հոդվածներ

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը – 4

Ակնհայտ է, որ «Արաբական գարնան» իրադարձությունները եւ Իրան-Արեւմուտք նախնական համաձայնությունները լիարժեք փոխել են Մեծ Մերձավոր Արեւելքի ռազմաքաղաքական լանդշաֆտը: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտությունը արմատապես փոխել է նաեւ Արեւելյան Եվրոպայի քաղաքական կյանքը, դրանում Ռուսաստանի ներգրավվածության աստիճանը եւ այլ երկրների հետ նրա փոխգործակցության մակարդակն ու միտումները: Ռուսաստանը հիմնավորապես խրվել է արեւելաեւրոպական ճահճում ու կարծես թե կամ պետք է առաջ գնալու անհաջող փորձերով մահվան գիրկը նետի մի ողջ տերություն, կամ էլ հետդարձի ելքեր փնտրի ու այլեւս երբեք չհիշի Եւրոպայում քայլող «ռուսական սապոգի» ճանապարհը:

Չնայած առերեւույթ լռությանը, այսօր պայքար է ընթանում Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով ընկած ռուսական սահմանի ողջ երկայնքով: Այն, ըստ ամենայնի, նախորդ հոդվածներում մեր կողմից մատնանշված աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա ձեռք է բերել ռազմաքաղաքական մի ինքնուրույն թատերաբեմի կարգավիճակ: Հյուսիսում Լեհաստանը եւ Մերձբալթյան հանրապետությունները, չնայած ԱՄՆ նույնքան ակտիվ ներգրավմանը, շարժվելով արդեն իսկ պատմական ժառանգության ուժով, Ռուսաստանի նկատմամբ ստանձնել են ճահճային կիկիմորայի դերակատարություն: Իսկ Բելառուսը, աչքի առաջ ունենալով ուկրաինական նախադեպը, աշխարհաքաղաքական նոր իրավիճակին հարմարվելու խնդիր է փորձում լուծել:

Ներկայումս Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստիպված է իր արտաքին քաղաքականության մեջ հաշտեցնել մի կողմից ռուսական ագրեսիվ էքսպանսիան թուլացնելու, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ տարիներ շարունակ լարված հարաբերությունների դժվարությունները հաղթահարելու համաժամանակյա մարտահրավերները: Ընդ որում, նա հակված է դրան հասնել` իր իշխանությունն ու սեփական երկրի ինքնիշխանությունը լիարժեք պահպանելու եւ Արեւմուտքի գիրկը չնետվելու գնով: Բելառուսի ղեկավարի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պաշտոնական Կիեւի ձեռնարկած հակաահաբեկչական գործողությունները պաշտպանելու վերաբերյալ հայտարարությունները, որոշ քաղբանտարկյալների ազատ արձակումը, բայց, միաժամանակ, նաեւ Արեւմուտքի քաղաքականության պարբերական քննադատությունը հենց այդ քաղաքական կուրսի վկայությունն են դարձել:

Հարկ է նկատել, որ ռուս-բելառուսական հարաբերություններում առաջնահերթ է դարձել պարզել միմյանց թե՛ ներկա իրավիճակից բխող տրամադրությունները եւ թե՛ երկարաժամկետ ծրագրերը: Երկու կողմերի համար դա ունի խորքային պատճառներ: Առաջին հերթին այն, որ Ղրիմում, Օդեսսայում, Դոնեցկում ու Լուգանսկում վերջին ամիսների իրադարձությունները ռուս, ուկրաինացի եւ բելառուս ժողովուրդների ենթագիտակցության մեջ խարխլել են համասլավոնական քաղաքական միասնության գաղափարական հիմքերը, անհրաժեշտություն է առաջացել գաղափարական բացը լրացնել նոր ռազմավարական հայեցակարգերով: Բացի այդ, պաշտոնական Մինսկի համար խնդիր է դարձել ծրագրել արտաքին քաղաքականությունը` հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսանալու հեռանկարը: Արեւմուտքի հետ տարիներ շարունակ խնդրահարույց հարաբերությունների խորապատկերին, արեւելյան հզոր հարեւանի ներփակվելը իր սահմանների մեջ (աշխարհաքաղաքական բախումների ներկայիս առանցքի վրա) Բելառուսին միայն լրացուցիչ քաղաքական ու տնտեսական դժվարություններ է խոստանում:

Շատ ավելի ծանր վիճակ է ուկրաինական սահմանի վրա, քանզի ռուս-ուկրաինական հարաբերություններում «հետդարձի կետը» վաղուց անցած է: Այսօր բացառությամբ քաղաքական ռոմանտիկների, մյուս բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը, ի դեմս Ուկրաինայի, ձեռք է բերել մի նոր հակառակորդի:

Այստեղ տեղին է զուգահեռներ անցկացնել մի կողմից Ուկրաինայի ու ռուս-ուկրաինական հակամարտության եւ մյուս կողմից մի քանի տարի առաջ տեղ գտած ռուս-վրացական պատերազմի ու Վրաստանի միջեւ: Այդ տեսանկյունից հարկ է արձանագրել, որ Հարավային Օսիան ու Աբխազիան այժմ Ղրիմի հետ ունեն իրավական կարգավիճակների ձեւական տարբերություններ միայն: Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի մյուս զուգահեռներում մենք գործ ունենք գրեթե համանման զարգացումների, իրավիճակի կամ հետեւանքների հետ (պրոարեւմտյան կուրսի որդեգրում, տարածքի անեքսիա, տնտեսական կապերի խաթարում եւ այլն): Ի դեպ, երկու դեպքում էլ հարված է հասցվել անգամ ուղղափառ քույր եկեղեցիների միասնությանը, որը հենց դարձել է Վրաստանի ու Ուկրաինայի հետ Ռուսաստանի երկարաժամկետ կտրվածքում ոչ բնականոն հարաբերություններ ունենալու վկայությունը:

Այսօր Ուկրաինայի արեւելյան մարզերում տեղի ունեցող իրադարձությունները կառավարելի քաոս են հիշեցնում: Մեծ տարածքներում որոշակի սփռվածության տեղային նշանակության ռազմական գործողություններն ու ահաբեկչությունը դարձել են առօրյա կյանքի բաղկացուցիչը: Սկսել են նաեւ երկու ազգերի միգրացիոն տեղաշարժերը դեպի անվտանգ վայրեր: Ըստ էության, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ երկաթյա վարագույր է ստեղծվում ոչ թե սահմանները կողպելու, այլ բաց սահմաններով հումանիտար աղետի գոտի ստեղծելու միջոցով: Վրաստանի օրինակը աչքի առաջ ունենալով` կարելի է ասել, որ ռուսների եւ ուկրաինացիների միջեւ ձեւավորվող անտագոնիզմն էլ հետագայում կերաշխավորի, որ արդեն կիսափակ սահմաններով տեղաշարժերը լիարժեք վերահսկելի դառնան:

Ներկայացված աշխարհաքաղաքական պատկերը հիմք է տալիս ենթադրել, որ գործ ունենք Ռուսաստանի արեւմտյան սահմանները մեկուսացնելու Արեւմուտքի նպատակային ռազմավարական քաղաքականության հետ: Չնայած այս քաղաքականությանը ԱՄՆ-ի եւրոպական որոշ գործընկերների ու ուժերի դիմադրությանը` տվյալ ռազմավարական գիծը հաղթահարում է բոլոր արգելքները, քանզի իր հերթին հիմնվում է Ռուսաստանի նկատմամբ Արեւելյան Եւրոպայի երկրների բացասական մտապատկերի եւ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վարած գաղութային, ապաշնորհ քաղաքականության «կնճիռների» վրա: Ոչ պակաս կարեւոր է նաեւ հենց իր` Ռուսաստանի քաղաքական վերնախավի հակվածությունը գործել «կացնային» միջոցներով ու մեթոդներով, այդ թվում` ակնհայտ կեղծ ագիտացիա ու պրոպագանդա վարելով, Ուկրաինայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելով եւ իր վատահամբավ հատուկ ծառայություններին այդ գործում ներգրավելով: Վերջինս Արեւմուտքի համար ապահովում է հենց այն արդյունքը, որը ստանալու համար հարկ կլիներ բազմապատիկ ավելի ջանք ներդնել:

Բացի այդ, Եւրոպայում նման ռազմավարական գիծը լրացուցիչ աջակցություն է գտնում եւ չեզոքացնում Ռուսաստանի հանդեպ հատկապես Գերմանիայի առանձին քաղաքական շրջանակների դիմադրությունը մի էական հանգամանքից ելնելով: Այս աշխարհամասը սնուցող էներգետիկ հոսքերը դիվերսիֆիկացնելու Արեւմուտքի ծրագրավորված քաղաքականությունից Եւրոմիությունը գործնականում քաղում է իր նշանակալից «պտուղները»: Ասվածի համատեքստում պետք է դիտարկել ոչ վաղ անցյալում լիբիական պատերազմի սանձազերծումը, այսօր արդեն Իրանի հետ Արեւմուտքի փոխգործակցության նոր փուլի սկզբնավորումը, իսկ ապագայում նաեւ «Հարավային գազային միջանցքի» միջոցով Եւրոպան Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի էներգակիրներով սնուցելու ծրագրերի գործարկումը:

Իսկ ո՞րն է Արեւմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ նման ռազմավարական քաղաքականության նպատակը:

Բազմաֆունկցիոնալ ծրագրերի միջոցով ստացվելիք հիմնական արդյունքների թվում պետք է նկատել Ռուսաստանի էներգակիրներից Եվրոպայի կախվածության վերացումը: Էներգետիկ անվտանգության մեծացումը վերջնականապես կչեզոքացնի նաեւ Եւրոպայում ռուսական քաղաքական ազդեցությունը (ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական հակամարտություններն արդեն իսկ լիարժեք խարխլել են Արեւելյան Եւրոպայում Ռուսաստանի հեղինակությունն ու ազդեցությունը): Դրա փոխարեն` Արեւմուտքի լիարժեք վերահսկողության տակ գտնվող այլընտրանքային էներգահոսքերից ԵՄ կախվածությունը հնարավորություն կտա հասնել առավել խորը ինտեգրացիայի եւ ձեւավորել լիարժեք ինքնաբավ «Հյուսիսատլանտյան» միասնական տնտեսական շուկա: Վերջինս էլ, «Չինական վիշապի» հետ մրցակցելու համար, առաջիկա տասնամյակների ընթացքում իր հերթին Արեւմուտքին կօժտի որոշակի ներուժով:

Բացի այդ, պետք է դիտարկել նաեւ ենթադրյալ մեկ այլ ոչ պակաս կարեւոր արդյունքի հնարավորությունը: Ռուսաստանի դեպի Չինաստան շրջվելու միջոցով, որքան էլ պարադոքսալ թվա, այդ երկու տերությունների միջեւ կխորանան հակասությունները, որոնք նրանց կկանգնեցնեն լրջագույն խնդիրների առաջ: Ռուսաստանը իր տարածքի եւ բնակչության ասիմետրիկության պատճառով չինական էքսպանսիան դիմագրավելու եւ ոտնձգություններից պաշտպանելու համար ստիպված կլինի մշտապես ապահովել սեփական տարածքների անվտանգությունը: Դրա համար ներդրվող ֆինանսական միջոցները կքամեն Ռուսաստանի պետական բյուջեն: Միաժամանակ Չինաստանը, որպես ռուսական էներգակիրների հիմնական սպառող եւ Ռուսաստանի ֆինանսական միջոցների գոյացման հիմնական աղբյուր, կփորձի թելադրել իր կամքը: Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի յուրացման չինական նախագծերը, փոխադարձ թույլատրելիության սահմաններում, այնուամենայնիվ, Չինաստանից կխլեն տասնամյակներ ու ահռելի ֆինանսական միջոցներ` հար եւ նման Արեւելյան Գերմանիան յուրացնելու Արեւմտյան Գերմանիայի փորձին: Դա Արեւմուտքին հնարավորություն կտա եւս մի քանի տասնամյակ ապահովել սեփական դիրքերն աշխարհում: