հոդվածներ

Հիշում եմ ու պահանջում ոչ միայն Ցեղասպանության ճանաչում

2015-04-30

Ապրիլի 27-ին ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը հեռարձակեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ: Այդ հարցազրույցը դարձավ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ մեդիա տիրույթում ցեղասպանության խնդրի արծարծման ու Հայաստանի գործող վարչախմբի հիմնական նպատակադրումների ներկայացման առանցքային հաղորդումը:

Պարզ է, որ մեր ցավը եւ հայ-թուրքական կնճռոտ խնդիրը միջազգային հանրության առաջ ներկայացնելուց բացի, տվյալ հարցազրույցը դառնալու էր նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն թողնող կարեւոր լծակ: Ուստի հարցազրույցի համաձայնությունը եթե նախապես մշակված կոնկրետ քաղաքականություն իրացնելու համար չէր կայացվել, որտեղ իր արտացոլումը պետք է գտներ աշխարհի ուժային կենտրոններին, որոշակի սուբյեկտներին ուղղված պաշտոնական Երեւանի խոսքը, ապա միանշանակ է, որ այն առնվազն դառնալու էր ռուսական հանրությանը եւ հատկապես ռուսական քաղաքական շրջանակներին Սերժ Սարգսյանի կողմից որոշակի հաղորդագրություններ փոխանցելու առիթ:

Հարցազրույցի ընթացքում, իհարկե, քննարկվեցին Հայաստանի` ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների, շփումների բնույթը: Սերժ Սարգսյանի պատասխանների մեջ տեղ գտան հիմնավորումներ, փաստարկներ, առաջարկներ որոնք վերջին տարիներին վարվող քաղաքականության մասն են եղել: Հարցերին ներկայացված պատասխանների շարադրանքը միտված էր կրկին արդարացնեուլ պաշտոնական Երեւանի այս կամ այն քայլն ու որոշումը: Սակայն առավել նկատելի էր, որ հարցազրույցում հիմնական շեշտադրումներն ուղղված էին ռուսական քաղաքական վերնախավին:

Սերժ Սարգսյանի մոտ կարծես կար ցանկություն «կարգավորել» իր հարաբերությունները ռուսական վերնախավի հետ: Այստեղ էր, որ փորձ էր արվում ինչ-ինչ հետաքրքրություններ ու շահեր ներկայացնելու միջոցով գործնական քաղաքականություն վարելու նպատակաուղղվածություն հաղորդել հարցազրույցին: Սակայն հենց այդ հարցուպատասխանների մեջ էր, որ մերկանում էր Սերժ Սարգսյանի մտածողությունն ու հոգեբանությունը:

Հարցերին տրված պատասխաններից պարզվեց օրինակ, որ Սերժ Սարգսյանի համար անհնար է անգամ պատկերացնելը, թե ինչպես Հայաստանը կարող է արգելել Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին: Պարզվեց, որ գործ ունենք մի մարդու հետ, որն ի պաշտոնե կոչված լինելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մարտահրավերները չեզոքացնելուն, ոչ թե պատկերացում չունի թե ինչպես կարող է դա անել, այլ վատթարագույնը` ունի համոզմունք, որ ընդհանրապես հնարավոր չէ Ռուսաստանից ծագած ինչ-որ մարտահրավեր չեզոքացնել, քանզի ըստ նրա` Հայաստանը իր ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին, ինչ-որ բան արգելելու իրավասություն չունի: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանի համար տարածաշրջանում ոչ թե ուժերի հավասարակշռության խախտումն է հիմնախնդիրը (Սարգսյանը համոզված է, որ այդ խնդիրը ռուսական բանակի գլխավոր շտաբը կլուծի), այլ այն, որ հայ սպաները մտածելու են, որ իրենց դեմ կիրառվող զենքը գնված է Ռուսաստանից:

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ոչ թե ազատ քաղաքական մտածողության տեր գործչի, այլ կաղապարված մի անհատի հետ, որն իր անզորության հոգեբանական բեռով փորձում է խնդիրներ լուծել իրենից բազմապատիկ անգամ առավել մեծ ինտելեկտուալ ու կամային ներուժ ունեցող գործիչների հետ: Եւ իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործում հենց «հոգեբանական պահն» էր վկայակոչում: Սակայն այդ հոգեբանական կաշկանդվածությունը նա վերագրում էր հայ սպաներին, իբրեւ թե նրանք չեն հասկանա Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու քայլը:

Երեւում է, որ Սերժ Սարգսյանի շուրջբոլորը չկան այնպիսի հոգեբաններ, ովքեր նրան կբացատրեն, որ այդ վախերն ու անհասկացվածությունը ոչ թե հայ սպաներն ու զինվորներն ունեն, այլ հենց ինքը` Հայաստանը այս պահին աշխարհին ներկայացնող առաջնային պաշտոնյան: Իրականում դա հենց իր` Սարգսյանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը խաթարելու Ռուսաստանի քայլերը չհասկանալու վկայությունն է: Հայ սպաներին վերագրվող անհասկացվածությունը, անորոշությունը, կասկածները, դրանք հենց իր հոգեբանական բարդույթներն են, որոնք աշխարհի ու այդ թվում` Ռուսաստանի հետ հարաբերվելու հարցում չեն թողնում նրան ռացիոնալ վարք որդեգրել:

Շարունակելով նույն այդ անզորության հաղթարշավը` Սարգսյանը հարցազրույցի ընթացքում բազում անգամներ ցույց տվեց մեր քաղաքական ողջ վերնախավի տգիտության ու անզորության աստիճանը: Ըստ Սերժ Սարգսյանի` հայերը ժամանակին լոյալ էին վերաբերում ռուսական ցարին: Ուստի դա էր պատճառը, որ երբեւէ կարիք չէր առաջացել Հայաստանը դարձնել բազմազգ ու մեր երկիրը ժամանակի ընթացքում մնացել էր էթնիկ առումով միատարր:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բնակչության էթնիկ միատարր կազմի ներկա վիճակի համար հայ ժողովրդի ցարին լոյալ լինելու հանգամանքը կարող է ճշմարտության ընդամենը մի փոքր հատիկ պարունակել, քանզի իրերի դրությունը նման կերպ ներկայացնելու դեպքում հաշվի չի առնվում տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմները, գաղթականների, հայրենադարձների, փախստականների ալիքները, օբյեկտիվորեն տեղ գտած էթնիկ զտումները եւ այլն: Այստեղ կարեւոր է անձամբ Սերժ Սարգսյանի հավատը իր ներկայացրած փաստարկին եւ ազգի իրական լոյալության փաստը ինքնին` առանց Սերժ Սարգսյանի վկայակոչման: Այստեղ կարեւոր է, որ հենց ինքը Սերժ Սարգսյանը Ռուսաստանին լոյալություն հայտնելու ջատագովն է, նման մտածողության կրողն է ու դա բարձրաձայնողը: Իրենից չէր պահանջվում ներկայացնել պետության միատարրության գործում ռուսական դրական ազդեցության պատմական գործոնը, բայց նա հարկ համարեց նախ դա ասել, որպեսզի ցույց տա հայի ռուսասիրությունը ու ցույց տա դա ոչ թե հանուն ինչ-ինչ շահերի, այլ ի հաստատումն իր սուբյեկտիվ հավատամքի` սեր ցույց տալու համար դեպի հզոր Ռուսաստանը: Միայն անզորի ու տկարի հոգեբանություն ունեցողը կարող է վեհություն ապրել, որ իր ազգը լոյալ է վերաբերել օտար կայսրերի:

Հենց այդ նույն հոգեբանության կրողը կարող էր ի վերջո խոսել ԽՍՀՄ-ի միայն դրական կողմերի մասին, բացասականի տակ ներկայացնելով ընդամենն այն, որ հայի համար ցավ է եղել տեսնել թե ինչպես է ԽՍՀՄ բարձրագույն պաշտոնյան պսակ դնում Աթաթուրքի գերեզմանին: Ազատ ու անկաշկանդ քաղաքական գործիչը ԽՍՀՄ այս կամ այն դրական կողմերից զատ, կներկայացներ նաեւ մետրոպոլիայի չլինելիության պայմաններում իր պետության տասնապատիկ անգամ մեծ առավելությունները: Ու առաջին հերթին այն, որ անկախ, ինքնիշխան ազգային պետությունն է հենց երաշխավորում ազգի ցեղասպանության չենթարկվելը: Քանզի փաստ է, որ մեր ազգը ցեղասպանության ենթարկվել է հենց այն ժամանակ, երբ գտնվել է երկու` Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների տիրապետության տակ:

Ցավոք, միայն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող վարչախումբը չէ, որ աշխարհը տեսնում է ըստ հայի դարավոր այդ հոգեբանական բեռի ու մտածողության ձեւի: Պետության գրեթե ողջ քաղաքական դաշտն է Հայաստանի ապագան պատկերացնում ուժային կենտրոնների ենթակայության տակ: Իբրեւ անխուսափելի վնասների ու վտանգների աղբյուր են պատկերացվում բոլոր այն երեւույթները, որոնք կարող են դեմ գնալ աշխարհում իրենց վաղուց արդեն հաստատած ուժային կենտրոններին: Իսկ եթե այնուամենայնիվ պետք է դեմ գնալ ինչ-որ մի ուժի, ապա ընդունելի է համարվում դա անել մեկ այլ ուժի համաձայնությամբ, ուղղորդմամբ ու վերահսկողությամբ: Սա է մտածողության ձեւը: Ահա սա է թույլի ու անզորի փիլիսոփայությունը:

Իբրեւ արդյունք` ներկայացվող հարցազրույցում մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի այն հավաստիացումը, որ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսում հայության պահանջը վերաբերում է միայն Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուն եւ ոչ ավելին: Սերժ Սարգսյանի հետ կարծես թե համամիտ են հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր խաղացողները: Հավանաբար խաղացող մնալու համար արտաքին աշխարհից կախում ունենալը վճռորոշ գործոն է: Մի գործոն, որը շղթաների մեջ է պահում այդ կուսակցություններին, դրանով իսկ լցնելով ազգի գաղափարական դաշտը` թույլ չտալով որեւէ ինքնուրույն միտք ու գործ:

Նման գաղափարական դաշտում ինչպե՞ս ասես ազգին, որ քանի դեռ հույսդ օտարներն են, քեզ կոտորելու են: Տեր դարձիր պահանջատիրությանդ ու այլոց կողմից չուղղորդվող սեփական այնպիսի գործերիդ, որոնք պահանջներիդ իրականացմանն են միտված եւ դու կունենաս պահանջատիրությանդ առարկայական ձեռքբերումները: Ինչպե՞ս ասես ազգին, որ եթե դու գլուխդ վեր բարձրացնես եւ Թուրքիային, Ռուսաստանին ու մյուսներին իրավական հիմնավոր պահանջներ ներկայացնես, այդ թվում ոչ միայն Ցեղասպանության ճանաչման հարցում, քեզ ոչ թե կոտորելու են, այլ քո հետ հաշվի նստելու: