հոդվածներ

ԼՂՀ բանակի նշանակությունը միջազգային շահերի հոլովույթում-2

2014-09-22

Սեւծովյան-կասպիական տարածաշրջանում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռության ապահովման գործում, շնորհիվ իր մարտունակ բանակի, արդեն երկու տասնամյակ է, ինչ մեծ նշանակություն է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ տարածաշրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացներում ԼՂՀ բանակի ներգրավման հնարավորությունները պայմանավորված են աշխարհում տեղի ունեցող ռազմական բախումների ներկայիս յուրահատկություններով: Այսօր Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում, հեռավոր Աֆրիկայի տարբեր անկյուններում տեղի ունեցող ռազմական բախումները առանձին ուժերի ոչ ստանդարտ պատերազմներ վարելու ցանկության վկայությունն են դարձել:

Որքան էլ մեր քաղաքական իրականության համար խորթ երեւույթ դիտվի, այնուամենայնիվ տեսանելի է վերպետական ու մասնավոր ռազմականացված հզորագույն կառույցների գոյությունը աշխարհի շատ ու շատ վայրերում: Վերջիններս ունեն բավական լայն հնարավորություններ ու նպատակներ: Ռազմական բախումների ժամանակ հատկապես կասկածներ են հարուցում նրանց կողմից հսկայական ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ ծանր ռազմական տեխնիկա կիրառելու փաստերը: Բանկային համակարգերի եւ պետությունների սահմանների տեխնիկական լիարժեք վերահսկելիության ներկա դարաշրջանում նման երեւույթների մասշտաբային դրսեւորումները խոսում են առանձին ուժերի ծանրակշիռ շահերի գործնական իրացման մասին: Այդ շահերի ետեւում այսօր կարող են կանգնած լինել միայն համապատասխան ներուժ ու հնարավորություններ ունեցող գերհզոր պետություններն ու վերազգային (վերպետական) կորպորացիաները:

Ներկայում Ուկրաինայում, Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Արաբական թերակղզում, Լիբիայում եւ այլուր գործում են հզորագույն ռազմականացված մեքենաներ, որոնք ոչ թե հետապնդում են նեղ խմբային շահեր, ոչ թե ունեն լոկալ դերակատարություն ու թեթեւ սպառազինություն, ոչ թե սնվում են ներքին ֆինանսական հոսքերից ու տեղեկատվա-քարոզչական ցանցերից, այլ ներկայանում են իբրեւ «պետություններ» դե յուրե ճանաչված պետությունների ներսում: Այդ ռազմական մեքենաներն իրենց ներքին կառուցվածքով, զինված, կազմակերպված ու մոբիլ ջոկատների առկայությամբ, հետեւորդների գաղափարականացվածության բարձր մակարդակով, ներքին տնտեսության գոյությամբ եւ այլ պարամետրերով կարող են մրցել շատ ու շատ պետությունների հետ: Նրանք, սակայն, իրենց կենսագործունեության մեջ դասական պետությանը բնութագրական առանձին հատկանիշների ու գործիքակազմերի նկատմամբ շատ դեպքերում մնում են անհաղորդ: Չեն շտապում միջազգայնորեն ճանաչված սահմաններ ամրագրել, քաղաքացիական կամ հպատակեցված բնակչության նկատմամբ կառավարչական, ֆինանսական, բանկային եւ այլ գործառույթներ իրականացնել եւ այլն: Արդյունքում մենք ականատեսն ենք այդ ռազմականացված մեքենաների միջոցով առանձին պետությունների կործանման ու քայքայման, ինչպես նաեւ ամբողջական տարածաշրջաններում համատարած քաոսի սփռման:

Պետք է նկատել, որ ներկա պատերազմները տեղի են ունենում թե՛ բացահայտ արտաքին միջամտությունների եւ թե՛ ներքին լայն կոնսոլիդացիայի արդյունքում: Ընդ որում, առանձին պետությունների ներքին գործերին ուղղակի կամ անուղղակի միջամտելիս մյուս պետությունները խուսափում են նրանց հետ վարել ցամաքային պատերազմներ` գործը թողնելով մասնավոր ռազմականացված կառույցներին ու նոր ձեւավորված արհեստական պետական կազմավորումներին: Վերջիններս սկսում են սնուցվել կամ ֆինանսական ու նյութական արտաքին հոսքերից, կամ ներքին օլիգարխիկ շրջանակներից: Այդուհետ այս կամ այն գաղափարի ու դիսկրիմինացիայի անվան տակ ժողովրդական լայն զանգվածներին բարձրացնելն ու տվյալ պետության մեջ քաոս ստեղծելը այլեւս դժվարությունների գրեթե չի հանդիպում: Դրա վկայությունն են դարձել Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում ծավալված ռազմական հակամարտությունները:

Մինչ ուկրաինական դեպքերը դեռեւս կարելի էր կարծել, որ Մերձավոր Արեւելքի առանձին վայրերում ի հայտ եկող ահաբեկչությունն ու պատերազմական գործողությունները իրենց հիմքում ունեին ներհանրային այնպիսի բախումների տարրեր, որոնք ազդված էին բռնապետության եւ ժողովրդավարության հակասություններից: Ուկրաինական պատերազմը ցույց տվեց տարբեր գերտերությունների ու ֆինանսական կորպորացիաների գլոբալ հակասությունների աստիճանն ու սեփական կառավարողների դեմ ժողովրդական զանգվածների արդարացի ընդվզումն ուղղորդելու նրանց կարողությունը: Աշխարհում միջազգային իրավունքը շրջանցելու եւ ըստ սեփական շահերի նոր սահմաններ գծելու կամ ամբողջական տարածաշրջաններ քաոսի ենթարկելու միտումները դարձել են մեր առօրյա կյանքի բաղադրիչը:

Ներկայացված իրավիճակում կարեւոր նշանակություն են ձեռք բերում սեփական անկախության ու ազատության համար պայքար մղող կազմակերպված ժողովուրդներն ու ռազմական ներուժ ունեցող չճանաչված հանրապետությունները: Դրա վառ օրինակը Իրաքում իսլամական ծայրահեղականության եւ միջազգային որոշակի շահերի համատեղման արդյունքում ծնունդ առած, բայց վերահսկողությունից դուրս եկած արհեստական մի կազմավորման` «Իսլամական պետության» (նախկինում` «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն») դեմ պայքար մղող Ինքնավար Քրդստանն է: Վերջինս իր կազմակերպված զինուժի եւ միջազգային շահերի համադրության միջոցով, շնորհիվ նաեւ իր դեռեւս չճանաչված կարգավիճակի, ներկայումս կարողանում է տարածաշրջանային խնդիրների լուծման հիմնական դերակատարը դառնալ:

Եթե ճանաչված պետությունները, կաշկանդված լինելով երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերով, միջազգային իրավունքի դրույթներով, ստիպված են լինում տարածաշրջանում սեփական շահերն ու ծրագրերը կյանքի կոչել վերեւում նկարագրված ռազմականացված մեքենաներին ու արհեստական պետական կազմավորումներին առավելապես անուղղակի կերպով աջակցելու միջոցով, ապա չճանաչված պետություններն ու ազգային ազատագրական պայքար մղող ժողովուրդները բավական անկաշկանդ են սեփական իրավազորությունը իրենց նախնական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հաստատելու եւ նոր սահմաններ գծելու գործում: Այդ տեսանկյունից նրանք գերտերությունների համար բնական դաշնակիցներ են դառնում վերահսկողությունից դուրս եկած առանձին ռազմականացված մեքենաների ընթացքը խոչընդոտելու կամ ոչնչացնելու ճանապարհին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեւծովյան-կասպիական տարածաշրջանում միակ կարող ռազմաքաղաքական ուժն է, որի միջոցով կարող են լիարժեք պատժվել կամ վերահսկողության տակ պահվել Հյուսիսային եւ Հարավային Կովկասում ցանցավորված իսլամական ծայրահեղականության օջախներն ու կառույցները: Դեռեւս չեչենական երկու պատերազմների փորձը ցույց է տվել վահաբիզմի եւ կրոնական մոլեռանդության այլ դրսեւորումների դեմ մեծ պետությունների խոցելիությունը: Նման երեւույթների դեմ լիարժեք պայքար կարողանում են մղել գաղափարապես ամուր, տեղային պայմաններին (ռելիեֆին, մշակույթին, սովորույթներին եւ այլն) ծանոթ, մոբիլ ու կազմակերպված պետական զինվորական ստորաբաժանումները`տեղում ռազմական գործողություններ ծավալելու միջոցով:

Ներկայումս տարածաշրջանում կրոնական ծայրահեղականության տարածումը խոչընդոտելու եւ վերահսկողության տակ պահելու մեծ տերությունների շահերն ու ծրագրերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության ու զարգացման կարեւոր գրավականներից մեկը: Այդ շահերն ու ծրագրերը ինչպես փոխշահավետ պայմանավորվածությունների ու գործակցության, այնպես էլ Արցախի անբեկանելի դիրքերի ու հնարավորությունների իրացման հիմնաղբյուրն են դարձել: Կարելի է վստահ լինել, որ իր ինքնուրույնությունն ու սուբյեկտայնությունն ամրացնելու գործում ԼՂՀ-ն ունի բնական դաշնակիցներ՝ ի դեմս առանձին գերտերությունների: Վերջիններիս շահերը եթե մասամբ են համընկնում ԼՂՀ-ի հետ` վերջինիս ճանաչման գործընթացը կյանքի կոչելու համար (լիարժեք ճանաչումը ԼՂՀ-ին կդնի միջազգային իրավունքի դիկտատի տակ), ապա լիարժեք բավարարում են ազատագրված հողերի յուրացման, բնակչության թվաքանակի ավելացման, տնտեսության հզորացման ու հատկապես բանակի կարողություններն ու ուժը բազմապատկելու համար: