հոդվածներ

Ապրում ենք դեռ, բայց մահը շարունակվում է

2015-09-22

Պատմությունը որպես գիտակարգ, մարդկությանն առաջին հերթին անհրաժեշտ է անցյալի գիտելիքի հիման վրա փորձառություն ձեռք բերելու համար։ Սոցիումում ցանկացած առաջընթաց հիմնվում է անցյալի փորձի ու նվաճումների վրա։ Այդ տեսանկյունից մեր պատմական հազարամյա փորձառությունը թվում է, թե առավել արժանի ուսուցիչ պետք է լիներ մեզ համար եւ հնարավորություն տար լուծել շատ ու շատ հանրային ու պետական խնդիրներ։ Սակայն ներկայիս իրականությունը բոլորովին այլ բացատրություն է պահանջում։ Կամ տգետ ենք եւ զլանում ենք օգտվել անցյալի փորձառությունից, կամ չափազանց մեծամիտ ենք ու պատմությունից օգտվելու կարիքը չունենք, կամ էլ ․․․

Երբեմն կարելի է լսել, որ պատմությունն ունի օրինաչափություններ եւ կրկին նույն տեղում ստիպում է յուրաքանչյուրին սայթաքել, եթե սերտած չեն լինում պատմության դասերը։ Աբուլ-Ֆարաջը գրում է․

- Ո՞ր հիմարին կարելի է անուղղելի համարել,- հարցրին մի փիլիսոփայի։

- Նրան, ով նույն տեղում սայթաքում է երկու անգամ,- պատասխանեց նա։

Սակայն, տարբեր դարաշրջաններում պատմական շատ ու շատ կրկնվող դրվագներ, բոլորովին էլ մեր տգիտության, մեծամտության, կամ էլ՝ հիմարության, արդյունքը չեն։ Քաղաքական նույնաբովանդական գործընթացների հորձանուտում, երբ ընդհանուր առմամբ կրկնվում են պատմական դեպքերը, դրանք պատմաբանին, քաղաքագետին երբեմն հնարավորություն են տալիս խոսել որոշակի միտումների մասին՝ հիմնվող ինչ-որ մի երեւույթի զարգացման տրամաբանության վրա։ Այնպիսի տրամաբանության վրա, որն իրեն դրսեւորել է անցյալում, սակայն որը որոշակի հանգամանքներից ելնելով ընդհանուր ուրվագծերով տեղ է գտնում ներկայում եւ կարող է տեղ գտնել նաեւ ապագայում։

Այդ տեսանկյունից հայերիս բավական մեծ պատմական ժառանգություն է բաժին հասել։ Եւ երբեմն այնպիսի կրկնվող պատմական դրվագների կարելի է հանդիպել, որոնք արդեն թույլ են տալիս տվյալ քաղաքական զարգացումների մեջ մեր անփոփոխ հոգեկերտվածքի տարրերը գտնել։ Այդուհետ սկսվում է առարկայանալ մի հիմնավորում, ըստ որի պատմության մեջ կրկնվող շատ իրադարձություններ ինչ-որ երեւույթի հենց տեւական ճահճացման արդյունքում են մեզանում վերածվել «օրինաչափության»։ Ի հայտ է գալիս այն բացատրությունը, որ շատ երեւույթներ մեզանում ավարտուն չեն, դրանք որոշակի հոգեկերտվածքի ու մտածողության արգասիքն են, որոնք մնալով անփոփոխ վիճակում, նույն տրամաբանությամբ են ազդում քաղաքական գործընթացների վրա։

Օրեր առաջ բարեկամս մի հետաքրքիր հարցադրում արեց՝ «Պատմության մեջ տեսնես կա՞ մի այլ ժողովուրդ, որը ծնած լինի իր «Սաշիկ» կերպարին եւ երբեւէ մեզ նման չոքած լինի նրա ու նրա ստվերում պետության ղեկավար աշխատող եղբոր առաջ, թե՞ այդ հարցում էլ ենք բացառիկ»։ Հարցադրման հետաքրքրությունը ինձ ստիպեց կրկին թերթել համաշխարհային պատմության էջերը ու հարցի պատասխանը գտա Բյուզանդիայի պատմության մի դրվագում։

967թ․՝ կայսր Նիկեփոր Փոկասի կառավարման չորրորդ տարում, նրա ու նրա մերձավոր շրջապատի նկատմամբ դժգոհությունները հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում հասան իրենց գագաթնակետին։ Նիկեփորը իր ներքին քաղաքականությունը կառուցում էր՝ հենվելով զինվորական դասի վրա։ Նախորդած տարիներին իր հետ պատերազմների բովով անցած զինվորականներին, ովքեր ամբողջ երկրում ստանում էին լայն արտոնություններ եւ գույքային վարձատրություններ՝ նա վերաբերում էր որպես իր գահի ամրության միակ հենարանի։ Ըստ էության Նիկեփորը իր ժամանակի հզորագույն կայսրությունը վերածել էր «ոստիկանապետության» (հին ու միջին դարերում աշխարհի տարբեր երկրներում ներկայիս ոստիկանական գործառույթները կանոնավոր զինվորական ստորաբաժանումներն էին իրականացնում) որը տակնուվրա էր լինում մի կողմից կայսեր տոհմական կլանի ընչաքաղցությունից, մյուս կողմից՝ զինվորականների ամենաթողությունից։ Անգամ որպես զինվորականներին հարկերից հիմնովին ազատելու հիմնավորում նա բերում էր նրանց «կռված տղա» լինելու հանգամանքը՝ ասելով, թե ռազմիկների թափած «արյան հարկը» արդեն իսկ բավարար է, որ նրանք չհարկվեն այլեւս։

Այս կապակցությամբ պատմիչ Հովհաննես Սկիլիցեսը գրում է՝ «Սրա (եւ դեռ ասվելիքի) պատճառով ահա Նիկեփորը բոլորին ատելի ու գարշելի դարձավ։ Սկզբում նա մարդկանց աչքից ընկավ այն պատճառով, որ իր զինվորների գործած բազում զանցանքները անպատիժ թողեց, ասելով, թե «զարմանալու ոչինչ չկա, որ այսքան բազմության մեջ մի քանիսն էլ անկարգություններ են գործում»։ Երբ մտավ քաղաք եւ [իմացավ], որ բազում թե՛ երեւելի եւ թե՛ շարքային մարդկանց ունեցվածքը հափշտակվել է, նա ոչ մեկին պատասխանատվության չենթարկեց, աչք փակեց անօրեն արարքների հանդեպ։ Նա բավականություն էր զգում այն խայտառակություններից, այն բանից, որ անկարգ մարդիկ քաղաքացիներին վատություններ էին գործում եւ այն էլ այնպիսի մարդկանց նկատմամբ, որ քիչ բան չարեցին նրան գահ բարձրացնելու համար»:

Սակայն, ինչպես ակնարկվեց, քաղաքացիների դժգոհություններն ու ատելությունը միայն զինվորականների վարքով եւ պետության մեջ նրանց ունեցած կարգավիճակով պայմանավորված չէին։ Հենց կայսր Նիկեփորի ազգականներն ու նրա հենարան տոհմական կլանն էր, որ ոտնահարելով պետական ու հանրային կյանքը համերաշխաբար ու արդարացիորեն կառուցելու բյուզանդական հանրության մեջ ընդունված սկզբունքները, արհամարհելով բնական համակեցության տարրական նորմերը, իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էին քաղաքացիներին ու պետությունը հարստահարելու գործը գլուխ բերելու վրա՝ տարբեր միջոցներով թալանելով քաղաքացիների գույքն ու եկամուտը։

Պատմիչ Լեւոն Սարկավագը այդ կապակցությամբ գրում է՝ «․․․Այս դեպքը պատճառ դարձավ, որ Բյուզանդիայի [ժողովրդի] կողմից կայսեր նկատմամբ թշնամանք առաջանա։ Դրան գումարվեցին նաեւ նրա եղբոր՝ կուրապաղատ Լեւոնի չարաշահումները, ով փոխարինեց ռազմիկի քաջությունը քաղաքացու ընչաքաղցության հետ։ Փողի նկատմամբ ագահությունից ելնելով՝ նա առանց որեւէ գթածության զրկում էր բնակիչներին հացից ու այլ անհրաժեշտ պարագաներից: Գնելով էժան հաց ՝ նա այն վաճառում էր բարձր գնով։ Քաղաքում մարդիկ սկսեցին շշնջալ․ նրանց կողմից մեղադրանքներ հնչեցին, որ երկու եղբայրները մարդկանց աղետի ենթարկելով՝ այդ աղետն իրենց օգուտի համար են ծառայեցնում եւ պռնկեպռունկ լցնում են իրենց պարկերը հանրային բարիքով։ Չէ որ նաեւ հենց կայսրը, պնդելով, որ ռազմական կարիքների համար իրեն մեծ միջոցներ են պետք, դաժանորեն թալանում էր իր հպատակներին ու հորինում նոր ու չլսված հարկեր»։

Դե ինչ, կարելի է կարծել, որ երկու եղբոր «բարձր հովանու» ներքո սրընթաց կործանվող մեր ներկայիս պետությունը ունի իր նախակարապետը ու այդ հարցում մենք միայնակ չենք։ Օլիգարխիկ մի քանի կլանների՝ (Փոկասներ, Լակապինոսներ, Կուրկուասներ եւ այլն) կառավարման տակ գտնվող, սակայն բնույթով ոստիկանապետություն հիշեցնող Նիկեփորի ու Լեւոնի իշխանությունը դեռեւս հազար տարի առաջ արդեն իսկ մի ամբողջ կայսրություն բերել կանգնեցրել էր սոցիալական ու քաղաքական ճգնաժամի առաջ։

Սակայն կա մի հանգամանք, որը ներկայացված զուգահեռների դեպքում խոսում է պատմության ոչ սովորական կրկնության մասին։ Խոսքն այն մասին է, որ պատմական կրկնվող այդ երկու դրվագների մեջ ի հայտ է գալիս մեր՝ հայերիս, հոգեկերտվածքի ու մտածողության քարացածությունը։ Երկու դեպքում էլ գործ ունենք մեր ժողովրդի անփոփոխ հոգեկերտվածքի այնպիսի տարրերի հետ, որոնք նույնանման քաղաքական զարգացումների դեպքում առաջացնում են այնպիսի միտումներ, որոնք ընդհանուր առմամբ ունենում են նույն հետեւանքները։ Երկու եղբայրներ, ձեռք բերելով իշխանություն, այն ծառայեցնում են սեփական ընչաքղցության բավարարմանը, ընդ որում դա անելով այնպիսի յուրօրինակ գործառույթային դերաբաշխմամբ, որ տնտեսական ամբողջ դաշտը սեփականեցնում է եղբայրներից մեկը, իսկ ռազմաքաղաքականը՝ մյուսը։

Քանի որ մեր եզրահանգումը կապված էր հայերի զուտ էթնոհոգեբանական նկարագրի ու դրանից արտածվող վարքի ներկայացման վրա՝ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես կարող է Բյուզանդական կայսրությանը վերաբերող տվյալ պատմական օրինակը խոսել հենց մեր ազգի ինչ-որ նկարագրի մասին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տվյալ պատմական դրվագում գործ ունենք հենց հայերի կողմից մի ամբողջ կայսրություն հարստահարելու օրինակի հետ։ Նիկեփոր եւ Լեւոն եղբայրների տոհմը՝ Փոկասների ընտանիքը եւ արդեն իսկ մատնանշված մյուս կլանները՝ Լակապինոսները, Կուրկուասները, Սկլերոսները, ունեին հայկական արմատներ։ Նույնն էր վիճակը նաեւ նրանց հենարան զինվորականության էթնիկ կազմում։ Հայերը Բյուզանդական կայսրությունում մասնավորապես 10-րդ դարում իրենց ձեռքում էին կենտրոնացրել պետության ռազմաքաղաքական բարձրագույն պաշտոնները ու հիերարխիկ սկզբունքով իրենցից ներքեւ կանգնեցրել էթնիկության կամ տարածական հայրենակցության վրա հիմնվող տարբեր հայ անհատների։ Այդպես հաստատվել էր ժամանակի բյուզանդական ազնվականության հզորագույն մի ամբողջ շերտի՝ հայկական ռազմաքաղաքական ու տնտեսական կլանների իշխանությունը։

Նիկեփոր Փոկասի հետագա իշխանությունը դեպքերի մի շատ հետաքրքիր զարգացում ապրեց։ Քանի որ կայսեր պահակախումբը բաղկացած էր բացառապես հայերից, իսկ զինվորական դասին տրված արտոնությունները առավելապես կապվում էին հենց հայ զինվորականների հետ, ուստի բյուզանդական պետության «ղարաբաղյան կլանը» շատ շուտ իր վրա բեւեռեց ողջ հանրության ուշադրությունը։ Հայրենակցության ու ազգակցության վրա հիմնված հայերի ռազմաքաղաքական շրջանակները, հետզհետե սկսեցին կայսրության տարբեր ազգությունների ու քաղաքային բնակչության մյուս շերտերի թիրախը դառնալ։ Ատելությունը հանդեպ Փոկասների կլանը շատ հեշտությամբ վերափոխվում էր հայերի հանդեպ թշնամանքի եւ հիմք տալիս մեծ ընդհարումների։ Այդ կապակցությամբ պատմիչ Հովհաննես Սկիլիցեսը գրում է․

«Մի ուրիշ բան էլ պատահեց, որ էլ ավելի գրգռեց նրա դեմ կուտակված ատելությունը։ Սուրբ Զատկի տոնի օրը նավաստիների ու հայերի միջեւ տեղի ունեցած ընդհարման ժամանակ բազում մարդիկ սպանվեցին, քիչ էր մնացել զոհ դառնար նաեւ [քաղաքի] էպարքոս Սիսինիոս մագիստրոսը։ Այդ առթիվ լուր տարածվեց, որ Նիկեփորը, զայրացած լինելով քաղաքացիների հանդեպ, որպես խառնակությունների առիթ տվողների, մտադիր է ձիարշավությունների օրը դեմոսին ծուղակը գցել եւ պատժել։ Մի փոքր ժամանակ անց, երբ ձիարշավական [մրցումներն] էին տեղի ունենում, Նիկեփորը, ուզենալով քաղաքացիներին ցույց տալ, թե ինչ բան է պատերազմը, գուցե եւ ավելի ճիշտ քաղաքացիների մեջ երկյուղ սփռելու համար, ոմանց հրամայեց սրերը մերկացնելով, ռազմախաղ կատարել, իբրեւ թե դիտողներին զվարճացնելու համար։ Երբ դա տեղի ունեցավ, դիտողները, իրենց տեսածի նպատակին այնտեղյակ, ենթադրելով, որ տարածված լուրն արդեն կյանքի է կոչվում, վազքով շտապեցին դեպի դիք ու նեղ ելքերը եւ իրար տրորելով, կոտորվում էին։ Բոլորն էլ իրար ոտնատակ լինելով գլխովին կկոտորվեին, եթե չնկատեին, որ կայսրը հանգիստ ու անշարժ նստած է իր բազկաթոռին։ Դեմոսը նրան անշարժ տեսնելով եւ համոզվելով, որ տեղի ունեցածը [կայսեր] կամքից անկախ եղավ, դադարեցրին փախուստը»:

Նույն դեպքերի կապակցությամբ պատմիչ Զոնարասը գրում է, որ երբ նավաստիների եւ հայերի կռվի մասին իմացան Կոստանդնուպոլսի անկարգ քաղաքացիները, նրանք խմբեր կազմելով կայսեր վերադարձին դուրս եկան եւ փայտերով սկսեցին հարվածել հայերին։

Մի այլ պատմիչ՝ Լեւոն Սարկավագը գրում է՝ «Փրկչի Համբարձման տոնի օրը, երբ կայսրը ընդունված կարգի համաձայն, [քաղաքի] պարիսպներից դուրս՝ Պեգե կոչվող վայրում (այնտեղ կառուցված էր մի հիասքանչ տաճար՝ Աստվածամոր անունով), շքերթ կազմակերպեց, տեղի ունեցավ կռիվ Բյուզանդիայի (Կոստանդնուպոլսի- Ս․Ս․) բնակիչների եւ հայերի միջեւ, որի ժամանակ հայերի ձեռքով բազում քաղաքացիներ սպանվեցին։ Դրանից հետո՝ երեկոյան, երբ կայսրը վերադառնում էր պալատ, քաղաքի բնակիչները նրա վրա սկսեցին լուտանքներ ու քարեր շպրտել»։

Բերված փաստերից երեւում է, որ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից՝ նավաստիների կամ թե այլ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած ընդհարումներից հետո Պոլսի բնակիչները գազազում են հենց կայսեր դեմ։ Անշուշտ նրա հայկական ծագումը, կայսերական գվարդիայի ամենաթողությունը, ընդհանրապես հայկական ռազմաքաղաքական տարբեր կլանների գործունեության արդյունքում առաջացած դժգությունները ի վերջո հենց կայսեր անձի դեմ էին համախմբելու բոլորին։ Եւ դա տեսնում էր հենց ինքը Նիկեփորը եւ ստիպված էր քայլեր ձեռնարկել։

Հովհաննես Սկիլիցեսը գրում է՝ «Քրիստոսի համբարձման տոնի օրը Նիկեփորը Պեգեում պաշտոնական շքերթ կազմակերպեց։ Վերադարձին, ձիարշավարանում սպանված մարդկանց ազգականները նրան հացավաճառների հրապարակում լուտանքներով դիմավորեցին, անվանեցին ոճրագործ ու մարդասպան, ցեղակիցների արյամբ պղծված։ Նրանք նրա վրա հող ու քարեր էին շպրտում՝ մինչեւ Կոստանդին Մեծի հրապարակը։ [Նիկեփորը] սարսափից կքարանար կմնար, եթե հարգարժան քաղաքացիներից ոմանք չկանխեին դա, եւ խռովարարներին չքշեին։ Նրանք [կայսեր] ներբողելով մինչեւ պալատ ուղեկցեցին։ Ահա այս բոլորի պատճառով նա գիտեր, որ ատելի է քաղաքացիներին եւ նրանց հարձակումից վախենալուց էր, որ միջնաբերդը կառուցեց։ Բայց ճակատագրից նա չխուսափեց»։

Քաղաքի կենտրոնում իր պալատը մի անառիկ ամրոցի՝ մեծ պարիսպներով ու խրամով շրջափակված միջնաբերդի վերածած Նիկեփոր Փոկասը սպանվեց 969թ. զորավար նույնպես հայազգի Հովհաննես Չմշկիկի կազմակերպած հեղաշրջման ժամանակ, հենց այն օրը, երբ ավարտվեց իր այդ պալատի հսկայական պարիսպների շինարարությունը։ Անգամ այդ պարիսպները չփրկեցին կայսերը։ Դա տեղի ունեցավ բյուզանդական զինվորական ղեկավարության ցանկությամբ, հոգեւորականության, պաշտոնեության լուռ համաձայնությամբ ու իշխող դասերի ընդհանուր այն նկատառումից ելնելով՝ որ կառավարողները եթե իրենք չլուծեն Նիկեփորի խնդիրը, ապա ժողովրդական ապստամբությունն անխուսափելի կդառնա։ Կոստանդնուպոլսում չգտնվեց որեւէ մեկը, ով վրդովվեց կայսեր սպանությունից: Անգամ Նիկեփորի կինը՝ կայսրուհի Թեոփանոն, մասնակիցը դարձավ դավադրությանը։ Իր կյանքում արդեն երկրորդ կայսր ամուսնուն՝ Նիկեփորին, նա չխորշեց խորտակել, որպեսզի ձեռք բերի այս անգամ արդեն իր երրորդ կայսր ամուսնուն՝ Հովհաննեսին, ով նրա հերթական սիրեկանն էր դարձել։

Հովհաննես Սկիլիցեսը գրում է՝ «․․․ դեկտեմբերի 11-ին Թեոփանոն մարդ ուղարկեց եւ Չմշկիկին բերեց պալատի ներքեւում գտնվող ձեռակերտ նավահանգիստը եւ կողովի մեջ իր բոլոր մարդկանց հետ վեր քաշեց։․․․ [Նիկեփորը] քուն էր մտած, նա ամենեւին չզգաց իրեն սպանելու համար եկածների ժամանումը։ Չմշկիկը ոտքով զարթնեցրեց նրան։ Երբ Նիկեփորը զարթնեց եւ իր աջ թեւի արմունկը դնելով գետնին գլուխը բարձրացրեց, Լեւոն Աբալանտեսը մերկացած սրով ուժեղ հարված հասցրեց նրա բաց գլխին․․․ Դրանից հետո [Նիկեփորին] սփռոցից բարձրացնելով, տարան Չմշկիկի մոտ, որ կայսերական մահճակալի վրա էր նստել, գլխին բազում լուտանքներ, հայհոյանքներ ու հիշոցներ թափելով։ Նա մի բան էր միայն ասում․ «Տե՜ր, ողորմյա՛» եւ «Աստվածածի՜ն, օգնյա՛»»։ Սկիլիցեսին շարունակում է Լեւոն Սարկավագը՝ «Հովհաննեսը բռնեց նրա մորուքից եւ առանց խղճմտանքի սկսեց թափահարել, իսկ մյուս դավադիրները այնպիսի կատաղությամբ ու անմարդկայնորեն էին սրերի կոթերով խփում այտերին, որ նրա ատամները իրար եկան ու սկսեցին թափվել։ Երբ նրանք հագեցան Նիկեփորի տանջանքներից, Հովհաննեսը ոտքով սեղմեց նրա կրծքին, սուրը բարձրացրեց ու ուժեղ հարվածով գանգը երկու կես արեց։ Նա հրամայեց մյուսներին եւս հարվածներ հասցնել․․․»։

Ընդհանուր գծերով անցյալի ու ներկայի միջեւ զուգահեռներ անցկացնելիս՝ այսօր յուրաքանչյուրն իր մտքի շարժին ապավինելով կարող է բոլորովին տարբեր կարծիք հայտնել բնույթով կամ ձեւով համանման երեւույթների կապակցությամբ։ Մեկի համար եղածը պատմության օրինաչափությունների շարքին կարող է դասվել, մյուսի համար սովորական պատահականություն լինել, մեկ ուրիշի համար՝ ուրվագծել ներկայի այն միտումները, որոնք ուղղված են դեպի ապագա։ Մեկի համար բերված փաստերը միայն հպարտության առիթ կարող են դառնալ, ի վերջո նկարագրվածում հայ կայսրերի ու ընդհանրապես հայերի, թեկուզեւ բացասական երանգով, բայց այնպիսի գերադրական «մենք»-ի արտահայտություն կա, որ կարող է սուբլիմացնել ու սքողել ազգի ներկայիս անզորությունը։ Ինչ-որ մեկի համար էլ այն մեր հազարամյա մշակույթի բաղկացուցիչը կարող է դիտարկվել, այն հոգեկերտվածքի մի մասը, որը ազգին բերել հասցրել է սեփական պետությունը իր իսկ ձեռքով հոշոտելու փաստի առաջ։

Որպես վերջաբան մնում է մեզ նշել հետեւյալը․ քանզի պատմությունը մարդկության գլխավոր ուսուցիչն է, ուստի մեզ ուղեկցող տգիտության, մեծամտության կամ հիմարության հետ մեկտեղ, պատմության դասերը սերտել կարողանալու համար, մենք խնդիր ունենք նաեւ պատմության հազարամյա մեր ընթացքի ինչ-որ մի կետում առանձին երեւույթների տեւական չավարտված ընթացքի վերջակետը դնել եւ ամեն ինչ սկսել նոր տողից։ Այլապես ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր՝ նոր իրավիճակում մեր հին հոգերտվածքին ու մտածողությանը հանգույն զարգացումները կրկին մի նոր ցիկլի մեջ այն կրկնելու համար։ Նման մի ցիկլի մեջ գտվելով՝ ապրելով ժամանակակից «Լեւոն ու Նիկեփոր» եղբայրների «բարձր հովանու» ներքո, մի քիչ բարդ որոշումները մեզ համար անհարժեշտություն են դարձել։ Դա է պատմության գլխավոր դասերից մեկը, եթե չենք ցանկանում ընդմիշտ ապրել այդ «բարձր հովանու» տակ՝ հպատակի կարգավիճակում։