հոդվածներ

Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը – 8

2014-08-01

Նախորդ հոդվածներում ներկայացված փաստերի, փաստարկների, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի ու գործոնների վրա հիմնվելով` կարելի է ուրվագծել Եւրասիայում աշխարհաքաղաքական ուժերի ձեւավորած ներկայիս քաղաքական քարտեզը եւ փորձել գտնել առկա քաղաքական գործընթացների հիմնական միտումները:

Ինչպես արդեն նկատել ենք աշխարհաքաղաքական բախումների առանցքը ձգվում է արաբական, իրանական ու ռուսական քաղաքակրթական սահմանների երկայնքով: Այն, որպես անձեռնմխելի միջուկ, իր մեջ պատսպարում է Եւրոպան, իսկ արդեն ավարտված գործընթացի` «Արաբական գարնան» արդյունքում, նաեւ` Միջերկրական ծովը: Վերջինս եւրոատլանտյան հանրության համար դառնում է ներքին ծով: Բացի Միջերկրական ծովի բնական արգելապատնեշից, Եւրոպան հարավից այսուհետ եւս մեկ նույնքան հիմնարար օղակով է պաշտպանվում` Սահարա անապատով: Իսկ Միջերկրական ծովը, իբրեւ ներքին ծով, երկու անկաշկանդ գործառույթ է ձեռք բերում` հար եւ նման Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում իր ունեցած նույնաբովանդակ գործառույթների: Մի կողմից այն համագործակցության մեջ ներգրավված եւրոպական ողջ կենսատարածքը ֆիլտրացնող առաջնագծի` «Արաբական աղեղի» համար ծառայում է իբրեւ ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական մատակարարումների հաղորդուղի, իսկ մյուս կողմից` «եւրոատլանտյան ընտանիքի» համար ծառայում է դեպի Եւրոպա մարդկային ու նյութական անհրաժեշտ ռեսուրսներ սնուցող «արյունատար համակարգ»:

«Եւրոատլանտյան ընտանիքի» արեւելքում փորձ է արվում եւ կարծես թե հաջողվում է կառուցել ներքուստ հակադիր, իսկ արտաքնապես իրար փոխլրացնող երկու պատնեշ: «Փակ սահմանների» մեջ ներփակված ու ամբողջությամբ «խրամատավորված»` Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ու Կասպից ծովեր ձգվող սահմանագծերի վրա գտնվող ռուսական պատնեշը լրացվում է Կասպից ծովից մինչեւ Հնդկական օվկիանոս ձգվող, ծավալման ցանկություն ու լայն հնարավորություններ ունեցող իրանական պատնեշով: Ընդ որում, որպես աշխարհաքաղաքական բախումների առանցքի աջ ու ձախ կողմերն իրարից տարանջատող պատնեշներ, վերջիններս իրար փոխլրացնելուց զատ, միաժամանակ միմյանց պահում են ներազդման, հակազդման ու հակադրության մեջ:

Ո՞րն է այդ պատնեշները նման հակադրության մեջ պահելու իմաստը եւ ո՞րն է նման արդյունքն ապահովող հիմնական մեխանիզմը:

Համաշխարհային պատմության ընթացքում համարժեք ուժերի հակադիր նմանատիպ շահեր նախկինում արդեն բախվել են: Արժե հիշել Հռոմեական կայսրության դեպի արեւելք ծավալման ճանապարհին, մինչ իրական Արեւելքը ներկայացնող ախոյանի` Պարթեւական թագավորության հետ սրերը խաչելը, երկու մեծ կայսրությունների` Պոնտոսի ու Մեծ Հայքի ռազմավարական դաշնակցության դեմ Հռոմի պայքարի օրինակը: Կամ Առաջին աշխարհամարտի տարիներին, մինչ Ռուսաստանի դեմ հանդես գալը, Անտանտի երկրների (այդ թվում` Ռուսաստանի) պայքարը Գերմանական եւ Ավստրո-Հունգարական դաշնակից կայսրությունների դեմ: Հռոմի սարսափը դարձած «Տիգրան-Միհրդատյան» եւ նմանատիպ դաշինքները, եթե ուղղված չեն միաժամանակ երկու բեւեռների` Արեւմուտքի եւ Արեւելքի դեմ, առանձին-առանձին ի վիճակի են հավասար պայքար մղել նրանցից յուրաքանչյուրի դեմ: Հենց այդ ռազմավարական դաշինքը թույլ չտալու պահանջմունքն է, որ ժամանակակից «Հռոմին» ստիպում է ծրագրել արեւելքում կազմավորվող իր երկու պատնեշների հակադրությունը:

Երկու պատնեշների միմյանց ներազդելու, հակազդելու ու հակադրության մեջ պահելու համար կարեւոր է գտնել նաեւ այն մեխանիզմը, որը միտված կլինի նման արդյունք ապահովել: Ըստ էության, վերջինս կյանքի է կոչվում ռուսական ու իրանական ավանդական արտաքին քաղաքական ռազմավարությունները վերափոխելու եւ այդ նորագյուտ ռազմավարությունները իրար խաչելու միջոցով:

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Ակնհայտ է, որ Կրեմլի հետադիմական ու մարդատյաց հիմնարար արատների ակտուալացման, Ռուսաստանի` Ուկրաինայի արեւելքում լոկալ ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշվելու, նրա միջպետական ու ներպետական խնդիրների խորացման, Արեւմտյան տերությունների ֆինանսատնտեսական պատժամիջոցների Ռուսաստանին հասցրած վնասների եւ այլ պատճառներով ռուսական ավանդական «հարձակողական» («նվաճողական») դոկտրինին այսօր գալիս է փոխարինելու «պաշտպանականը»: Ակնհայտ է նաեւ, որ Իրան-Արեւմուտք բարելավվող հարաբերությունների ընձեռած հնարավորությունների, Իրանի հնարավորինս ինքնաբավ տնտեսության, ներհանրային համերաշխության, թեոկրատական պետության գաղափարական ամուր հենասյունների, շիա աշխարհում անվերապահ առաջնորդի կարգավիճակի, տարածաշրջանում բնական դաշնակիցների գոյության ու նրանց հետ սկզբունքային գործընկերության առկայության եւ այլ պատճառներով իրանական ավանդական «պաշտպանական» դոկտրինին այսօր գալիս է փոխարինելու «հարձակողականը»:

Ռուսաստանի «պաշտպանական» եւ Իրանի «հարձակողական» դոկտրիններն ինքնին միմյանց չեն սպառնում, քանի դեռ չեն խաչվում միմյանց կենսական շահերի տիրույթում: Այդպիսի տարածաշրջաններ են` Կովկասը, Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովի ավազանը: Նշված տարածաշրջանները Ռուսաստանը համարում է որպես իր բացառիկ ներգրավման եւ իրավասության գոտի: Սակայն, նման գոտում ազդեցության տարածումն ու պահպանումը հնարավոր է, եթե տերություններն ունեն կյանքից չկտրված գերակտիվ «հարձակողական» հայեցակարգեր: Այսօր կարելի է նկատել միայն այն անհավասարակշռությունը, որն առաջանում է Ռուսաստանի` իր արեւմտյան սահմաններում «խրամատավորվելու» եւ Կովկասում ազդեցությունը նույն աստիճանի վրա պահելու ծրագրերի միջեւ: Հենց այդ անհավասարակշռությունն էլ հիմքեր է ստեղծում վերջին հարյուրամյակների համար չտեսնված այնպիսի միտումի ի հայտ գալուն, ինչպիսին է Իրանի հավակնությունը` Կովկասյան ու Կենտրոնասիական տարածաշրջաններում տարածել իր գերակտիվ ազդեցությունը:

Ինչպես արդեն նշվել է նախորդ հոդվածներից մեկում, միջուկային զենքի նախագծից Իրանի հրաժարվելու արդյունքում, որպես իրական փոխհատուցում Իրանը տարածաշրջանում կարող է ձեռք բերել միայն նոր էական դիրքեր ու դերակատարություն: Վերջիներս խմբավորվում են երեք հիմնական ճակատների մեջ:

Առաջինը Մերձավորարեւլյան ճակատն է, որտեղ Իրանը խնդիր ունի առաջին հերթին հաղթահարել թուրքական եւ արաբական քաղաքակրթական բնագծերի վրա եղած արգելքները: Արդյունքում Արեւմուտքի կողմից որքան Իրանին տրված են ծավալվելու հնարավորություններ, նույնքան էլ առկա են ու ինքնաբերաբար աշխատում են նրան զսպելու «թուրքական», «արաբական», «իսրայելական» եւ «քրդական» մեխանիզմները:

Երկրորդը Կովկաս-կենտրոնասիական ճակատն է, որտեղ Իրանը խնդիր ունի առաջին հերթին հաղթահարել Ռուսաստանի հետ խաչվող իր կենսական շահերի առաջ բերած արգելքները: Արդյունքում Արեւմուտքի կողմից որքան Իրանին տրված են ծավալվելու հնարավորություններ, նույնքան էլ առկա են ու ինքնաբերաբար աշխատում են նրան զսպելու «ռուսական», «թուրքական», «չինական» մեխանիզմները:

Երրորդը Խաղաղ օվկիանոս-կենտրոնասիական ճակատն է, որտեղ Իրանը խնդիր ունի առաջին հերթին հաղթահարել Չինաստանի հետ խաչվող իր կենսական շահերի առաջ բերած արգելքները: Արդյունքում Արեւմուտքի կողմից որքան Իրանին տրված են ծավալվելու հնարավորություններ, նույնքան էլ առկա են ու ինքնաբերաբար աշխատում են նրան զսպելու «չինական», «պակիստանյան», «հնդկական» մեխանիզմները:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում այս «անբնական» հակադրության հենքի վրա` Ռուսաստանի ու Իրանի ռազմավարական շահերի խաչվելու արդյունքում, ի հայտ է գալիս Եւրասիայում կոնտինենտալ հիմնական ուժերի նոր հաշվեկշիռը, որտեղ սակայն կենտրոնական օղակի այդ երկու տերությունները առավելապես զրկված են միմյանց հետ ռազմավարական գործակցություն ծավալելու հնարավորությունից: Դրա հետ մեկտեղ, այնուամենայնիվ, երկուսն էլ ծառայում են Արեւմուտքի ռազմավարական անվտանգության նոր համակարգի կայացման գործին:

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կառուցված նոր երկաթյա վարագույրը ստիպում է միջուկային գերհսկա այդ երկրին` Ռուսաստանին, իր հայացքն ուղղել դեպի Չինաստան: Սակայն երկու տերությունների` Չինաստանի ու Ռուսաստանի համահավասար գործակցությունն ուղղակի անհնար է մշակութաբանական, ռազմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, ֆինանսական, իրավունքների, ազատությունների եւ այլ ոլորտներում եղած անհավասարությունների պատճառով: Առկա են բոլոր նախանշանները, որ երբեւէ աշխարհում ակտուալ են դառնալու հենց Չինաստանի կողմից խախտված Ռուսաստանի իրավունքները պաշտպանելու խնդիրներն ու մեխանիզմները:

Իսկ այսօր հենց Ռուսաստանի կողմից ու նրա իսկ ձեռքով լիարժեք գործարկվում են հին աշխարհակարգից դեպի նորին անցնելու գործընթացները: Տեղի են ունենում աշխարհաքաղաքական հսկայական տեղաշարժեր, որոնք ուղղակի առնչվում են նաեւ Կովկասին: Ռուսաստանի դիրքերի թուլացման, Կովկասում նրա ազդեցության հետեւողական սպառման հետ մեկտեղ ի հայտ է գալիս քաղաքական վակուումը լցնելու հիմնարար պահանջմունքը, որը, Արեւմուտքի հետ ընդհանուր համաձայնությունների ներքո, ի վիճակի է իրացնել առաջին հերթին Իրանը: Սակայն, քանի որ այդ հնարավորությունը վտանգավոր մարտահրավեր է Ռուսաստանի ու Թուրքիայի համար, որոնք, եթե չունեն իրենց նոր դերակատարության հարցում առաջարկներ ու իրատեսական ծրագրեր, ստիպված են միավորել ջանքերը Կովկասում նախկին հավասարակշռությունը պահպանելու համար: Սրանք են Կովկասում ծավալվող քաղաքական գործընթացների հիմնական միտումները:

Ներկա փոփոխությունների ողջ բարդությունն ու վտանգավորությունը աչքի առաջ ունենալով` կարեւոր է ընկալել, որ հին աշխարհակարգի վերափոխման ու նորի հաստատման այս ողջ գործընթացում արտաքին այս կամ այն խաղացողներին միայն մեր համակրանքի ու հակակրանքի զգացումներով մոտենալը վառոդով լի մեր տարածաշրջանի համար հղի է լրջագույն վտանգներով: Հնի քանդման ու նորի հաստատման ծրագրերը գործարկվել են աշխարհաքաղաքական բախումների առանցքի գրեթե բոլոր օղակներում, բայց առայժմ ոչ Կովկասում: Դրանք ուղեկցվում են պատերազմներ վարելու, էթնիկ զտումներ իրականացնելու, ուժերի հաշվեկշիռ ձեւավորելու երբեմն բոլորովին նոր լուծումներով: Հույսը, թե քաոսի, կամ` կառավարելի քաոսի, կամ` հաշվարկելի տեղաշարժերի, բայց սեփական վարչակազմերի նկատմամբ եղած հանրային անվստահության պայմաններում հնարավոր է կյանքի կոչել «օգտվելու» ծրագրեր, վտանգավոր են ու չարդարացված: Առկա պայմաններում աշխարհաքաղաքական այս կամ այն ուժերին ու նրանց կազմավորած քաղաքական դաշինքներին (Եւրասիական միություն, Եւրոմիություն, Ռուսաստան, ԱՄՆ, Իրան եւ այլն) հարելը սպառնալիք է հենց պետականության համար: Արդյունք ապահովող լուծումները մեզ համար կարող են լինել միայն տարածաշրջանը կառուցելու փուլում, եթե մասնակիցը չդառնանք բռնկվող խարույկներին փայտեր ավելացնելու ու մեզ իսկ այդ հրդեհի մեջ նետողի դերում: