսկապես ռազմավարական այն բացառիկ ծրագրերից է, որի կենսակոչման համար Հայաստանի իշխող վերնախավը չէր կարող ինքնուրույն քաղաքական որոշում կայացնել` առանց նախնական երաշխիքներ ունենալու, որ կկարողանա Ադրբեջանի շահարկումների դեմն առնել եւ դիմագրավել միջազգային հանրության ճնշումներին: Խնդիրն այն է, որ եթե Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը բանակցային գործընթացում կողմերի ու միջնորդների կողմից ընդունվում է որպես հակամարտության կարգավորման կարեւոր բաղադրիչ («միջանցք», որն իրար է կապում Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Հանրապետությունը), ապա նույն այդ գործընթացում Սոդք-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը բոլորովին խորթ մի «զավակ» է եւ, հետեւաբար, միջազգային հանրության կողմից անընկալելի:

Քարվաճառի ճանապարհի շինարարությունն, այսպիսով, կարող է վկայել այդ գործում արտաքին ուժերի ներգրավվածության մասին: Ուժեր, որոնց երաշխիքը ՀՀ իշխանություններին մղել է գործարկել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երկրորդ ճանապարհային ծրագիրը: Ընդ որում, նման ծրագրի իրացման 1 համար ԼՂՀ վարչապետի բերած հիմնավորումներն առավել եւս խոսում են թե՛ ԼՂՀ եւ թե՛ ՀՀ իշխանությունների համար շինարարության մեկնարկի անսպասելիության մասին: Հոկտեմբեր ամսին սկսել մի ճանապարհի շինարարություն, որն անցնելու է բարձր լեռնային տարածքներով, այդքան էլ համոզիչ չէ, եթե, իհարկե, քաղաքական շահագրգռությունները վեր են ամեն տեսակ անհարմարություններից: Ու այդ տեսանկյունից խնդիր է դառնում պարզել, թե որ շահերը ստիպեցին գործարկել այս ծրագիրը:

Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տեղեկացված աղբյուրները հայտնեցին, որ հաջորդ անգամ նման հանդիպում կարող էր կայանալ միայն, եթե նախնական պայմանավորվածություն լիներ որեւէ համաձայնության ստորագրման մասին: Դա նշանակում էր, որ համաձայնության կայացման գործում, որպեսզի նոր եռակողմ հանդիպում կազմակերպելու համար ինչոր միջանկյալ համաձայնություններ ձեռք բերվեին, այդուհետ կարեւորվում էին երկկողմ ձեւաչափով (Ռուսաստանի եւ Ադրբեջանի կամ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ) հանդիպումները: Սակայն դա միաժամանակ վկայությունն էր այն բանի, որ ռուսական իշխանությունների համար կազանյան տապալումը դիտվում էր արտաքին քաղաքական ցավագին ու խոշոր մի վրիպում, որի պատասխանատվությունն ընկնելու էր բանակցությունների երկկողմ ձեւաչափում ամենից ընդդիմացող կողմի վրա:

Այդ պատասխանատվության հասցեատերն իրեն շատ սպասել չտվեց: Օգոստոսի 9-ին Սոչիում Ալիեւի ու Մեդվեդեւի անարդյունք հանդիպումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվեցին առաջին լուրջ բարդությունները: Բանակցություններից դժգոհ Ալիեւը նախ բոյկոտեց սեպտեմբերի սկզբին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթաժողովը, իսկ հոկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում հրաժարվեց ստորագրել ԱՊՀ ազատ առեւտրային գոտու ձեւավորման մասին պայմանագիրը։ Ի տարբերություն ռուս-ադրբեջանական օրեցօր բարդացող հարաբերությունների, հոկտեմբերի 23-25-ին ՀՀ նախագահի պետական այցը Մոսկվա ցուցադրեց հայ-ռուսական հարաբերությունների ողջ խորությունն ու ծավալը:

Ռուսական ճակատում նկատված այս միտումները դրական նոր զարգացումների հնարավորություն ստեղծեցին Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում: Սակայն հիմնվելով գազային համաձայնագրի շուրջ թուրք-ադրբեջանական բանակցային փորձի վրա` կարելի է ասել, որ Բաքվի կողմից թուրքական դաշտում հերթական վերախաղարկման գնալն այնքան էլ հեշտ չստացվեց: Միայն հոկտեմբերի 25-ին հնարավոր դարձավ գազային համաձայնագրերի փաթեթի շուրջ ամիսներ տեւած բանակցությունները բերել հանգուցալուծման: Ադրբեջանի նախագահի թուրքական այցի շրջանակներում նույն օրը կնքվեցին ադրբեջանաթուրքական գազային համաձայնագրերը:

Նշված համաձայնագրերը վերաբերում են ոչ միայն ադրբեջանական գազի` դեպի Թուրքիա արտահանմանը, այլ նաեւ թուրքական տարածքով դեպի Եվրոպա տարանցմանը։ Այսպիսով` մասնակիցը դառնալով Ռուսաստանը շրջանցող հաղորդակցային ծրագրի կենսակոչմանը, Ադրբեջանը եւս մեկ քայլ կատարեց ռուսադրբեջանական նկարագրված բարդ հարաբերությունները խորացնելու ճանապարհին: Եվ քանի որ համաձայնագրերի ստորագրման հարցը Բաքվի համար 2 3 նախկինում բազմիցս ծառայեցվել էր որպես ղարաբաղյան խնդրում շահաբաժիններ ձեռք բերելու միջոց, ապա այժմ կարելի է խոսել պաշտոնական Բաքվի գազային խաղերի հերթական փուլի (Շահ-դենիզ) ավարտի եւ իր շահաբաժնի ստացման քաղաքականության ձախողման մասին:

Կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացում արձանագրված զարգացումները վկայում են, որ Իլհամ Ալիեւը` Կազանում առաջ քաշելով 10 նախապայմաններ եւ տապալելով համաձայնության կայացումը, նպաստեց, որ ռուսադրբեջանական բանակցություններում երկուստեք շահերի առաջմղման գործում առանցքային խնդիրներից մեկը` «Ղարաբաղի հարցը», փոխակերպվի մի գործիքի, որի նպատակային նշանակությունը նրա պատժիչ գործառույթն է: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նման զարգացումները սպասելի էին կազանյան հանգրվանի տապալման դեպքում միայն:

Այսպիսով, բարձր մակարդակով Սերժ Սարգսյանի` Ռուսաստան, իսկ Իլհամ Ալիեւի` Թուրքիա այցերի խորապատկերին նկատելի պետք է դիտվի ոչ միայն թուրքադրբեջանական գազային համաձայնագրերի ստորագրումը, այլ նաեւ ՍոդքՔարվաճառ ճանապարհի շինարարության գործարկումը: Առաջին հայացքից իսկապես անհամեմատելի ռազմավարական երկու ծրագրեր, որտեղ Քարվաճառի եւ, հետեւաբար, Լաչինի շրջանների` հայոց աշխարհի հետ վերջնականապես միահյուսված ապագան համեմատության մեջ է Բաքվի ստանալիք միլիարդավոր նավթադոլարների հետ: Կգտնվեն մարդիկ, ովքեր ծանրության նժարը կտան առաջինին, իսկ մյուսները` երկրորդին: Սակայն հատկանշականն այստեղ միայն այն է, որ ամեն ինչ ընթացավ առանց Հայաստանի քաղաքական իշխանության գիտության ու կամքի: Միայն դեպքերի հաջող ընթացքին տուրք տալով` հեռու չես գնա: