հոդվածներ

Ոստիկանների ինքնահաստատման սինդրոմ-1

Մայիսի 13-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության նախաշեմին այգու պաշտպանությամբ զբաղվող մի քանի քաղաքացիներ հավաքվել էին պուրակում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն այգին «Միսաք Մանուշյանի անվան պուրակ» վերանվանելու կապակցությամբ:

Սակայն մինչ նախագահների ժամանելը ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից յոթ քաղաքացիների: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները դիմեցին ակնհայտ բռնության: Ֆիզիկական ուժին ապավինելը, ծեծը, սպառնալիքն ու վիրավորանքը տեղ գտան նաեւ ոստիկանական մեքենաներում ու բաժնում, որի պատճառով կտրուկ վատացավ Գեւորգ Սաֆարյանի առողջական վիճակը, իսկ Դվին Իսանյանսը ոստիկանի հարվածից ուշագնաց եղավ մեքենայի մեջ: Այդ փաստերը ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո հաստատեցին հենց իրենք` տուժողները:

Հայաստանում նմանատիպ դեպքերը նորություն չեն եւ պարբերաբար ի հայտ են գալիս բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները հայտնվում են պայքարի կիզակետում եւ բերման ենթարկվում ոստիկանների կողմից: Տիրոջ զգացումով ու հոգատարությամբ առաջնորդվող գիտակից քաղաքացիների` երկրի խնդիրները բարձրաձայնելու կամ լուծելու ճանապարհին նրանց դեմ կիրառվող ցանկացած բռնություն, անշուշտ, հանրության կողմից դատապարտման է արժանի: Սակայն հանրությունը պետք է փորձի իր գործուն միջամտությամբ ելքեր գտնել` կանխելու համար բռնության տարածումը իրավապահ մարմինների շրջանում: Իսկ դրա համար կարեւոր ու առաջնային նախապայմանը ոստիկանների կողմից բռնություն կիրառելու երեւույթի խորքային ըմբռնումն է:

Մեր հանրությունը քաջ ծանոթ է ոստիկանության բաժանմունքներում ծեծի եւ խոշտանգման միջոցով ցուցմունքներ կորզելու ոստիկանական պրակտիկային: Անգամ երբեմն կարող ես հանդիպել առանձին մարդկանց, ովքեր նման գործելաոճը համարում են իրավապահ մարմինների գործառնական դժվարին պարտականությունների կատարմանը միտված բնական ու արդարացված վարքագիծ:

Նման արտառոց մեկնաբանություններից բացի, ոստիկանության բռնաճնշումների դիմելու երեւույթի ռացիոնալ բացատրության հիմքում առանձին դեպքերում շրջանառվում է վերադասության կարգով իջեցված գերատեսչական կամ քաղաքական պատվերի առկայությունը: Իսկ երեւույթը փաստող նման դեպքերի մեծամասնության համար ընկած է նաեւ այն հիմնավորումը, ըստ որի նման պրակտիկան խորհրդային ժամանակաշրջանից մնացած ժառանգության արդյունքն է:

Հարկ է նկատել, որ նման պրակտիկան, իհարկե, բացատրվում է նաեւ խորհրդային տոտալիտար համակարգի բռնաճնշիչ մեքենայի ու նրանից ածանցյալ խորհրդային միլիցիայի տասնամյակների գործելաոճի արդյունքում արմատացած մշակույթով ու ավանդույթներով: Սակայն, ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ոչ բոլոր ֆիզիկական բռնության դրսեւորումները կարող են հիմնավորվել խորհրդային ժառանգության ազդեցությամբ, քանի որ որոշ էական հանգամանքներ բոլորովին չեն տեղավորվում այդ բացատրության համատեքստում:

Այսպես` ոստիկանությունում ծառայության անցնող շատ երիտասարդ աշխատակիցներ, մինչ կհասցնեն խորապես ընկալել բռնության դիմելու քաղաքական պատվերների ու վերադասության կարգով իջեցվող ցուցումների հանցավոր բնույթը, կամ տարեց ծառայողներից կհասցնեն ընդօրինակել ծեծուջարդով ուղեկցվող խորհրդային ժամանակաշրջանի արատավոր վարքագիծը, միեւնույնն է մեծ հակվածությամբ դիմում են ֆիզիկական բռնության` առանց իսկ այդ պատվերները, ցուցումներն ու փոխանցիկ փորձը ունենալու:

Բացի այդ, ինչպես ցույց են տալիս քաղացիական անհնազանդության դիմած քաղաքացիներին բերման ենթարկելու փաստերը, քաղաքացիական պայքարում ներգրավված այդ քաղաքացիների բռնության ենթարկվելու դեպքերը բոլորովին էլ պայմանավորված չեն ոստիկանության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու հանգամանքով:

Նախկինում հայտնի են դեպքեր, ինչպես, օրինակ, բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների կողմից ՀԱԿ համակիր Տիգրան Առաքելյանին կամ քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանական մեքենաներում ծեծի ենթարկելու դեպքերը, երբ ոստիկանության ծառայողների նման գործելաոճը բացատրվել է Հայաստանի իշխող վարչախմբի քաղաքական որոշման առկայությամբ`նպատակ ունենալով վախեցնել պայքարող քաղաքական ուժերի ռադիկալ տրամադրված շերտերին, քաղաքացիական խմբերին ու անհատ քաղաքացիներին, անզորություն սերմանել նրանց շրջանում եւ չեզոքացնել այդ քաղաքացիների ոգեւորությունն ու կամքը:

Հարկ է նկատել, որ ներկայացված բացատրությունը, եթե այն ամրագրված չէ իշխող վարչախմբի կողմից կոնկրետ քաղաքական գործընթաց նախաձեռնելու կամ ընդդիմադիր հանրության քաղաքական ինքնուրույն օրակարգը խաթարելու փաստերով, ապա չի կարող լիարժեք բացահայտել ոստիկանների կողմից բռնության դիմելու տվյալ երեւույթի էությունը:

Այսպես, մայիսի 13-ին Մաշտոցի պուրակում քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերն ամբողջությամբ ընկալելի են պուրակում Ֆրանսիայի նախագահին առանց միջադեպերի դիմավորելու ու ճանապարհելու համատեքստում: Սակայն, բոլորի համար պարզ է, որ ակտիվ քաղաքացիների պուրակ գնալու որոշումը կայացվել է ծավալվող դեպքերից ընդամենը ժամեր առաջ եւ այն էլ միայն բողոք ներկայացնելու նկատառումով:

Ուստի երեւույթի ռացիոնալության դիտանկյունից, քաղաքացիներին ոստիկանական մեքենաներում ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերը չպետք է տեղ գտնեին այդ օրը, քանի որ չկար քաղաքացիական հանրության կողմից հանցավոր վարչախմբին որեւէ տեսանելի քաղաքական օրակարգ պարտադրելու միտում կամ հնարավորություն, իսկ վերջինիս մոտ էլ պետք է, որ բացակայեր Ֆրանսիայի նախագահի այցին առավել մեծ աղմուկ (սկանդալ) հաղորդելու ցանկությունը:

Ասվածը հիմք է տալիս պնդել, որ ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայից, վարչախմբի քաղաքական պատվերներն ու ոստիկանության վերադասների ցուցումները կատարելուց բացի, կրտսեր ոստիկանների կողմից բռնաճնշումների դիմելու երեւույթն առանձին դեպքերում պետք է, որ բոլորովին ուրիշ մի բացատրություն ունենա: Այն ընկած պետք է լինի առանձին ոստիկանների, որոնք իրենց հավաքականության մեջ որոշակի մի շերտ են կազմում, անձը բնութագրող անհատական հատկանիշների տիրույթում:

(Շարունակելի)