հոդվածներ

Սահմանք քաջաց զէնն իւրեանց-3

սկիզբը

Մինչ այժմ հայ ռազմարվեստի հնադարյան ու միջնադարյան պատմության մասին խոսելիս ուսումնասիրողներն առավելապես անդրադարձել են ռազմական գործողությունների ընդհանուր վիճակին, ներկայացրել պատերազմների նախադրյալներն ու հետեւանքները, ճակատամարտերի վայրը, ժամանակը, ընթացքը: Սակայն ներկայացվող իրադարձությունների այդ համայնապատկերի մեջ մեծամասամբ դուրս են մնացել հայ ռազմիկի սխրագործությունները, արիության ու քաջության կոնկրետ գործերը, նրա անձը բնութագրող հատկանիշները:

Իհարկե մեզանից պատմական մեծ ժամանակահատված բաժանող իրադարձությունների մասին խոսելիս, երբեմն շատ դժվար է լինում վերականգնել կոնկրետ անձանց կերպարները, քանի որ մենք գործ ենք ունենում ոչ թե արխիվային նյութերի ու հայ զինվորի գործողություններին մասնակից ականատեսների վկայությունների հետ: Անտիկ ու միջնադարյան գրավոր աղբյուրներն այդ առումով բավական սուղ տվյալների շտեմարան են: Երբեմն հարկ է լինում շատ ավելի մեծ տեղեկատվական բազա ու վերլուծական ջանք գործադրել` ստանալու համար ճշմարտությանը մոտ անցյալի պատկերը: Այսպես, երբ մենք վերլուծում ենք որեւէ իշխանի գործունեությունը, բացի աղբյուրների ուղղակի տվյալներից հարկ է լինում անուղղակի տեղեկատվություն քաղել նաեւ նրա տոհմի պատմությունից, ապրած միջավայրից, մեզ հասած տոհմական նյութական մշակույթից եւ դրանք շաղկապել ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակի հետ` հասկանալու համար թե ինչ արժեքների կրողն է եղել մեր հերոսը, ինչպես է մտածել ու գործել:

Ահա հենց այս լայն խորապատկերի վրա ստորեւ կփորձենք ներկայացնել հայ ռազմարվեստի պատմությունից որոշ դրվագներ, որտեղ սակայն մեր ուշադրության կենտրոնում կլինեն կոնկրետ անձիք` իրենց առաքինություններով ու արատներով հանդերձ: Նման մոտեցումը շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն ունի այսօր, քանի որ մարդկանց կամքը չի քնեցնում վերացական պաթոսի միջոցով, այլ կոնկրետ իրավիճակում դժվարությունների դեմ հանդիման կանգնած մարդկանց անցյալի փորձը ցուցանելով` ստիպում է մտածել այսօր եւս առաքինի գործեր կատարելու ու խնդիրների լուծման արդյունավետ ելքեր գտնելու մասին:

Այդ տեսանկյունից մեզ բաժին հասած պատմությունը լի է սխրանքներով, արիության գործերով: Որպես փոխանցելի գիտելիք հարկ է ոչ թե շարադրել չոր փաստերն ու հպարտանալ անցյալի փառքի մասին պատմություններով, այն մեզ միայն սնափառություն ու մեծամտություն կհաղորդի, այլ պետք է տեսնել հայ զինվորի սուբյեկտայնության հիմքերը, հասկանալ թե իր վարքով նա ինչ խնդիր էր լուծում եւ ինչ արդյունքի հասավ: Պատմական իրադարձություններին անդրադառնալիս պաթոսը կեղծ հայրենասիրության ստնտու մայրն է` սեփական անզորության ցուցիչը, իսկ գործունակության, կարողության, սուբյեկտայնության հիմքերի պարզումը` ամենամեծ հայրենասիրությունը: Անցյալի փորձին նայելիս դրան պետք է ձգտի հայը` պատմելու համար ոչ թե այն, թե ինչ է եղել պատմության ընթացքում, այլ սովորելու համար թե ինչպես է կերտվել փառահեղ կամ անփառունակ անցյալը, ինչ վարքի կամ անգործության արդյունքում:

Աշխարհի չորս կողմերում պատերազմ մղած երեք եղբայրները

VI դարի 20-ական թվականներին կրկին սրվում են հարաբերությունները երկու տերությունների` Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ, որոնք մեկ ու կես դար արդեն Հայաստանը բաժանել էին միմյանց միջեւ: Բյուզանդական կայսրությունը հրաժարվում է 506թ. յոթնամյա հաշտության պայմանագրով պարսիկներին վճարվելիք ամենամյա գումարից, որի դիմաց վերջիններս պետք է պաշտպանեին կովկասյան լեռնանցքները զանազան ցեղերի ներխուժումներից: Ռազմական գործողությունները հիմնականում ծավալվում են Ասորիքում (Սիրիա): Բայց Հայաստանը եւս անմասն չի մնում այդ պատերազմից: Արեւելյան մասում` Պարսկահայաստանում պարսիկներն այդ ժամանակ զինվորական խոշոր ուժեր չունեին կենտրոնացրած, ուստի բյուզանդական զորքերին դիմագրավելու գործը ընկնում է Մարզպանական Հայաստանի նախարարական ուժերի վրա: Ահա այս պատերազմում առաջին անգամ հիշատակվում են Կամսարական երեք եղբայրներ Ներսեհը, Հրահատը եւ Սահակը, ովքեր հետագա երկու տասնամյակներում ակտիվ գործունեություն են ծավալում Եւրոպայում, Ասիայում ու Աֆրիկայում:

530թ. Ներսեհն ու Հրահատը պատերազմում են Արեւելյան Հայաստան ներխուժած բյուզանդական բանակի դեմ ու հաղթանակ տանում: Ռազմական այդ գործողությունների ժամանակ բյուզանդական բանակը գործում էր Բելիսարիոս եւ Սիտտաս հայտնի զորավարների հրամանատարությամբ, ովքեր ունեին զինվորական ամենաբարձր magister militum աստիճանը: Սակայն այդ պատերազմական գործողություններից հետո Կամսարական երկու եղբայրներն իրենց մոր հետ միասին կամավոր անցնում են բյուզանդացիների կողմը, որի դիմաց դրամական մեծ գումար ստանում կայսեր` «ծագումով պարսկահայ» գանձապահ Ներսեսից: Վերջինս անչափ մեծ դիրք ուներ բյուզանդական արքունիքում եւ Կամսարական եղբայրներին դեպի կայսերական ծառայություն ներգրավելու գործում առաջնային դերակատարում է ունեցել:

Շուտով ավագ եղբայրների օրինակին է հետեւում նաեւ նրանց կրտսեր եղբայրը` Սահակը: Ըստ Պրոկոպիոս Կեսարացու` նա «գաղտին բանակցությունների մեջ մտավ հռոմայեցիների հետ եւ Թեոդոսուպոլիսի (Կարին-Ս.Ս.) սահմաններին շատ մոտ գտնվող Բոլոս (Բողբերդ-Ս.Ս.) ամրոցը հանձնեց նրանց: Նա հանձնարարել էր [հռոմեացիներին] զինվորներ ուղարկել [ամրոցին] մոտիկ եւ թաքնվել, իսկ ինքը գիշերով ծածուկ բացելով դարպասը` նրանց ներս թողեց ամրոց: Դրանից հետո նա եւս եկավ Բուզանդիոն»:

531թ. Ներսեհ Կամսարականին տեսնում ենք Եգիպտոսում հռոմեական կայազորի հրամանատարի պաշտոնում: Պրոկոպիոս Կեսարացին գրում է` «Ծագումով պարսկահայ Ներսեհը, որ ինչպես ես վերը նշեցի, կամավոր կերպով հռոմայեցիների կողմն էր անցել եւ նշանակվել Եգիպտոսի կայազորի հրամանատար, համաձայն կայսեր հրամանի ավերեց սրբարանները, քրմերին բանտարկեց, իսկ արձանները տեղափոխեց Բյուզանդիոն»:

538թ. ամռանը Հուստինիանոս կայսրը Իտալիայում գտնվող Բելիսարիոսի ընդհանուր հրամանատարությամբ գործող բյուզանդական զորքերին որպես օգնություն ուղարկում է լրացուցիչ օժանդակ ուժեր: Այդ զինուժի կազմում էր նաեւ Ներսեհ Կամսարականն իր գնդով: Իսկ նրա եղբայր Հրահատը մի այլ զորաջոկատի հետ միասին մինչ այդ էր եկել Իտալիա` Բելիսարիոսին օգնության: Երկու եղբայրները եւ նրանց հրամատարությամբ գործող գնդերը Իտալիայում գործող բյուզանդական բանակի կազմում երկու տարի բավական մեծ ջանք թափեցին գոթերի դեմ պատերազմում կայսրության դիրքերը ամրացնելու համար եւ աչքի ընկան բազում մարտերում: Ի դեպ, այդուհետ Կամսարական եղբայրները որպես հրամանատարներ կռվում էին բյուզանդական բանակի ընդհանուր զորահրամանատար Բելիսարիոսի ենթակայությամբ, այն նույն տաղանդավոր ու փառապանծ զորավարի, որին ընդամենը մի քանի տարի առաջ պարտության էին մատնել: Կամսարականների հրամանատարությամբ գործող զորքը բավական հանդուգն մարտեր էր մղում` ստիպելով օտարներին խուսափել հայերի հետ բախումներից: Ավքսիմոսի պաշարման ժամանակ տեղի ունեցած մի ընդհարման մասին Պրոկոպիոս Կեսարացին գրում է.

«…Ճակատամարտը, որ սկսվեց առավոտյան, երկարեց մինչեւ կեսօր: Ներսեհին եւ Հրահատին ենթակա զինվորներից յոթ հայ, հոյակապ սխրագործություններ կատարեցին դժվարանցանելի զառիթափ վայրում, կարծես հարթավայրում լիներ, իրենց դիմադրող թշնամիներին կոտորեցին եւ ետ մղելով` փախուստի մատնեցին: Մնացած հռոմայեցիները (բյուզանդացիները-Ս.Ս.), տեսնելով, որ թշնամիները տեղի են տալիս, սկսեցին հալածել եւ բարբարոսները գլխովին փախուստի դիմելով, նորից պարսպի ետեւ անցան…»:

540թ. Բելիսարիոսը Հուստինիանոս կայսեր կարգադրությամբ Իտալիայից եկավ Կոստանդնուպոլիս: Մայրաքաղաքում ձմեռելուց հետո 541թ. նա նշանակվեց Արեւելքի զորքերի ընդհանուր զորահրամանատար ու մեկնեց պարսիկների դեմ պատերազմի: Նրա հետ Իտալիայից եկած զորահրամանատարների թվում էին նաեւ Կամսարական եղբայրները, ում այդուհետ տեսնում ենք Բյուզանդիայի մղած պատերազմների արեւելյան թատերաբեմում:

543թ. Ներսեհ Կամսարականը Կարին մոտ խմբավորվող բյուզանդական զորքերի կազմում էր: Այստեղ նա գլխավորում էր գլխավորապես հայերից բաղկացած մի գունդ: Նույն այդ ժամանակ Կարինից չորս օրվա հեռավորության վրա գտնվող բյուզանդական սահմանային Կթառիճ ամրոցում էր գտնվում նրա եղբայր Սահակ Կամսարականը, ով Սասանյան պետության դեմ ռազմարշավի պատրաստվող բյուզանդական զորքերի այդ ճակատի հրամանատարն էր:

Նույն թվականին դեպի Արեւելյան Հայաստան կատարված ռազմարշավը սակայն բյուզանդացիների համար ի վերջո ավարտվում են պարտությամբ: Բագրեւանդ գավառի Անգղ բերդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական չորս հազարանոց դարանակալ զորքը կարողանում է խուճապ առաջացնել դեպի իրեն շարժվող եւ ծուղակում հայտնված բյուզանդացիներին ու հաղթել լիակատար մարտակարգի չբերված նրանց գերակշիռ ուժերին: Ճակատամարտում սպանվում է Ներսեհ Կամսարականը: Ըստ Պրոկոպիոս Կեսարացու`

«Առաջինը մարտի բռնվեց Ներսեհը էրուլների եւ իրեն հետեւող հռոմայեցների հետ եւ ընդհարվելով փախուստի մատնեց իր դեմ ելած պարսիկներին: Փախուստի դիմած պարսիկները վազքով բարձրանում էին դեպի ամրոցը: Այստեղ նեղանցուկ տեղում երկու կողմից էլ մեծ կոտորած տեղի ունեցավ: Ներսեհն իր մարդկանց կոչ անելով, ավելի սաստիկ էր նեղում թշնամիներին, ապա գործի անցան մնացած հռոմայեցիները: Խրճիթների մեջ դարանակալած [թշնամիները], որոնց մասին ասվեց, հանկարծ դուրս եկան եւ անակնկալ հարձակում գործելով էրուլների վրա, ոմանց կոտորեցին եւ հենց իրեն` Ներսեհի գլխին հարված հասցրին: Նրա եղբայրը` Սահակը մահացու վերք ստացած [Ներսեհին] դուրս հանեց մարտնչողների շարքից, բայց շատ չանցած նա վախճանվեց` իր քաջությամբ աչքի ընկնելով այս մարտում: Ինչպես պետք էր սպասել, դրանից մեծ իրարանցում տեղի ունեցավ հռոմայեցիների զորքի մեջ եւ այդ միջոցին Նաբեդեսը հակառակորդի դեմ հանեց պարսից ամբողջ զորքը…»:

Ինչպես տեսնում ենք, բյուզանդական բանակի առաջապահ գունդը ղեկավարել է Ներսեհը` իր վրա վերցնելով թշնամու ամենակատաղի հարվածը: Իսկ կռվի ամենաթեժ պահին, երբ Ներսեհը մահացու վիրավորում է ստացել, Սահակ Կամսարականն ավագ եղբորը կռվի դաշտից դուրս բերելու խնդիր է լուծել` հուսով, որ կկարողանա փրկել նրա կյանքը: Կռվի դաշտում զինվորների` միմյանց թիկունք լինելու, վիրավորներին ամեն գնով անվտանգ վայր տեղափոխելու նպատակադրությունը հայ զինվորի վեհանձնության մասին է խոսում: Այդ առաքինի վարքագիծը մինչ օրս ուղեկցում է հայ զինվորին` հնարավորություն տալով փրկել բազում վիրավորների, կամ հարազատներին հանձնել զոհվածների աճյունները:

544թ. Հուստինիանոսը պարսկական ճակատից ստիպված է լինում երկրորդ անգամ Իտալիա ուղարկել Բելիսարիոսին` գոթերի դեմ պատերազմում անհաջողությունների դեմն առնելու համար: Վերջինս անհաջողություններ կրելով` կայսրից խնդրում է նոր օգնական ուժեր: 545թ. Հուստինիանոսն ուղարկում է երկու զորավարների, որոնցից մեկը Սահակ Կամսարականն էր իր զորքով: 546թ. ծավալված ռազմական գործողությունների ժամանակ էլ Իտալիայում գերվում եւ սպանվում է Սահակ Կամսարականը: Ըստ Պրոկոպիոս Կեսարացու` Սահակի գերվելն ու մահը տեղի է ունեցել հետեւյալ կերպ.

«… Բելիսարիոսը այլ հետեւակ եւ հեծյալ զինվորներ առանձնացրեց, տեղադրեց Տիբերիսի գետաբերանի երկու կողմը` ամուր վայրում, հրամայելով նրանց մնալ տեղում եւ երբ թշնամիներից ոմանք շարժվեն Պորտոսի վրա, ամբողջ ուժով ետ մղեն: Նա Սահակին Պորտոս մտցրեց, հանձնեց նրան քաղաքը, իր կնոջը եւ ինչ որ այնտեղ ուներ` կարգադրելով որ քանի դեռ չի լսել, թե Բելիսարիոսը սպանվել է թշնամիների կողմից, ոչ մի դեպքում այնտեղից չհեռանա, հաստատակամորեն պահի [քաղաքը], որպեսզի որեւէ դժվարության դեպքում իրենք փախչելու եւ փրկվելու տեղ ունենան, քանզի այդ վայրում իրենք ոչ մի ամրություն չունեն, ամբողջ շրջակայքը իրենց համար թշնամական է:

… Այդ միջոցին Պորտոսում լուր տարածվեց, ի վնաս հռոմայեցիների, թե իբր Բելիսարիոսը հաղթել է, ջարդել է շղթան, կոտորել այն պահող բարբարոսներին եւ այլնի մասին…: Սահակը, լսելով այդ, այլեւս չկարողացավ տեղում մնալ, եւ շտապեց մասնակից դառնալ այդպիսի [մեծ] փառքին: Անտեսելով Բելիսարիոսի կարգադրությունները, նա արագ շարժվեց դեպի գետի մյուս ափը, ուր Օստիան է գտնվում: Նա իր հետ վերցրեց Բելիսարիոսի կողմից այստեղ հաստատված զորքերից հարյուր հեծյալ ու արշավեց թշնամիների ամրացված ճամբարի վրա, որոնց գլխավորում էր քաջ պատերազմող Ռուդերիքոսը: Նա հանկարծակի հարձակվեց այնտեղ բարբարոսների վրա, հարվածեց ոմանց, այդ թվում նաեւ դիմադրություն ցույց տված Ռուդերիքոսին: Գոթերն իսկույն թողեցին ճամբարը եւ նահանջեցին, կա՛մ որովհետեւ կասկածեցին, որ Սահակի ետեւում թշնամիների մեծ բազմություն կա, կամ էլ հակառակորդներին խաբելու համար, որպեսզի կարողանան նրանց գերի վերցնել, ինչ որ եւ տեղի ունեցավ:

Սահակի հետ թշնամիների ճամբարը ներխուժողները հափշտակեցին այնտեղ գտնվող արծաթեղենը եւ մնացած դրամը: Բայց գոթերն անմիջապես հակահարձակման անցան, բազմաթիվ հակառակորդների կոտորեցին եւ Սահակին մի քանի հոգու հետ գերի վերցրին: Բելիսարիոսի մոտ փութանակի ժամանած հեծյալները հայտնեցին, որ Սահակը թշնամիների ձեռքն է ընկել: Բելիսարիոսը ապշեց լսածի վրա եւ նույնիսկ հարց ու փորձ չարեց, թե ինչպես գերեվարվեց Սահակը: Ենթադրելով, որ կորել է ե՛ւ Պորտոսը, ե՛ւ իր կինը, որ իրենց բոլոր գործերը շուռ են եկել, որ այլեւս ոչ մի ամրություն իրենց չի մնացել, որտեղ կարելի լիներ փախչելով փրկվել, հուսահատության մեջ ընկավ, ինչ որ նրա հետ երբեք չէր պատահել: Այդ պատճառով նա զորքը շտապ ետ տարավ` հարձակվելու համար դեռես կռվին անպատրաստ վիճակում գտնվող թշնամիների վրա, ամեն գնով վայրը վերագրավելու նպատակով:

Ահա այսպես հռոմեական զորքը նպատակին չհասած հեռացավ: Բելիսարիոսը, լինելով Պորտոսում, իմացավ Սահակի հիմարության մասին, հասկացավ, որ անհրաժեշտ չէր այդքան մտահոգվել: Սակայն այդ դժբախտության պատճառով ունեցած ապրումներից հիվանդացավ: Բազում օրեր ջերմության մեջ էր, որն իրեն շատ էր տանջում եւ մահ սպառնում: Երկու օր անց Ռուդերիքոսը վախճանվեց, իսկ Տուտիլասը այդ պատահարի առթիվ շատ կսկծալով, սպանեց Սահակին»:

Ռուդերիքոսի նման պատերազմողի մահը գոթերի գլխավոր զորահրամանատար Տուտիլասի համար մեծ հարված էր: Ընդհանրապես զինվորական հմուտ կադրերը պատերազմների ժամանակ առաջնային նշանակություն են ունենում: Պատերազմների ելքերն առավելապես կախված են լինում ոչ թե բանակի զինվածությունից, այլ զինվորների կամային որակներից, հոգեբանական նկարագրից ու ռազմական պատրաստվածությունից: Անցյալի պատերազմներում միշտ գնահատվել է հակառակորդի զորությունն ու ուժը: Եւ սեփական քաջ զորականի մահը դիտարկվել է որպես հակառակորդի նույնքան հզոր բազկի ներգործության հետեւանք: Ուստի եթե գերվում էր թշնամի այն ռազմիկը, առավել եւս զորահրամանատարը, որը սպանել կամ մահացու հարված էր հասցրել մի հզոր պատերազմողի, այդ ռազմիկը չնայած մահապատժի էր ենթարկվում, բայց նրա անձը նվաստացման չէր ենթարկվում` չվիրավորելու ու չնսեմացնելու համար սպանվողի փառքն ու անձնական որակները: Ըստ հին աշխարհի պատկերացումների քաջերը միայն կարող էին քաջերի դեմ ելնել ու հաղթել, ուստի ամեն դեպքում արժանի էին հարգանքի:

Գերվելուց երկու օր անց, երբ ի վերջո մահանում է Սահակի ձեռքով մահացու վիրավորված Ռուդերիքոսը, նրա մահապատժի ենթարկելու դրվագը բոլորովին համահունչ է հինգ հարյուր տարի անց` 1054թ. սելջուկյան սուլթան Տուղրիլի կողմից Կարսը գրավելուց հետո հայ զորական Թաթուլի մահապատժի դրվագի հետ: Ըստ Լաստիվերցու`

«Ազատներից մեկին, որի անունը Թաթուլ էր, եւ որը քաջ ու պատերազմասեր մարդ էր, բռնելով տարան Սուլթանի մոտ: Որովհետեւ պարսից Արսուբան ամիրայի որդուն Թաթուլը կարեւեր վիրավորել էր, Սուլթանը նրան տեսնելով ասաց. «Եթե դա ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»: Իսկ Թաթուլը պատասխանեց. «Եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»: Քիչ օրերից հետո նա մեռավ: Երբ Սուլթանն այդ լսեց, հրամայեց Թաթուլին սպանել եւ նրա աջ բազուկը կտրելով` ուղարկեց Արսուբանին որպես մխիթարություն, թե քո որդին վատ բազկից չի մեռել»:

Չնայած Կամսարական երկու եղբայրների մահվանը, երրորդ եղբայրը` Հրահատը, շարունակեց մնալ զինվորական ծառայության մեջ` շարունակելով իր ավանդը ներդնել պատերազմական գործում: Նրան վիճակված էր նաեւ իր ռազմական ձիրքն օգտագործել ոչ միայն պարսիկների ու գոթերի դեմ պատերազմներում: Գոթերի դրդմամբ 550թ. սլավոնները սկսեցին ավարի առնել Բյուզանդական կայսրության հյուսիսային գավառները` մի նոր պատերազմական թատերաբեմ բացելով կայսրության համար: Վերջիններիս դեմ կռվելու համար մի մեծ զորք է կազմավորվում եւ ուղարկվում Բալկաններ: Հրահատ Կամսարականը հիշվում է այդ բանակի զորահրամանատարների թվում: Հաջորդ տարի Հրահատը կայսեր ցուցումով մեկնում է հոների մոտ բանակցություններ վարելու եւ նրանց կողմից կայսրությանը պատուհասած վտանգը չեզոքացնելու ու պայմանավորվելու համար: Ըստ Պրոկոպիոս Կեսարացու` «…Հուստինիանոս կայսրը զորավար Հրահատին ուղարկեց Խինիալոնի եւ մյուս հոների մոտ…, որպեսզի նրանց դրամ խոստանալով շտապ կարգով հեռացնի հռոմայեցիների երկրից: Նրանք իմանալով ուտիգուրների հարձակման մասին, ապա եւ դրամական մեծ գումար ստանալով Հրահատից, որոշեցին այլեւս սպանություններ, գերեվարություններ եւ այլ չարիքներ չգործել ու հեռանալ [հռոմեական] երկրից…»:

Հրահատ Կամսարականի մասին վերջին հիշատակությունը վերաբերում է 551թ. Եւրոպայում բյուզանդացիների մղած պատերազմների կապակցությամբ: Ըստ Պրոկոպիոսի`

«…Փոքր անց լանգոբարդները դիմեցին Հուստինիանոս կայսեր, որ նա, համաձայն դաշնակցային պարտավորությունների, իրենց օգնական զորք ուղարկի` ընդդեմ գեպացիների: Հուստինիանոսը բավարարեց խնդիրքը, հիմնվելով այն բանի վրա, որ գեպացիները իր հետ դաշինք կնքելուց հետո, ի վնաս հռոմայեցիների, Իստրոս գետով են անցկացրել սկլավեններից (սլավոններից) ոմանց: Այդ զորքը գլխավորում էին Գերմանոսի որդիներ Հուստինոսն ու Հուստինիանոս, ապա նաեւ Հրահատը եւ Սուարտուասը…»:

Ինչպես տեսնում ենք Կամսարական եղբայրները երկու տասնամյակ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն են ծավալել թե՛ Ասիայում, թե՛ Եւրոպայում եւ թե՛ Աֆրիկայում: Այդ ընթացքում նրանք կռվել են բյուզանդացիների, եգիպտացիների, գոթերի, պարսիկների, սլավոնների դեմ, հասցրել պետական ծառայություն մեջ գտնվել թե՛ Իրանում եւ թե՛ Բյուզանդական կայսրությունում, զբաղեցնել ոչ միայն զինվորական, ու վարչական պաշտոններ, այլեւ դիվանագիտական առաքելություն իրականացնել հոների մոտ: Ընդհանրապես IV-VII դարերում հանդիպում են բազում դեպքեր, երբ հայ նախարարներին տեսնում ենք մեկ Բյուզանդական կայսրությունում, մեկ էլ` Սասանյան Պարսկաստանում` պատերազմներ մղելիս: Հայրենիքը կիսված էր այդ երկու տերությունների միջեւ եւ վերջիններս մեծ ցանկությամբ էին հայ նախարարական ուժը ծառայեցնում սեփական շահերին: Այդ թվում դա անում էին` սիրաշահելով եւ թշնամու բանակից դեպի իրենց ձգելով հայ իշխաններին: Սեփական ինքնիշխանությունը կորցրած երկրի համար նրա ռազմիկը դառնում էր օտարների շահերի գերին եւ ստիպված էր իր հմտությունն ու կամային որակները ի սպաս դնել օտարներին: Բոլոր դեպքերում հայոց իշխանները խաղաղ պայմաններում լինելով երկրի քաղաքական գործիչները, իսկ պատերազմի ժամանակ` զինվորները, վստահ էին, որ իրենց գործունեությունից է կախված դեպքերի ընթացքը: Վստահ էին, որ սեփական զենքի ուժով ու կամքով են կերտվում բոլոր հաջողությունները, եւ ծառայության անցնելով Բյուզանդիայում` անգամ կայսեր թագը հասու է լինել իրենց գլխին: Գալիս էր հայ կայսրերի ժամանակաշրջանը:

Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ից։