հոդվածներ

Կովկասյան եռանկյունի - 2

Կովկասյան եռանկյունին` ռուսական մուրճի տակ
1920թ. սկզբին կարմիր բանակը, ջախջախելով սպիտակգվարդիական ուժերն ու Հյուսիսային Կովկասը ազատելով Դենիկինի բանակից, վերահաս վտանգ դարձավ Հարավային Կովկասի հանրապետությունների համար:
Արեւմտյան տերությունները Կովկասում խորհրդային իշխանության առաջխաղացումը կասեցնելու համար 1920թ. հունվարի 10-ին Փարիզում քննարկեցին Կովկասում ստեղծված դրությունը եւ որոշեցին փաստացի ճանաչել Ադրբեջանի ու Վրաստանի կառավարություններն ու լրացուցիչ ռազմա-ֆինանսական օգնություն կազմակերպել նրանց:
Հայաստանի ճանաչումը հետաձգվեց` այն կապելով «թուրքական հարցի» լուծման հետ: Սակայն 9 օր անց, անհանգստացած կարմիր բանակի հաջողություններով, որոշում կայացվեց ճանաչել նաեւ Հայաստանի կառավարությունը:
Արեւմտյան տերությունների ձեռնարկած քայլերն անարդյունավետ գտնվեցին բոլշեւիկյան առաջխաղացման դեմն առնելու համար: Մարտի 27-ին Նովոռոսիյսկում Դենիկինի զորքերի կապիտուլյացիայից հետո բոլշեւիկների հաջորդ թիրախը Հարավային Կովկասն էր: Ապրիլին 11-րդ կարմիր բանակի զորամասերի միջոցով տիրելով Դաղստանին` Խորհրդային Ռուսաստանի կողմից խնդիր դրվեց առանց դադարի շարունակել առաջխաղացումը եւ մեկ հարվածով հասնել նաեւ Հարավային Կովկասի նվաճմանը:
Բոլշեւիկյան կաղապարով վերականգնված ռուսական կայսրությունը Կովկաս մուտք գործելու եւ կայսրության նախկին մարզերը վերանվաճելու համար ռազմագիտական տեսանկյունից երեք ճանապարհ ուներ: Առաջին երկու ճանապարհները բերում էին Վրաստան, որն ամենից կայուն ուժն էր ներկայացնում Կովկասում: Այնտեղ դեռեւս վառ էին Բագրատիոնիների գրեթե հազարամյա պետականության վերաբերյալ հիշողություններն ու պետական մտածողությունը (օտար պետության` Ռուսական կայսրության կազմում հասցրել էր ապրել վրացական հասարակության ընդամենը չորս սերունդ): Բացի այդ, արեւմտյան տերությունները Սեւ ծովով անմիջական օգնություն էին ցուցաբերում Վրաստանին, եւ Աբխազիայով անցնող առաջին ճանապարհը ուղղակի «նշանառության» տակ կլիներ Արեւմտյան ռազմուժի համար: Երկրորդ` օս-վրացական դարպասով անցնող ճանապարհը, Կովկասյան լեռնաշղթայի դժվարանցանելիությամբ պայմանավորված, գրեթե անհաղթահարելի էր:
Հարավային Կովկասը վերատիրելու համար ընտրությունը կանգ առավ երրորդ` Դերբենդի դարպասով անցնող ճանապարհի վրա: Նման ռազմավարության կիրառումը նշանակում էր Կովկասն անդամահատելու միջոցով ջլատել նրա հավաքական դիմակայող ուժն, ու կովկասյան դիմադրողականության գլխավոր բաստիոն Թիֆլիսը թողնել նվաճման վերջին հանգրվան: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ընտրվել էր Հարավային Կովկասի նվաճման ամենակարճ ուղին:
1920թ. ապրիլի 28-ին 11-րդ բանակը, Ադրբեջանի բոլշեւիկների օգնությամբ մտավ Բաքու եւ, տապալելով մուսավաթական իշխանությունը, հաստատեց խորհրդային իշխանություն: Ամբողջ Ադրբեջանի խորհրդայնացումը տեւեց 10-15 օր, իսկ ամբողջ Հարավային Կովկասի խորհրդայնացումը` 10 ամիս: Բոլշեւիկների Բաքու մուտքով միաժամանակ գործարկվեց Հարավային Կովկասին տիրելու կարեւոր մեխանիզմներից մեկը: Կովկասին տիրելու ընդհանուր ռազմավարությանը համահունչ` այն ենթադրում էր մեր բազմաէթնիկ տարածաշրջանում ազգամիջյան հակամարտությունների ու փոխադարձ տարածքային վեճերի շահարկման հիման վրա առանձին բնաաշխարհագրական շրջանների բռնակցման միջոցով ամբողջ Հարավային Կովկասի նվաճում: Այդ նպատակով արդեն ապրիլի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմը վերջնագիր հղեց Հայաստանի կառավարությանը` պահանջելով ազատել Ղարաբաղն ու Զանգեզուրը ու զորքերը հետ քաշել Հայաստանի Հանրապետության տարածք: Հաջորդ օրն իսկ Խորհրդային Ադրբեջանի տարածքից (որի տակ հասկացվում էին Ղարաբաղն ու Զանգեզուրը) զորքերը դուրս բերելու պահանջով վերջնագիր ստացվեց նաեւ Խորհրդային Ռուսաստանի անունից: Ամիսներ անց այս մեխանիզմը կիրառվեց նաեւ Վրաստանի նկատմամբ, երբ վերջնագիր ներկայացվեց այդ երկրի կառավարությանը` զորքերը դուրս բերել վրացիների ռազմակալած Լոռու չեզոք գոտուց: Հետագայում հենց այս մեխանիզմի տրամաբանությունը դրվեց խորհրդային առանձին ինքնավար պետական կազմավորումների ձեւավորման ստալինյան քաղաքականության հիմքում, որպես Խորհրդային հանրապետությունների վրա ազդելու հիմնական քաղաքական գործիք:
Մեկ հարվածով Կովկասի խորհրդայնացման ծրագիրը, սակայն, շուտով անհաջողության մատնվեց: Երեւանում մայիսմեկյան ցույցերից սկսված հուզումները, որոնք վերածվեցին զինված ապստամբության, Հարավային Կովկասի խորհրդայնացման շարունակությունը պետք է դառնային: Դեպքերի սրընթաց զարգացումը, այնուամենայնիվ, թողեց իր հետքը, որի արդյունքում Կովկասի բոլշեւիկյան գործակալները չկարողացան Մայիսյան ապստամբությանը կազմակերպված եւ փոխկապակցված պայքարի բնույթ հաղորդել: Ապստամբության հենակետ Ալեքսանդրապոլի եւ Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում (Գավառ) եւ այլ վայրերում գործող ռազմա-հեղափոխական կոմիտեների միջեւ բացակայում էր գործողությունների հստակ ծրագիրն ու ժամանակացույցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվեց կարճ ժամանակահատվածում ճնշել ապստամբությունը: Միաժամանակ դեր խաղաց նույն այս ժամանակաշրջանում Գանձակում ու Լենքորանում մուսավաթական խռովությունները ճնշելու պատճառով 11-րդ կարմիր բանակի զբաղվածությունը:
Այնուհանդերձ, 1920թ. ամռան ընթացքում Ղարաբաղում ու Զանգեզուրում կարմիր բանակի ծավալած ռազմական գործողությունների շնորհիվ Խորհրդային Ռուսաստանին հաջողվեց Հայաստանի Հանրապետությանը հարկադրել օգոստոսի 10-ին Թիֆլիսում զինադադարի համաձայնագիր կնքել, որով Հայաստանի կառավարությունը համաձայնում էր, որ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը հայտարարվեն վիճելի տարածքներ Խորհրդային Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ու ժամանակավորապես գրավվեն կարմիր բանակի զորամասերի կողմից:
Ներխուժումը շարունակելու ու վերջնական հաջողության հասնելու համար բոլշեւիկներին հարկ եղավ շուտով Հարավային Կովկասի հոշոտմանը մասնակից դարձնել «բերանն արնոտ Մարդակերին էն անբան»: Երկու գազանների միացյալ գործակցության դեմ պայքարելու համար գործնականում արդեն անզոր էին ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի Հանրապետությունները, եթե երբեւէ կարողանային համատեղել իրենց ուժերը (նման քայլեր ձեռնարկվեցին), այլեւ անգամ արեւմտյան տերությունների ամեն տեսակ զինակցությունները: Ու այդ էր պատճառը, որ Արեւմուտքը գործնական շահի դիրքերից ելնելով` այժմ արդեն իր ուշադրությունը բեւեռեց Հարավային Կովկասի հաշվին (երեք հանրապետությունների նվաճվելիք առանձին տարածքների լեգիտիմացման հիման վրա) քեմալական Թուրքիային Խորհրդային Ռուսաստանի դեմ հանելու քաղաքականությունը կյանքի կոչելուն: Նման քաղաքականությունն այլ բան չէր խոստանում, եթե ոչ Հայաստանի ու Վրաստանի Հանրապետությունների կործանում:
«Ռուսական» անկյան
անվտանգություն
Վերջին երկու տարիների քաղաքական զարգացումներին ընդառաջ ներկայումս կարեւոր հարցադրում է, թե որոնք էին Խորհրդային Ռուսաստանի հաջողությունների եւ Ադրբեջանի անկախության նման սրընթաց կորստի ռազմա-քաղաքական պատճառները:
Ներկա ռազմա-քաղաքական գործընթացների հետ համեմատական հարթության մեջ դիտարկելիս պատմական այդ փորձը ցույց տվեց Հարավային Կովկասի անվտանգության համակարգում հյուսիսային սպառնալիքին ենթակա խոցելի թիրախների տեղն ու ընդգծեց երեք հանրապետությունների անվտանգությանը սպառնացող նման վտանգի դեմ անդամների սեփական գործակցության չափաբաժինները: Ըստ այդ փորձի` կարելի է արձանագրել, որ Ռուսական տերության համար Կովկաս մուտք գործելու հիմնական խոչընդոտը Վրաստանի Հանրապետությունն է (էր), ինչպես եւ է (էր) Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի դեպքում: Ռուսական վտանգի դեպքում Վրաստանի թիկունքի անապահովությունն ուղիղ համեմատական է (էր) Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունների կորստի հետ այնպես, ինչպես Սարդարապատի հաղթական ճակատամարտով Հայաստանի անկախության հաստատումն էր ուղիղ համեմատական Վրաստանի եւ Ադրբեջանի իրական ինքնիշխանությունների հաստատման հետ: Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ Հարավային Կովկասին վերաբերող հյուսիսային սպառնալիքի դեմ Վրաստանի կոշտ ընդդիմացումների պարագայում ներկայումս Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործակցությունը չի կարող կառուցվել ի հաշիվ հայ-վրացական հակասությունների սրման ու առավել եւս ազգամիջյան խնդիրների վերհանման:
Ինչ վերաբերում է հյուսիսային վտանգի դեպքում Կովկասի ամենախոցելի Դերբենդի դարպասին, ապա դրա պաշտպանունակության խնդիրը որքան պետք է մտահոգի Ադրբեջանին, նույնքան էլ` Վրաստանին ու Հայաստանին:
Դեռեւս Սասանյան Պարսկաստանի տիրապետության շրջանում (6-րդ դ.), չնայած հայ-պարսկական ու հայ-կովկասյան ոչ պակաս ազդեցիկ հակասությունների գոյությանը, Դերբենդի անցքի պաշտպանությունն իրենց ուսերին էին կրում նաեւ հայ նախարարական զինական գնդերը, քանզի հյուսիսային քոչվոր ցեղերի ներխուժման դեպքում տարածաշրջանը ենթարկվում էր հիմնահատակ ավերի, թալանի ու կոտորածների, ու այդ ժամանակ նշված հակասությունները երկրորդական պլան էին մղվում:
Քաղաքական գործընթացների ներկա փուլում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հռետորաբանության կիրառումն ու սպառազինության մրցավազքի խթանումը միայն կարող է ծառայել հյուսիսային արջի` տարածաշրջանում էլ ավելի ամրապնդմանն ու սեփական գործողությունների իրավական ու քաղաքական հիմնավորմանը: Միաժամանակ, Հայաստանի պարագայում հյուսիսային ամեն տեսակ հիմնավոր վտանգների դեպքում Ադրբեջանի ընդդիմացումներին չխանգարելը հենց այն հիմնական շահն է, որի դեպքում մշտապես կընդգծվի Հայաստանի Հանրապետության իրավասուբյեկտությունը Ռուսաստանի աչքում ու իրապես կծառայի հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը:
Ներկա Ադրբեջանի պատմական հիշողությունը հիմնվում է հատկապես 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի առասպելի վրա: Ի տարբերություն դրա, Ադրբեջանում 1920թ. բոլշեւիկների հաջողությունները հիմնվում էին 1918թ. ապրիլ-հուլիս ամիսներին Բաքվի կոմունայի փորձի վրա: Ուստի 1920թ. Ադրբեջանի անկախության սրընթաց կորուստը քաղաքական օբյեկտիվ պատճառներով էր պայմանավորված (սեփական պատմություն չունենալու պատճառով բացակայում էին թե՛ սեփական պետության նկատմամբ հավաքական հիշողությունը եւ թե՛ ազգահավաք հոգեւոր արժեքները): Պետականության պահպանմանն ուղղված կամային վարքի բացակայությանը գումարվում էին նաեւ Կովկասում ստեղծված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն ու նախկին մետրոպոլիայի վերատիրող, կլանող ուժի ու նրան ուղեկցող գաղափարական զենքերի` ագիտացիայի եւ պրոպագանդայի գերակայությունը:
Ներկայումս Ադրբեջանի Հանրապետությունում վերը նշված առասպելի ուժով առաջ են գալիս դիմադրողական լուրջ մեխանիզմներ: Դրա դեմ դոնքիշոտաբար պայքարելու փոխարեն, ի շահ սեփական ինքնիշխանության, հայության համար առավել արդյունավետ կլիներ առասպելը զերծ պահել թուրքական պատմական հիշողությունից ու հոգեւոր արժեքներից: