հոդվածներ

Հայաստանը նեոֆեոդալիզմի կապանքներում

2015-08-18

21-րդ դարում վարկերի տակ ճկվել է ամբողջ աշխարհը։ Մեր մոլորակի բնակչությունը բանկերից, վարկային կազմակերպություններից անընդհատ նոր վարկեր է վերցնում տարբեր նպատակներով։ Հայաստանում այդ նպատակները երբեմն խելահեղության են հասնում։ Բիզնես վարկերի անվան տակ վերցվող դրամային զանգվածը մեծամասամբ օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով։ Շատ մարդիկ, ցուցամոլությունից դրդված կամ շքեղության մեջ ապրելու պահանջմունքից արբեցած, վարկեր են վերցնում թանկարժեք ավտոմեքենա գնելու, հարսանեկան կամ տոնական ինչ-որ արարողություն անցկացնելու համար: Այլոք, վերցվող վարկի դրամային զանգվածը համարելով ապրուստի այսրոպեական միջոց, փորձում եմ գոյատեւել: Կան նաեւ վարկառուներ ովքեր նոր մեծ վարկեր են վերցնում միայն մի նպատակով՝ փակելու համար նախկինում վերցրած վարկերի գումարը։ Այսպիսով, իրապես գործարարությամբ զբաղվելու նպատակով վերցվող դրամական միջոցներն աստիճանաբար քչանում են` փոխարինվելով մարդկանց սպառողական գործունեության համար տրամադրվող «բիզնես» վարկերով։ Միաժամանակ մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախորդ տարիներին վարկեր են վերցրել, սակայն այսօր համատարած գործազրկության պայմաններում չեն կարողանում մարել իրենց վարկերի գումարները:

Անշուշտ, վարկառուների կողմից վարկերը ոչ նպատակային օգտագործելու հանգամանքը բանկատերերին հայտնի է։ Բնակչությունը նույնպես գիտի, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գիտեն իրենց` վարկերի միջոցով բոլորովին այլ խնդիրներ լուծելու մասին։ Սակայն բանկերը, վարկատու կազմակերպությունները աչքաթող են անում այդ փաստը։ Լռելու, վարկերի ոչ նպատակային օգտագործումը անտեսելու երեւույթը բացատրվում է վարկատուների շահույթ ստանալու հանգամանքով։

Իհարկե, եթե բանկային համակարգը շահույթ չունենա, ապա ոչ մի բանկ չի հանդուրժի մարդկանց` գործարար նպատակներից շեղված եւ բանկերի համար վնասակար վարքը: Քաղաքացիները, չկարողանալով մարել վերցրած վարկերն ու տոկոսները, բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն են տալիս, որ նրանք իրենց շահույթը կորզեն քաղաքացիների գրավադրած գույքը բռնագրավելու ճանապարհով։ Սակայն այստեղ է, որ աշխարհում թերի պատկերացում կա շահույթի այդ տեսակի էության եւ դրանից սպասվող վտանգների ու վնասների մասին: Բռնագրավված գույքի միջոցով իրենց շահույթն ապահովելու միջազգային վարկատու կազմակերպությունների ու խոշոր բանկերի ախորժակը երբեմն դուրս է «գույքի բռնագրավում-աճուրդի կազմակերպում-գույքի օտարում-գույքի վաճառքից ստացված շահույթ» շղթայի տրամաբանությունից: Վարկային գործընթացների արդյունքում իրականում ստեղծված է միջազգային հարստահարող այնպիսի համակարգ, որը կարող է ճորտացնել տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Ո՞րն է այդ համակարգը:

Տարածված է այն պարզաբանումը, թե անպատասխանատու կամ անվճարունակ վարկառուն, շարժական գույքը, թանկարժեք մետաղները կորցնելուց հետո, ի վերջո հատուցելու է անշարժ գույքով։ Եւ այդ անշարժ գույքը դրվելու է աճուրդի ու վաճառքից ստացվող եկամտով բանկը ստանալու է իր շահույթն ու ծածկելու է «վնասները»։ Թվում է թե այդ գործընթացի տրամաբանությունը պարզ է: Բայց միեւնույնն է հեռանկարային առումով մի խնդիր ծագում է։ Բռնագրավված անշարժ գույքի քանակը ի վերջո շուկայում ահռելի մեծ խզում է առաջացնելու առաջարկի ու պահանջարկի միջեւ` բռնագրավված սեփականության վաճառքի գործընթացը անշահութաբեր դարձնելով բանկի, վարկային կազմակերպության համար: Այդ դեպքում ո՞րն է լինելու բանկային համակարգի շահույթը:

Արդեն այսօր Հայաստանում անշարժ գույքի, ավտոմեքենաների եւ գրավադրված այլ միջոցների վաճառքի շուկան տակնուվրա է եղած։ Բոլորը վաճառում են, սակայն գնորդներ գրեթե չկան։ Շուկայում առաջարկի ու պահանջարկի սանդղակների միջեւ եղած տարբերությունն աճում է մեծ արագությամբ։ Եւս մեկ-երկու տարի եւ Հայաստանում կամ «գրոշի արժեք» պետք է ունենան առանձնատներն ու ավտոմեքենաները կամ ընդհանրապես չվաճառվեն՝ իրենց առաջարկվող գնի դիմաց պահանջարկ չլինելու պատճառով։ Ուստի հարց է առաջանում, թե բանկի հաշվեկշռում կուտակված հարյուրավոր ու հազարավոր առանձնատները, բնակարանները, ավտոմեքենաները ինչպես են ապահովելու բանկերի եկամուտն ու շահույթը։

Այս հարցի պատասխանն է, որ մեր քաղաքացիներին պետք է հուզի եւ տագնապեցնի։ Մենք արագ տեմպերով գնում ենք դեպի 21-րդ դարի ճորտատիրական կարգեր։ Ու այդ երեւույթը միայն Հայաստանում չէ։ Այն ամբողջ աշխարհում գործարկված մեխանիզմ է։ Եւ գործում է հետեւյալ կերպ։

Ակնհայտ է, որ երկու կողմերը` թե վարկառու քաղաքացին, թե վարկատու բանկը, նման պայմաններում շահագրգռված չեն գույքի բռնագրավման ու վաճառքի դրվելու հեռանկարից։ Մեկը կորցնում է սեփականությունը, մյուսը ոչ մի եկամուտ ու շահույթ չի ստանում, քանի որ անպետք ու չվաճառվող հազարավոր «թանկարժեք» տները վարկատուների ինչի՞ն են պետք։ Ուստի ի վերջո գործընթացը հանգեցնելու է նրան, որ կատարվելու է գույքի «պայմանական» օտարում։ Անշարժ գույքի սեփականատեր դառնալու է բանկը, բայց փոխադարձ համաձայնությամբ պահպանվելու է նախկին սեփականատիրոջ օգտագործման եւ տիրապետման իրավունքը։ Նախկին վարկային կապանքների փոխարեն ի հայտ է գալու նոր վճարային պարտավորություն` քաղաքացին բնակվելով իր նախկին սեփականություն հանդիսացող տանը աշխատելու է իր եկամտի մի մասը բանկին տալ` պայմանով ու այն հույսով, որ մի օր կկարողանա նախապատվության իրավունքով հետ գնել իր սեփականությունը։ Իրականում նա վճարելու է բանկին որպես իր նախկին բնակարանի վարձակալ եւ փողոցում չհայտնվելու հեռանկարը եւ երբեմնի սեփական տան հետ կապվածությունն են, որ նրան ստիպելու են դառնալ բանկերի ու վարկային կազմակերպությունների պարտապանը:

Սա ճորտատիրական այն նույն մեխանիզմն է, որը եղել է ավատատիրության շրջանում։ Մենք ապրում ենք «նեոֆեդալիզմի» դարաշրջանում, որտեղ վերպետական կորպորացիաները` միջազգային բանկային ու ֆինանսական կազմակերպությունները, գերհսկա մասնավոր ձեռնարկությունները իրենց ձեռքում են կենտրոնացրել աշխարհի ամբողջ տնտեսությունը: Այսօր հայաստանյան բանկերի ու վարկային կազմակերպությունների տրամադրած վարկային գումարների ահռելի չափաբաժինը միջազգային վերպետական այդ կազմակերպությունների ու ձեռնարկությունների ֆինանսական կապիտալից է գոյանում: Տեղական բանկերը ընդամենը միջնորդներ են, որոնք գումար են աշխատում` սպասարկելով միջազգային գերհսկաների շահերը: Հետեւաբար վարկային գործընթացի արդյունքում իրենց սեփականությունից զրկվող մեր քաղաքացիները դառնում են հենց վերպետական կորպորացիաների ճորտերը:

Դարեր առաջ` ավատատիրության սկզբնավորման շրջանում, ազատ համայնական գյուղացիների հողազրկումը աշխարհի տարբեր կողմերում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հենց այս կերպով: Տարբեր հարկերի տակ ճկված եւ շուկայում իր մթերքը իրացնել չկարողացող գյուղացին ստիպված է եղել (առավել «շահավետ» է համարել) հողը էժան գներով վաճառել խոշոր տնտեսություն վարող իշխանության տեղական ներկայացուցչին եւ այդ նույն հողակտորի վրա արդեն աշխատել թե իր եւ թե ավատատիրոջ համար: Այդուհետ բերքի մի մասը տալով ավատատերերին, կամ որոշակի օրեր աշխատելով նրանց համար` մարդիկ որոշ ժամանակ հետո հայտնվել են ճորտական կախման մեջ: Դառնալով գույքի ժամանակավոր տիրապետողներ ու օգտագործողներ գյուղացիները կցվել են հողակտորին եւ զրկվել շատ ու շատ իրավունքներից` այդ թվում ազատ տեղաշարժի իրավունքից: Առաջ է եկել ճորտական իրավունքը:

Այսօր վարկերի բեռան տակ հայտնված մարդկանց կողմից հենց հարստահարող բանկերին իրենց հողակտորների, բնակարանների ու առանձնատների օտարումը նրանց կցելու է աշխարհի մերօրյա այդ տերերին: Իսկ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների թվաքանակի հիմնովին փոքրացումը ուղղակի բերելու է քաղաքական կյանքի առավել մեծ դեգրադացմանը: Հայաստանում գերիշխող կլանային մտածողության պայմաններում դա անխուսափելի գործընթացի է վերածվելու: Նման մտածողությամբ առաջնորդվող հանրության ներկայացուցիչները սպառված կուսակցությունների փոխարեն վերակողմնորոշվելու են դեպի բանկեր` դառնալով այժմ արդեն նրանց քաղաքական կլիենտները: Միաժամանակ, բանկերը քաղաքական կյանքին մասնակցելու համար նաեւ կուսակցական կառույցների ինչ-որ ձեւեր են ընդունելու: Իսկ դաշտում մնացած «ավանդական» կուսակցությունները, կորցնելով կլանային մտածողություն ունեցող եւ դեպի բանկեր վերակողմորոշված իրենց հիմնական էլեկտորատին, մեծ սիրով տրվելու են բանկերին` դառնալու են իրենց ֆինանսավորել ցանկացող վերպետական կազմակերպությունների կլիենտները:

Այսպիսով աշխարհի շատ անկյուններում վերպետական կորպորացիաների հաստատած ճորտատիրական կարգերը բոլորովին էլ չեն շրջանցել Հայաստանը: Դրանք մեր առօրյա կյանքի անբաժան մասն են: Միլիոնավոր մարդիկ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, վարկային գումարների ու պարտավորությունների միջոցով նախ դառնում են բանկերի կլիենտները` իրենց եկամտի որոշակի մասը տարիներ շարունակ բաժին հանելով նրանց, իսկ երբ ինչ-ինչ պայմաններում չեն կարողանում վճարել վարկերի գումարները, ապա դառնում են լիարժեք ճորտեր` կցվելով իրենց այն անշարժ գույքին, որը գրավադրել են այդ նույն բանկերում: Այդուհետ նրանք ոչ թե վարկերի ու դրանց տոկոսների մուծումների միջոցով են իրենց ճորտական հպատակությունը հայտնում բանկերին, այլ` իրենց սեփական տանը մնալու համար վարձակալության ամենամսյա գումարներ բանկերին վճարելով:

Ահա այս հեռանկարն է, որ պետք է մտահոգի քաղաքացիական մեր հանրությանը: Հայաստանն առայժմ վարկային բեռից դեպի վարձակալության բեռի ժամանակաշրջանների սահմանաբաժանին է գտնվում: Բանկային համակարգից լիակատար կախվածությանը մնացել է մի քանի տարի: Այդուհետ Հայաստանում որպես անշարժ գույքի սեփականատերեր կմնան միայն միջազգային կորպորացիաների ենթակա բանկային համակարգը եւ քրեաօլիգարխիկ տեղական կամակատար կլանները, որոնք բացարձակ պատկերացում չունեն թե ինչ է պետական անվտանգությունը եւ որոնք են երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Ի դեպ, ներկայացված պատկերը բոլորովին անպետք է դարձնում Սահմանադրության սահմանափակությունը օտարերկրացիների` հողի սեփականատեր դառնալու մասին: Օտարները Հայաստանի ճորտական կարգերից կորզվող նյութական շահի ուղղակի տերերն են մնալու, իսկ գույքի նկատմամբ սեփականությունը կարող են ձեւակերպել Հայաստանում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող իրենց մասնաճյուղերի վրա: