Շարժման հաղթանակը նրա ինքնակազմակերպման ներուժի մեջ է
Հունիսի 28-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ հավաք անցկացնող քաղաքացիների շրջանում հաղթահարվեց առաջին լուրջ ճգնաժամը: Ճգնաժամը ցույց տվեց, որ քաղաքացիական շարժման առջեւ ծառացել են լուրջ խնդիրներ, որոնք հիմնավոր ու հնարավորինս արագ լուծում են պահանջում: Միաժամանակ հաղթահարման փաստը ցույց տվեց շարժման հզոր ներուժի առկայությունը: Եւ հենց այդ թերացումների ու ձեռքբերումների տարբերությունն է որոշելու, թե ի վերջո ինչ արդյունք կգրանցի այս քաղաքացիական շարժումը:
Նախ պետք է նշել Շարժման սայթաքումների եւ թերացումների մասին: Շարժման հիմնարար թերացումներից մեկը նրա ղեկավարման հարցում եղած բացերն են: Մինչ հին ղեկավար կազմի զատվելը պայքարող հանրության մեծամասնությունից, ակնհայտ երեւում էր, որ «Ոչ թալանին» նախաձեռնության այդ ղեկավարները գրեթե անկարող են կազմակերպական եւ գաղափարական-քարոզչական հարցեր լուծել: Չնայած այն հայտարարությանը, որ կազմավորվել են Շարժումը ֆունկցոնալ առումով սպասարկելու համար նախատեսված տարբեր խմբեր (իրավաբանների եւ այլն), հետագայում նման խմբերը մնացին ստվերում:
Հանրության շրջանում բոլորովին անհասկանալի էր մնում թե Շարժման ղեկավարներն ինչպես են կայացնում այս կամ այն որոշումները եւ ովքեր են պատասխանատու դրանց համար: Շատ ցածր մակարդակի վրա էր գտնվում նաեւ հանրության ներգրավումն այդ որոշումների կայացման գործընթացում: Ղեկավարների շրջանում չէր գործում հրապարակայնության սկզբունքը: Չկար որեւէ մեխանիզմ, որ հնարավորություն կտար լսել կամ ընդունել քաղաքացիների առաջարկները, մտահոգությունները եւ դրանք ներկայացնել ընդհանուր քննարկմանը: Մինչեւ վերջ անհայտ մնացին Բաղրամյան փողոցում սննդի, տարբեր պարագաների ձեռք բերման շատ հանգամանքներ:
Բացի կազմակերպչական հարցերից, մեծ թերացում էր հանրության շրջանում գաղափարական-քարոզչական գործունեություն չծավալելը: Միանշանակ կարելի է պնդել, որ ղեկավարները չէին գիտակցում վերջինիս նշանակությունը իրենց անփորձության եւ ինտելեկտուալ սնանկության պատճառով: Հանրահավաքի վայրը չէր ծառայում ժողովրդի գիտակցության բարձրացման, քաղաքացիական պայքարի սկզբունքների, խաղաղ անհնազանդության ձեւերի ներկայացման գործին, քանի որ չկար այն «քաղաքացիական ամբիոնը», որից հանրությանը կներկայացվեին տարբեր մտքեր, գաղափարներ, պայքարի մեխանիզմներ ու տեխնոլոգիական լուծումներ: Անգամ հանրահավաքի ամենաթեժ պահերին, երբ փողոցում էին գտնում հազարավոր մարդիկ, բարձրախոսը վերցնող ղեկավարները, բացի ընթացիկ տեղեկատվության փոխանակումից, սեփական վճռականությունը ցուցանելուց, այլ խոսք, ստեղծագործ մոբիլիզացիոն միտք, ծանրակշիռ գաղափար չէին կարողանում ներկայացնել:
Չնայած ներկայացված էական բացերին եւ նման կարգի այլ թերացումներին, այնուամենայնիվ Շարժումը դիմացավ գործող վարչախմբի` պառակտման միջոցով քաղաքացիական ըմբոստությունը սառեցնելու եւ չեզոքացնելու գրոհներին: Արդյունքում Շարժումը խժռեց իր ղեկավարներին, բայց կանգնած մնաց Բաղրամյան փողոցում:
Առաջին հայացքից պարադոքսալ թվացող նման իրավիճակը ինչպե՞ս կարող էր ձեւավորվել:
Նկատելի է, որ մեր հանրությունը բավական առաջ է ընթացել քաղաքացիական խաղաղ պայքարի մեթոդաբանությունը ընկալելու, ոստիկանների հետ ֆիզիկական կոնտակտի մեջ չմտնելու, բայց եւ նրա առաջ արգելքներ ստեղծելու, դիմադրություն ցույց տալու, ինքնակազմակերպվելու հարցերում: Հատկապես գործող վարչախմբի կիրառած` պառակտման, սպառնալիքների, վախի մթնոլորտ ստեղծելու մեխանիզմների, ինչպես նաեւ մանիպուլացնող հնարքների գիտակցումը շատ քաղաքացիների հնարավորություն է տալիս շատ ավելի ռացիոնալ գնահատել երեւույթներն ու իրավիճակը, հաղթահարել ոստիկանության, մեդիա դաշտի կողմից իրեն հրամցվող հոգեբանական ճնշումները, խուճապը ու չընկճվել: Հանրության շրջանում ամուր հոգեբանական կառուցվածք, քաղաքացիական գիտակցություն ու կամք ունեցող նման մարդկանց նշանակալից առկայությունը հենց այն գործոնն է, որը ազդել է հանրային առավել մեծ դիմադրողականության ի հայտ գալուն: Այդ է պատճառը, որ ինչպես տեսանք վերջին օրերին, հանրային լայն զանգվածներն առավել մեծ ներուժ ունեին, քան Շարժումը համակարգողների ու ղեկավարների ընդհանուր գիտակցական մակարդակն էր, կամքն ու հատկապես հոգեբանական տրամադրվածությունը: Նման անհամապատասխանությունը պետք է արտահայտվեր ինչ-որ մի լարված պահի եւ բոլորովին կտրեր կապը տարբեր մակարդակներում գտնվող Շարժման երկու օղակների միջեւ: Ուստի այն ինչ կատարվեց հունիսի 28-ին դա ոչ միայն վարչախմբի ուղղակի պառակտիչ ներազդեցության հետեւանքն էր, այլ նաեւ ինքնաառողջացման օբյեկտիվ գործընթացի բնական արդյունք:
Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ հավաք անցկացնող քաղաքացիների համար հիմնական խնդիրները դարձել են մի կողմից ժամանակի սղությունը, իսկ մյուս կողմից լոկալ խմբերից դեպի ընդհանրական մի մեծ խումբ (պահանջատեր հանրություն) տարբեր մտքերի, գաղափարների, մոտեցումների շրջանառության եւ քննարկումների գործընթացի կազմակերպումը, որը հնարավորություն կտա ընդհանրական որոշումներ կայացնել: Այսինքն դեռեւս լրջագույն հարց է ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմների միջոցով համաձայնության գալ տարբեր հարցերում ու հատկապես նոր կոորդինացնող կամ ղեկավար մարմիններ ստեղծելու հարցում: Նման մեխանիզմների չգործարկելու նախկին ղեկավար կազմի թերացումը, մոտ մեկ շաբաթ ժամանակի անիմաստ վատնումը, ներկայում քիչ թե շատ ընդունելի եւ հեղինակություն վայելող հանրային դեմքերի գրեթե բացակայությունը, կրիմինալ, ծախու, անկիրթ տարբեր տարրերի միջոցով վարչախմբի` իրեն ցանկալի թեզերի, մտքերի, ապատեղեկատվության տարածումը, հանրային կարծիքի ապակողմնորոշումը մեծ խոչընդոտ են դարձել քաղաքացիների ինքնակազմակերպման գործում:
Նման խնդիրները հաղթահարելու համար պետք է նախ իրար լսելու կարողությանը հասնել: Հատկապես «քաղաքացիական ամբիոնի» ի հայտ գալը եւ խոսք ասելիս որոշակի ռեգլամենտի պահպանումը կարեւոր քայլ կլինի առկա բացերը լրացնելու գործում:
Հաջորդ խնդիրը գիշերային հերթապահության կազմակերպման հարցն է: Այստեղ հախուռն լուծումները կամ բարձիթողի ներկայիս վիճակը քամում է քաղաքացիական հանրության ներուժը: Այսօր շատ շատերը կմասնակցեն Բաղրամյան փողոցում գիշերակացին, եթե հերթագրման մեխանիզմ ներդրվի: Դրա արդյունքում այն քաղաքացիները ովքեր ունեն ամուսին, երեխաներ, բայց ցանկանում են առանձին գիշերներ լինել փողոցում, կկարողանան իրացնել ակտիվ քաղաքացիներին իրենց համերաշխությունը հայտնելու ցանկությունը: Սա իր հերթին հնարավորություն կտա, որպեսզի ամենօրյա ռեժիմով փողոցում գտնվող քաղաքացիները խնայեն իրենց էներգիան եւ առանձին օրեր հանգստանան: Բացի այդ դրա արդյունքում շաբաթվա օրերի քանակով ի հայտ կգան պայքարող խմբերի ձեւավորման սաղմերը, որը հանրության կազմակերպման գործը ավելի բարձր աստիճանի վրա կկանգնեցնի:
Մյուս խնդիրը հանրահավաքի անվտանգությունն ու տեխնիկական սպասարկումն է: Այն մինչ այժմ եղել է միգուցեեւ շատ մտահոգ, բայց անփորձ ու մարդկանց հետ շփվել, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել չկարողացող, անընդունակ կամ ամբիցիոզ քաղաքացիների ձեռքում: Կապված վարչախմբի հետ անմիջական հարաբերվելու հանգամանքի հետ` հատկապես այս դաշտում միայն առանձին մարդկանց փորձառությունը կարող է օգտակարություն հաղորդել գործին: Եւ այս հարցում շատ զգույշ ընտրություն պետք է կատարվի:
Ի վերջո երբ կրկին ի հայտ գա հանրության վստահությունը շահած ու բնական ընտրությամբ կազմավորված կոորդինացնող կամ ղեկավար խումբ, այդուհետ կարելի է ասել, որ Շարժումը կարողացավ շատ ավելի հիմնավոր պայքարի հիմքերը դնել, եթե իհարկե նոր ձեւավորված ղեկավար մարմինը չկրկնի նախորդ ղեկավար կազմի սխալները: Ի վերջո բոլորը պետք է հասկանան, որ ղեկավար լինելը «պատասխանատվություն վերցել» խոսքերի հետեւում թաքնվելու միջոցով անպատասխանատու վարք ցուցաբերելը եւ սեփական ամբիցիաներին հագուրդ տալը չէ: Այն բումերանգ է եւ սայթաքելիս, սխալվելիս կամ անգործություն ցուցաբերելիս շատ դաժան պատժելու կարողություն ունի: Եւ բացի այդ ղեկավարելու համար բացի կամքի գործոնից, պետք են քաղաքական գիտելիք, որոշակի փորձ եւ բազում մարդկային բարոյահոգեբանական հատկանիշներ, որոնք կստեղծեն համերաշխություն հանրության հետ հարաբերություններում եւ ամուր պատ հանցավոր վարչախմբի նկրտումների դեմ հակազդելիս: