հոդվածներ

ԱԱԾ-ն և մեր ինքնիշխանության փշրանքները

2013-12-23

Եթե դիտարկենք հռչակած արժեքների հարթությունում, ապա պաշտոնական տոնացույցում դեկտեմբերի 20-ը, որպես երկրի ինքնիշխանության պահպանման գործում երախտիքի արտահայտություն, հատկացվել է պետության անվտանգության երաշխավոր Հայաստանի հատուկ ծառայությանը: Այս պահին մի կողմ թողնենք, թե որքանով է Հայաստանի անվտանգության ծառայությունը սրբորեն կատարել երկրի ինքիշխանությունը պաշտպանելու ու պահպանելու իր գործառույթը եւ ուշադրություն դարձնենք մի էական հանգամանքի վրա: Խորհրդանշական է, որ նման լուսավոր գաղափարի կենսագործման համար ընտրվել է բոլորովին գորշ մի օր: Իրականում նորանկախ Հայաստանի տարածություն-ժամանակի մեջ դեկտեմբերի 20-ը «սեւ խոռոչի» է վերածվել:

Գիտությանը հայտնի է, որ սեւ խոռոչն առաջանում է մեծ զանգված ունեցող աստղերի կյանքի ավարտական փուլում, երբ նրա միջուկն այլեւս էներգիա չի ստեղծում, եւ սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղը սկսում է սեղմվել։ Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերեւույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլեւս չի կարողանում արձակվել աստղից, եւ աստղը փոխարկվում է անտեսանելի մի «դատարկության»։

Ահա ամեն տարի դեկտեմբերի 20-ին, մերօրյա այդ «դատարկության» մեջ` Նալբանդյան 104 հասցեում, ավանդույթի ուժով հավաքվում են Հայաստանի բարձրագույն իշխանության եւ ուժային կառույցների ղեկավարները` նշելու համար երբեմնի հսկայածավալ մարմնի` ԽՍՀՄ ՊԱԿ-ի հոգեզավակ ՀՀ ԱԱԾ-ի տոնը: Իսկ տոնը դեկտեմբերի 20-ին են նշում, քանի որ դեռեւս 1917թ. նույն օրը Ռուսաստանի Ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով (մի քանի վերափոխումներից հետո ԽՍՀՄ վերջին տասնամյակներին այն վերակազմավորվել-վերանվանվել էր Պետական անվտանգության կոմիտե) ստեղծելու մասին: Մինչեւ այսօր Ռուսաստանի Դաշնությունում անվտանգության մարմինների աշխատակիցների օրը նշվում է հենց դեկտեմբերի 20-ին: Ինչպես տեսնում ենք` անգամ տոնական օրվա ընտրության հարցում մարելու գործընթացում գտնվող անցյալի տիեզերական այդ «աստղի»` ԽՍՀՄ ՊԱԿ-ի, ձգողության ուժի ազդեցությունը դեռեւս էական դեր է կատարում:

Դեկտեմբերի 20-ին «դատարկություն» մուտք գործել բոլորը չեն կարող: «Աստղի» իր ծավալի մեջ բազմապատիկ խտանալու արդյունքում առաջացող ձգողության ուժի շնորհիվ, բացի որոշակի «կշիռ» ունեցող բարձրաստիճան պաշտոնյաններից, նրա գիրկն են վազում նաեւ ընտրված լրատվամիջոցների լրագրողները` լուսաբանելու համար ԱԱԾ աշխատակցի օրվա կապակցությամբ անցկացվող գաղտնիության քողով ծածկված հանդիսավոր այդ նիստը: Դրանից հետո պաշտոնական լրահոսը ազդարարում է, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող հանդիսավոր նիստին ներկա են գտնվել ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը, գլխավոր դատախազը եւ այլն: Իսկ ԱԱԾ տնօրենն էլ նիստի ընթացքում անգամ «որակական» համեմատություն է կատարել եւ արձանագրել, որ «ՀՀ ազգային անվտանգության հակահետախուզական գործունեության մեջ գրանցված հաջողությունները` կատարվող աշխատանքի որակական մակարդակով եւ բացահայտված գործակալների քանակական ցուցանիշով, էապես գերազանցում են Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի արդյունքները»[1]:

Իսկապես ճակատագրից երբեք չես փախչի, եթե ճակատիդ դրված է Խորհրդային կենսափորձով ու քաղաքական մշակույթով շաղախված եւ «հատուկ դպրոցով» թրծված կնքադրոշմը: ԱԱԾ տնօրենն, այսպիսով, խնդիր ունի բարելավել ՀԽՍՀ ՊԱԿ-ի ցուցանիշերը: Իսկ թե ինչպիսի կոնկրետ (ոչ ստատիստիկ) արդյունքներ են ընկած մի կողմից ՊԱԿ-ի հայաստանյան ստորաբաժանման, իսկ մյուս կողմից ներկա ԱԱԾ-ի գործունեության համեմատական ցուցանիշերի մեջ, ծառայության համապատասխան պաշտոնյան մեզ կպատասխանի, որ դա արդեն պետական գաղտնիք է: Ամեն դեպքում, հետեւելով ԱԱԾ տնօրենի երկաթյա տրամաբանությանը, կարելի է վստահությամբ պնդել, որ ի տարբերություն, օրինակ, եղբայրական Խորհրդային Ադրբեջանի կողմից Խորհրդային Հայաստանի նկատմամբ քայքայիչ գործունեության զրոյական ցուցանիշին, ՀՀ ԱԱԾ-ն` ներկա Ադրբեջանի Հանրապետությունից եկող վտանգները կանխարգելելու գործում այսօր էական առաջընթաց է արձանագրել` վերջին երկու տասնամյակներում բացահայտելով մի շարք գործակալների եւ այլն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ կասի ԱԱԾ տնօրենը մեր երկրի դեմ ուղղված Խորհրդային Ռուսաստանի եւ ներկայիս Ռուսաստանի Դաշնության գործունեության մասով: Կա՞ն նման համեմատական ցուցանիշեր, թե՞ ռազմավարական գործընկերների վարքը քննության չի ենթարկվում, քանզի դարավոր բարեկամները չեն կարող վտանգ ներկայացնել Հայաստանին:

Դեպքերի զուգադիպությամբ այս տարի դեկտեմբերի 20-ի նույն այդ «սեւ խոռոչում» էր հայտնվել նաեւ ՀՀ ազգային ժողովը: Այդ օրը ԱԺ-ում քվեարկության պետք է դրվեր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Մի կապիտուլյացիոն միջազգային պայմանագիր, որով մեր երկիրը փաստացի վերջնականապես կորցնում է իր ինքիշխանության վերջին փշրանքները` հայտնվելով Կրեմլի եւ նրա շահերը սպասարկող ռուսական «Գազպրոմ» ընկերության լիակատար տիրապետության տակ:

Որքան էլ պարադոքսալ թվա, ստացվում է, որ դեկտեմբերի 20-ին մի կողմից նշվում էր Հայաստանի ինքնիշխանության երաշխավոր ԱԱԾ-ի տոնը (ըստ էության Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության գործում ենթադրելով որոշակի վաստակի գոյություն), իսկ մյուս կողմից` ԱԺ-ն պատրաստվում էր վավերացնել Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորուստը ազդարարող միջազգային պայմանագիրը` երկիրը հանձնելով ռուսական «Գազպրոմ»-ին` XXI դարի համաշխարհային տոտալիտար ստրկատերերից մեզ բաժին ընկած վերազգային այդ կորպորացիային:

(Շարունակելի)


[1] http://armenpress.am/arm/news/744535/kolichestvo-raskriytiykh-sluzhboiy-nacbezopasnosti--armenii.html