հոդվածներ

Սուբյեկտային վարքը քաղաքականության մեջ

Դարեր շարունակ պետականության բացակայությունը եւ հայության շրջանում պետականաստեղծ քաղաքական մշակույթի ձեւավորումը թույլ չտալու համար օտար կառավարողների նպատակային քաղաքականությունը իրենց կնիքն են թողել մեր ժողովրդի քաղաքական գիտելիքի ընդհանուր ծավալի, ինչպես նաեւ նոր գիտելիքը յուրացնելու կարողությունների վրա: Համատարած քաղաքական տգիտության պայմաններում, այլ պատճառներից բացի, հանրության կողմից քաղաքական ներկայիս իրավիճակը գնահատելիս սխալ եզրահանգումներ կատարվում են նաեւ քաղաքական գործընթացների սուբյեկտների ով լինելը (նրանց հոգեբանական նկարագիրը, ինտելեկտի մակարդակը եւ այլն) չպարզելու ու անտեսելու, ինչպես նաեւ այդ գործընթացների տարբեր մասնակիցների սուբյեկտային վարքը չպատկերացնելու պատճառով:

Քաղաքականությունը կարող կամ հավակնորդ սուբյեկտների կողմից որոշակի մեթոդների ու միջոցների կիրառմամբ ենթադրում է այնպիսի գործունեության իրականացում, որի արդյունքում ձեռք կբերվեն քաղաքական որոշակի շահեր կամ կյանքի կկոչվեն որոշակի ծրագրեր: Ասվածից պարզ է դառնում, որ ցանկացած իրավիճակում, երբ խոսվում է քաղաքական որեւէ գործընթացի մասին, ապա անհրաժեշտ է ներքուստ ինչ-որ պատկերացում ունենալ այդ գործընթացի կողմերի վերաբերյալ: Իսկ առավել խորը վերլուծությունների ու գնահատականների համար արդեն անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ սուբյեկտներ ու մասնակիցներ են ներգրավված այդ գործընթացներին եւ վերջիններս տարբեր ծավալի ու փոխազդեցության ինչ շահերով են առաջնորդվում:

Հարկ է նկատել, որ աշխարհում ծավալվող շատ գործընթացներում քաղաքական հիմնական սուբյեկտները մինչեւ վերջ փորձում են ստվերում մնալ`տվյալ գործընթացի վերջնական շահառուի իրենց հեղինակությունը թողնելով ենթակա կամ կառավարելի քաղաքական ավելի փոքր դերակատարներին: Սակայն, եթե այլոց միջոցով սեփական շահերն իրացնելու քաղաքականությունն ի հայտ է եկել պետությունների ծագման հետ միասին եւ դա ընկալելի է մեր հանրությունում, ապա բավական խորթ է մնում գործընթացների տարբեր մասնակիցների կողմից` այս կամ այն փուլում սուբյեկտի կարգավիճակ ձեռք բերելու երեւույթի ընկալումը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ տեղ գտնող բարդագույն գործընթացները հղի են նոր սուբյեկտների ծնունդով եւ պատմության ընթացքում քիչ չեն այն դեպքերը, երբ օբյեկտի կարգավիճակում եղած առանձին մասնակիցներ ինչ-որ մի փուլում ձեռք են բերել սուբյեկտի կարգավիճակ: Մեզ համար այդ մեխանիզմի ընկալումը կարեւոր է, քանզի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության խնդրահարույց իրավիճակներում, մեր հետագա քայլերը հաշվարկելիս, գործ ենք ունենում գազանային ախորժակ ու վարք ունեցող սուբյեկտների հետ եւ, այդ իսկ պատճառով, իրավիճակի գնահատականներում սխալվել չի կարելի:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծի թեժացման պայմաններում հիմնական մտահոգությունը պատերազմի վերսկսումն էր: Սակայն հետեւելով հանրային քննարկումներին` կարելի էր զարմանալ, որ եղած մակերեսային շատ գնահատականներում պատերազմի վերսկսումն ու դրա ելքը պատկերացվում էր առանց սուբյեկտների ու մասնակիցների հստակ տարանջատման ու նրանց շահերը հաշվի առնելու: Այսպես, ի թիվս այլ պնդումների, ասվում էր, որ պատերազմը կլինի կարճատեւ, քանզի այն Կրեմլի հրահրածն է եւ խնդիր ունի ի հաշիվ ազատագրված որոշ տարածքների կամ, ընդհակառակը, հայկական զինուժի հաջողությունների` Ադրբեջանից ինչ-որ շահեր կորզել:

Այս պնդման մեջ իհարկե վիճահարույցն այն չէ, որ Ռուսաստանը, մնալով ստվերում, տարածաշրջանում կարող է իր քաղաքականությունն իրացնել, այլ այն, որ նման պնդում իրականացնողները, պատերազմի կարճատեւ բնույթի վկայակոչման միջոցով, մերժում են պատերազմող կողմերի կամ կողմերից մեկի չնչին իսկ սուբյեկտությունը կամ դրա ի հայտ գալու ներուժը: Այսպես` կամ անտրամաբանորեն մերժում են «բլից-կրիկ» ենթադրող ռազմերթից Ադրբեջանի նոր բացվող ախորժակը եւ նրա սուբյեկտային վարքի տեր քաղաքական ու ռազմական գործիչների` պատերազմն արդեն դադարեցնել չցանկանալը, կամ մերժում են հայկական կողմի ռազմաքաղաքական վերնախավի առանձին էլեմենտների ինքնուրույն որոշումներ կայացնելու, ինչպես նաեւ` հանրության մոբիլիզացիայի միջոցով նոր սուբյեկտների ի հայտ գալու, հնարավորությունը:

Ուստի, խոսելով ղարաբաղյան նոր պատերազմի կարճատեւ լինելու մասին` այլ փաստարկների թվում պետք է կարողանալ պատասխանել նաեւ կողմերի սուբյեկտային վարքի անհնարինության հարցին: Առավել եւս, որ պատերազմների ժամանակ, շտաբային գեներալներից մինչեւ դաշտային հրամանատարներ, բնականորեն ռազմաքաղաքական զորություն ու կարողություն են ձեռք բերում, որն էլ գումարվելով մարդկային անվտանգության կենսական պահանջմունքին` կարողանում է արտաքին գերհզոր խաղացողների հանդեպ նախապես ցուցաբերած հնազանդությունը չեզոքացնել:

Նույն սխալը տեղ է գտնում նաեւ ներքաղաքական գործընթացները վերլուծելիս: Այսպես, քաղաքական գործընթացների արդյունքում, երբ առանձին օլիգարխներ կամ ուժային կառույցների ղեկավարներ լուծում են վարչախմբի առջեւ ծառացած դժվարագույն խնդիրները, ընդդիմադիր քաղաքական շատ ու շատ շրջանակներ այդուհետ չեն կարողանում ընկալել, որ նույն այդ գործընթացների արդյունքում ի դեմս նույն այդ օլիգարխների ու ուժային կառույցների ղեկավարների տեղի է ունենում քաղաքական նոր սուբյեկտների «ծնունդը»: Ընդդիմադիր գործիչների «հասունությունը» թույլ է տալիս շարունակ պնդել միայն, թե քաղաքական գործընթացների հիմքում այդուհետ եւս ընկած է երկրի կառավարման ու վարչական լծակները յուրացրած գլխավոր անձի քաղաքական դերակատարությունը եւ մյուսները միայն խամաճիկներ են:

Ուստի ներկայացված օրինակների հիման վրա հարկ է տալ քաղաքական գործընթացներում սուբյեկտայնություն ձեռք բերելու մեխանիզմի էությունը:

Ինչպես արդեն ասվել է, ընդհանրապես ցանկացած գործընթացում, երբ հավակնորդ սուբյեկտներն ու մասնակիցները այս կամ այն քայլերն են իրականացնում, նրանք նպատակ ունեն ձեռք բերել որոշակի շահեր կամ կյանքի կոչել որոշակի ծրագրեր: Որքան էլ մեծ լինի այլ` ավելի վերեւում կագնած սուբյեկտներից նրանց կախվածության աստիճանը կամ հոժարակամ պատվեր կատարելու նրանց մոտիվացվածությունը, այդ անձանց քայլերը ներքուստ իրենցից կամային վարք են ենթադրում: Այդ կամային ներգրավումը ինքնուրույն որոշումներ կայացնելու սկզբունքի ներդրում է պահանջում եւ, ուստի, գործընթացի մասնակցին օժտում է զորությամբ: Այդուհետ, գործընթացի մասնակիցը իր կամային վարքով որքան կարողանում է հաղթահարել հակընդդեմ սուբյեկտի ու նրա կողմից գործընթացին ներգրավված մասնակիցների ստեղծած արգելքները, այնքան մեծ սուբյեկտայնություն է նա ձեռք բերում:

Սա հատկապես ապացուցելի է պատերազմի ժամանակ դաշտային հրամանատարների կողմից ռազմական գործողությունների ժամանակ արձանագրած հաջողությունների միջոցով: Գրեթե բոլոր դեպքերում հակընդդեմ բանակի հիերարխիկ կառույցում եղած գեներալների սուբյեկտայնությունը առոչինչ է դառնում մյուս կողմի փոխգնդապետ դաշտային հրամանատարի հաղթանակի դեպքում: Այդուհետ գեներալները վերադասության կարգով զեկուցում են սեփական սուբյեկտայնությունը իրենց իսկ ձեռքով ոչնչացվածի կարգավիճակում եւ «մլավոցներ» կարող են արձակել, իսկ հակընդդեմ բանակում գտնվող փոխգնդապետը` իր նոր ձեռք բերած սուբյեկտայնության կարգավիճակում անգամ «մռնչալ» կարող է: Վերջինիս` իբրեւ ռազմաքաղաքական գործընթացների սուբյեկտի, հետ այլեւս հնարավոր չէ հաշվի չնստել:

Իհարկե կան հայրենի քաղաքական «լիդերներ», ովքեր ներկայացված մեխանիզմը յուրովի են պատկերացնում: Ըստ նրանց կենսափիլիսոփայության` սուբյեկտային վարքը ճնշում է ենթադրում, մինչեւ որ իրենց հետ կնստեն բանակցությունների ու կպայմանավորվեն: Սակայն, քաղաքական նման իրավիճակում կարող է խոսք լինել միայն երկու անհավասար սուբյեկտների ու միմյանց անհապատասխան վարքի մասին: Այսպես, եթե քաղաքական գործընթացի մի կողմում կանգնած է գիշատչի հոգեբանությամբ եւ դիմացինին մինչեւ գլխովին ոչնչացնելը պատրաստ մասնակիցը, ապա մյուս կողմում մինչեւ վերջ գնալուն անպատրաստ, հույսը պայմանավորվածության կայացմանը կապող, ինչ-որ առումով մորթապաշտ կեղծ սուբյեկտը: Արդյունքում, հրահանգ կատարող քաղաքական գործընթացի մասնակիցը (օլիգարխը, ՀՀ ոստիկանապետը եւ այլն) ողջ գործընթացի հանրագումարի արդյունքում ձեռք է բերում սուբյեկտայնություն, իսկ կոնկրետ ընդդիմադիր սուբյեկտը ընդհակառակը լիարժեք կորցնում է իր սուբյեկտայնությունը: Այսօր վարչախմբի ներսում եղած եւ երկրի ողջ քաղաքական դաշտը ընդգրկող գործընթացները հենց դրա վկայությունն են:

Քաղաքական գիտելիքը հեշտ չի տրվում եւ առանց պատկերացնելու թե ում հետ գործ ունես կամ ում հետ երբեւէ կարող ես գործ ունենալ, հնարավոր չէ ինքնուրույն հաջողության հասնել: Ուստի քաղաքական գործընթացների այս կամ այն սուբյեկտի հոգեբանական նկարագրի, ինտելեկտի մակարդակի, այլ սուբյեկտների հետ նրա հարաբերությունների եւ այլնի պարզումը, ինչպես նաեւ այդ գործընթացների տարբեր մասնակիցների սուբյեկտային վարքի ներուժը ըմբռնումը` արտաքին ու ներքին իրավիճակի ճիշտ գնահատման կարեւորագույն պայմաններից է: