հոդվածներ

Երանի հոգով ստրուկներին

2011-01-28

Վերջին օրերին գահի հավակնորդների շրջանում կրկին հաճախորդների շարժ է նկատվում: 2012 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ հարություն առնելու փորձեր է ձեռնարկում 2008 թ. քաղաքական դիակ դարձած Արտաշես Գեղամյանը: Սակայն, քանի որ այսօր հասարակ ռամիկին էլ պարզ է, որ Հայաստանում պրեզիդենտ նշանակվելու համար պետք է առնվազն ռեզիդենտ լինել, Գեղամյանը մտմտում է գահին հավակնել` այս անգամ արդեն ռուսաց թագավորի հաճախորդը դառնալով:

Կրեմլին հղած իր վերջին աշխարհացունց հոդվածում (http://www.regnum.ru/news/polit/1364780.html) նա բացահայտում է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի դավադրության ամբողջ ծրագիրը, որը, չգիտես ինչու, մինչ այժմ դուրս էր մնացել КГБ-ի տեսադաշտից:

Հոդվածում Գեղամյանն անդրադառնում է դեկտեմբերին Մոսկվայում տեղի ուեցած մասսայական անկարգությունների ու չարտոնված հանրահավաքների փաստին և գալիս այն եզրակացության, որ դա ԽՍՀՄ-ը փլուզելու ԱՄՆ ծրագրի շարունակությունն է, որն այժմ նպատակ ունի մասնատել Ռուսաստանը: Ըստ Գեղամյանի` համապատասխան արևմտյան կենտրոնները համակարգված աշխատում են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքում` հակառուսական տրամադրություններ սերմանելով այդ երկրներում: Որպես օրինակ նա նշում է ռուսալեզու դպրոցների բացման դեմ ծավալված շարժումը Հայաստանում:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացմանը վերաբերող խնդրի սրացման հարցին, ապա այստեղ մենք գործ ունենք մի այլ երևույթի հետ, որն այսպես թե այնպես կապված է Ռուսաստանի մասնատման ռազմավարական ծրագրի հետ»,- գրում է Գեղամյանը: Շարունակության մեջ նա ջանքեր է թափում գերազանցելու հայկական արմատներով ցարական Ռուսաստանի ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովին, ում շնորհիվ 1890-ական թվականներին փակվեցին բազմաթիվ հայկական դպրոցներ:

Ըստ Գեղամյանի` հայկական անկախ պետականության պահպանման գործում կարևորագույն խնդիրներից մեկն է դարձել մեր երկրի դպրոցական կրթության արդիականացումը: Դրա համար անհրաժեշտ է փոխել ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որպեսզի հնարավորություն տրվի Հայաստանում բացել ռուսալեզու արդիական դպրոցներ` նման մոսկովյան «Սկոլկովո» դպրոցին:

Հայկական պետականության կործանման առավել հաջողված ծրագիր թվում է հնարավոր չէր պատկերացնել: Մնում է միայն պարզել` այստեղ գործ ունենք սովորական անգիտությա՞ն հետ, թե՞ սեփական շահի գիտակցված առաջմղման:

Գեղամյանի հետ շփված ոչընտիրները պնդում են դհոլի դատարկության մասին: Այս կարծիքը չեմ կարող անտեսել: Ընդ որում, ժամանակին Դելյանովին նրա աշխատանքային կոլեգաները կնքել էին «հայկական զրո» մականունով: Միգուցե «գեղամյանատիպ» նորօրյա փրկիչների մոտ հայալեզու դպրոցների դեմ պայքարում դելյանովական վիրուսներ պահպանվել են, չեմ վիճում:

Սակայն հոդվածը ընթերցելիս առավել հակված եմ կարծելու, որ գործ ունենք տիրոջը սեփական ծառայություններն առաջարկող սովորական ճորտի հետ: Ու այդ նպատակով Գեղամյանը գերազանցում է ինքն իրեն:

Հոդվածը սկսվում է հին ու բարի ժամանակների մարմնացում ԽՍՀՄ-ը հիշելով` որտեղ կողք կողքի եղբայրական սիրով ապրում էին տասնհինգ հանրապետությունները: Սակայն մի օր չար դևը` ԱՄՆ-ն, գալիս ու կործանում է հարազատ տերությունը: Գեղամյանը, ԽՍՀՄ փլուզման մասին իր հետաքննությունը ներկայացնելիս, չի մոռանում նշել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի պատկերավոր արտահայտություններն ու հարցազրույցների ժամանակ ասված խոսքերը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Յուրևիչ Սուրկովի հետ հարցազրույցի գնահատականները, ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի հայտարարությունները ևն (անուն-հայրանուն-ազգանուն գեղամյանական դիմելաձևը պահպանել ենք Հայաստանում ռուսասիրության գործին մեր նպաստը բերելու ակնկալիքով):

Իսկ վերջում, զգալով, որ ընթերցողի համբերությունը կարող է հատնել իր գլխապտույտ բացահայտումներից, «ազգային միաբանություն» քարոզող կուսակցության առաջնորդը բերում է մեր ժամանակների մեծ հումանիստ Պատրիարք Կիրիլի խոսքերը` բազմազգ ու հզոր Հայրենիքին (Ռուսաստանին) նետված մարտահրավերի մասին:

Ընթերցելով հոդվածը` պարզ է դառնում, որ այն մի նամակ է ուղղված «ռուսաց թագավորին»: Հեղինակը ջանք չի խնայում համոզելու իր հավատարմությունը ԽՍՀՄ-ին և ներկա պուտինյան մեծապետական Ռուսաստանին: Հավատացնելու, որ իր կալիբրը միջազգային դավադրություններ բացահայտելու թափ ունի և կարող է անգամ իր երկրի պետական լեզուն ի սպաս դնել նման տիեզերական խնդիրների լուծման գործին:

Այս հարցում նա իսկապես համաշխարհային հեղափոխությամբ տարված հայ բոլշևիկի ժամանակակից թանգարանային մի նմուշ է հիշեցնում: Մի գործիչ, որը ինտերվենտների ճիրաններից նախ պետք է օգնի ազատվել ռուս մեծ ազգին, և հետո նոր ազատարար կարմիր բանակի միջոցով վերականգնի Հայրենիքի միասնությունը:

Մնում է միայն ցավակցել մեր ռուս կայսերապաշտ պետական այրերին, եթե Միացյալ Ռուսաստան կառուցելու գործում պետք է մնան Գեղամյանի նման քաղաքական դիակների հույսին: Եվ քանի որ ոչընտրի միջոցով արդեն վաղուց ծանոթ են մերօրյա «հայկական զրոյի» իրական կշռին, ուստի 2012 թ. ընդառաջ Գեղամյանի հարություն առնելու քայլերը կարող ենք վերագրել իր սեփական դատարկության պատճառով քաղաքական գործընթացներին միջամտելու մի անհաջող փորձի, որը Կրեմլի կողմից, ըստ էության, կմնա անպատասխան: