Հարավային Կովկաս. հնարավորությունները կորսվա՞ծ են
Հարավային Կովկասի անցյալի կորսված հնարավորությունների մասին մտահոգությունը մեր փոքր տարածաշրջանի առկա իրավիճակի մեկնաբանման եւ երեք երկրների հետագա խաղաղ գոյակցության ապահովման տեսանկյունից ներկայում կարող է անկարեւոր թվալ:
Խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ անցյալի ՙեթե՚-ներն անընդունելի են քաղաքականության մեջ, ինչպեսեւ` ազգերի ու պետությունների պատմական փորձի արժեւորման ճանապարհին: Տվյալ բանաձեւն առանձին դեպքերում, երբ խոսքն անցումային հասարակություններում խմորվող քաղաքական գործընթացների մասին է, կարող է կորցնել իր նշանակությունը (ինչպես որ է քննարկվող դեպքում): Ուստի տարածաշրջանային զարգացումների ընդհանուր համապատկերին, ի շահ Հարավային Կովկասի պետությունների խաղաղ եւ բնականոն գոյակցության, այսօր եւս մեծ է անցյալի այն հնարավորությունների պարզաբանումը, որոնք դեռեւս շարունակում են մնալ որպես Հարավային Կովկասի քաղաքական վերափոխումների համար չգործարկված առաջնահերթություններ:
1991թ. վերջին` ԽՍՀՄ փլուզմամբ, այլ հանրապետությունների նման իրենց անկախությունը ձեռք բերեցին նաեւ Հարավային Կովկասի երեք երկրները:
Պետության կառուցմանն ուղղված բնակչության կամքի բավարար դրսեւորումը եւ, հատկապես, միջազգային նպաստավոր դրությունն այն հիմնական երաշխիքները դարձան, որոնք ապահովեցին Հարավային Կովկասում Խորհրդային կայսրության փլուզմամբ առաջացած քաղաքական վակուումի բեռնումը ոչ թե արտաքին կլանող ուժի, այլ իր հիմնական ռազմաքաղաքական միավորների կողմից: Սակայն Կովկասի էթնոքաղաքական խայտաբղետությունն ու նախկին մետրոպոլիայի` երկրամասի կախվածությունը երբեւէ ապահովող ՙազգամիջյան՚ գործիքակազմերը հնարավորություն չտվեցին գործընթացը սահուն անցնել: Կովկասը բռնկվեց հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական, վրաց-օսական, ադրբեջանա-թալիշական սուվերենատարածքային հակամարտություններով:
1994 թվականին, վերջին ու ամենաարյունահեղ` ղարաբաղյան հակամարտության սառեցմամբ, Հարավային Կովկասը հնարավորություն ստացավ գրեթե մեկուկես տասնամյակ զբաղվելու պետականաշինության գործով: Սակայն շրջակա մեծ տերությունների շահերը, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական վերնախավերի ու նաեւ հասարակական լայն զանգվածների կողմից Հարավային Կովկասում ինտեգրացիոն առաջնահերթությունների եւ դրանց օգտակարության չգիտակցումը, ազգային խնդիրները պետականից վեր դասելու գիտակցված վարքը եւ այլ հանգամանքներ պատճառ հանդիսացան, որ տարածաշրջանն ընթանա բաժանարար պատերի ամրապնդման ուղով:
Հայաստանի Հանրապետությունում պատմության այդ մեկուկես տասնամյակում գործի դրվեցին մի շարք կեղծված ընտրություններ, կառուցվեցին մենաշնորհների վրա հիմնված օլիգոպոլիաներ եւ օլիգարխիկ պետական համակարգ: Որպես հետեւանք` ժողովուրդը 1999թ. հոկտեմբերի 27-ին ականատեսը դարձավ ԱԺ-ի եւ Կառավարության, իսկ 2008թ. մարտի 1-ին` քաղաքացիական հասարակության գնդակահարությանը: Երկրում ծավալվող ամենամյա քաղաքական վայրիվերումներն ու սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի խորացումը վերջին տարիներին, ի վերջո, հանգեցրին Հայաստանի ժողովրդավարացման եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հրամայականին:
Ադրբեջանի Հանրապետությունը, ի տարբերություն Հայաստանի, ընտրեց պետականության կառուցման մերձավորարեւելյան ՙսուլթանական՚ ուղին: Հաղորդակցային նոր նախագծերի գործարկումը, նավթադոլարներից եկող եկամուտները, ղարաբաղյան խնդրում ծայրահեղական հռետորաբանությունն ալիեւյան կլանին հնարավորություն տվեցին հասարակության ուշադրությունը շեղելու իր կենսական խնդիրներից եւ տարածաշրջանում ՙկառուցելու՚ ավտորիտար, կոռուպցիոն, հակաիրավական պետություններից մեկը: Վերջին տարիներին Ադրբեջանի ճահճացած հասարակական հարաբերություններում նույնպես նկատվում են տեղաշարժեր, որոնք կարող են իրենց նպաստը բերել կովկասյան երեք երկրների ինտեգրման եւ ժողովրդավարացման գործին:
Վրաստանի պետականության կառուցման ճանապարհը նույնպես հարթ չընթացավ: Պետության ներսում չլուծված հակամարտությունների գոյության փաստը, տնտեսական քաղաքականության ձախողումները, սոցիալ-քաղաքական վայրիվերումները, երկրի ինքնավար սուբյեկտների ու էթնիկ տարբեր խմբերի հետ հարաբերվելու խնդիրները Վրաստանը մշտապես պահեցին լարվածության մեջ: Սակայն 2003թ. ՙվարդերի հեղափոխությունից՚ հետո, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում եւ իրավական, սոցիալական պետություն կառուցելու գործում Վրաստանը կարողացավ որոշ հաջողություններ արձանագրել:
2008թ. ռուս-վրացական պատերազմը կարեւոր ազդակ էր, որպեսզի Հարավային Կովկասի քաղաքական ընտրախավերը սկսեն մտածել տարածաշրջանին սպառնացող արտաքին առավել մեծ վտանգների (քան կովկասյան չլուծված հակամարտություններն ու պատմական վեճերն են) եւ դրան դիմագրավելուն ունակ անվտանգության համակարգերի մասին: Միաժամանակ ողջ աշխարհով մեկ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարածումը, պարենամթերքի ահագնացող գնաճը, սոցիալական արդարության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ՙարաբական գարնան՚ շարունակվող նախազգուշացումները շատերի մեջ հիմնավորապես հաստատեցին այն միտքը, որ տարածաշրջանի բարօրությունը, անվտանգ ու խաղաղ ապագան ինտեգրացիոն գործընթացները խթանելու մեջ է:
Հարավային Կովկասի երկրների սերտ համագործակցության համար այժմ շարունակում են կարեւորվել մի քանի լուծելի գերխնդիրներ, որոնք նախորդ տարիներին այդպես էլ մնացին չիրագործված հնարավորություններ: Առաջինը փակ սահմանների գոյության փաստն է: Վերջին տարիներին համատեղ առեւտրի, գործարարության, հումանիտար կապերի խթանման, հասարակական հանդուրժողականության հաստատման, Հարավային Կովկասի ընդհանուր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական միջավայրի բարելավման գործին ամենից մեծ նպաստը կարող էր բերել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական սահմանների բացումը:
Հաջորդ գերխնդիրը տրանսպորտային ու էներգետիկ տարածաշրջանային նախագծերի ու առկա ցանցերի կենսագործումն էր` հաշվի առնելով ոչ թե քաղաքական, այլ` ֆիզիկական-աշխարհագրական ու տնտեսական նպատակահարմարությունները: Այդ տեսանկյունից եթե վերակառուցվեին ու գործարկվեին, ապա հսկայական տնտեսական ներուժով օժտված կլինեին խորհրդային ժառանգություն հանդիսացող չաշխատող երկաթգծերը: Հատկապես Գյումրիի եւ Ջուլֆայի սահմանային հանգույցները, Իջեւան-Ղազախ հատվածն ու վրաց-աբխազական սահմանային Ինգուր գետի վրա երկաթգծային կիսավեր կամուրջը կարող էին դառնալ կովկասյան հանրապետությունների ինտեգրացման հիմնական գրավականները:
Առկա երկաթուղային ցանցերի ընձեռած հնարավորություններն օգտագործելուց զատ` նոր հաղորդակցային նախագծերը նույնպես կարող էին ծառայել Հարավային Կովկասի բաժանարար պատերի քանդմանն ու տարածաշրջանի զարգացմանը, եթե տնտեսական շահը չդառնար քաղաքական նպատակահարմարությունների սպասարկուն: Վերջին տասնամյակում իրագործված մեծ էներգանախագծերից առայժմ միայն Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի դեպքում է, որ չի խոսվում տնտեսական անարդյունավետության մասին: Ի տարբերություն վերջինիս, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն աշխատում է թերբեռնված եւ մեծ վնասով: Իսկ միայն Հայաստանի պահանջմունքների բավարարման համար կառուցված Իրան-Հայաստան գազամուղի արդյունավետ շահագործման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Փորձագիտական շրջանակները նույն մտահոգություններն են հայտնում նաեւ կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի եւ նախագծային փուլում գտնվող ՙՀարավային գազային միջանցք՚ անվանումով նոր խողովակաշարերի մասին:
Նախորդ տարիներին ՙկորսված՚ մյուս հնարավորությունը կովկասյան հակամարտությունների ՙլուծման՚ գործում բոլորովին այլ փիլիսոփայության որդեգրումն էր: Այն է` աշխարհաքաղաքական շահերի մշտական բախման կիզակետ լինելու եւ ներքին անհանդուրժողականության մեծ չափաբաժնի պատճառով Հարավային Կովկասի քաղաքական ընտրախավերի ու հասարակությունների ուշադրությունը պետք է կենտրոնանար ոչ թե խնդրի լուծման նորանոր ուղիների կամ սկզբունքների փնտրտուքի վրա, այլ` առկա քաղաքական վիճակը տեւապես սառեցնելու եւ տնտեսական, մշակութային փոխհարաբերությունները խթանելու ռազմավարության: Ղարաբաղյան խնդրի գրեթե հարյուրամյա գոյության ընթացքում կուտակված հասարակությունների բնականոն շփման փորձառությունը կարող էր դառնալ գլխավոր այն անկյունաքարը, որ շահագրգիռ կողմերին կստիպեր մի կողմ թողնել մոտ ապագայում կովկասյան հակամարտությունները լուծելու քաղաքական մեխանիզմները եւ ուժերը կենտրոնացնել տարածաշրջանի տնտեսական փոխշահավետ նախագծերի կենսակոչման վրա:
Անցյալի նշված հնարավորությունները ներկայում, առավել քան երբեւէ, պահպանում են իրենց կիրառելիության աստիճանը: Հատկապես Եվրամիության հետ Հարավային Կովկասի երկրների փոխհարաբերություններում մշտապես առաջին պլանում են Կովկասի ինտեգրացիայի ապահովմանն ուղղված նախագծերը: Ցավոք սրտի, առավելապես Արեւմուտքից, քան մեր միջավայրից ՙտեսանելի՚ է մի ճշմարտություն` Մերձավոր Արեւելքում Հարավային Կովկասը կարող է պահպանել իր կշիռն ու նշանակությունը, կուլ չգնալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կլանողական ազդեցություններին եւ դառնալ լուրջ գործընկեր սոսկ այն դեպքում, եթե հանդես գա բոլոր երեք հանրապետությունների շահերը ներկայացնող մեկ ձայնի իրավունքով: Իսկ այդ խնդրի լուծման համար հարկ է, որ ռուս-հայկական եւ թուրք-ադրբեջանական տարիների փորձառությամբ ինտեգրացիոն գործընթացները փոխարինվեն համակովկասյան ինտեգրացիոն ծրագրերով, որտեղ հաշվի կառնվեն Հարավային Կովկասի բոլոր սուբյեկտների համակողմանի շահերը: