հոդվածներ

Յալթայի նոր կոնֆերանսին սպասելիս

2013թ. վերջին ամիսներն աչքի ընկան նրանով, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների` Իրանի հետ համագործակցության գնալու արդյունքում Մերձավոր Արեւելքում «Արաբական գարնան» առաջ բերած հեղափոխական զարգացումներն իրենց վերջնագծին հասան եւ միջերկրածովյան տարածաշրջանից տեղափոխվեցին սեւծովյան տարածաշրջան: Միջերկրական ծովի արեւելյան տարածաշրջանում առանձին երկրների պատերազմի սանձազերծմանը միտված քաղաքականության չեզոքացումը, միաժամանակ, նշանավորվեց նրանով, որ հեղափոխական ալիքի հետ մեկտեղ նաեւ պատերազմական ալիքը փոխադրվեց սեւծովյան տարածաշրջան: Այսօր դեռեւս շատ աղոտ պատկերացում կարելի է կազմել, թե ինչ աշխարհաքաղաքական պատկեր կձեւավորվի Եվրոպան եզրագծող ցամաքային այդ ողջ հատվածում` միջերկրածովյան եւ սեւծովյան տարածաշրջաններում, սակայն ակնհայտ է, որ հեղափոխական եւ պատերազմական վերջին իրադարձությունները գլոբալ վերափոխման կենթարկեն ողջ աշխարհակարգը:

Հարկ է նկատել, որ համաշխարհային պատմության մեջ XX դարը որքան ամենաարյունալի էջեր մատուցած դինամիկ մի ժամանակաշրջան է ներկայանում, նույնքան էլ աշխարհի կանոնակարգմանը միտված առանձին ստատիկ վիճակներ է պատկերում: Այսպես, եթե մի կողմից Առաջին, Երկրորդ աշխարհամարտերը նախորդ աշխարհակարգերի փլուզման առիթներ կամ պատճառներ են դարձել, ապա մյուս կողմից գլոբալ պատերազմները նոր հնարավորություններ են ընձեռել աշխարհում իրավաքաղաքական նոր կարգեր հաստատելու եւ դրանցով որոշակի մի ժամանակահատված հավասարակշռված խաղաղ գոյավիճակ ապահովելու համար: Հենց այդ դերակատարությունն էին ստանձնել Ազգերի լիգան Առաջին աշխարհամարտից հետո, Միացյալ ազգերի կազմակերպությունը Երկրորդ աշխարհամարտից հետո եւ անգամ Եւրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը (մինչեւ 1995թ.` ԵԱՀԽ) Սառը պատերազմի թեժ պայքարի ավարտին:

Մերձավորարեւելյան ու հատկապես սեւծովյան հեղափոխական ու պատերազմական իրադարձությունները գալիս են արձանագրելու այժմ արդեն Սառը պատերազմի արդյունքում ձեւավորած աշխարհակարգի վերջնական փլուզման եւ աշխարհաքաղաքական ուժերի միջեւ խախտված հավասարակշռության հետսառըպատերազմյան իներցիոն շրջանի ավարտի մասին: Այսօր 1975թ. ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտի վերաբերյալ կարելի է խոսել արդեն որպես հին աշխարհակարգի հիմքում ընկած միջազգային իրավական ամենակարեւոր այդ փաստաթղթի առոչինչ դառնալու մասին: Նրա վախճանն ազդարարվում է մարտի 16-ին Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող Ղրիմում արտաքին աշխարհաքաղաքական մի ուժի` Ռուսաստանի կողմից հրազենի փողերի տակ պարտադրված հանրաքվե անցկացնելու միջոցով: Ոչ ոք չի կասկածում, որ հանրաքվեի արդյունքում Ղրիմը միացվելու է Ռուսաստանի Դաշնությանը, որով էլ ըստ էության վերջնականապես խաչ է քաշվելու ներկա աշխարհակարգի իրավաքաղաքական հիմքերի վրա:

Նման եզրահանգման համար տողերիս հեղինակը ելնում է հետեւյալ փաստարկներից.

ա) ԽՍՀՄ փլուզումից եւ Սառը պատերազմի ավարտից հետո Ուկրաինային միջուկային տերության կարգավիճակից հետ պահելու համար աշխարհի գերհզոր մյուս միջուկային տերությունները նրան տվել են ամուր երաշխիքներ նրա ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը, անվտանգությանը եւ բնականոն զարգացմանը չխոչնդոտելու տեսքով: Դա ամրագրվել է 1994թ. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ կնքված «Բուդապեշտի համաձայնագրով»: Բայց այդ երաշխիքները Ուկրաինայի տարածքում անօրինական զորաշարժ կատարելու, Ղրիմը ռազմակալելու, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը միացնելու համար այնտեղ հանրաքվե անցկացնելու պատճառով Կրեմլի կողմից ոտնահարվել են:

բ) Ներկա աշխարհակարգի պահպանման միջազգային իրավաքաղաքական եւ տնտեսաքաղաքական գործիքները (ՄԱԿ, ԵԱՀԿ, երկկողմ, բազմակողմ պայմանագրեր, սպառնալիքներն ու վտանգները ճնշելու, նախականխելու, չեզոքացնելու դիվանագիտական, ֆինանսական, էներգետիկ տարբեր մեխանիզմներ եւ այլն) ակնհայտորեն բանեցվում են շատ թույլ արդյունավետությամբ ու երբեմն դրա բանեցնողների կողմից անգործություն ցուցաբերելու այնպիսի տպավորություն թողնելով, որը կասկածներ է հարուցում ներկա աշխարհակարգի պահպանման տվյալ գործիքների արդիականության, համապատասխանության, նպատակահարմարության եւ ընդհանրապես միջազգային իրավունքի կենսունակության հանդեպ:

գ) Ստեղծված վիճակում, երբ իրավաքաղաքական եւ տնտեսաքաղաքական գործիքները չեն կիրառվել կամ կիրառվել են անբավարար, մյուս տերությունները, չնայած տարաբնույթ ծանրակշիռ սպառնալիքներին, չեն պնդում Ռուսաստանի հարուցած աշխարհաքաղաքական խնդիրը միանշանակ ռազմական ճանապարհով լուծելու ցանկության կամ հնարավորության մասին: Աշխարհը նախորդած միամսյակում կանգնած է եղել աշխարհակարգի հիմքերի խարխլման առաջ, բայց դա թույլ չտալու համար ստեղծված արդեն ռազմաքաղաքական գործիքները (ՆԱՏՕ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՀԱՊԿ եւ այլն) կրկին անգործության կամ անարդյունավետության տպավորություն են թողել:

դ) Ակնհայտ է, որ եթե մի կողմից ռազմաքաղաքական գործիքներն անգործության են մատնված (անարդյունավետություն են ցուցաբերում), ապա մյուս կողմից առանձին պետությունների «ռազմական մեքենաները» ամբողջ թափով լծվել են մատչելի տարածքներում արտակարգ (պատերազմական) իրավիճակներին հարիր ռազմավարական ու մարտավարական դիրքավորմանը: Ուկրաինայի սահմանների երկայնքով տեղաբաշխվող եւ Ղրիմում ռուսական բանակի օրեցօր ավելացող ռազմուժին որպես փոխհատուցում` ԱՄՆ-ն իր ռազմածովային ուժերը միջերկրածովյան եւ սեվծովյան տարածաշրջաններում պահում է զորաշարժի մեջ`անընդհատ կրճատելով հարվածային ավիակիր նավատորմի հեռավորությունը Ուկրաինայի ափերից: Առկա են նաեւ փաստեր ՆԱՏՕ-ի մյուս երկրների (Լեհաստան, Թուրքիա) ռազմուժի դեպի Ուկրաինայի սահմաններին միտված զորաշարժերի մասին:

ե) Ներկա վիճակի ողջ պատասխանատուն` Ռուսաստանը, շատ լավ գիտակցելով, որ իր քայլերը Ուկրաինայի դեմ, կարող են բերել անգամ միջուկային պատերազմի, այնուամենայնիվ գնացել է հարեւան երկիր ռազմուժ մտցնելու քայլին: Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ ոչ մի մարդ չի զոհվել, պատերազմ չի ծագել, Ռուսաստանի ռազմական տեխնիկան մարտական գործողություններ չի իրականացրել, եւ ուստի միայն պատերազմի վտանգն է առկախված մնացել:

զ) Ակնհայտ է, որ ներկա Ռուսաստանը, բացի միջուկային մարտագլխիկներից, տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական, գաղափարական (արժեքային` քաղաքակրթական), մարդկային բավարար ռեսուրսներ չունի դիմագրավելու համար իր կողմից ձեռնոց նետված ողջ աշխարհին ու հատկապես ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հակաքայլերին: Մեծ է վտանգը, որ Ռուսաստանի դեմ երբեւէ կիրառվելիք սանկցիաները կբերեն նրա փլուզմանը:

է) Ակնհայտ է, որ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները տրաֆարետային ցանկություններով ու կոչերով այլեւս չես կարող թաքցնել ներկա անելանելի կամ ոմանց համար անգամ շոկային վիճակը եւ այն հաղթահարելուն ուղղված ջանքերի անզորությունը: Հարկ է նոր ուղիներ գտնել` դուրս գալու համար փլուզված աշխարհակարգի հարուցած անորոշությունից:

Ըստ էության, մարտի 16-ին Ղրիմում անցկացվող, բայց արդեն իսկ կանխորոշված հանրաքվեի արդյունքում աշխարհը մտնում է բոլորովին մի նոր փուլ: 1945թ. Ղրիմում (Յալթայում) ձեւավորված յոթանասունամյա աշխարհակարգն այսօր փլուզվում է հենց Ղրիմում: Ընդհանրապես հայտնի է, որ դատարկ տեղը երբեք թափուր չի մնում: Ուստի առաջիկայում միգուցեեւ հենց Ղրիմում էլ կձեւավորվի նոր աշխարհակարգը: Դա կլինի կոշտ, թե փափուկ ուժի գործադրմամբ` այսօր գրեթե ոչ ոք ասել չի կարող: Կարող են, երեւի թե, միայն գլոբալ ֆինանսիստները: