Կուսակցությունները` «արժեքների» ու «շահերի» բախման կիզակետում
Ընդհանրապես, հայկական իրականության համար կուսակցությունները գրեթե միշտ եղել են կամ գաղափարական տաղտուկ ու անպտուղ պայքարի, կամ էլ առանց լուրջ ստեղծարար ջանքի որեւէ նյութական շահ, պաշտոն ու դիրք ձեռք բերելու (ստանալու, պահելու) գործիքներ:
Մեր քաղաքացիներից շատերը ծանոթ են ասենք անցյալի «դաշնակ-բոլշեւիկ» երկպառակության դրվագներին, որոնք իրենց էկրանավորումն են գտել անգամ մի շարք ֆիլմերում («Սարոյան եղբայրներ», «Նվագախմբի տղաները» եւ այլն): Ծանոթ են նաեւ հանուն պաշտոնի, դիրքի կամ բիզնեսի անարգել ծավալման կոմունիստական կուսակցության «լավագույն» ավանդույթների պահպանմամբ պետության վարչական մարմիններում, տնտեսվարողների միջավայրում կամ ասենք կրթամշակութային հաստատություններում եղած նոր շրջանի համատարած կուսակցականացման («ՀՀՇ»-ացման, «ՀՀԿ»-ացման, «ԲՀԿ»-ացման կամ «ՕԵԿ»-ացման) երեւույթներին:
Ուստի վերջին տասնամյակների հայաստանյան փորձն աչքի առաջ ունենալով` խոսել կուսակցությունների` որպես սոցիալական որոշակի զանգվածների քաղաքական կամքի արտահայտման միջոցի մասին, գրեթե անհնար է: Թերեւս ինչ-որ առումով բացառություն են կազմում օլիգարխիկ զույգը եւ խորհրդարանական ընդդիմադիր երեք կուսակցությունները: Նրանք, սակայն, պետության սոցիալական ամբողջական օրգանիզմի մեջ ընդամենը մի փոքրաթիվ տոկոս կազմող շերտերի քաղաքական կամքի արտահայտիչն են:
Օլիգարխիկ կուսակցությունների դեպքում խոսքը պատերազմի վետերանների մի որոշ մասի, ինչպես նաեւ քրեական տարրերի ու վերջիններիս հետ սերտաճած ու նրանց բարքերով առաջնորդվող խոշոր առեւտրականների դաշինք ներկայացող սոցիալական փոքր շերտերի մասին է: Վերջիններս հենց այն «պարարտ հողն» են եղել, որի վրա իրենց ակտիվ գործունեությունն են ծավալել ռազմաօլիգարխիկ եւ ապա նաեւ` քրեաօլիգարխիկ վերնախավերը: Պետության վարչական լծակները յուրացնելուց հետո քաղաքական համակարգում որպես հիմնական դերակատարներ այդուհետ դարձել են հենց այդ վերնախավերի կազմավորած կուսակցությունները: Ըստ այդմ էլ` Հայաստանի վերջին քսանամյակի անցած ուղին մեզ է ներկայանում պետության կառավարման եւ հանրային կյանքի քաղաքական կազմակերպման երկու ձեւով: Մինչեւ 2000թ. այն ռազմական օլիգարխիա էր, իսկ սկսած 2000 թվականից անցում կատարվեց դեպի քրեաօլիգարխիայի:
Իսկ ընդդիմադիր կուսակցությունների դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի պաշտոնեությունից դուրս գտնվող կամ ինչ-ինչ հանգամանքներում պաշտոններից զրկված, ակտիվ հանրային կյանքով ապրող, գերազանցապես ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող այն քաղաքացիներին, ինչպես նաեւ փոքր կամ միջին կարողության տեր այն ձեռնարկատերերին, ովքեր կուսակցական տանիքի տակ միավորվել են հանուն ինչ-որ գաղափարների եւ դրանով իսկ ոչ այնքան մեծ սոցիալական որոշակի մի շերտ են ներկայացնում:
Համակիրների ու կուսակցականների փոքրաթիվ նման շարքեր ունեն թե՛ ՀՅԴ, թե՛ ՀԱԿ եւ թե՛ Ժառանգություն կուսակցությունները: Սակայն, ամեն դեպքում, խոսքը քաղաքական գործունեության միջոցով որոշակի պաշտոնների կամ նյութական շահի ակնկալիք ունեցող բավական մեծաթիվ կուսակցականների մասին չէ: Վերջիններս վերեւում մեր կողմից արդեն մատնանշված` առանց լուրջ ստեղծարար ջանքի` միայն կուսակցական խաղերի միջոցով որեւէ նյութական շահ, պաշտոն ու դիրք ձեռք բերելու համար կուսակցական կյանքին մասնակից դարձած մարդիկ են:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ կուսակցությունները չեն դառնում սոցիալական լայն շերտերի կամ գաղափարական հոսանքների քաղաքական կամքի արտահայտիչը: Միթե՞ Հայաստանում չկան սոցիալական շերտեր կամ գաղափարականացված զանգվածներ: Իսկ միգուցե նրանց մոտ ձեւավորված չէ իրենց կոլեկտիվ քաղաքական կա՞մքը: Թե՞ չկա այն գիտակցումը, որ քաղաքական կամքի արտահայտման հիմնական միջոցը կուսակցություններն են: Կարծում ենք այս հարցերի պատասխանները բոլորովին այլ խնդրի շրջանակում պետք է փնտրել:
Հայաստանում այսօր գրանցված քաղաքական կուսակցությունների թիվը մի քանի տասնյակի է հասնում: Նրանց բացարձակ մեծամասնությունը անգործության է մատնված: Բացառությամբ երկու-երեք քաղաքական կուսակցությունների, մյուսները կամ անձ-կուսակցություններ են, կամ էլ` գաղափարակից ընկերների ակումբներ: Բայց կուսակցություններին անդամագրվելու կամ վստահելու խնդիրը բոլորովին էլ գաղափարների կամ շահառու սոցիալական շերտերի բացակայության մեջ չէ: Այդ կուսակցությունների անգործության մատնվելու պատճառը փողին ու փողատերերին գաղափարների ու գաղափարական մարդկանց պարտվելու մեջ է:
Ներկա նյութականացվող աշխարհում զանգվածների գաղափարականացման մակարդակն անընդհատ անկում է ապրում: Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի աշխարհի տարբեր անկյուններում իր ազդեցության անընդհատ մեծացման, ինչպես նաեւ երրորդ աշխարհի երկրներում տեղական օլիգարխիկ կլանների գործունեության ծավալման պատճառով` մարդկությունը արագացված տեմպերով ընթանում է դեպի նյութական շահի լիակատար տիրապետության դարաշրջան: Այդ իսկ պատճառով քաղաքական դաշտի հիմնական դերակատար կուսակցությունները գրեթե ամենուրեք շարունակաբար հրաժարվում են գաղափարական արժեքներից ու սկզբունքներից: Կուսակցություններում առաջնային է դառնում վերնախավերի սեփական ֆինանսական պահանջմունքների ու նյութական անհագ ցանկությունների բավարարումը, իսկ հրապարակային հռետորաբանության մեջ` զանգվածների նյութական բարեկեցությունը բավարարելու հանրային պահանջին տուրք տալը: Փողն ամենուրեք խժռում է արժեքները:
Հայաստանում համատարած աղքատության (ըստ պաշտոնական վիճակագրության աղքատության շեմից անց է բնակչության մեկ երրորդից ավելին), ինչպես նաեւ «միջին» կարողություննների տեր քաղաքացիների (իրականում` իրենց նյութական կարողություններով աղքատ բնակչությունից շատ քիչ տարբերվող) անվճարունակության պայմաններում հանրության լայն շերտերը կուսակցությունների պատվիրատուները դառնալու ոչ մի հնարավորություն չունեն: Կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների թվում անդամագրվելու մուտքավճարներն ու կուսակցականների անդամավճարները նույնիսկ չնչին գումար չեն կազմում: Ընդհակառակը, մարդիկ գումար վաստակելու համար ստիպված են անդամակցել օլիգարխիկ կուսակցություններին: Այլ կերպ ասած, օլիգարխիան քաղաքացիներից գնում է անգամ կուսակցություններին անդամագրվելու նրանց իրավունքը, իսկ բնակչությունն էլ մեծ սիրով վաճառում է իր քաղաքական միավորումներ կազմավորելու ազատությունը: Նման իրավիճակում անհնար է խոսել կուսակցություններին քաղաքական պատվեր իջեցնելու հանրության լայն շերտերի կարողությունների մասին: Հայաստանում միայն քրեաօլիգարխիկ ընտանիքներն իրենց առեւտրային կապիտալից սեփական օլիգարխիկ կուսակցությունների շրջանում ներդրումներ կատարելու միջոցով ունեն քաղաքական պատվեր իջեցնելու հնարավորություն` ամեն գնով պաշտպանելով երկրի խոշոր օլիգոպոլիաների շահերը:
Եթե հանրային լայն շերտերը չեն կարող ապահովել կուսակցությունների ֆինանսական անկախությունը, ուստիեւ իրենց քաղաքական կամքը պատվիրակել կուսակցություններին, ապա ֆինանսական ի՞նչ ռեսուրսներից պետք է օգտվեն սոցիալական որոշակի շերտերի քաղաքական կամքի արտահայտիչ (այդպիսին ներկայացող) կամ գաղափարական որեւէ ուղղության կրող քաղաքական կուսակցությունները, որպեսզի կարողանան ձեւակերպել ու իրացնել իրենց «էլեկտորատի» քաղաքական պատվերները:
ՀՀ օրենսդրությունը կուսակցությունների գույքի (ֆինանսական միջոցների) գոյացման աղբյուրների թվում կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ մուտքավճարներից եւ պարբերաբար կատարվող անդամավճարներից զատ, թույլատրում է նաեւ նվիրատվությունները, բյուջետային ֆինանսավորումը եւ օրենքով չարգելված այլ եղանակները: Սակայն, հաշվի առնելով ազգային անվտանգության սպառնալիքները, հնարավոր նվիրատուների ցանկն այնքան փոքր է (կուսակցություններին նվիրատվություններ չեն կարող կատարել օտարերկրյա պետությունները, օտարերկրյա քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հասարակական շարժումները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ այլն), որ գործ ունենք բնակչության անվճարունակ այն նույն կազմի հետ, որի մասին արդեն խոսք է ասվել վերեւում:
Կուսակցությունների ֆինանսական առողջացման ոչ մի ճանապարհ չկա նաեւ պետական ֆինանսավորման դեպքում: Համաձայն ՀՀ օրենսդրության` բյուջետային ֆինանսավորում կարող են ստանալ ոչ բոլոր կուսակցությունները: Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են միայն այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը:
Հաշվի առնելով մեր երկրում համապետական ընտրությունների արատավոր բնույթը, ինչպես նաեւ կուսակցությունների ԱԺ-ում ներկայացված լինելու սահմանափակ թիվը` պետության ֆինանսական աջակցությունն, այսպիսով, նույնպես չի կարող օգնել հայաստանյան մի քանի տասնյակ կուսակցություններին: Նմանապես, այսօր դժվար թե գտնվի մի կուսակցություն, որը, որպես այլ աղբյուրներից ստացված գույք, այլոց կողմից ժառանգություն ստացած լինի:
Եթե այսպիսին են հայաստանյան կուսակցությունների ֆինանսական հոսքերի հնարավորությունները, ապա ինչպե՞ս են կուսակցությունները ֆինանսավորում իրենց ֆունկցիոներներին ու նրանց գործունեությունը: Կամ եթե հարցը մի քիչ այլ կերպ ձեւակերպենք, ապա ինչպե՞ս են ֆինանս աշխատում, սեփական ընտանիքների բարեկեցությունը եւ կուսակցական ծախսերը հոգում քաղաքական գործունեությունը որպես մասնագիտություն ընտրած կուսակցական գործիչները: Եթե այլ հանրօգուտ աշխատանքի միջոցով, ապա ստացվում է, որ նույն այդ գործիչները լինելով այլ մասնագիտությունների տեր անձիք, զբաղված լինելով այլ աշխատանքով, ընդամենը սիրողական մակարդակով են զբաղվում քաղաքականությամբ: Այլապես պետք է կարծել, որ կուսակցություններն ունեն եկամտի ստվերային աղբյուրներ, որոնք ծառայում են կուսակցական վերնախավերի եւ ֆունկցիոներների կենսագործունեությանը:
Կուսակցությունների գույքային երաշխիքների եւ ֆինանսական ապահովության խնդիրը, այսօր երկրի կարեւորագույն հիմնախնդիրների թվին է դասվում: Հանրային ֆինանսավորման բացակայությունը, նյութական շահի հանդեպ մարդկային մոլուցքը, գաղափարական մարդկանց թվի անկումը, փողի էքսպանսիան ու գաղափարների արժեզրկումը, հոգեւոր արժեքներից քաղաքացիների օտարվածությունը, հանրային շահերի փոխարեն կլանային մտածողության ու շահերի առկայությունը, պետության կառավարման լծակներն ուզուրպացրած վարչախմբի կողմից կուսակցություններին գնելու ու նրանց հետ ստվերային գործարքների գնալու ցանկությունը եւ նման կարգի բազմաթիվ այլ հանգամանքներ չեն թողնում, որ Հայաստանում ձեւավորվեն ժողովրդի քաղաքական կամքն արտահայտող կուսակցություններ: Միաժամանակ շատ ու շատ կուսակցականների համար քաղաքականությունը միմիայն սեփական նյութական շահն ապահովելու ճանապարհի է վերածված, իսկ կուսակցությունները` այդ նպատակի համար միջոցի: Կուսակցական վերնախավերի մեծամասնությունը բնական սելեկցիայի արդյունքում այդպիսով կազմավորվում են որոշակի պաշտոնների կամ նյութական շահի ակնկալիք ունեցող ու դրա համար քաղաքական գործունեություն ծավալող կուսակցականների միջոցով: Վերջիններս հանուն նյութական շահի, պաշտոնի ու դիրքի կուսակցական կյանքին մասնակից դարձած այնպիսի մարդիկ են, ովքեր վարչախմբի հետ փոխհարաբերությունների առաջին իսկ հնարավորության դեպքում, գործում են որպես հաճախորդ` «գնի» շուրջ «խելամիտ» յուրաքանչյուր առաջարկի դեպքում պատրաստ գործարք կնքելու նրա հետ:
Այդ իսկ պատճառով Հայաստանում (նաեւ այլ երկրներում) տարիներ շարունակ տեղի է ունենում կուսակցությունների կոչման վերափոխում: Կուսակցությունները ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման ու արտահայտման իրենց առաքելությունից անցում են կատարում դեպի իրենց վերնախավերի նյութական շահերի (ֆինանսական, առեւտրային, բիզնես եւ այլն) բավարարման միջոցի: Հանրային ու պետական երաշխիքների հիման վրա քանի դեռ չեն ստեղծվել կուսակցությունների ֆինանսական անկախությունն ապահովող թափանցիկ միջոցներ ու մեխանիզմներ, այսօր ընդհանրապես հույս կապել, թե կուսակցությունները ի շահ հանրության ու պետության գործունեություն կծավալեն, ըստ էության, դեռեւս խաբկանք է: