հոդվածներ

«Միակ փրկչի» մեխանիզմը տերությունների արտաքին քաղաքականության մեջ

2014-09-30

Հազարամյակներ առաջ կենսական տարածք ձեռք բերելու ու գոյը պահպանելու համար մարդու` իր նմանին բռնությամբ նվաճելու ու տնտեսապես ընկճելու գիտակցված վարքը, իսկ մյուս կողմից` նվաճվողի ու ընկճվողի կարգավիճակներում հայտնվածների դրա դեմն առնելու մոտիվացված հակազդեցությունը, ի վերջո բերել են պետության ծննդին: Այդուհետ մարդու անվտանգության պակասորդը պետության կողմից լրացվել է այնքանով, որքանով մարդը գիտակցել է պետությունը խնամելու ու նրա անվտանգությունը երաշխավորելու իր առաքելությունը:

Պետության անվտանգության գործում ներքին ու արտաքին մարտահրավերները` բանդաների, ավազակախմբերի, խունտաների (եւ այլն) կամ մյուս պետությունների` իրեն նվաճելու եւ ընկճելու գործողությունները, մշտապես պահանջել են քաղաքացու ֆիզիկական ներգրավումն ու պետության նկատմամբ նրա հոգատար միջամտությունը: Հարկ է եղել պաշտպանել պետությունը, ինչպես նաեւ կարգ ու կանոն հաստատել երկրում, որպեսզի արտաքին հրեշն ու ներքին սրիկան չսպանեն կամ չստրկացնեն իրեն ու իր նմաններին: Պետության ներքին ու արտաքին անվտանգության հանդեպ խնամքն, այսպիսով, քաղաքացու կոչումն է եւ նրա ուղղակի պարտավորությունը:

Թվում է, թե բանակի ու ոստիկանության իրենց գործառույթները լիարժեք կատարելու դեպքում քաղաքացին ազատվում է վերը նշված իր պարտավորությունից: Սակայն, այդ ինստիտուտների անգամ իրենց պարտականությունների հստակ կատարման դեպքում քաղաքացին մի դեպքում շարունակում է ուղղակի պարտավորություն կրել պետության հանդեպ: Դա որպես պետության անվտանգության երաշխավորի իր դերն ու նշանակությունը մշտապես գիտակցելու քաղաքացու պարտավորությունն է: Այն օրվանից, երբ քաղաքացին չգիտակցեց իր այդ դերն ու նշանակությունը, փոխարենը` սեփական պետության անվտանգության երաշխավորի դերում տեսավ ուրիշին, այդ օրվանից սկսվում է տվյալ պետության կործանման հետհաշվարկը` անկախ բանակի ու ոստիկանության առկայությունից:

Մի կողմ թողնելով ներքին սրիկայի դեմ քաղաքացու պայքարի թեման` այժմ խոսենք տերությունների տեսքով հանդես եկող արտաքին հրեշների դեմ յուրաքանչյուր պետության պայքարի եւ այդ պայքարը ոչնչացնելու տերությունների կողմից կիրառվող կատարյալ մի մեխանիզմի մասին: Չնայած, այն ինչ որ կասվի ստորեւ, նույնքան վերաբերում է նաեւ ներքին թշնամուն եւ նրա դեմ պայքարի գիտակցությանը:

Քանի որ անգամ կատարյալ բանակ ունենալու դեպքում, պետության անվտանգության երաշխավորի դերում քաղաքացու (հնադարում եւ միջնադարում` քաղաքական վերնախավի) գիտակցական համապատասխան մակարդակի հարցը առաջնային նշանակություն ունի, քաղաքականության մեջ նույնքան հին է պետություններն ընկճելու ու նվաճելու այն մեխանիզմը, որը հիմնվում է հենց այդ գիտակցությունը արմատախիլ անելու, պետության անվտանգության գործում քաղաքացու ուժն ու զորությունը նսեմացնելու, այլոց ուժն ու զորությունը բարձրացնելու վրա: Ըստ այդ մեխանիզմի` մի պետության կողմից բավարար է իր հավակնությունների տեսադաշտում հայտնված մեկ այլ պետության քաղաքական էլիտային ու բնակչությանը հավատացնել սեփական աննշան դերակատարության ու անզորության մեջ, դրա փոխարեն զորության ու ուժի աղբյուր վերագրելով միայն իրեն եւ այդուհետ դիմացի պետության բանակն արդեն շատ թույլ խոչընդոտ կդառնա իր պաշտպանած պետությանը ընկճելու ժամանակ:

Պատմության ընթացքում բազում են դեպքերը, երբ մեծ ու փոքր պետությունները նախ կախման մեջ են հայտնվել, իսկ ապա նաեւ կլանվել են տերությունների կողմից, քանի որ նրա քաղաքացիները կորցրել են պետության անվտանգության երաշխավորի իրենց դերի ու նշանակության գիտակցումը: Սերմանելով այնպիսի հզոր քաղաքական թեզեր, ինչպիսիք էին «եթե դուք մեզ չլսեք, ձեր վերջը կգա», «ձեր հրեշային շրջապատում միայն մենք ձեզ կօգնենք ու կպաշտպանենք», «մենք գալիս ենք ձեզ ազատագրելու» (եւ այլն)` տերությունները կարողացել են թե՛ բարոյազրկել բնակչությանը (վերնախավին) ու կախման մեջ պահել առանձին պետությունների, եւ թե՛ այդ պետությունները ծառայեցնել իրենց քաղաքական ծրագրերին:

Հայաստանի պետականության պատմությունը նման շատ օրինակներ ունի մեզ ավանդած: Առաջին Հանրապետության պատմության 1920թ. դեպքերը դրա վառ վկայությունն են: Սակայն, նույնքան տիպական օրինակներ տեղ են գտել նաեւ այլ պետությունների կյանքում: Ստորեւ կխոսենք Կախեթի թագավորության պատմության յուրօրինակ մի դրվագի մասին:

Ուշ միջնադարում Վրաստանը մասնատված էր երեք թագավորությունների եւ հինգ իշխանությունների միջեւ եւ գտնվում էր Օսմանյան պետության եւ Իրանի քաղաքական ազդեցության տակ: Այդ տերություններին տրվող վրացական թագավորությունների ու իշխանությունների հպատակության տուրքերը այդքան էլ մեծ գումարներ չէին կազմում: Սակայն դրա փոխարեն մեծ նշանակություն էր ստացել որոշակի թվով ազնվական երեխաների պարտադիր հանձնումը օսմանյան եւ իրանական արքունիքներին: Այնտեղ աղջիկներն ամուսնանում էին սուլթանների, շահերի, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ տղաները իսլամ էին ընդունում ու դաստիրակվում այդ տերությունների գաղափարախոսությունների եւ կայսերական ոգու ազդեցության տակ:

Հասուն տարիքում որոշ թվով տղամարդկանց թույլատրվում էր վերադառնալ Վրաստան, ստանձնել պաշտոններ եւ ընդգրկվել կախման մեջ գտնվող վրացական թագավորությունների ու իշխանությունների քաղաքական վերնախավերի մեջ: Նման քաղաքականության միջոցով այդ տերությունները կարողանում էին ենթակա վրացական պետական կազմավորումներին պահել իրենց քաղաքական ազդեցության տակ: Իսլամադավան եւ կայսերապաշտ պաշտոնեությունն այդ տերությունների «եթե դուք մեզ չլսեք, ձեր վերջը կգա», «ձեր հրեշային շրջապատում միայն մենք ձեզ կօգնենք ու կպաշտպանենք» եւ մյուս կայսերական թեզերի առաջամարտիկներն էին դառնում: Այդպես իշխող վերնախավի մտածողությունից պարբերաբար արմատախիլ էր արվում սեփական ժողովրդի ուժի ու զորության գիտակցումը:

Առաջ անցնելով ասենք, որ «առաջադեմ» 20-21-րդ դարերում տերություններն այդ հարցում նույնքան առաջ են գնացել: Այսպես, 20-րդ դարում նրանք երրորդ աշխարհի երկրներից ուսանելու եկած (բերված) երիտասարդների «գլուխները լվանում էին» սեփական ԲՈւՀ-երում` վերջիններիս գիտակցության մեջ ներդնելով «միակ փրկչի» կայսերական մեխանիզմը: Տիպական օրինակ էր Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը, որն ամբողջությամբ գտնվում էր ԽՍՀՄ հատուկ ծառայությունների մշտադիտարկման տակ եւ նրա շրջանավարտների միջոցով էր ձեւավորվում ԽՍՀՄ քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրների պաշտոնեությունը: Իսկ 21-րդ դարում, տերությունները, բացի սեփական երկներում գործող ԲՈւՀ-երից, երրորդ աշխարհի երկրներում իրենց ազդեցությունը տարածելու եւ այդ երկրներում պատանիների ու երիտասարդների «քաղաքական դաստիրակության» խնդիրը լուծելու համար, օգտվում են արդեն այդ ԲՈւՀ-երի մասնաճյուղերից ու օտարալեզու դպրոցներից, որտեղ էլ կիրառում են վերը նշված մեխանիզմը:

Կախեթի թագավորությունն այն պետական կազմավորումներից էր, որը գտնվում էր Իրանի քաղաքական ազդեցության տակ, բայց իր մեջքին մշտապես առկախված ուներ Օսմանյան պետության ռազմաքաղաքական հավակնությունները: 16-17-րդ դարերում տարածաշրջանում գերիշխանության հասնելու համար իսլամական այդ երկու տերությունների պայքարը, ինչպես նաեւ վրացական վերնախավում գերիշխող անզորությունը, այլ ելք չէին թողնում Կախեթի թագավոր Ալեքսանդր II-ին (1574-1605), ով ստիպված էր ընտրություն կատարել իսլամական այդ տերությունների միջեւ կամ նոր «փրկիչ» գտնել աշխարհում:

Գալով իշխանության` նա իրեն հայտարարել էր Իրանի վասալը: Սակայն Օսմանյան կայսրության ճնշմանը չդիմանալով` 1578թ. ընդունել էր սուլթանի հպատակությունը: Կախեթի ռազմաքաղաքական վերնախավի կողմից սեփական ուժին ու զորությանը հավատ չընծայելու պայմաններում, փորձելով ելքեր գտնել` օսմանյան ահագնացող ճնշմանը դիմագրավելու համար, նա ստիպված էր տուրք տալ հզորացող Ռուսական պետությանը Կովկաս հրավիրելու եւ նրան հպատակվելու քաղաքական գծին:

1586թ. Ալեքսանդր II-ի թախանձագին խնդրանքներին ի պատասխան Համայն Ռուսիո արքա Ֆյոդր Իոանովիչը ընդունեց վերջինիս հպատակությունը եւ խոստացավ պաշտպանել նրան բոլոր չարակամներից: Երբ նույն թվականին թուրքերը Ալեքսանդր II-ից պահանջեցին դեպի Դերբենտ եւ Բաքու նրա տարածքներով անցնելու թույլտվություն, վերջինս ինքնավստահ պատասխանեց` «իմ տարածքով չեմ թողնի անցնեք եւ իմ պաշարները ձեզ չեմ տա, ես ռուսական արքայի ճորտն եմ եւ թուրքական սուլթանից չեմ վախենում»:

Այդուհետ արտաքին աշխարհից այդ ճորտական կախվածությունն ու դրա օգտակարության կեղծ գիտակցումը ճակատագրական եղավ հենց իր` Կախեթի թագավորի, ինչպես նաեւ ողջ Կախեթի համար:

Ռուսաստանի եւ Կախեթի մերձեցումը անհանգստացնում էր Իրանին, չնայած որ Օսմանյան կայսրության դեմ պայքարում նա հույս ուներ ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Այդ նպատակով 1592թ. սկսած եւ պարբերաբար կրկնվող Շահ Աբասի դեսպանությունները դեպի Մոսկվա այդպես էլ էական արդյունք չարձանագրեցին: Ռուսաստանի տիրակալ Բորիս Գոդունովը չէր շտապում բավարարել Իրանի փոխշահավետ, բայց ռիսկային առաջարկները:

Արդեն 17-րդ դարի սկզբին երկրում տարածված սովն ու ներքին երկպառակությունները սասանում են Ռուսաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում եւ Շահ Աբասին հնարավորություն տալիս առավել կոշտ վերաբերմունքի արժանացնել 1603թ. կրկին իրեն հպատակություն հայտնած Ալեքսանդր II-ին: Չնայած վերջինս Իրանի կողմից մասնակցում էր Օսմանյան կայսրության դեմ հերթական պատերազմին եւ հատկապես Շահ Աբասի երեւանյան արշավանքին, բայց դա, ամենեւին, չմեղմեց շահին` կյանքի կոչել Ալեքսանդր II-ի նկատմամբ իր ծրագրերը: Կախեթի թագավորը դավադրության զոհը դարձավ: Դեռեւս տարիներ առաջ Շահ Աբասի զայրույթը մեղմելու նպատակով պարսից արքունիք ուղարկված եւ իսլամ ընդունած Կոստանդինը` Ալեքսանդր II-ի որդին, կատարելով շահի ցուցումները` վերադառնալով հայրենիք, 1605թ. կազմակերպում է հոր ու եղբոր սպանությունը եւ տիրանում գահին: Դրանից հետո Կոստանդինը նույն թվականին իր դեմ ապստամբած Կախեթի մթավարների դեմ ճակատամարտելիս պարտվում է եւ սպանվում:

Սակայն Կախեթի ծանրագույն օրերը դեռեւս առջեւում էին: Ներքին երկպառակություններից հյուծված Ռուսաստանի նոր գահակալ Միխայիլ Ֆյոդորվիչը (1613-1645)` Ռոմանովյան արքայատան հիմնադիրը, ստիպված է լինում գնալ Իրանի հետ հարաբերությունների սերտացմանը: Նրա կողմից Իրան մեկնած պատվիրակը Շահ Աբասից խնդրում է Ռուսական պետությանը ֆինանսապես օգնել: Շահը ուղարկում է արծաթ փողով բավական կլորիկ մի գումար: Շուտով Համայն Ռուսիո արքան դաշինք է կնքում շահի հետ, ով խոստանում էր ապագայում եւս հարկ եղած դեպքում ֆինանսական օգնություն հատկացնել: Այդ գումարները կանխորոշեցին Կախեթի ճակատագիրը, որը դեռեւս 1586 թվականից դիտարկվում էր Ռուսաց արքայի հպատակ երկիրը եւ բոլոր արարողությունների ու գրագրությունների ժամանակ նշվում վերջինիս տիտղոսների թվում:

Շահ Աբասը, ապահովագրված լինելով Համայն Ռուսիո արքայի հետ կնքած դաշինքով, 1615-1616թթ. երկու անգամ Կախեթը ավերում ու հողին է հավասարեցնում` ընդհանուր առմամբ սրի քաշելով մինչեւ 70 000 ու գերելով 100 000 բնակիչ: 1618թ., Կախեթի թագավորության լիակատար ավերումը աչքի առաջ ունենալով, որպես վրացական թագավորների պատրոն հանդես եկող եւ «ձեր հրեշային շրջապատում միայն մենք ձեզ կօգնենք ու կպաշտպանենք» մեխանիզմը բանեցնող Ռուսաց արքայի պատվիրակները Մոսկվայից կրկին մեկնում են Սպահան եւ շնորհակալություն հայտնելով նախորդ գումարի համար, շահից խնդրում են նոր ֆինանսներ` Լեհաստանի հետ պատերազմի գործը գլուխ բերելու համար: Կախեթին եւ «միակ փրկչին» սպասող նրա վերնախավին այլեւս կարելի էր մոռանալ:

Յուրաքանչյուր պետություն սեփական անվտանգությունն ու պետականության պահպանման երաշխիքը այլ պետություններին պատվիրակելիս կարելի է ասել, որ դնում է իր գերեզմանի առաջին քարը: Այդուհետ ժամանակի հարց է, թե երբ ի կատար կածվի տվյալ պետության լուծարումը: Ընդ որում լուծարումը ոչ թե այն պետության կողմից, որի պատճառով նա մեկ այլ պետությանը թույլ էր տվել դառնալ իր անվտանգության երաշխավորը, այլ հենց այն պետության կողմից, ով ստանձնել էր տվյալ պետության անվտանգության երաշխավորի դերը: Ի վերջո Քարթլիի ու Կախեթիի միացյալ թագավորությունը վերջնականապես լուծարվեց հենց Ռուսական կայսրության ձեռքով` 1801 թվականին:

Ներկայիս Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության խորապատկերին սույն հոդվածը կարող է մեկնաբանվել իբրեւ Ռուսաստանի տմարդության ու երդմնազանցության լավագույն վկայություն: Կարող եմ հիասթափեցնել բոլոր այդ ընթերցողներին: Սույն հոդվածը որքան Ռուսաստանի (Իրանի, Թուրքիայի), նույնքան էլ Արեւմտյան տերությունների պետական քաղաքականության մասին է: Ոչ մի տարբերություն 16-րդ դարում հեռու հյուսիսում գտնվող Ռուսիո տերության եւ 21-րդ դարի ԱՄՆ շահերի միջեւ: Հարկ եղած դեպքում ոչ միայն Բրիտանական նավերը Հայկական լեռները կբարձրանան, այլ նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Չինաստանի սուզանավերը: Չէ որ հայի արտաքին աշխարհում «փրկիչ» գտնելու ակնկալիքը վառելիք է ծառայում այդ տերությունների նավերի համար:

Ուստի հարկ է եւս մեկ անգամ կրկնել, որ քաղաքացու անվտանգության պակասորդը պետության կողմից լրացվում է այնքանով, որքանով քաղաքացին գիտակցում է պետությունը խնամելու ու նրա անվտանգությունը երաշխավորելու հենց իր առաքելությունը: Եթե «միակ փրկչի» փնտրտուքը սկսվեց իրենից դուրս, ուրեմն իր ու իր պետության ստրկացման կամ ժողովրդի ցեղասպանության համար նա պետք է մեղադրի միայն իրեն: