հոդվածներ

ԱԱԾ-ն և մեր ինքնիշխանության փշրանքները- 2

2013-12-25

Նախորդ հոդվածում կատարված համառոտ վերլուծությունը հիմք է տալիս անտարբեր չանցնել մեր հատուկ ծառայությունների կողմից իրենց գործառնական պարտականությունները չկատարելու խնդրի կողքով: Հարկ է փորձել հասկանալ, թե մի ողջ պետական մարմին ինչպե՞ս կարող էր հայտնվել անզորության կամ անգործության վիճակում, երբ պատկան մարմինների, երկրի փաստացի ղեկավարների ու պատգամավորների կողմից Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորուստը ազդարարող միջազգային պայմանագիր էր մշակվում, կնքվում ու վավերացվում: Ինչպե՞ս կարող էր երկրի ինքիշխանության պաշտպանության համար ստեղծված այդ պետական մարմինն այնքան լուռ գտնվել, որ ընդամենն ապացուցեր իր տարածաժամանակային «դատարկությունը»:

Սույն հարցադրումը մեր քաղաքացիներից շատերը կհամարեն ժամանակավրեպ` լավ պատկերացնելով կամ կռահելով, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, որպես երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանող մարմին, վաղուց գոյություն չունի` ոչնչացված է երկիրը ճորտական կախման մեջ պահող աշխարհաքաղաքական ուժի կողմից: Սակայն քչերը կարող են բացատրել, թե ինչպե՞ս կարող է հազարավոր աշխատակիցներ ունեցող ծառայությունն անտեսանելի մի «դատարկության» վերածվել: Ինչպե՞ս կարող է ՀՀ ԱԱԾ-ում չգտնվի գեթ մի սպա, ով կփորձի ընդդիմանալ երկրի ինքիշխանությունն աճուրդի հանած բորենիներին:

Ընդհանրապես ցանկացած երկրի ինքնիշխանության պաշտպանության, երկրին սպառնացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում ամենից լավ գլուխ են հանում տվյալ երկրների հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատակիցները, ովքեր որոշակի սպեցիֆիկ գործառնություն ունեն` ապահովելու հենց այդ ոլորտը: Յուրաքանչյուր պետություն փորձում է ստեղծել ազգային (պետական) անվտանգության ծառայություն` այլ երկրներից եկող տարաբնույթ վտանգները դիմագրավելու համար: Ցանկացած երկիր այնուամենայնիվ մնում է ինքնիշխան, եթե նրա «անվտանգության ծառայությունը» չնայած սուղ ֆինանսական, տեխնիկական միջոցներին, չնայած կադրերի պակասին, չնայած երկրի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական անբարենպաստ իրավիճակին ոչնչացված չէ եւ կարողանում է թեկուզ չնչին, բայց անկախ գործունեություն ծավալել, տիրապետել որոշակի տեղեկատվության, վերլուծություններ, մշակումներ, ծրագրեր, հետախուզություն ու հակահետախուզություն իրականացնել, լրտեսներ ու պետական դավաճաններ վնասազերծել եւ հաշվետու լինել իր պետության կամային ու այլ երկրների դիկտատի տակ չգտնվող ղեկավարներին:

Հանրային նպատակային վարքում յուրաքանչյուր գործի հաջողություն առաջին հերթին պայմանավորված է այդ գործում ներգրավված հմուտ մասնագետներով: Տրամաբանությունը հուշում է, որ ի կատարումն երկրի առջեւ դրված բարդագույն խնդիրների, մեր երկրի հատուկ ծառայությունը նույնպես պետք է մասնագիտական կադրերով վերազինված լինի, որպեսզի կարողանա պաշտպանել երկրի ինքիշխանությունը: Բայց տրամաբանությունը նաեւ հուշում է, որ եթե ՀՀ ԱԱԾ-ն փոխակերպվել է անտեսանելի մի «դատարկության», ապա նրան կախման մեջ պահող ուժը պետք է կարողանար (կարողանա) առաջին հերթին լուծել մեր երկրի անվտանգության ծառայության բանիմաց ու հայրենասեր կադրերի չեզոքացման խնդիրը:

Հատուկ ծառայության հմուտ աշխատակից լինելը եւ հետախուզության ու հակահետախուզության նրբագույն մեթոդներին ու միջոցներին տիրապետելը բարդագույն մասնագիտություններից մեկն է աշխարհում: Մասնագիտական լավագույն որակները ստանալու համար պետք է գումարվեն մարդու ինտելեկտը, ֆիզիկականը, կամայինն ու հատկապես` հոգեկանը (հոգեբանական կառուցվածքը): Նման մասնագետներ պատրաստելու համար պետք է կամ լավ «դպրոց» ունենալ, կամ այլ երկրներից փորձել գիտելիք ու փորձ ներմուծել: Պրոֆեսիոնալ կադրերով համալրված անվտանգության սեփական «դպրոցի» ոչնչացման պատմությունը միգուցե երբեւէ լույս աշխարհ կգա: Բայց ահա այլ երկրներից գիտելիք ներմուծելու փորձը կարոտ է լուսաբանման:

Ստորեւ սեփական էմպիրիկ վերլուծության ճանապարհով եւ Տաջիկստանի օրինակով, կփորձեմ ցույց տալ, թե ինչպես են տերությունները (մեր դեպքում` Ռուսաստանը), «փոքր» երկրների հատուկ ծառայություններին կախվածության տակ պահելով, կարողանում վերահսկել այդ պետություններին: Ինչպես են կարողանում երկրի ինքնիշխանության պաշտպանության գործում ոչնչացնել պրոֆեսիոնալիզմը:

Բանակի սպայական կադրերի վերապատրաստման օրինակով, Տաջիկստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սպայական կազմի նեղ մասնագիտական համալրումը կատարվում է Ռուսաստանի հատուկ ծառայության աշխատակիցներ պատրաստող բուհերի միջոցով: Տարիների կրթական ծրագրերը յուրացնելուց հետո շրջանավարտները պետք է հանձնեն ոչ միայն քննություն, այլ, ինչպես քաղաքացիական բուհերը, նաեւ` պրակտիկա ու «դիպլոմային աշխատանք»: Վերջինս ամենից կարեւոր շրջափուլն է թե՛ ընդունող կողմի եւ թե՛ ուսանողի (լինի դա Ռուսաստանի, Տաջիկստանի, թե այլ երկրի ուսանողը) համար:

Այդ դիպլոմային աշխատանքը կատակ բան չէ, դրա միջով անցնելը բանիմաց ուսանողների կյանքի ու առողջության համար մեծ փորձություն է դառնում: Պետական հաստատված նորմատիվներով ուսանողի առջեւ դրվում է հանձնարարություն պետական գաղտնիք պարունակող որեւէ տեղեկություն հայթհայթել Ռուսաստանում: Ուսանողների գրեթե մեծամասնության համար, ովքեր ուսման ընթացքում որեւէ շահագրգռություն չեն ունեցել սովորել (այսպես կոչված` «պապայի բալաները»), տվյալ «դիպլոմային աշխատանքը» աստղաբաշխական գումարներ է արժենում: «Գործընկեր» հատուկ ծառայության այդ կադրային զանգվածը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության դիտանկյունից այդուհետ համարվում է խոտանված: «Ավագ գործընկերը» նման կադրերից զգուշանալու խնդիր չունի, քանզի նյութական շահով առաջնորդվող տգետ կարիերիստներից կարելի է միայն օգտվել` այդ թվում կաշառք տալու փաստը որպես կոմպրոմատ օգտագործելով (եթե իհարկե այդ օրերին ծագում է տվյալ անձին «վերբովկա» անելու անհրաժեշտությունը): Տեսնես՝ Դուշանբեում ապրող նույնքան տգետ նրանց «պապաներից» (ԱՊՀ տարածքի համար տիպական է, որ «պապաները» ներկայացնում են մեծամասամբ նույն «կաստան» կամ մերձ են «կաստային») քանի՞սը գիտեն, որ ստաժավոր ռուս չեկիստներին կաշառելու համար իրենց «բալաներին» ուղարկված կաշառքի գումարը, այդուհետ դամոկլյան սուր է դառնում իրենց զավակների գլխին:

Ամենից բարդ վիճակում հայտնվում են իսկապես հայրենասեր ու բանիմաց հատուկենտները, ովքեր եթե կարողանում են հաջողությամբ ավարտել «դիպլոմային աշխատանքի» կատարումը, ստիպված են լինում նվաստանալ ՌԴ ԱԴԾ հակահետախուզության աշխատակիցների առջեւ եւ ենթարկվել ֆիզիկական բռնությունների ու հոգեբանական ճնշումների: Պատճառը թաքնված է առաջադրանքի յուրօրինակության մեջ: Հատուկ ծառայություններ ունեցող այնպիսի ստաժավոր տերության համար, ինչպիսին Ռուսաստանն է, ուսանողների կողմից գաղտնի տեղեկատվության հայթհայթման ճանապարհը օգտագործվում է հակահետախուզության սեփական թերությունները բացահայտելու, ինչպես նաեւ նոր տաղանդավոր չեկիստներ գտնելու գործը հաջողելու համար:

Հակահետախուզության սեփական թերությունները գտնելուց հետո դրանք որքան ծանր են անդրադառնում Ռուսաստանի հակահետախուզության համապատասխան աշխատակիցների վրա, կրկնակի ավելի վատ անդրադառնում են «գործընկեր» ծառայությունների հատուկենտ տաղանդավոր ուսանողների վրա: Ռուսաստանյան տեղական չեկիստների «բանդան», թերացումների արդյունքում ենթարկված պատասխանատվությունից գազազած, դառնում է դեռեւս շատ հարցերում «խակ» ուսանողի ոխերիմ թշնամին` հաշվեհարդար տեսնելով նրա հետ: Դրանից հետո, սակայն, այդ ուսանողի փորձությունները չեն ավարտվում: Նման տաղանդավոր կադրերը պետք են հենց տերություններին: Այդուհետ որ մի «անմիտ» հատուկ ծառայությունը, առանց իր «սեւ» կամ «սպիտակ» գործն անելու կթողնի նման կադրին վերադառնալ հայրենիք: Ուստի գործի է դրվում համոզման (Ռուսաստանում առավել հեռանկարային աշխատատեղ, աշխատավարձ, սոցիալական ապահովության երաշխիքներ, կարիերային խոստումներ եւ այլն) ու հարկադրանքի (ուսումնառության տարիներին հավաքված կոմպրոմատների լայն շրջանակը) ողջ տեսականին: Այդ օրվանից տվյալ կադրը հայրենիքի համար կորսված կարելի է համարել:

Ուսումնառությունից վերադառնալուց հետո` հետագա տարիներին, գործընկեր հայ կոլեգաների օրինակով` «դատարկության» մեջ, Դուշանբեում իրենց օրն են գլորում նաեւ ՌԴ հատուկ ծառայությունների համար հետաքրքրություն չներկայացնող «պապայի բալեքը», ինչպես նաեւ իրենց ողջ կարողությունը Կրեմլի ռազմաքաղաքական ծրագրերն առաջ մղելու գործին ի սպաս դրած քիչ թե շատ ներուժ ունեցող սպաները: Տեսականորեն կարող են լինել նաեւ «վերբովկայից» այս կամ այն կերպ խուսափած, բայց տարբեր փորձություններով անցած ու հայրենիք վերադարձած եզակիներ: Վերջիններս, սակայն, պաշտոնեական առաջխաղացման որեւէ շանս չունեն եւ ստիպված են իրենց օրն անցկացնել` անպետք թղթեր սեւացնելով ու սեփական անձին համոզելով, թե զբաղված են հայրենիքի` Տաջիկստանի, ինքնիշխանության պաշտպանությամբ:

Սույն հոդվածը գրելու ընթացքում, լրահոսում հայտնվեց «Գազպրոմի» կողմից Ղրղզստանի պետական «Կիրգիզգազ» կոնցեռնը գնելու մասին լուրը: Ուստի հատուկ ծառայություններ չունեցող եւ ինքնիշխանությունը վաճառած (հանձնած) ազգերի թվում հայերին տրված է իր ավանդական մխիթարանքն առ այն, որ իրենք մենակ չեն դժոխքում: Կենտրոնական Ասիայից այսօր նրա ողբը կիսում են հարազատ տաջիկներն ու ղրղզները: Դե ինչ, հին ազգերի արժանի եղբայրություն է: