Մաշտոցի պուրակից «այրվածները»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում մայիսի 13-ին Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը Երևան քաղաքում մասնակցեցին բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը:
Անվանակոչելու (փաստացի` վերանվանելու) այդ ակտն ու պուրակում դրա գործնական ամրագրումը քաղաքացիական առանձին նախաձեռնությունների ու խմբերի կողմից չէր կարող անցնել առանց դիմադրության, քանի որ «Մաշտոցի պուրակ» անունով հայտնի այդ այգին Հայաստանի իշխող քրեաօլիգարխիկ վարչախմբի դեմ քաղաքացիական պայքարի էական ու հանգրվանային մի հաղթանակի խորհրդանիշն է, և հենց այդ անվան միջոցով է կերտվել ու զանգվածներին մատուցվել այդ հաղթանակը:
Բացի այդ վերջին տարիներին քաղաքացիական պայքարի տարբեր հոսանքները կամ ծնվել են Մաշտոցի պուրակը «բուտիկներից» ազատելու պայքարի արդյունքում ձևավորված սոցիալական կապերից ու կապիտալից, կամ էլ` առնվազն սնվել են այդ պայքարի գաղափարախոսությունից ու մարտավարությունից: Ուստի այս դեպքում պուրակի հանրայնացված ու քաղաքացիական լայն զանգվածների կողմից ընդունված անվան փոփոխությունը, անշուշտ, զգայուն մի հարց պետք է դառնար ընդդիմադիր հանրության համար:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած անվանափոխման այդ ակտը բավական մեծ աջակցություն գտավ իշխող հանցավոր վարչախմբի դեմ պայքարող հանրային քաղաքականացված տարբեր խմբերի մոտ: Հանրությունը բաժանվեց երկու մասի` տվյալ այգու «Մաշտոցի պուրակ» անվանման կողմնակիցների և «Միսաք Մանուշյանի անվան պուրակ» անվանակոչելու կողմնակիցների:
Հարկ եղավ հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ընդդիմադիր հանրության այն հատվածը, որը կողմ է պուրակը վերանվանելուն, խոսում է այն նույն դիրքերից, ինչ դիրքերից արտահայտվում են հանցավոր վարչախումբն ու նրա կողմնակիցները: Արդյոք միայն ա՞յն, որ վարչախմբի դրական ձեռնարկումները նույնքան ենթակա են բարձրաձայնման, որքան նրա արդեն վաղուց սովորական դարձած վնասակար ու կործանարար ձեռնարկումները, թե՞ գոյություն ունեն նաև թաքնված ու չերևացող այնպիսի մոտիվներ, որոնք բաժանարար գծեր են ստեղծում ընդդիմադիր հանրության մեջ:
Ուստի, օգտվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ընձեռած հնարավորություններից, փորձենք հասկանալ, թե ինչ կարծիքներ ու փաստարկներ են հնչել այս օրերին: Տողերիս հեղինակի դիտարկումները ի հայտ բերեցին պուրակը «Միսաք Մանուշյանի» անունով կոչելու կողմնակիցների (կամ` դրական վերաբերմունք արտահայտած քաղաքացիների) հետևյալ երկու խմբերին միայն, որոնց գրառումներից մի քանիսը կբերվեն ստորեւ.
Ա. «Եւրոպամետներ», ովքեր «Մաշտոցի պուրակ» անվան կողմնակիցների վարքում «ռուսական» հետք են փնտրում
- Երեխեք, մի հարց` Մանուշյանից պայծառ կերպար կա՞, թե՞ ուղղակի Ձեզ ասել են հենց մեկը Եվրոպայից գա, ցույց տվեք, որ եվրոպական ամեն ինչին դեմ եք: … Չկա ավելի հզոր զենք, քան միամիտ ու պայծառ մարդկանց ուղղորդվելը քողածածկ տիկնիկավարների կողմից: … Մի քիչ պոստմոդեռնիզմից ու կոնստրուկտիվիզմից խոսողները գոնե իրար կողքի կարողանան դնել երկու վառ պատկեր` 1-Պուտինի այցի ժամանակ ոստիկանները բռնում են ակտիվիստներին, 2-Օլանդի այցի ժամանակ ոստիկանները բռնում են ակտիվիստներին: Դրանք սեպարատիստներն են Դոնեցկում և բանդեռականները Կիևում: Քաղաքացիական հասարակությունը բողոքում է Եվրոպայի դեմ. դե դուք էդ իմիջից դուրս ճղվեք ու նայեք ով ա իմաստազուրկ կամ իմաստալից, ռոլիկները գնացին…:
- Կեցցե վոլինկինը:
- Սա սերժի ու ռուսական կողմի սարքած խաղ ա, որին նորից մասնակից են դարձնում հայերիս: … Այսօր ռուսական ալիքներով կդիտեք տեսանյութ, թե ինչպես էին հայերը բողոքում Օլանդի այցի դեմ: Պուրակի մասին չի խոսվի:
Բ. Մանուշյանի անձի ու գործի համակիրներ եւ այդ իսկ պատճառով անվանափոխման կողմնակիցներ
- Մաշտոցի պուրակի աննախադեպ հարգելի աննախադեպ քաղաքացիներ, դիմում է ձեզ 88 թվականից ի վեր Ազատության հրապարակում նախադեպյալ պայքարող Մի Չաննախադեպ քաղաքացի: Եթե հիշողությունս չի դավաճանում, դուք Մաշտոցի պուրակում պայքարում էիք կառուցվելիք ինչ-որ «օբեկտի» դեմ, ոչ թե պահանջում էիք, որ այդ պուրակը կառավարության որոշմամբ, իրոք, կոչվի Մաշտոցի անունով: Հետո Սերժիկ Սարգսյանը եկավ, Տարոնին ասաց` սիրուն չի, ու «օբեկտի» հանդեպ ձեր պայքարը պսակվեց աննախադեպ հաղթանակով: Հիմա սիրու՞ն է, որ դուք կատաղի պայքար եք մղում, ճիշտ է, ո՛չ ձեզ նման աննախադեպ, բայց ամեն դեպքում ֆաշիզմի դեմ, հանուն ազատության պայքարած եւ համեստորեն զոհված ձեր հայրենակից բանաստեղծ Միսաք Մանուշյանի դեմ: Ինչո՞վ է Մանուշյանի անունը ստվեր գցելու ձեր աննախադեպ պայքարի վրա: Երեւի ընդամենն այն դառը փաստով, որ Մանուշյանը զոհվելիս չի՞ մտածել, որ ինքն աննախադեպ բան է անում: … Բայց մի փոքրիկ, կորած-մոլորած պուրակն իր անունով կոչելու կարիք ունի՞ Մաշտոցը: Էդ նույն տրամաբանությամբ` Հանրապետության հրապարակն էլ մարդկանց մեջ յոթանասուն տարի ամրացել էր որպես Լենինի հրապարակ: Չփոխեի՞նք: Եթե պայքարի ոգու մասին է խոսքը, այդ պայքարին ավելի համահունչ է Մանուշյանի անունը:
- Անկարևոր բաների համար գնալով ավելի ու ավելի կատաղի են պայքարում: Մանուշյանը, համենայն դեպս, Միկոյանը չէ, ամոթ է: Իսկ Մաշտոցի համար, եթե կուզեք` պուրակն անվանակոչելն անգամ քիչ է: Մի խոսքով, …հիմա ակտիվիստների ժամանակն է: Դրա համար ամեն բան խառնվել է իրար: Մանուշյանի իրական մեծության մասին, չեմ զարմանա, որ շատ էլ չիմանան:
- Ես չեմ հասկանում, մարդիկ, ովքեր պայքարում են հիմա էլ Միսաք Մանուշյանի դեմ, գիտե՞ն ով է Միսաք Մանուշյանը: Ես չեմ հասկանում՝ պուրակը պիտի կոչվի Մարիամ Սուխուդյանի՞ անունով....
Անշուշտ, առաջին խմբի կողմնակիցների նման կերպ արտահայտվելու շարժառիթը նրանց քաղաքական հստակ դիրքորոշմամբ է պայմանավորված: Իսկ փաստարկներն էլ կառուցված են հենց այդ լույսի ներքո: Օլանդի և Պուտինի երեւանյան այցերի, դրա արդյունքում քաղաքացիների բերման ենթարկվելու դեպքերի համեմատականներն անսքող ցուցանում են, որ արևմտամետ հանրային առանձին շրջանակների համար քննարկվող իրադարձությունը նշանակություն ունի իր քաղաքական հնարավոր ազդեցության ու հետևանքների պատճառով: Հարկ է նկատել, որ նախորդ ամիսներին Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժերը որոշակի քաղաքական կապիտալ են կուտակել հանցավոր վարչախմբի դեմ ուղղված փողոցային պայքարը հակապուտինյան պայքարի ռելսերով ուղղորդելու միջոցով: Այդ տեսանկյունից յուրաքանչյուր իրադարձություն, որը վարչախմբին, ռուսամետ ուժերին կամ ռուսական քաղաքական շրջանակներին կարող է ընձեռել դրանք ի շահ Կրեմլի մեկնաբանելու հնարավորություն` արևտամետների կողմից ցավագին է ընդունվում: Սակայն, դա բոլորովին խախուտ հիմք է, որպեսզի քաղաքացիական պայքարի արդյունքում ի հայտ եկած և սեփական շահերին հակասող յուրաքանչյուր նման իրավիճակ փորձ արվի ներկայացնել «ԿԳԲ-ական» ուղղորդվածության լույսի ներքո:
Իհարկե, ներկա վարչախմբի կենսագործունեության, ինչպես նաեւ պետության ինքնիշխանությունը ոչնչացնելու հարցերում Կրեմլի միջամտությունն ունեցել է առանցքային նշանակություն եւ դա չեն փորձում վիճարկել անգամ վարչախմբի ներկայացուցիչները: Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում վաղուց արդեն տիրոջ եւ ծառայի ֆորմատով է առաջնորդվում: Սակայն թե՛ անցյալում, թե՛ 2013թ. սեպտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 2-ին հաջորդած հանրային ընդվզման ալիքներին զուգահեռ եւ թե՛ ապագայում Հայաստանում եղել են ու կլինեն այնպիսի իրադարձություններ, որոնք դուրս են մնացել (դուրս կմնան) ինքնիշխանության խնդրի առաջ բերած դիսկուրսից: Ուստի հայաստանյան արեւմտամետ հանրությունը քաղաքացիական պայքարի տեղային ու համապետական գործընթացներում պետք է վեր կանգնի իր հատվածական շահերից եւ այդ իրավիճակներում չփորձի անհարկի միջամտել, ուղղորդել կամ «ծուռ հայելիների» արտապատկերմամբ ներկայացնել տվյալ գործընթացներն ու իրադարձությունները: Այլապես հերթական անգամ կապացուցվի մեր արատավոր քաղաքական մշակույթի առանցքային այն ճշմարտությունը, ըստ որի քաղաքական դաշտում գործող ուժերի ու խմբերի շրջանում երբեք ոչ մի տարբերություն չի եղել արեւելյան (ռուսական) եւ արեւմտյան ծառայամտությունների եւ այդ գործում կիրառվող քաղաքական դաշտը ոչնչացնելու հնարքների ու մեխանիզմների միջեւ:
Երկրորդ խմբի կողմնակիցների խոսքում, չնայած հեգնանքի տեսքով ի հայտ եկած նույնքան անսքող քաղաքական միտման առկայությանը, ընդամենը երկու չեզոք (քաղաքական ենթատեքստ չպարունակող) փաստարկ է փորձ արվում շրջանառել: Ըստ առաջինի` Մաշտոցի մեծությունից ելնելով` նրա անունով այդ փոքր պուրակն անվանակոչելը սխալ է, ինչը չի կարելի ասել Միսաք Մանուշյանի անունով այն կոչելու դեպքում: Ըստ երկրորդի` այգին մինչ այդ պաշտոնական անվանում չուներ եւ ուստի պատկան մարմինը կաշկանդված չպետք է լիներ Միսաք Մանուշյանի անունով այն կոչելու ժամանակ: Այս փաստարկներից բացի, այլ փաստարկ տողերիս հեղինակը չկարողացավ գտնել ֆեյսբուքյան տասնյակ գրառումների մեջ:
Իհարկե առաջին փաստարկը հնարավոր կլիներ տրամաբանված դիտարկել, եթե պատկան մարմիններն այս փոքր պուրակի հետ միաժամանակ շատ ավելի մեծ ու բարեկարգ մեկ այլ այգի Մեսրոպ Մաշտոցի անունով անվանակոչելու գործընթաց նախաձեռնեին: Չնայած, այդ ժամանակ եւս անվանափոխման հարցը զերծ չէր մնա խնդրահարույց լինելուց, բայց այդ դեպքում պուրակը «Մանուշյանի» անունով կոչելու կողմնակիցների դիրքորոշումների փաստարկման բազան գոնե առավել համոզիչ կներկայանար: Չէ որ բոլորի համար պարզ է, որ այսօր Մաշտոցի պուրակի անվանափոխման խնդիրը գտնվում է քաղաքական հարթությունում եւ լավագույն լուծումները կարող են լինել միայն հանրային կոնսոլիդացիայի բերող համընդունելի որոշումների դեպքում, եթե իհարկե վարչախմբի ձեռնարկած անվանափոխման այս ողջ գործընթացը նպատակ չունի նաեւ հանրային երկպառակություններ սերմանել: Այդ տեսանկյունից, նախկինում երբեք խնդրահարույց չի եղել այգու «Մաշտոցի պուրակ» անվանումը եւ ուստի այսօր կամ երբեւէ հենց այդ անվան պաշտոնականացումը կարող է լիարժեք ընկալելի լինել հանրության համար եւ փարատել վերը բերված երկրորդ փաստարկի կողմնակիցներին:
Ներկայացված գրառումներում, եթե մի կողմ թողնենք մեր մատնանշած երկու շատ թույլ փաստարկները եւ դրանց վրա կառուցված չեզոք գնահատականները, ապա առավել նկատելի է, որ այդ խոսքերում ընկած են մեր առանձին քաղաքացիների քաղաքական հաշվարկները, վախերը, միմյանց միջեւ հարցեր պարզելու կամ հաշվեհարդարներ տեսնելու միտումները: Այդ ամենը ի մի բերելով` կարելի է նկատել, որ 2012թ. Մաշտոցի պուրակի ազատագրման համար ծավալված քաղաքացիական պայքարը քաղաքական ողջ դաշտի համար եղել եւ մնում է այնպիսի խորթ մի երեւույթ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հանրային տարբեր քաղաքական շերտեր հարկ են համարում «ճակատամարտ տալ» պուրակի ու նրա պաշտպանների դեմ:
Արդեն երկու տարի է ինչ քաղաքացիական պայքարում ներգրավված ակտիվ շատ ու շատ քաղաքացիներ պարբերաբար պատեհ ու անպատեհ անվանարկվում են իբրեւ «օբեկտների դեմ» կամ «անկարևոր բաների համար ավելի ու ավելի կատաղի» պայքարողներ, իսկ նրանց ետեւում փորձ է արվում տեսնել արտաքին ուժեր, «քողածածկ տիկնիկավարներ» կամ էլ` ինչ-որ գրանտատուներ: Դա ապացուցելու համար հորինվում են տարբեր ստեր, բանեցվում կեղծիքներ, բերվում շատ թույլ փաստարկներ: Նախորդ օրերին, օրինակ, պուրակի ժամանակի փորձությունը բռնած անվան պաշտպանները որքան էլ փորձեցին բոլորին համոզել, որ իրենք նույնքան հարգում են Միսաք Մանուշյանին ու խոնարհվում նրա առջեւ, միեւնույնն է առանձին քաղաքացիների չարակամությունը չթողեց զատվել այն ստից, որ պաշտպանները խնդիր ունեն պուրակի նոր անվան հեղինակի` Միսաք Մանուշյանի, հետ: Հենց այս կերպ էլ հաջողությունները շրջանցում են հանրությանը` մնալով ստի, կեղծիքի ու ապակողմնորոշման լաբիրինթոսում: Չէ որ Հայաստանում դեռեւս թայֆայականությունն է իշխում: