հոդվածներ

Ղրիմը և հրեական հարցը-4

2015-01-17

սկիզբը

1944թ. ամռան սկզբին Ստալինը, ԱՄՆ պաշտոնական շրջանակների հետ (ովքեր ներկայացնում էին հրեական կապիտալի շահերը) իր փոխհարաբերությունները կառուցելիս, կարծես թե արդեն «զինված» էր շատ կոնկրետ ու էական մի խաղաքարտով: Այն է` Ռուզվելտի հետ թեհրանյան պայմանավորվածություններին համահունչ, գերմանական զորքերից Ղրիմը ազատագրելուց անմիջապես հետո, տարածքը նաև ազատվել էր տեղի բնակչությունից և այլեւս չէր կարող խանգարել հրեաների վերաբնակեցման գործին: Ստալինն արել էր իր հասանելիք քայլը` պատասխան քայլն ակնկալելով ԱՄՆ-ից:

1944թ. հունիսին այդ նպատակով Ստալինն ընդունում է Ամերիկյան առևտրային պալատի նախագահ Էրիկ Ջոնսթոնին և ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Հարիմանին: Հանդիպման ժամանակ քննարկվում են պատերազմի պատճառով ավերված Բելառուսում հրեական բնակավայրերի վերածննդի և Ղրիմում հրեաների վերաբնակեցման խնդիրները: Ջոնսթոնը վստահեցնում է, որ պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ին այդ նպատակով կտրամադրվեն երկարաժամկետ ամերիկյան վարկեր: Ըստ Միխայիլ Պոլտորանինի` Ստալինը ԱՄՆ-ից ակնկալում էր ստանալ 10 միլիարդ դոլար` դրա դիմաց առաջարկելով Ղրիմում ստեղծել հրեական ինքնավար հանրապետություն, որը պետք է գտնվեր ԽՍՀՄ կազմում: Իսկ ամերիկացները խոստանում էին այդ գումարը տալ ԽՍՀՄ-ին` Ղրիմի ԽՍՀՄ կազմից դուրս գալու պայմանով[1]:

Ակնհայտ է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ղրիմի հետագա ճակատագրի շուրջ ծագել են դժվարություններ կամ մեղմ արտահայտված ինչ-ինչ պահանջներ, որոնք լուծում կարող էին գտնել միայն Ստալինի և Ռուզվելտի միջև դեմառդեմ անցկացվող բանակցություններում: Հատկապես դա է վկայում ամերիկյան կողմի «Ղրիմյան նախագծի» շուրջ խոստացված ներդրումների տրամադրումը պատերազմի ավարտով պայմանավորելու հանգամանքը: Ուստի հաջորդ շատ աղոտ հիշատակությունները վերաբերում են 1945թ. սկզբին, երբ նախապատրաստվում էր ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հերթական յալթայան հանդիպումը: Ի դեպ, մեծ է հավանականությունը, որ հանդիպումը հենց Ղրիմում անցկացնելու ԽՍՀՄ առաջարկը (հայտնի է, որ Չերչիլը հակված էր մյուս ղեկավարներին համոզել հանդիպումը անցկացնել Շոտլանդիայում) պայմանավորված է եղել «հրեական հարցով»` Ղրիմի թերակղզու շուրջ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կոնկրետ շահերով: Կարծես թե մի դեպքում (ըստ Ռուզվելտի և հրեական ֆինանսիստների ծրագրերի) հարկ էր, որ Ղրիմը ծառայի իբրեւ առևտրի առարկա, իսկ մյուս դեպքում (ըստ Ստալինի մտահաղացման)` որպես խայծ ԱՄՆ-ին անընդհատ շղթաների մեջ պահելու և դրա դիմաց այլ «ճակատներում» առավելություններ ստանալու համար:

Համաձայն Յալթայի կոնֆերասի նախապատրաստական աշխատանքները համակարգող գեներալ Սուդոպլատովի վկայության` 1945թ. սկզբին կոնֆերանսի նախապատրաստման կապակցությամբ ԱՄՆ դեսպան Հարիմանի հետ հանդիպումների ժամանակ վերջինիս մտահոգություններից մեկը Ղրիմում հրեական հանրապետություն կազմավորելու գործընթացն էր: Այդ նպատակով Սուդոպլատովի և Մոլոտովի օգնական Նովիկովի հետ զրույցներում Հարիմանը նրանց ուշադրությունն էր հրավիրում ամերիկյան գործարար շրջանակների պատրաստակամությանը` օգտակար լինել Ղրիմում և Գոմելի շրջանում ներդրումներ կատարելու գործում:

1945թ. փետրվարին Ղրիմի Յալթա քաղաքում անցկացվող աշխարհի երեք գերտերությունների ղեկավարների կոնֆերանսում «հրեական հարցը» անշուշտ առանցքային թեմաներից մեկն է եղել: Մի կողմ թողնելով սիոնիզմի հետապնդած առանցքային նպատակը` Պաղեստինում Իսրայել պետությունը հիմնադրելու խնդիրը` մեզ հետաքրքրում է «հրեական հարցի» բովանդակությունը կազմող մյուս բաղադրիչի` Ղրիմում Հրեական ինքնավար հանրապետություն (իսկ եթե դատենք Հրեական հակաֆաշիստական կոմիտեի` Ստալինին ուղղված գրությունից կամ ԱՄՆ դեսպան Հարիմանի հետ ԽՍՀՄ ներկայացուցիչների հանդիպումներից, ապա` Ղրիմում Հրեական ԽՍՀ-ի) ստեղծելու նախագիծը: Սակայն այդ հարցում եղած տեղեկատվությունը երբևէ ամբողջությամբ «լռեցվել» ու սրբագրվել է` համաշխարհային քաղաքականության մեջ նրա ունեցած ահռելի վտանգների պատճառով:

Հայտնի է միայն, որ Յալթայի կոնֆերանսի ավարտին, Ստալինի և Ռուզվելտի վերջին զրույցի ժամանակ Ստալինը նկատել էր. «Հրեական հարցը շատ դժվար էր. մենք Բիրոբիջանում նույնպես ուզում էինք «հրեական ազգային օջախ» ստեղծել, բայց այդ ամենից ոչինչ չստացվեց. հրեաներն այնտեղ մնում էին երկու-երեք տարի, իսկ այնուհետեւ հեռանում էին մեծ քաղաքներ»: Այդ ժամանակ Ռուզվելտը համաձայնել էր, որ ինքը սիոնիստ է ու հարցրել Ստալինին, թե նա նույնպե՞ս սիոնիստ է: Վերջինս պատասխանել էր` «ըստ էության` այո՛», սակայն միևնույն ժամանակ ավելացրել, որ, այնուամենայնիվ, «հրեական հարցի» բարդությունը դրանից չի նվազում: Անտարակույս է, որ մտքերի այս կարճ փոխանակությամբ չի ավարտվել «հրեական հարցի» վերաբերյալ քննարկումը, սակայն հայտնի է, որ պաշտոնական հաշվետվության մեջ այլ մանրամասներ չեն արձանագրվել[2]:

Յալթայի կոնֆերանսից հետո` 1945թ. Հրեական հակաֆաշիստական կոմիտեն այնուամենայնիվ փորձում էր Ղրիմի հրեական նախագիծը կյանքի կոչել: Բայց Յալթայի հանդիպման ժամանակ աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական ծրագրերն ու նախագծերը արդեն գտել էին իրենց ծավալվելու ուղղությունները: Աշխարհը շարժվում էր կոնֆերանսի մասնակից երեք կողմերի վերջնականապես համաձայնեցված ուղով: Հետպատերազմյան աշխարհակարգը ստացել էր իր հստակ ուրվագիծը, որտեղ Ղրիմը դադարել էր լինել քաղաքական բանակցությունների առարկա կամ խայծ: «Հրեական հարցի» լուծման գործում ծանրության նժարը թեքվել էր միմիայն Պաղեստինի կողմը (արդյունքում 1945-1946թթ. կազմակերպված ներգաղթի շնորհիվ Պաղեստինում հրեաների թիվը եռապատկվել էր` հասնելով 600 հազարի): Իսկ ԽՍՀՄ ներպետական կյանքում այն դարձել էր արդեն հրեական անհիմն ակնկալիքների, իսկ արտաքին քաղաքականության մեջ` հրեական ֆինանսական շրջանակների հետ հաշիվները փակելու թեմա:

1946թ. մարտի 6-ին Ուինսթոն Չերչիլի Ֆուլթոնում ունեցած հայտնի ելույթից հետո, երբ նա առաջին անգամ հիշատակեց երկու աշխարհների միջև «երկաթյա վարագույրի» գոյության մասին, ԽՍՀՄ-ում Ստալինի ձեռքերն արդեն ազատ էին համաշխարհային հրեության հետ ԽՍՀՄ հրեաների կապերը ոչնչացնելու, ԽՍՀՄ-ի ներքին «Հրեական հարցը» ամբողջությամբ թաղելու և դրանում ընդգրկված գործիչների հետ հաշվեհարդար տեսնելու համար: ԽՍՀՄ-ում խոր արմատներ ձգած հրեական քաղաքական ցանցերի դեմ 1930-ական թթ. հետապնդումները, որոնք կանգնեցվել էին Գերմանիայի դեմ պատերազմի նախապատրաստման ու անցկացման պատճառով, այդուհետ կրկին կարող էին գործարկվել:

1946թ. ամռանը ՀԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեի Արտաքին քաղաքականության բաժնի կողմից ստուգման է ենթարկվում Հրեական հակաֆաշիստական կոմիտեն, իսկ աշնանը ԽՍՀՄ Պետանվտանգության նախարարության կողմից կազմվում և ՀԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտե ու ԽՍՀՄ Նախարարների Խորհուրդ է ուղարկվում մի գրություն` վկայող կոմիտեի որոշ անդամների ազգայնական դրսևորումների մասին: Լոզովսկին, ով Հրեական հակաֆաշիստական կոմիտեի գործունեության համակարգողն էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունում և ով ԱԳՆ-ից հեռացվել էր դեռևս 1945թ., 1947թ. հեռացվում է «Սովինֆորմբյուրոյի» տնօրենի պաշտոնից: Իսկ 1948թ. արդեն լայն արշավ է սկսվում ԽՍՀՄ-ում հրեական քաղաքական շրջանակների ներուժը լիակատար ոչնչացնելու համար: 1948թ. հունվարի 13-ին, ավտովթարի բեմականացման միջոցով ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից սպանվում է Հրեական հակաֆաշիստական կոմիտեի նախագահ Միխոելսը: Աշնանը սկսվում են նաև համատարած ձերբակալությունները, որոնց գործերի քննությունն ավարտվում է մահապատիժների նշանակմամբ: Հրեա գործիչները ովքեր երբևէ քաղաքական լուրջ գործընթացների մեջ էին ներգրավված եղել (Լոզովսկին, Ֆեֆերը և այլն) գնդակահարվում են 1952թ. օգոստոսի 12-ին:

Նույն ժամանակահատվածում Ստալինը «Ղրիմի նախագիծը» և ընդհանրապես «հրեական հարցով» պայմանվորված շատ այլ գործեր («Բժիշկների գործ» և այլն) լիարժեք կարողանում էր օգտագործել ոչ միայն ԽՍՀՄ-ում կրկին ցանցավորված հրեական շրջանակների հետ իր հաշվեհարդարի, այլ նա որպես հիմնական մեխանիզմ` ԽՍՀՄ մյուս պետական գործիչներին կրնկի տակ պահելու կամ չեզոքացնելու համար: Առավել ցցուն օրինակը 1952թ. հոկտեմբերին ԽՄԿԿ XIX համագումարում նրա ելույթի հետեւյալ հատվածն է. «Մոլոտովը, մեր գործին նվիրված մի մարդ, կանչիր, և նա, ես չեմ կասկածում, որ առանց տատանվելու կյանքը կտա կուսակցության համար: Բայց հնարավոր չէ նրա անարժան արարքների կողքով անցնել… Ինչ արժե Մոլոտովի առաջարկը` Ղրիմը փոխանցել հրեաներին: Դա ընկեր Մոլոտովի կոպիտ քաղաքական սխալն էր… Ի՞նչ հիմքով էր ընկեր Մոլոտովը նման առաջարկություն անում: Մենք ունենք հրեական ինքնավարություն: Արդյոք դա բավարար չէ՞: Թող այդ հանրապետությունը զարգանա: Իսկ ընկեր Մոլոտովը կարիք չկա, որ դառնա մեր Խորհրդային Ղրիմի նկատմամբ հրեական անօրինական պահանջատիրության փաստաբանը»:

Կարելի է կարծել, որ Ստալինը իր կյանքի վերջին տարիներին կարողացել է լիարժեք չեզոքացնել դեպի Ղրիմ ուղղված «հրեաների երկրորդ արշավանքը»: Սակայն Միխայիլ Պոլտորանինի տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ «Ղրիմյան նախագծի» հարցում վերջնական հանգուցալուծումը տեղի է ունեցել 1954թ. փետրվարի 19-ին, երբ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հրամանագրով Ղրիմի մարզը ՌԽՖՍՀ կազմից փոխանցվեց Ուկրաինական ԽՍՀ կազմ: Ըստ Պոլտորանինի` դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1954թ. ավարտվում էր դեռևս 1920-ական թթ. «Ջոյնթ» ընկերության հետ կնքված պայմանագրով կուտակված պարտքերի մարման վերջնաժամկետը: Մտավախություն կար, որ կուտակած պարտքերի համար որպես փոխհատուցում ամերիկյան կողմը կպահանջեր վճարել գրավադրված ղրիմյան հողերով: Եւ ուստի նոր ԽՍՀՄ ղեկավարությունը Խրյուշովի գլխավորությամբ որոշում է ապահովագրվել: Ղրիմի մարզը Ուկրաինական ԽՍՀ կազմ փոխադրելով վերջինիս էր անցնում նաեւ կուտակված պարտքերի մարման պարտավորությունը:

Եզրակացություններ

Այսօր Ուկրաինայում և Ղրիմի շուրջ կատարվող շատ գործընթացներ ծածկված են մթության քողով այնպես, ինչպես անցյալում տեղ գտած «հրեական երկու արշավանքների» շատ մանրամասներ: Կարելի է միայն քաղաքական գործընթացների ընդհանուր միտումները վերհանել և անալոգիայի ուժով փորձել հասկանալ , թե ինչ չերևացող շահեր են բախվում ներկայիս ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունում: Անտարակույս է, որ հրեական կապիտալը անասելի մեծ չափերով ներկայացված է ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Ռուսաստանում: Այդ կապիտալը թե՛ Ուկրաինայի եւ թե՛ Ռուսաստանի պետական քաղաքականությունները ուղղորդելու ու նրանց վրա ազդելու գործում ունի բազում լծակներ: Երկու երկրների պետական կառավարման մեջ հրեաների թիվը աչք է զարնում: Նույնն է պատկերը նաև համաշխարհային քաղաքականության մեջ: Այդ բոլոր փաստարկները խոսում են այն մասին, որ մերձազովյան ավազանը այսօր ապրում է «հրեական երրորդ արշավանքի» պայմաններում:

Կարելի է ենթադրել, որ «Խազարիա» պետության կազմավորման համար համաշխարհային ֆինանսական կապիտալի հրեա ներկայացուցիչների մոտ կան մանրակրկիտ մշակված ռազմավարական նոր ծրագրեր: 2014թ. ռազմաքաղաքական տեղաշարժերով պայմանավորված` Ղրիմի ներկայիս լիակատար շրջափակումն, օրինակ, կարծես թե գործուն մեխանիզմ է դարձել համատարած արտագաղթի միջոցով թերակղզին ազատելու համար բնակչության «խանգարող ավելցուկից»: Կարելի է բերել նաև այլ օրինակներ, սակայն սահմանափակվենք այսքանով:


[2] Дуглас Р. Спор о Сионе. 2500 лет еврейского вопроса. М.: ВОГ-СВЕКРАСАФ, 2005, с. 392.