հոդվածներ

Պատրոն եմ ես, կլիենտ ես դու

Վերջին օրերին մամուլի էջերում հայտնվել են երկու հակասական տեղեկություններ:

Մի դեպքում խոսվում է գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ քրեաօլիգարխիկ էլիտայի մուտքը խորհրդարան սահմանափակելու վարչախմբի որոշման մասին: Անգամ վկայակոչվում են առանձին օլիգարխների անուններ, ովքեր հայտարարել են չառաջադրվելու մասին: Մյուս դեպքում խոսվում է նույն էլիտայի ներկայացուցիչների ընտրություններին նախապատրաստվելու մասին: Այս դեպքում նշվում են անգամ այն մեխանիզմները, որոնք բերելու են օլիգարխների վերընտրությանը:

Օրինակ` վերջերս կարդացի մի տեղեկություն, ըստ որի` գործարար Սամվել Ալեքսանյանը սկսել է իրեն պատկանող ընկերություններում աշխատանք տալ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին, իսկ նրանց, ովքեր այդ համայնքից չեն` ազատել աշխատանքից: Ըստ այդ տեղեկության` օլիգարխներին նման պատվեր իջեցրել է վարչախումբը, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում նրանք հեշտությամբ կարողանան վերընտրվել: Մեխանիզմն այն է, որ օլիգարխները ընտրությունների ժամանակ իրենց ցանկալի արդյունքներն ապահովեն սեփական հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող նույն համայնքի բնակիչների ու նրանց ընտանիքի անդամների միջոցով` նրանց պահելով նյութական, բարոյական ու վարչական կախվածության մեջ ու դրա միջոցով վերահսկեն նրանց ընտրական վարքագիծը:

Երկու հակասական տեղեկությունները սկզբնավորել են հասարակական կարծիքի երկփեղկվածություն: Մի դեպքում հավատ է ընծայվում վարչախմբի անկեղծությանը եւ նման որոշումը դիտարկվում հասարակական ճնշման արդյունքում բարեփոխումների գնալու նրա ցանկության համատեքստում: Իսկ մյուս դեպքում, հիմք ընդունելով վերջին տարիների փորձը, ամբողջությամբ մերժվում է նման քայլի հնարավորությունը:

Խնդիր է դառնում պարզել, թե ո՞ր կարծիքն է առավել վստահելի եւ արդյո՞ք վարչախումբը կարող է գնալ նման արմատական փոփոխությունների:
Հայաստանյան իրականությունում նոր երեւույթ չէ պատգամավորության թեկնածուներից ընտրողների, ինչպես նաեւ արդեն ընտրված օլիգարխ պատգամավորներից բնակչության ստվար մի հատվածի նյութական ու վարչական կախվածությունը: Առանձին ընտրողների կամ սոցիալական տարբեր խմբերի հանդեպ ցուցաբերվող «խնամատարությունն» ու «առատաձեռնությունը» օլիգարխների համար բարոյական կեղծ կերպարի ձեւավորման կարեւոր բաղադրիչ լինելուց զատ, առավել նշանակություն ունեն սոցիալական-տնտեսական կախվածություն ստեղծելու տեսանկյունից: 5000 դրամով ընտրողների ձայնը գնելու երեւույթից մինչեւ առանձին պատգամավորների «բարեգործական» շոուները կազմակերպական հիմնական այն սկզբունքներն են, որոնց վրա սեփական վերարտադրության գործը գլուխ բերելու համար հենվում է քրեաօլիգարխիկ վարչախումբը:

Հանրության շրջանում քչերին է հայտնի, որ վերը նկարագրված երեւույթը մարդկությանն ուղեկցել է հնադարից եւ նպաստել է հասարակական-քաղաքական առանձին մի կացութաձեւի` ավատատիրության, առաջացմանը: Երկու երեւույթների միջեւ ընդհանրական կապը ցույց տալու համար մի փոքր պատմական ակնարկ կատարենք:

Հին Հռոմում գոյություն ուներ հասարակական հարաբերությունների որոշակի մի համակարգ, որը կոչվում էր պատրոն-կլիենտային հարաբերություններ: Վերջինիս սուբյեկտները սոցիալական երկու տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներն էին: Հասարակական դիրք, հեղինակություն ու նյութական կարողություն ունեցող քաղաքացիները` պատրոնները, հովանավորություն էին սահմանում իրենցից կախում ունեցող կլիենտների` աղքատ կիսաազատ քաղաքացիների, ազատ արձակված ստրուկների կամ Հռոմի քաղաքացիություն ստացած հպատակների նկատմամբ: Կլիենտների պարտավորությունների մեջ էին մտնում պատրոնի հանձնարարությունների կատարումը, նրան որպես թիկնապահ ծառայելը, հրապարակային միջոցառումների ժամանակ պատրոնին պատվի ու հարգանքի, իսկ ելույթների ժամանակ` նաեւ արհեստական գովասանքի արժանացնելը: Սակայն առավել կարեւոր գործառույթ նրանց վերապահված էր քաղաքական հարցերում: Ժողովրդական ժողովում պետական պաշտոններում պատրոնների առաջադրվելու դեպքում կլիենտները պարտավոր էին իրենց ձայնը տալ վերջիններիս:

Ի փոխհատուցում նկարագրվածի` պատրոնները պարտավորվում էին հովանավորել կլիենտներին, դատարանում պաշտպանել նրանց շահերը, աջակցել նրանց տարբեր պաշտոնյաների ու վաշխառուների անօրինական կամ օրինական միջամտություններից: Հատկանշական է, որ նման հովանավորությունը նաեւ կլիենտների շահերից էր բխում, ովքեր փորձում էին պատրոնի հոգածությանը տրվելու միջոցով լուծել շատ կենսական ու կենցաղային խնդիրներ:
Պատրոն-կլիենտային հարաբերությունների ծավալման մեծ տեմպերը Հռոմեական կայսրության ուշ շրջանում զուգորդվեցին կայսրությունում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումների հետ: Այս շրջանում էր, որ հողային սեփականատերերի արտադրական փոխհարաբերություններում (կոլոնատ) խոշորների կողմից մանր ու միջին հողատերերի հողերին տիրելու փաստը մեծ չափերի հասավ: Հենց այս շրջանում էր նաեւ, երբ պատրոններից կլիենտների սոցիալական կախվածության հանգամանքը տնտեսական կախվածության խորացման կարեւոր գրավական դարձավ: Հարուստ սեփականատերերը, ելնելով իրենց գույքային ցենզից ու զբաղեցրած պաշտոններից, մշտական տեղ էին ապահովում Սենատում, ձեռք բերում քաղաքական իշխանություն ու դրանով էլ երաշխավորում սեփական տնտեսական համակարգի անխախտությունը: Հռոմի պատմության հենց այս շրջանում էր, որ նման սենատոր-պատրոնների վերահսկողության տակ էին անցնում ոչ միայն առանձին հողատերեր ու նրանց հողերը, այլ անգամ ամբողջական գյուղեր, համայնքներ ու քաղաքներ: Նման կախվածության առաջացման պատճառն այն էր, որ Հռոմում խոշոր սեփականատերերի տնտեսական ու քաղաքական ճնշման արդյունքում մանր ու միջին սեփականատիրությունը քայքայվում էր` առաջ բերելով նախկին ազատ քաղաքացիների ճորտական կախվածություն հարուստ պատրոններից: Թերթի սահմանափակ պայմանները թույլ չեն տալիս առավել հանգամանալից կանգ առնել հռոմեական կոլոնատի խնդրին, որը հանգեցրեց հողին (ավատին) ամրացված ճորտերի ի հայտ գալուն եւ ավատատիրական հարաբերությունների կազմավորմանը:

Հիմա գանք մեր օրերին: Երեւանում օլիգարխը փաստացի որպես սեփական ավատ իրեն հանձնված համայնքում պատրաստվում է բնակչության ամրացում կատարել: Դե, պոստինդուստրիալ շրջանում ենք ապրում, որում, ասում են, հողը երկրորդական տեղում է (չնայած երբ ինձ գցում եմ դոդերի բախչեն` հեկտարներով հողերն այլ բան են ասում): Ուստի բնակչության ամրացումը կատարվում է ոչ թե հողին, այլ այն հիմնարկին, ձեռնարկությանը կամ կազմակերպությանը, որտեղ աշխատում են տվյալ համայնքի մարդիկ: Այլ համայնքում ապրող քաղաքացիներին հարկ է միայն հանձնել իր ավատատիրոջը, ինչպես վերադարձնում էին միջին դարերում իր ավատից փախած ճորտերին:

Այսքանից հետո մնում է հոդվածի սկզբում ներկայացված երկու կարծիքների պատասխանը տալ: Ասում եք` քրեաօլիգարխիկ վարչախումբը գնում է արմատական փոփոխությունների՞` Սենատում օլիգարխների թվի կրճատմա՞ն:
Ոչ միայն վերջին տարիների, այլ նաեւ` ներկայացված պատմական փորձը միայն մի պատասխանի տեղ է թողնում: Այն է` վարչախմբի գլխավորությամբ գնում ենք դեպի ճորտատիրական կարգեր: Չնայած այլ ճանապարհ էլ կա, որն առանց վարչախմբի է եւ լրացուցիչ պարզաբանման կարիք չունի: