Ախտորոշումը` ռեպրեսիվ մարմիններ
Նոյեմբերի 7-ին ԶԼՄ-ներով տարածվեց հայաստանյան քաղաքական իրականության համար շատ տիպական երկու լրատվություն: ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Ձերբակալվածների պահման վայրում հանդիպելով նոյեմբերի 5-ին Երեւանում խռովություն կազմակերպած քաղաքացիների հետ, հայտարարեց, որ նրանց նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կիրառվել է ֆիզիկական բռնություն: Սա թերեւս Հայաստանի Հանրապետության քսանամյա պատմության համար բոլորովին էլ նորություն չէ: Քաղաքական հետապնդումների ենթարկված քաղաքացիների նկատմամբ ծեծի, խոշտանգման, կտտանքների ենթարկելու անցյալում կատարված հարյուրավոր դեպքեր առանց իրավական գնահատականի, պատժի ու պատասխանատվության են մնացել: Իսկ իրավապահ մարմինների կողմից քրեական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ նման վերաբերմունքն ընդհանրապես համընդհանուր ճանաչման արժանացած երեւույթ է եւ հանրային լայն շերտերի շրջանում անգամ ընկալվում է պատժին զուգահեռ կիրառվող պարտադիր ընթացակարգ:
Սակայն Ն. Փաշինյանի բարձրաձայնած փաստերի մեջ ուշագրավ էին այն տվյալները, որ խռովության կազմակերպիչ Շանթ Հարությունյանին եւ նրա ընկեր Վարդան Վարդանյանին ծեծի են ենթարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանը ([1]): Չնայած դրան հետեւեց ՀՀ ոստիկանության (Վլադիմիր Գասպարյանի) հերքումը, սակայն դեպքի արժանահավատությունը կասկած չի հարուցում, քանի որ կեղծիքը եւ սուտը վաղուց դրված են պետական քաղաքականության հիմքում, իսկ Ն. Փաշինյանի սկզբունքայնությունն էլ հանրությանը հայտնի են անվերապահորեն: Բացի այդ, խնդրի իրավական լուծումը պարտադրում է, որ նման իրավիճակում սուտ մատնություն կատարելու փաստով պետք է մեղադրանք առաջադրվեր Ն. Փաշինյանի նկատմամբ: Դրան հետեւած քննչական գործողությունները, այդ թվում` Շ. Հարությունյանի եւ Վ. Վարդանյանի բժշկական փորձաքննության արդյունքները հենց ճշմարտությունը բացահայտելու իրական նախադրյալները կդառնային: Կարելի է ենթադրել, որ պաշտոնական «աննշան» դիրքեր ունեցող Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը հավանաբար անզոր են եղել իրավապահ մարմինների այդ անգործությունը հաղթահարել: Կամ էլ քննիչներն այդ օրը երկու տարբեր թղթապանակներ պատահաբար խառնել են իրար, քանի որ իրավապահ մարմինների զինանոցում եղած այդ «զենքը» նոյեմբերի 7-ին, միեւնույնն է կիրառվեց:
Այդ օրը Երեւան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անօրինական շինարարության դեմ ամիսներ առաջ պայքար ծավալած ու դրա արդյունքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրող եւ իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը հրավիրվել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այստեղ նրան մեղադրանք էր առաջադրվել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրելու» եւ «սուտ մատնություն» կատարելու փաստով: Ըստ այդ մեղադրանքի` «քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը` Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում, ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է ավտոմեքենայի դռան արտացցված մասին և դրա արդյունքում ճակատի, կոպի ու քթի շրջանում ինքն իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ` իրեն բերման ենթարկող ոստիկաններին սպառնացել է վնասվածքների պատճառումը վերագրել նրանց»:
Համաձայն ՀՀ Հատուկ քննչական ծառայության տրամաբանության` ՀՀ ակտիվ քաղաքացիները հոգեկան տարբեր խնդիրներ ունեն եւ երկրում օրինականություն եւ սահմանադրական կարգ հաստատելուն, այլոց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների ժամանակ պատրաստ են սեփական առողջությունը խեղելու ճանապարհով ողջ մեղքը բարդել իրավապահ մարմինների վրա: Կամ էլ հոգեկան հիվանդներ չեն, սակայն նման քայլի են գնում ինչ-ինչ խնդիրներ լուծելու նկատառումով: Այդ դեպքում անպատասխան է մնում, թե որոնք են եղել այդ խնդիրները: Ինչո՞ւ Ա. Կիվիրյանը պետք է մտադրություն ունենար իրեն խեղելու ճանապարհով դրա մեղքը բարդել ոստիկանության աշխատակիցների վրա: Նման արարքի շարժառիթն ու նպատակը որո՞նք էին: «Հանցանքի» հասցեատիրոջը վկայակոչելով միեւնույնն է բոլորովին անհայտ են մնում շարժառիթն ու նպատակը: Առանց «հանցավոր արարքի» շարժառիթն ու նպատակը մեղադրանքի հիմքում դնելու տվյալ մեղադրանքը քաղաքական հետապնդումներ որակելու բացահայտ հիմքեր է ստեղծում:
Նկարագրված տիպական երկու դեպքերը վկայում են, որ Հայաստանի իրավապահ մարմիններն անցել են լայնածավալ քաղաքական ռեպրեսիաների: Նրանց կողմից հանցավոր վարչախմբի իշխանությունը պահպանելու ու պաշտպանելու համար գործի է դրվել ԽՍՀՄ-ի ռեպրեսիվ մեթոդաբանության եւ միջոցների ողջ ժառանգությունը: Հարկադրանքի ուժով օժտված պետական մարմիններին թույլատրված է իրենց ուժը կիրառել առանց պահպանելու օրինականության տարրական սկզբունքները: Անպատժելիության եւ ցինիկության այնպիսի մթնոլորտում, երբ ՀՀ ոստիկանապետն ու նրա տեղակալն են տառապում ինքնահաստատման բարդույթով եւ ներկա` 21-րդ դարում, տեղեկատվության սփռվածության եւ հասանելիության պայմաններում, անձամբ են բռնություն կիրառում ռեժիմի հակառակորդների նկատմամբ, կարելի է արձանագրել, որ քաղաքական ռեպրեսիաները դառնում են պետական քաղաքականության անբաժանելի մասը:
Եթե նախկինում ռեպրեսիաների դիմելու պրակտիկան շատ քիչ բացառություններով կիրառվում էր նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում, այն էլ, գլխավորապես, որոշակի քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, ապա պետք է նկատել, որ այժմ այդ պրակտիկան տարածվում է վարչախմբից երես թեքած գրեթե ամբողջ հանրային դաշտի նկատմամբ: Այսօր արդեն վարչախմբի մամլիչի տակ են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչները, այլ նաեւ` իրավապաշտպանները, անկախ մամուլի ներկայացուցիչները, հանցավոր ռեժիմի դեմքը մերկացնող դերասանները, «քաղաքացիական» դաշտի ակտիվ գործիչները եւ այլն:
Նկարագրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանում օրինական հիմքերի առկայության պայմաններում իրավապահ մարմիններին պատվիրակված հարկադրանքի ուժ կիրառելու իրավունքները ուզուրպացված են Հայաստանում իշխանությունը զավթած քրեաօլիգարխիկ վարչախմբի հլու հնազանդ մի քանի կամակատարների կողմից, որի արդյունքում իրավապահ մարմինները վեր են ածվել քրեաօլիգարխիայի ռեպրեսիվ մարմինների: Սա նաեւ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանում օր օրի ահագնանում է սոցիալ-քաղաքական լարվածությունը: Կախված արտաքին ռազմաքաղաքական կենտրոնների հրահրումից եւ/կամ ներքին քաղաքական ուժերի անգործությունից ախուսափելի է դառնալու համընդհանուր պայթյունը, որի ժամանակ իրավիճակի ողջ ողբերգականության պատասխանատվությունն ընկնելու է այդ ռեպրեսիվ մարմինների եւ մասնավորապես նրանց` նարցիզմով տառապող ղեկավարների վրա: