Կուսակցական ու քաղաքացիական պայքարների քաղաքական հայեցակարգերի մասին–2
Ընտրությունները համակարգված կեղծելու պայմաններում, եթե կուսակցությունները չեն մասնակցել ընտրություններին, իսկ մասնակցելու պարագայում` իշխող վարչախմբի հետ չեն գնացել պայմանավորվածությունների կամ չեն համակերպվել իրենց հատկացված դերի հետ ու, բոլոր դեպքերում, հայտարարել են հետագա պայքարի մասին, ապա պետք է ընտրեն որոշակի նպատակ, որին հասնելու համար պետք է տրամաբանված լինի նրանց պայքարի իմաստը: Հայաստանի քաղաքական դաշտում այս հարցում է, որ կատարվում է հիմնարար կեղծիքներից մեկը: Կուսակցությունները նախընտրում են հայտարարել հանցավոր վարչախմբին հեռացնելու եւ լեգիտիմ իշխանություն հաստատելու պայքար ծավալելու մասին: Այդ պայքարը նրանք անվանում են իշխանափոխություն:
Թվում է, թե ոչ մի վատ բան չկա այդ ամենում: Հանրային ընկալումներում արմատացած է կուսակցությունների քաղաքական պայքար մղելու գործառույթը ու դա վիճարկման թեմա չի կարող լինել: Ուստի եզրահանգվում է, որ «իշխանափոխության» կուսակցական ծրագիրը (ցանկությունը) հենց այն անկյունաքարն է, որը ընտրական մեխանիզմների բացակայության պայմաններում կուսակցությունների մղած քաղաքական պայքարի տեսանկյունից հանրային ընկալումներում պետք է դիտարկվի որպես տրամաբանված նպատակ: Սակայն նման ծրագրում եղած թերությունները կամ դրա տակ թաքնված վնասակար կեղծարարություններն այդպես էլ մնում են ստվերում: Դրա արդյունքում հանրությունը տարիներ շարունակ հայտնվում է քաղաքական պայքարի կուսակցական թեզերը պաշտպանելու դիկտատի տակ ու մնում է առանց էական ձեռքբերումների: Իսկ որո՞նք են այդ կեղծիքներն ու թերությունները:
Նախ պետք է նշել, որ երբ նպատակ է դրվում հենց իշխանափոխությունը, այլ ոչ թե ազատ ընտրությունների մեխանիզմի հաստատումը, այդ քայլն արդեն իսկ հանրային կասկածների տեղիք պետք է տա, թե արդյոք տեղի չի ունենում պայքարի առարկայի գիտակցված խեղաթյուրում: Չէ որ ցանկացած «իշխանափոխություն», եթե այն իրականություն չի դարձել ազատ ընտրությունների միջոցով, ապա իրենից ներկայացնում է կառավարման լծակների յուրացման (ուզուրպացիայի) կոնկրետ մի ծրագիր: Այդ իսկ պատճառով, երբ կեղծված ընտրություններից հետո ընդդիմության կողմից երբեւէ պայքարի նպատակ հայտարարվեր ազատ ընտրությունների մեխանիզմի հաստատումը, այդ դեպքում անիմաստ ու անտրամաբանական կդառնար ընդդիմադիր կուսակցությունների կողմից ԱԺ-ում մի քանի մանդատներ վերցնելը (վարչախմբի իրենց հատկացրած դերն ընդունելը): Սակայն, երբ կուսակցությունների կողմից դրվում է «իշխանափոխության» խնդիր, ի հայտ է գալիս նաեւ մանդատները վերցնելու բացատրությունը: Այն է` դրանք անհրաժեշտ են վարչախմբի դեմ ԱԺ-ում պայքար մղելու, վարչախմբի ներսում պառակտում մտցնելու եւ նրանց տապալելու (հեռացնելու) համար: Ահա այսպիսի կեղծարարություն:
Իհարկե, կան կուսակցություններ, որոնց ինտելեկտուալ շրջանակները, շատ լավ հասկանում են պայքարի գաղափարական զինանոցի առաջնահերթությունը: Հատկապես վերջին շրջանում դա շատ ակնառու է: Այսպես, եթե նախորդ տարիներին առանձին կուսակցական դեմքեր շրջանառում էին արտահերթ ընտրությունների միջոցով իրենց առջեւ դրված նպատակին` իշխանափոխությանը հասնելու գաղափարը, ապա ներկայում բավական տարածում է գտել իշխանափոխության մի տեսլական, որին հասնելու հանգրվաններից մեկն է դիտարկվում ազատ ընտրությունների մեխանիզմի ներդրումը: Իհարկե, գովելի է, երբ ընտրությունների քանակական հարթությունն արդեն փոխարինվել է որակականով: Սակայն, այն բոլորովին աղերս չունի քաղաքացիական պայքարի նպատակի հետ: Այստեղ առաջ անցնելով հպանցիկ նշենք, որ քաղաքացիական պայքարի քաղաքական հայեցակարգում ազատ ընտրությունների մեխանիզմի ներդրումն է հենց նպատակը, այն դեպքում, որ կուսակցական հայեցակարգում, ինչպես տեսնում ենք, ազատ ընտրությունների մեխանիզմի ներդրումը միջոց է իշխանափոխության նպատակին հասնելու համար:
Հաջորդ նկատառումն այն է, որ ցանկացած կուսակցություն իր սահմանադրական գործառույթից (ընտրությունների արդյունքում ժողովրդի քվեն ստանալու միջոցով կառավարություն կազմելը) դուրս իշխող հանցավոր վարչախմբին տապալելու համար լեգիտիմ պայքար կարող է մղել, եթե նախապես հայտարարում է հեղափոխական կուսակցության վերափոխվելու եւ պայքարի հեղափոխական ճանապարհը ընտրելու մասին: Կուսակցությունները, երբ հայտարարում են «իշխանափոխության» ճանապարհով գնալու իրենց ծրագրի մասին, սակայն օրինական ճանապարհով (կանոնադրական փոփոխությունների հիման վրա` ստանալով կուսակցականների մեծամասնության համաձայնությունը) սեփական կուսակցությունը չեն վերափոխում հեղափոխական քաղաքական ուժի, ապա կրկին գնում են կեղծիքների կամ թերացումների ճանապարհով:
Ընդհանրապես կուսակցությունների սահմանադրական քաղաքական պայքարի բոլոր ձեւերը ենթադրում են ընտրությունների միջոցով կառավարություն ձեւավորելու օրինավոր եւ տեսանելի հեռանկարի գոյություն: Սակայն ընտրական մեխանիզմների չգործելու պայմաններում կուսակցությունների օրինավոր վարքի տեսլականի բացակայությունը (անորոշությունը), այսինքն այն, թե օրենսդրությանը համահունչ ինչ եւ ինչպես պետք է անեն կուսակցությունները` հասնելու համար ընտրական մեխանիզմների գործարկմանը, նրանց համար արդեն իսկ տարբեր կեղծիքների ու մանիպուլյացիաների լայն դաշտ է ստեղծում եւ դառնում է հետագայում իշխանությունը յուրացնելու (ուզուրպացնելու) տարբեր ծրագրերի կենսագործման նախադուռ: Ուստի պետք է նկատել, որ եթե ընտրական մեխանիզմների չգործելու պայմաններում ներկայում կուսակցությունների նպատակը իշխանափոխությունն է, ապա վարչախմբի հեռացման (եթե նպատակը համակարգափոխությունն է, ապա` վարչակարգի տապալման) իրավական, քաղաքական, ուժային գործիքակազմերի հարցերը նրանց կողմից ենթակա են մանրազննին բացատրության ու հիմնավորման: Վերջինս էլ հենց ուղի կբանա` հասկանալու համար, թե նման արտակարգ (ընտրական մեխանիզմների պարալիզացվածության) իրավիճակներում որն է նրանց գործառույթը:
Վերջին քսանամյակում ազատ ընտրությունների բացակայության պայմաններում կուսակցությունների ունեցած գործառնության անորոշությունն է հենց, որ խնդրահարույց է դարձնում նրանց ստանձնած դերակատարությունը: Պետք է նկատել, որ նման պայմաններում քաղաքական պայքար մղելիս` կուսակցությունները չեն խորշում կրկին ու կրկին մասնակցել կեղծվող ընտրություններին ու ամեն անգամ առավել են խճճվում իրենց ռազմավարական ու մարտավարական ծրագրերի կենսագործման օրինականությունն ու օրինակարգությունը պահպանելու հարցերում: Այսպես, առանձին դեպքերում մասնակցելով ընտրություններին, որոնք իրենց իսկ վկայությամբ միանշանակ կեղծվելու են վարչախմբի կողմից, կուսակցություններն այնուհետեւ ընտրությունների կեղծելու ակնհայտ փաստն օգտագործելով, սկսում են արդարացնել իրենց անհաջողությունը եւ արդեն սկսում պայքար մղել արտահերթ ընտրությունների հասնելու համար, մինչեւ գալիս են հերթական ընտրությունների ժամանակները:
Այստեղ կարծես թե գործ ունենք կուսակցական տգիտության կամ խորամանկության (շուլերության) հետ: Չէ որ հարց է ծագում, թե ինչու է կուսակցությունն ամեն դեպքում մասնակցում համակարգված կերպով կեղծվող ընտրական գործընթացին: Միա՞յն նրա համար, որ վարչախումբը չի կարողանա լիարժեք «գծագրել» ընտրությունների արդյունքները, որի արդյունքում չնչին տոկոսներ այնուամենայնիվ կգրանցվեն տվյալ կուսակցության օգտին: Կամ նրա համար, որ տվյալ կուսակցությունն իսկապես հավատում է, թե կկարողանա հաղթահարել վարչախմբի կեղծիքի մեքենան ու դրա համար անհրաժեշտ է միայն էլեկտորատին հավատացնել չընկճվել եւ գնալ իր հետեւից: Կամ նրա համար, որ տվյալ կուսակցությունն իսկապես հավատում է, թե կկարողանա վարչախմբին ընկճել հետընտրական բողոքարկման փուլում: Կամ էլ նրա համար, որ կուսակցության անունը շատ հոլովվի եւ կուսակցական վերնախավը ինքնաբավարարվի, որ Հայաստանի քաղաքական վերնախավի մասն է կազմում եւ երեւում է հեռուստաէկրանների վրա: Ինչպիսի՞ մեծ պատիվ:
Ամեն դեպքում հանրությանը հայտնի են բազում փաստեր, թե ինչպես կուսակցական վերնախավերը նեղանձնական ու նեղկլանային խնդիրներ լուծելու համար օգտագործում են ընտրական գործընթացները: Դրա վկայություններն են նախորդ կոալիցիոն բոլոր կառավարություններն ու տարբեր կուսակցությունների ղեկավարների ընդգրկումը վարչախմբի քաղաքական տանիքի` ՀՀԿ-ի, ԱԺ խմբակցության կազմում: Ըստ էության, խնդիրը ոչ թե վատ կամ լավ կուսակցությունների մեջ է, այլ ընտրական մեխանիզմների բացակայության պայմաններում կուսակցությունների դերի ու գործառույթի անորոշության, որը լայն դաշտ է ստեղծում կեղծիքների ու ստվերային տարբեր գործարքների դիմելու համար: Յուրաքանչյուր կուսակցություն, նախորդների վնասակար կամ հանցավոր վարքը մերժելով եւ իրեն ուրիշ կամ ավելի լավը ցուցանելով, երկիրը բերում է քաղաքական այն ճգնաժամին, որն առկա է Հայաստանում: