հոդվածներ

Գլխակերից ո՞վ գլուխ կհանի

Պետականության բացակայությունը խոր կնիք է թողել հայ ժողովրդի քաղաքական մտքի ժառանգման ու զարգացման վրա: Առանձին մեծ ժամանակահատվածներում սեփական անկախ պետությունը չունենալու, իսկ սկսած 15-րդ դարից` նաեւ նախարարական կարգերի քաղաքական կյանքից լիարժեք դուրս մղվելու եւ քաղաքական վերնախավի կործանվելու պատճառով, շատ քաղաքական գործառույթներ ժողովրդի կամ օտարների կողմից պատվիրակվել են հայոց եկեղեցուն, կամ կամովին ու գիտակցված վերցվել են վերջինիս կողմից:

Այդուհետ պետականության եւ քաղաքական վերնախավի բացակայությունն ազդել է, որ քաղաքական միտքը, գիտելիքը եւ դրանցով սնվող գիտակցությունը իրենց տեղը լիովին զիջեն կրոնական մտքին, գիտելիքին ու գիտակցությանը: Ձեւավորվել է կրոնական մտածողություն, քաղաքական կյանքում որի պոստուլատները դարձել են ճիշտն ու սխալը, ամոթն ու անամոթը, լավն ու վատը` նսեմացնելով արդյունավետին ու անարդյունավետին, իրավին ու անիրավին, օրինականին ու անօրինականին եւ այլն:

Այսօր կրոնական մտքի այդ դիկտատը առավելապես աներեւույթ է մնում մեր հանրության համար, քանզի հայ երեւելի քաղաքական «գործիչները» եւ ընդհանրապես քաղաքական ակտիվություն ցուցաբերող գրեթե յուրաքանչյուր ոք, իրենց մտածողությամբ ու վարքով լիովին ներդաշնակ լինելով ողջ հանրության ընդհանուր վիճակին, երբեք իրենց նեղություն չեն տալիս խորամուխ լինել իրերի այն դրությանը, որտեղ քաղաքական գիտելիքը քաղաքական գործունեության այբուբենն է:

Օրեր առաջ պատմաբան Հայկ Կոնջորյանը կարեւոր քայլ կատարեց` քողազերծեց կրոնական գիտակցության առաջ բերած այն պնդումներից մեկը, թե հայը հային չի կարող ծեծել: Մեր հանրության համար միգուցե շոկային է այն փաստի գիտակցումը, որ հայը հային ոչ միայն կարող է ծեծել, այլ նաեւ տանջամահ անել: Ավելին, պետք է ի վերջո ընդունել, որ պետության չգոյության եւ քաղաքական կյանքում իրական քաղաքական սուբյեկտների բացակայության պայմաններում հանցավոր աշխարհը սեփական խաղի կանոնների հետեւողական հաստատման միջոցով, բռնության ճանապարհով եւ անպատժելիության մթնոլորտում կարող է դառնալ հանրային կյանքի միակ տեր ու տիրականը:

Դրանից հետո կրոնական գիտակցության դիկտատի տակ գտնվող «կուսակցություններին» ու «գործիչներին» մնում է միայն դաշինք կազմել կրիմինալ-օլիգարխիկ շրջանակների հետ եւ նրանց նետած գրոշներից օգտվելու համար կեղծ թեզերի միջոցով հիմնավորել իրենց «ազգափրկիչ առաքելությունն» ու քրեաօլիգարխիայի հետ մերձենալու «քաղաքականության» առաջադիմությունը: Իսկ իրավապահ մարմիններին էլ մնում է միայն, պետությունը ծնկի բերած տականքի հետ իր ամենօրյա «առեւտուրը» եւ սեփական անգործությունը քողարկելու նպատակով, եթեր հեռարձակել այնպիսի տեսագրություններ, ինչպիսին տասնյակ ոստիկանների ներգրավմամբ իրականացված երկու տուփ «պեչենի» գողացած սոված քաղաքացու «վնասազերծման» օպերացիան էր:

Սակայն նկատելի է, որ հանրության շատ շերտերի համար կարծես թե արդեն անհնար է դարձել ապրել կրոնական գիտակցության դիկտատի` հույսը զանազան փրկիչների, լիդերների, արտաքին աշխարհի ու աստծո վրա դնելու պայմաններում: Բացվել են շատերի աչքերը առ այն, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող են լուծել հենց իրենք` քաղաքացիները: Միաժամանակ այսօր աչք փակել վերջին քառորդ դարի ընթացքում կրիմինալի հետեւողականորեն իրականացրած հաղթարշավի եւ դաժանությունների վրա պարզապես հնարավոր չէ այլեւս: Այն արդեն թակում է յուրաքանչյուր քաղաքացու տան դուռը: Կարիք կա բաց աչքերով նայել նաեւ տարիներ շարունակ ոստիկանության առանձին բաժանմունքներում կտտանքների ենթարկվածների կամ զորամասերում «ինքնասպանության» անվան տակ տանջամահ եղած հայորդիների գործերին: Այդ երեւույթները որքան խորհրդային քաղաքական մշակույթի ժառանգությունն են, նույնքան էլ որոշակի պայմաններում դրսեւորվող մարդկային որոշակի մի տեսակի` գլխակերների, կենսաբանական վարքի արտահայտությունն են:

Ուստի Հայաստանի ներսում բռնարարքներ կատարողներն ու դրանք համատարած պարտակողները բոլորովին էլ թուրքեր կամ այլմոլորակայիններ չեն: Նրանք օտարներ չեն, եւ անգամ մի փոքր շերտ կազմող հանցագործներ չեն: Այդպիսիք չեն, քանի որ դիմացինին նվաստացնելու, խոշտանգելու, խեղելու ու այդ գործերը թաքցնելու երեւույթները Հայաստանում ոչ միայն քրեական աշխարհի փորձառու ներկայացուցիչների ձեռքով են կենսագործվում, այլ նաեւ` ոստիկանական բաժանմունքներում, զորանոցներում, ու որքան էլ ցավալի է արձանագրել` նաեւ ԲՈւՀ-երում, բակերում, փողոցներում իրենց հենց այդ կերպ դրսեւորող պաշտոնատար ու շարքային անձանց: Անձիք, որոնք ընդհանրական մի անուն ունեն` գլխակերներ եւ ներկայացնում են ավելի մեծ շերտ, քան կրիմինալն է:

Թերահավատներին կարելի է խորհուրդ տալ նայել վերջին ամիսներին ազատամարտիկներ, կուսակցականներ, քաղաքացիական ակտիվիստներ, Վարդան Պետրոսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի նման ազնվաբարո հայորդիներ, պարզապես քաղաքացիներ նվաստացրած, ծեծած, խոշտանգած կամ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում ապագա հայ սպայի դաժանորեն սպանած հայ գլխակերին` լինի դա ռեցիդիվիստի, ոստիկանի, դատավորի, զինվորականի, թե պատգամավորի կամ նրա անձնական վարորդի տեսքով:

Իհարկե, տականքը, սրիկան, բիճը (այս շարքը շարունակելի է) հանդիպում են բոլոր ազգերում: Մեր ազգը առանձնահատուկ չէ, ու պետք չէ նրա գլխին սրբապսակ, իսկ մեր գլխակերներին էլ` ազգից դուրս դնել: Պարզապես պետք է արձանագրել, որ տականքը, սրիկան ու բիճը պարտադիր կարգով մեծ խավ են դարձել բոլոր այն ժամանակամիջոցներում ու վայրերում, երբ բացակայել է պետությունը կամ գտնվել է հենց այդ գլխակերների ձեռքում: Կարելի է ասել, որ սրիկան, տականքը, բիճը այն ուրվականներն են, ովքեր պետության չգոյության պայմաններում կամ նրա մայրամուտին բնականորեն ձեռնոց են նետում քաղաքացիական հանրությանը եւ ելնում են նրա դեմ «որսի»:

Այսպիսով կարելի արձանագրել, որ պետական շահերով առաջնորդվող քաղաքական վերնախավի եւ քաղաքական գիտակցության բացակայության պայմաններում մեր ժողովուրդը անկախ պետության կառուցման քառորդդարյա այս հանգրվանում կանգնել է իր իսկ ծնած գլխակերների դեմ հանդիման եւ խնդիր ունի գլուխ բերել նրանցից ձերբազատվելու գործը, սակայն չգիտի ինչպես դա անել:

Այդ խնդրում միգուցե կարող են լինել տարբեր լուծումներ: Սակայն ամեն դեպքում դրանք հանրության մտքում պետք է հանգեն մի նպատակի իրագործմանը` կառուցել իրավական, ինքնիշխան պետություն, որն ինքնին չեզոքացնում է գլխակերներին` նրանց մղելով կամ բնական համակեցության կամ նստեցնելով ճաղավանդակների ետեւում: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է դուրս գալ կրոնական մտածողության կաղապարներից եւ խնդիրը դիտարկել քաղաքական հարթությունում: Այստեղ է պետք ընդունել, որ գործը գլուխ բերելու համար մեզ պակասում է ադեկվատությունը: Գլխակերի կողմից ձեռնոց է նետված հանրությանը եւ նրան չդիտարկել հակառակորդ, ինչպես այդ շերտին շատ ճիշտ բնութագրեց Ժիրայր Սեֆիլյանը իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ, նշանակում է կրկին վերադառնալ կրոնական մտածողության դաշտ:

Իսկ գլխակերներից ազատվելու գործը գլուխ բերելու հարցում ժողովուրդը պետք է կարողանա կարգազանցին կարգի հրավիրելու եւ պատժելու քաղաքական գիտակցությունն ունենալ: Սա կլինի ամենաադեկվատ վերաբեմունքը գլխակերին: Վերաբերմունք, որն ընկած է հենց պատժելու միջոցով խնդիր լուծելու երեւույթը մեկնաբանող մի դարձվածքի ժողովրդական ստուգաբանության մեջ:

Ականավոր հայագետ Ստեփան Մալխասյանցը գրում է. «Հին ժամանակ սովորություն կար, որ պատերազմից ետ դարձող զինվորները բերում էին իրենց սպանած թշնամիների գլուխները` իբրեւ ապացույց իրենց գործած քաջության: Որքան շատ լինեին գլուխները, այնքան մեծ էր լինում բերող զինվորականի պարծանքն ու պատիվը: Սրանից է մնացել մեր ժողովրդական լեզվի մեջ «Գլո՞ւխ ես բերել» ոճը, որ նշանակում է. «Ի՞նչ ես պարծենում, հո թշնամու գլուխ չե՞ս բերել»:

Հայի կողմից թշնամու գլուխները կտրելու հարցում հնարավոր կասկածները փարատելու համար երկու մեջբերում կատարենք մեր պատմագրությունից: Փավստոտ Բուզանդը, նկարագրելով 371թ. Ձիրավի հաղթական ճակատամարտի ավարտը, վկայում է` «Իսկ երբ Հայոց բոլոր զորքերը ետ դարձան, թիվ չկար ախոյանների այն գլուխներին, որ Հայոց Մուշեղ քաջ զորավարը բերել էր Հայոց Պապ թագավորի առաջ»: Մեկ այլ պատմիչ` Մխիթար Այրիվանեցին, անդրադառնալով 940-ական թվականներին Հայոց Աբաս թագավորի եւ հյուսիսկովկասյան լեռնաբնակ ցեղերի առաջնորդ Բերի միջեւ տեղի ունեցած պատերազմին, նշում է` «Այս Աբասը գլխատեց Բերին Կարսում, նրա գլխի թասը պատեց ոսկով եւ դրանից էր գինի ըմպում»:

Ինչպես տեսնում ենք հայը ոչ միայն հայի կարող է ծեծել, այլ նաեւ օտարի գլուխներ կտրել ու դնել ի տես բոլորի` հանրային ցուցադրության համար: «Ինչպիսի վայրենություն,- կասի կրոնական գիտակցությունը,- իսկ ո՞ւր մնացին մեր առաքինություններն ու մարդասիրությունը»: Այո անցյալում եղել ենք նաեւ այդպիսի դեպքեր, երբ դրված էր պետության առջեւ ծառացած խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու հրամայականը: Երբ կար թե սեփական հանրությանը ինչ-ինչ հարցերում համոզելու եւ թե օտարին զսպելու քաղաքական խնդիր: Եւ այդ ժամանակ, ինչպես տեսնում ենք, գլուխները նաեւ թռչում էին բառի բուն իմաստով: Իսկ այսօր փոխաբերական իմաստով անգամ մի գլխակեր պաշտոնյայի գլուխ թռած չկա: Եւ ուստի կարգազանցին կարգի հրավիրելու, գլխակերին պատժելու գործը գլուխ բերելու համար իբրեւ գործընթացի սկզբնակետ ժողովրդին պակասում է հենց քաղաքական գիտակցությունը: