հոդվածներ

Քաղաքական ավանդույթների պատմությունից – 2

2011-04-03

Նախորդ հոդվածում խոսք գնաց Արցախի Առանշահիկների տոհմի քաղաքական ավանդույթների մասին, որոնք, ինչպես տեսանք, պահպանել էին իրենց ազդեցությունը Արցախից ծագող առանձին քաղաքական գործիչների շրջանում: Այս անգամ հարկ ենք համարում անդրադառնալ հայաստանյան ներկա քաղաքական մշակույթում Բագրատունիների քաղաքական ավանդույթների ազդեցության խնդրին:

Բագրատունիներ

Հայոց նախաքրիստոնեական քաղաքական ավանդույթը Բագրատունիներին Հայկյան ծագում է վերագրում: Վեր կանգնելով հնադարի առասպելական տոհմական մտածողությունից` պատմագիտությունը ներկայումս խոսում է այս տոհմի առնվազն ուրարտական շրջանից ծագելու մասին: Ք.ա. 6-1-ին դարերում Բագրատունիները երկրի ռազմաքաղաքական ու հոգևոր կյանքում բացառիկ դերակատարություն ունեին: Վաղ շրջանի գործիչներից հիշատակելի է հատկապես Սմբատ Բագրատունին, ով մասնակիցն էր Աքեմենյան Պարսկաստանի հիմնադիր Կյուրոսի Ք.ա. 539թ. Բաբելոնի դեմ արշավանքին, և որի կերպարի վրա քրիստոնեության շրջանում Բագրատունյաց տոհմական ավանդության մեջ կառուցվեց այս տոհմի հրեական ծագման և Բաբելոնից տարհանվելու պատմությունը: Իսկ տոհմի հրեական ծագման խնդիրն առաջ եկավ, քանի որ նախաքրիստոնեական ողջ շրջանում Հայոց թագավորի թագադրության սրբազնացված գործառույթը վերապահված էր Բագրատունիների թագադիր-թագակալ ասպետին: Վերջինս գլխավոր քրմապետի գործառույթներ իրականացնող այն պաշտոնյան էր, ում վերապահված էր ապահովել կապը երկնայինի ու երկրայինի միջև և թագադրության միջոցով վերերկրային նախախնամությունը փոխանցել օծյալ արքային: Քրիստոնեության մուտքով, սակայն, Աստծո նախախնամությունը փոխանցելու և տոհմի խարիզմատիկ բնույթը հիմնավորելու համար հարկ եղավ հիմնավորել նրանց ծագումը Աստծո նախընտրած ազգից` հրեաներից: Բագրատունիների կողմից իրենց հրեական ծագման փաստի շահարկումը, այսպիսով, այս տոհմի գիտակցված քաղաքական ակտն էր` կոչված հայոց հասարակական-քաղաքական կյանքում պահպանելու իրենց քաղաքական դարավոր գործառույթների կենսունակությունն ու հետևաբար` իրենց քաղաքական նշանակությունը:

Վերադառնալով նախաքրիստոնեական շրջան` հարկ է մատնանշել Բագրատունյաց տոհմից ևս երեք խոշոր քաղաքական գործիչների:

Ք.ա. 3-2-րդ դարերի սահմանագծին մի այլ Սմբատ Բագրատունու գործուն աջակցությամբ էր, որ Հայաստանում հիմք դրվեց Արտաշես Ա-ի գահակալությանն ու ճանաչվեց գահի հանդեպ նրա ու նրա ժառանգների օրինավորությունը: Ք.ա. 1-ին դարում Տիգրան Մեծի ռազմաքաղաքական գործունեության հիմնասյուներից էր Բագարատ Բագրատունին, ով նշանակվել էր նրա տերության ամենից կարևոր երկրամասերից մեկի` Ասորիքի կառավարիչ: Իսկ Ք.հ. 1-ին դարում Տրդատ Ա-ի գահի ու Արշակունյաց արքայատան Հայաստանում հաստատման գործում իր մեծ ավանդն ունեցավ արդեն մի այլ Բագարատ Բագրատունի:
Արշակունյաց Հայաստանում Բագրատունիներն ամենից մեծ կշիռ ունեցող նախարարությունների թվին էին դասվում և պատերազմի ժամանակ մարտադաշտ էին հանում մինչև հազար զինվոր:

Տրդատ Մեծի կողմից Հայաստանում քրիստոնեության հաստատման շրջանում նրա աջակիցն էր Սմբատ Բագրատունին, ով Տրդատի ռազմական բարեփոխումների արդյունքում ստանձնել էր հայոց չորս զորաթևերից մեկի` արևմտյանի հրամանատարությունը: Վերջինիս ժառանգները 4-րդ դարում շարունակեցին Բագրատունիներին վերապահված այդ խոշոր ռազմական միավորման հրամանատարությունը:

Հետարշակունյաց շրջանում` սկսած 5-րդ դարից, Բագրատունիների գրեթե բոլոր տանուտերերը անգնահատելի դեր են թողել հայ ժողովրդի կյանքում: Այդ քաղաքական ու ռազմական գործիչների գործունեության թեթև ակնարկն իսկ թերթի սահմանափակ հնարավորությունների շրջանակում հնարավոր չէ կատարել: Միայն կարելի է մատնանշել այն փաստը, որ Սասանյան, Բյուզանդական, Արաբական տերություններում Բագրատունյաց տոհմին պատկանող հայոց ու այլ երկրամասերի մարզպանների, Հայոց իշխանների, Իշխանաց իշխանների թվարկումը տասնյակների է հասնում:

Ընդ որում` այդ բոլոր գործիչներն առանձնանում են իրենց լայն աշխարհայացքով, միջազգային քաղաքական գործընթացները ըմբռնելու կարողությամբ, կայսրությունների վերնախավերի հետ սերտ հարաբերություններ հաստատելու և ի նպաստ երկրի ու հայոց զինական ուժերի արտոնություններ ու երաշխիքներ ձեռք բերելու ունակությամբ: Իսկ ռազմական գործողություններում նրանք փայլել են ցուցաբերած վեհանձնությամբ ու քաջությամբ:

Արաբական խալիֆայության նկատմամբ իրենց ծանրախոհ քայլերով էր հենց պայմանավորված Բագրատունիների` 9-րդ դարի վերջում առանց լուրջ կորուստների թագավորական իշխանության հասնելը: Վերականգնելով հայոց պետականությունը` Աշոտ Ա թագավորը և նրա հաջորդները խոհեմություն ունեցան ծրագրել նաև Հայաստանի տնտեսական զարգացման բանաձևը:

Վերջինս կայանում էր Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության միջև երկիրը որպես ազատ տնտեսական բուֆեր գոտի հաստատելու մեջ: Արդյունքում լայն թափ ստացավ Արևելքի ու Արևմուտքի միջև առևտուրը, որն էլ խթանեց քաղաքների առաջացմանը: Ընդ որում` Բագրատունիները նոր ստեղծվող քաղաքներում վերականգնեցին հելլենիստական քաղաքաշինական շատ ավանդույթներ: Հատկապես մեծ է նրանց դերակատարությունը Հայաստանում ազատ ինքնակառավարվող քաղաքների առաջացման գործում:

11-րդ դարում Բյուզանդական կայսրության նոր էքսպանսիան կործանեց Անիի ու Կարսի Բագրատունյաց թագավորությունները: Սակայն, անգամ Բագրատունիների բացակայության պայմաններում, նրանց քաղաքական շատ ավանդույթներ իրենց կենսունակությունը շարունակեցին պահպանել թե՛ Անիում և թե՛ Կարսում: Այսպես, 11-12-րդ դարերում Անիում հաստատված քրդական ծագմամբ Շադդադյանները քաղաքի կառավարման գործում մեծամասամբ հետևում էին Բագրատունիների հիմնած քաղաքական ավանդույթներին:

Տեր դառնալով Անիին` Բյուզանդիան Բագրատունի վերջին թագավոր Գագիկ Բ-ին կալվածքներ հատկացրեց Կապադովկիայում: Անիի, իսկ որոշ ժամանակ անց` նաև Կարսի անկումից հետո, Բագրատունի թագավորների հետ (մոտ) Կապադովկիա տեղափոխվեցին նաև հայության ստվար զանգվածներ (արհեստավորներ, առևտրականներ, հոգևորականներ, պաշտոնյաներ ևն): Հատկապես մեծ թիվ էին կազմում զինվորականները, ովքեր ընդամենը 3-4 տասնամյակ անց իրենց ձեռքն էին վերցնելու Կապադովկիայում ու հարևան երկրամասերում (մասնավորապես` Կիլիկիայում) քաղաքական իշխանության համար պայքարը:

11-րդ դարի վերջին անկում ապրող Բյուզանդական կայսրության տարածքներում ստեղծված ինքնավար իշխանությունների թվում էր նաև Լեռնային Կիլիկիայում Ռուբենի հիմնած պետական կազմավորումը: Վերջինս Գագիկ թագավորի թիկնապահն էր եղել և իր իշխանության քաղաքական կառուցվածքում փոխառել էր Բագրատունյաց պետական համակարգի հիմնական տարրերը: Հաջորդ տասնամյակներում քաղաքական իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած նրա ժառանգները ևս հարկ համարեցին կիրառել Բագրատունիների այն նույն քաղաքական ավանդույթները, որոնք հիմք էին հանդիսացել Ռուբենի կողմից իր իշխանությունը հաստատելու համար: Հենց այդ քաղաքականության արդյունքում, արդեն 12-րդ դարի վերջին Լևոն Ռուբինյանը, միջազգային հարաբերություններում ցուցաբերելով Բագրատունիների երբևէ կիրառած քաղաքական խորաթափանցությունն ու խոհեմությունը, կարողացավ հասնել իր թագի ճանաչմանը: Կիլիկիայում վերականգնվեց հայոց պետականությունը, որը դարձավ Բագրատունյաց Հայաստանի ժառանգորդն ու իրավահաջորդը: Միայն այն փաստը, որ Ռուբինյանները շուտով իրենց ծագումը սկսեցին տալ Բագրատունիներից` խոսում է Բագրատունյաց քաղաքական ավանդույթների հետ անմիջական կապի օգտին:

Կիլիկիայում հայոց պետականությունը գոյատևեց մինչև 14-րդ դարի վերջը: Սակայն պետականության կորստից հետո ևս Լեռնային Կիլիկիայի շատ վայրերում դեռևս մնում էին հայկական կիսանկախ առանձին իշխանություններ:

Վերջիններս, հետևելով իրենց նախորդների քաղաքական վարքակարգին, կիլիկիահայությանը փոխանցեցին Բագրատունիների շուրջ երկու հազարամյակ գոյություն ունեցած քաղաքական ավանդույթները:

Գալով մեր օրերին` դժվար չէ նկատել, որ Կիլիկիայի հարավից (Մուսա լեռ) ծագող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության մեջ նշմարվում են Բագրատունիների դարերի փորձությունը բռնած քաղաքական ավանդույթները: Թե՛ պետականության վերականգնման, թե՛ ղարաբաղյան պատերազմի հաղթական ավարտի և թե՛ սահմանադրական կարգի հաստատման համար ծավալված ներկայիս համաժողովրդական շարժման գործում նրա կիրառած մարտավարությունը հիշեցնում է Բագրատունիների քաղաքական վարքակարգը:

Այն է` խոհեմ, զգուշավոր ու հաշվենկատ քայլերի մի ռազմավարություն, որը հնարավորություն ընձեռեց պետականության բացակայության պայմաններում օտար տիրապետությունների հետ հարաբերություններում ընտրել համակեցության ու ազատագրական պայքարի ամենից ռացիոնալ ուղիները և պատեհ իրավիճակներում թագավորական իշխանության բերել Երվանդունիներին, Արտաշեսյաններին, Արշակունիներին, Ռուբինյաններին, իսկ 9-րդ դարում նաև հենց իրենց` Բագրատունիներին:
8-րդ դարում Հայոց իշխան Աշոտ Բագրատունին հերթական քաղաքական վայրիվերումների շրջանում արտասանեց հետևյալ խոսքերը. «Ո՜վ եղբայրներ, խոհական միտք չեմ տեսնում այս անխոհեմ գործի մեջ, այլ միայն` անուղղելի խորհուրդ և անպիտան խոսքեր»: Բագրատունի իշխանի այս կարճ խոսքում ներկայացված է Բագրատունիների հիմնական քաղաքական բանաձևը: Այն կարծես «բարի միտք, բարի խոսք, բարի գործ» զրադաշտական կրոնաբարոյական դոգմայի քաղաքական վերաձևակերպումը լինի, որը, եթե փորձենք խտացված ձևակերպել, հնչում է որպես «խոհեմ միտք, խոհեմ խոսք, խոհեմ գործ»:

Հայաստանյան ներկա քաղաքական մշակույթում, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, դժվար չէ նկատել մի գործչի, ով շարունակում է Բագրատունիների խոհեմության, հաշվենկատության, զգուշավորության, իսկ պատեհ առիթների դեպքում` համարձակության ու նպատակասլացության վրա հիմնվող քաղաքական ավանդույթները: