հոդվածներ

Անձի ծառայամտությունն ու պետության ինքնիշխանության կորուստը

2014-08-26

Պարզ ճշմարտություն կարելի է համարել այն միտքը, որ ցանկացած սուվերեն պետություն իր գործառույթներն իրականացնելիս առաջին հերթին պետք է օժտված լինի ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ ազատ գործելու ներուժով: Սակայն պարզվում է, որ մեր ազգի համար բարդագույն խնդիր է պարզել, թե որն է պետության ինքնիշխանության ու երկրի ներսում բնականոն համակեցության հիմնաղբյուրը եւ պետության գոյության պայմաններում ինչու չեն աշխատում պետական կյանքի հանրային կարգավորման մեխանիզմները: Ո՞վ է այն սուբյեկտը, որ միջազգային եւ ներպետական հարաբերությունների «դարբնոցում» պետք է «կռի» մեր ազատությունը, անկախությունն ու բարեկեցությունը եւ ինչո՞ւ նա չի կատարում իր պարտականությունը:

Հանրության մեջ կա մի թյուր պատկերացում, թե պետությունը ինչ-որ «վերացական» քաղաքական կազմակերպություն է, որը կապված չէ անհատի ուղղակի կամ անուղղակի ներգործությունից: Նմանապես, պետության ազատ կամաարտահայտությունն ու ինքնուրույնությունն էլ դիտարկվում է իբրեւ «վերեւներում», այն է` հանրությունից դուրս գտվող ինչ-որ «իշխանությունների» ու օտարերկրյա վարչակազմերի հարաբերակցության արդյունքում առաջացած ինքնին մի վիճակ:

Նախ պետք է նկատել, որ մեր ուսումնասիրության կիզակետում հայտնված հանրային այդ գիտակցությունը խոչընդոտում է նրա մոտ սուբյեկտային վարքի ձեւավորմանը: Այն հնարավորություն չի տալիս պարզել, թե միջպետական եւ ներպետական հարաբերություններում որն է իր` հանրության, որպես պետականաստեղծ միավորի, դերը, իր հետ միասին քաղաքական հարաբերություններում ինչպիսի սուբյեկտներ են գործում, եւ ինչ սոցիալ-հոգեբանական պատկերացումներ ու հատկություններ են առաջնորդում իրեն ու մյուս սուբյեկտներին այս կամ այն գործողությունները կատարելիս:

Հարկ է նաեւ նկատել, որ յուրաքանչյուր հանրապետություն իր հաջողություններն արձանագրում է միմիայն հանրության առ երկրի առջեւ ծառացած խնդիրներն ունեցած վերաբերմունքի, դրանց լուծմանը միտված կոնկրետ մտածողության ու վարքի միջոցով: Միաժամանակ պետության ինքնիշխանությունն էլ բոլորովին պայմանավորված չի աշխարհում տվյալ պետության ունեցած ինչ-որ անհասկանալի ազատությամբ: Պետության բարեկեցությունն ու ինքնուրույնությունը ենթադրում են որոշակի մարդկանց ու խմբերի կողմից դրան միտված կոնկրետ մտածողություն ու գործողություն: Այսինքն պետական շինարարության գործում կան քաղաքացիական հանրույթին բնութագրող սոցիալ-հոգեբանական որոշակի պարամետրեր, որոնց բավարարման դեպքում է միայն հնարավոր կառուցել սուվերեն ու ներկայանալի հանրապետություն:

Սակայն մինչ մեր ազգի սոցիալ-հոգեբանական նման հիմնախնդիրներից մեկին անդրադառնալը, վերջինիս ներքին կապերը վերհանելու նպատակով հարկ է ներկայացնել պետության էությունը:

Մարդկությունը կազմակերպվում ու կենսագործունեություն է ծավալում պետության միջոցով, որտեղ իրացվում է մարդու առանցքային կենսաբանական պահանջմունքներից մեկը` անվտանգ ապրելու պահանջմունքը: Ինչպես նշում է Արա Հարությունյանը` պետականությունը դա տվյալ տարածքի՝ որպես սեփականության, եւ հանրության՝ որպես տարածքի տերերի պաշտպանության ներկայումս հայտնի միակ ձևն է: Մարդը պետությանը զիջում է իր անձնականին վերաբերող որոշ սուբյեկտություն (զինվորի տրամադրում, հարկեր, ներքին կարգ ու կանոնի ապահովման համար ընդհանուր օրենքներ եւ այլ), բայց փոխարենը պետությունից ստանում է արտաքին թշնամուց եւ ներքին հանցագործից օրինականորեն պաշտպանվելու հնարավորություն:

Ասվածից պարզ է դառնում, որ հանրության` պետության նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիմքում հիմնարար տեղ են զբաղեցնում մարդու անվտանգության բավարարման եւ սեփականության պաշտպանության հարցերը: Ուստի մեր հանրության անգործությունն ու անզորությունն աչքի առաջ ունենալով` կարեւոր խնդիր է դառնում պարզել, թե ինչպես են այդ հարցերը լուծում մեր քաղաքացիները:

Այդ դիտանկյունից` աչք է զարնում մեր կոլեկտիվ հոգեբանականում եղած մի կարեւոր հատկություն, որը վկայությունն է ընդհանրապես անվտանգության եւ սեփականության պաշտպանության հիմնախնդրի գոյությանը ողջ ազգի մակարդակում: Խոսքը դարերի ընթացքում հային ուղեկցող սոցիալ-հոգեբանական հատկության` ծառայամտության մասին է: Վերջինս, հանրության շրջանում, միաժամանակ, դարձել է նաեւ իր պետական գործառույթներն անգործության ու անզորության մատնելու առանցքային մեխանիզմը: Ծառայամտության արդյունքում հայը իրեն զրկում է ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ ազատ գործելու ներուժից: Պետական կյանքի հանրային կարգավորման մեխանիզմները չեն գործում` այլոց վրա հույս դնելու արդյունքում ի հայտ եկող հանրային անզորության պատճառով:

Այսպիսով ծառայամտությունը վկայությունն է ինչպես մեր ազգի անվտանգության դեֆիցիտի, այնպես էլ` դրա հաղթահարմանը խոչընդոտող անգործության ու անզորության: Այստեղից բխում է, որ մարդը ծառայամտության միջոցով եթե փորձում է լուծել իր անձնական անվտանգության դեֆիցիտի խնդիրը, այդպիսով ոչնչացնում է պետության անվտանգության դեֆիցիտի խնդիրը լուծելու իր կարողությունը: Նույն հարաբերակցությունը նաեւ վերաբերում է մի կողմից անձնական սեփականության պաշտպանության ու բարեկեցության եւ մյուս կողմից` հանրային (պետական) սեփականության ու պետության բարեկեցության փոխկապակցվածության խնդրին: Արդյունքում մենք տեսնում ենք, որ նա ոչ անձնական հարթությունում եւ ոչ էլ պետության հարթությունում ծառայամտության հիերարխիկ մի շղթայի գոյության պայմաններում չի կարողանում լուծել ոչ մի խնդիր:

Դրա խորքային բացատրությունն ընկած է ծառայամտության էության մեջ:

Ծառայամտությունը անհավասար երկու սուբյեկտների հարաբերություն է` տիրոջ եւ ծառայի: Այդ հարաբերության մեջ շատ կենցաղային հարթությունում իրացվում է մարդու անձնական անվտանգության, սեփականության ձեռք բերման ու գույքի պաշտպանության պահանջմունքը: Այն հիմնվում է անձի գիտակցականում, ենթագիտակցականում կամ անգիտակցականում գտնվող այնպիսի հաստատուն համոզմունքի ու վստահության վրա, թե տերը իրեն կպաշտպանի կամ նյութական հիմքեր կապահովի: Հայերն այս դեպքում կենցաղային հարթությունում համատարած կիրառում են «տեր կանգնել» եզրույթը: Կլանային սոցիումում հենց «տեր կանգնելու» երեւույթն է ցեմենտում տիրոջ եւ ծառայի միջեւ եղած սոցիալական կապերը: Այդուհետ փոխադարձ շահերի պաշտպանության հարցը ծառայի դիտանկյունից պարփակվում է պատրոնաժության անխախտելիությանը հասնելու մեջ, իսկ տիրոջ դիտանկյունից` ծառային մշտապես հավատացնելու (համոզելու ու վստահեցնելու) մեջ, որ իր դիրքերը այլ տերերի հետ համեմատած շատ ամուր են: Նման հոգեբանական պայքարի նպատակը ծառայի այլ տիրոջ մոտ փախուստը, կամ սեփական իրավազորության տակ մնալով` նրա կողմից ստվերային ձեւով այլ պոտենցիալ տիրոջ հետ գործարքներ թույլ չտալն է: Պատրոնի դիտանկյունից կլիենտը տիրոջ դիրքերի ամրության հարցում միշտ պետք է կասկածներ չունենա:

Ծառայամտությունը ի բնե բազմացման ներուժով է օժտված, քանզի հանրային օրգանիզմի կենսաբանական պահանջմունքն առավել հեշտությամբ բավարարելու մեխանիզմ ունի իր մեջ ներդրած: Արդյունքում այդ «վարակը» կարող է կամաց-կամաց տարածվել հանրային օրգանիզմի առողջ բջիջների վրա եւ պատել ոչ միայն «ծառա» սուբյեկտի հավակնորդներին, այլ արդեն «տիրոջ» կարգավիճակում եղածներին: Ընդհանուր ներհանրային անզորությունն արտաքին այլ զորավոր տերերի հավակնությունների պայմաններում հանրության մեջ եղած տերերին դարձնում է «ծառա» եւ ուղղակի ազդում ցանկացած պետության սուվերեն կարգավիճակի վրա: Սա է ծառայամտության հիերարխիկ շղթայի միտումն ու ինչ-որ առումով նաեւ օրինաչափությունը:

Կատարված քննությունը հստակ ցուցանում է, թե պետության գոյության պայմաններում ինչո՞ւ մեզանում չեն գործում պետական կյանքի հանրային կարգավորման մեխանիզմները: Մարդը, որը ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ ազատ գործելու ներուժով օժտված չէ, քանի որ անընդհատ տեր է փնտրում, ծառայամտությունը դարձրել է անձնական խնդիրների լուծման միակ միջոցը, քծնանքը` տիրոջը դուր գալու եւ իր ստորաքարշությունը ամրացնելու ճանապարհը, ուղղակի չի կարող իրեն մասնակիցը դարձնել հանրային խնդիրների լուծմանը: Հանրային համընդհանուր անգործությունն ու անզորությունը հանրային օրգանիզմի տարրական մասնիկների` առանձին քաղաքացիների, համանման հատկությունների փոխանցման հետեւանքնով է կյանքի կոչվում: Հանրային այդ վիճակները ցուցանում են կոնկրետ մարդկանց ու խմբերի ինքնուրույնության բացակայությունն ու անկարողությունը:

Միաժամանակ, երկրի բարեկեցության ու սուվերենության աստիճանը ուղիղ համեմատական է հանրային կարողությանն ու զորությանը: Այսինքն, եթե հանրությունը չի կարողանում ինքնուրույն լուծել իր անվտանգության եւ սեփականության պաշտպանության խնդիրը, ապա նա ի զորու չէ ներկայանալի ու ինքնիշխան պետություն կառուցել: Այդուհետ պետության մեջ ծառայամիտ մարդկանց ծանրակշիռ ներկայությունը հանրության ստորաքարշության ուղղակի վկայությունն է դառնում եւ միջազգային հարաբերություններում նրանց միջոցով ոտատակ տալիս պետության սուվերենությունը: Պետությունների միջազգային ընտանիքում փնտրելով հովանավորներ` տվյալ պետությունն արդեն ինքնաբերաբար դառնում է մանրադրամ, ում, ինչպես ցանկացած ծառայի, կարելի է վաճառել, փոխանակել ու կցել այլ ավատատիրոջ ավատին` նրանից քամելու համար եղած պիտանի ամեն ինչը:

Հանրային օրգանիզմի առողջացումը յուրաքանչյուրիս հոգածության առարկան պետք է լինի: Մարդկային փոխհարաբերություններում ցանկացած քծնանք ու ստորաքարշություն ուղղակի ազդեցություն է թողնում երկրի քաղաքական մշակույթի վրա: Անձնական խնդիրների լուծման գործում այդ հատկություններով առաջնորդվող մարդկանց վարքը որքան բազմապատկում ու ամրացնում է ծառայամտության դերը միջկլանային եւ ներկլանային փոխհարաբերություններում, միաժամանակ, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին նույնքան էլ քայքայում է ընդհանուր հանրային ներուժն ու ինքնուրույն գործելու կարողությունը: Դրանից հետո հանրության մեջ խոր արմատներ ձգած ծառայամտությունը պարալիզացնում է արդեն պետական կյանքի հանրային կարգավորման մեխանիզմները եւ երկրի ինքնիշխանության թիվ մեկ խոչընդոտն է դառնում: