հոդվածներ

Ճշմարտության նկատմամբ ձեռնածություն

2016-02-17

Փետրվարի 12-ին օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով։ Այդ ելույթը, իր հիմքում ունենալով երկու ամիս առաջ տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հակված էր պատասխանելու այն հարցին, թե ինչ ճանապարհով է ընթացել մեր պետությունը մինչ այժմ եւ դեպի ուր է ընթանալու այսուհետ։

Սերժ Սարգսյանը, խոսելով երկրի վիճակի մասին, բավական շռայլ գտնվեց պետական կառավարման համակարգի թերություններն ու թերացումները մատնանշելիս։ Նրա ելույթում ներկայացվեցին հանրային կյանքը տակնուվրա արած շատ ու շատ արատավոր երեւույթներ։ Սակայն մինչ այդ նա նշեց ապագայի այն տեսլականը, որին միտված է նրա ղեկավարած վարչախումբը։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ «մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձեւավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը։ ․․․Քաղաքական համակարգը կբարեփոխվի եւ կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսեսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների եւ ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման եւ ինքնակառավարման բոլոր ձեւերի գոյության շուրջ»։

Նման տեսլական կյանքի կոչելու համար վարչախումբն անշուշտ նախ պետք է երկրում առկա հանցավոր կամ բացասական երեւույթներն արմատախիլ անի։ Սարգսյանի ելույթում այդ երեւույթները մատնանշվեցին։ Ուղղակի, երբեմն էլ անուղղակի ձեւով ասվեց, որ Հայաստանում մարդիկ երջանիկ չեն եւ մտածում են այն լքելու մասին, օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիքը դեպի իրեն չի ձգում, չկա սոցիալական համերաշխություն երկրի ներսում, հանրության մեջ կան արտոնյալներ, երկրում տիրում է անհավասարությունը, անարդարությունը, անպատժելիությունը, աղքատությունը, արտագաղթը, իսկ ժողովուրդն էլ հիասթափված է, հանրային ծառայության մեջ գտնվողներն իրենց թերացումներում մշտապես արդարացումներ ունեն։

Սերժ Սարգսյանը գաղտնիք չի համարում այն, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում է վերադասի վրա։ Ըստ նրա՝ իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները։ Պետական մարմիններում կան թերահավատությամբ տոգորված, իրենց ուժերի վրա վստահություն չունեցող, գործը թողած եւ անընդհատ պատերի տակ խոսող մարդիկ։ Սարգսյանը գտնում է, որ մեր միջավայրին բնորոշ է նախաձեռնության բացակայությունը, նոր գաղափարների պակասը, հանրային բանավեճի, այդ թվում՝ քննադատական ելույթների ցածր որակը։ Ըստ նրա՝ ի հայտ եկող առարկությունները շատ հաճախ զգացմունքային են, խայթող, բայց միաժամանակ մակերեսային եւ պատասխան չենթադրող։ Երկրում կա կաշառակերություն, գողություն, մտավոր եւ հոգեւոր ծուլություն։ Շատ են ստեղծված վիճակից գոհ, ինչպես նաեւ երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը շահարկող մարդիկ։

«Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները եւ ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն։ Նախ եւ առաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն եւ անարդարություն»,- վարչախմբի հերթական հանցավոր թողտվության մասին խոսելիս՝ նշում է Սարգսյանը։ «Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից։ ․․․Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն։ ․․․Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, եւ որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ»:

Հանրության մեջ պարազիտի կյանքով ապրող առանձին արտոնյալների, պաշտոնեության, ողջ պետական մեքենայի այս եւ նման կարգի այլ հանցանքները, արատները, թերությունները մատնանշելով՝ Սերժ Սարգսյանը բարձրաձայնում է նոր քաղաքական մշակույթ սկզբնավորելու իր գլխավորած վարչախմբի հակվածության մասին։ Եւ այստեղ է, որ խնդիր է դառնում հասկանալ, թե հանրությանն ուղղված նրա ուղերձը, որքանով է անկեղծ եւ որքանով է իրականանալի։

Այն, որ հանրությունը վաղուց գիտի իրեն պատուհասած փորձանքներում գործող վարչախմբի ուղղակի դերակատարության մասին փաստ է։ Հենց ինքը՝ գործող վարչախմբի պարագլուխը, իր ելույթում արատավոր երեւույթների մասին բարձրաձայնում է՝ «գաղտնիք չէ, որ» բառակապապցության միջոցով խոսքը կառուցելով։ Երկրի ողբալի վիճակի մասին անկեղծանալով՝ թվում է, թե հիմք է դրվում այլ գործընթացի, այլ մշակույթի։ Սակայն, կա մի նրբություն, որից ձերբազատվել նրան միեւնույնն է չի հաջողվի։

Ելույթում բացարձակապես չի խոսվում ներկա ժամանակների համար առավել արդիական ու կործանարար երեւույթի՝ կեղծիքի համատարած սփռման մասին։ Իհարկե, ողջունելի է այն փաստը, որ պետության կառավարումն իր ձեռքում կենտրոնացրած անձի կողմից քրեաօլիգարխիայի ու նրա ենթակայությամբ գործող պաշտոնեության առաջ բերած ավերածությունների մասին անկեղծ մատնանշվում է։ Սակայն բոլորին հայտնի ճշմարտություններն անկեղծ բարձրաձայնելը բացարձակապես կապ չունի կեղծիքի դեմ պայքարի հետ։ Մի բան է ճշմարտությունն ասելը` դիմացինի վստահությունը շահելու համար, այլ բան՝ դիմացինի վստահությունը չարաշահելու համար։

Հայաստանում տարիներ ի վեր ասվում է մի, բայց արվում է բոլորովին այլ բան։ Հենց դա է քաղաքական հիմնարար այն կեղծիքը, որը դարձել է գործուն մեխանիզմ՝ երկրում անարդարությունները խորացնելու, օրինականության ու օրենքի առջեւ հավասարության սկզբունքները ցինիկաբար ոտնահարելու համար։ Ներկայումս տեղեկատվական հոսքերի լայն տարածման եւ վարչախմբի ձեռնարկումների նկատմամբ հանրային խորը անվստահության պայմաններում չկա ստելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանը զրկված է երկրում առկա սոցիալական անարդարությունների փաստը մերժելու հնարավորությունից։ Նա մեզանում նման արատավոր երեւույթների չգոյությունը պնդելու որեւէ ռեսուրս չունի։ Գործող վարչախումբը չի կարող ջայլամի նման իր գլուխը մտցնել ավազի մեջ ու չնկատելու տալ թե ինչ է մտածում իր մասին հանրությունը։ Եւ այդ իսկ պատճառով քաղաքական կեղծիքի գործուն մեխանիզմը դարձել է հանրության կողմից մատնանշված արատները բարձրաձայնելը, դրանց գոյությամբ անկեղծանալը՝ հաջորդ օրն իսկ դրանք անտեսելու կամ մոռանալու պայմանով։

Հանրային դժգոհությունների հիմքում ընկած երեւույթների շուրջ առավել ակտիվ երկխոսություն ծավալելը, ճշմարտությունը ներկայացնելը մի հնարք է, որը գործող վարչախմբին հնարավորություն է տալիս «ցատկել» նույն այդ արատավոր երեւույթներից ձերբազատվելու հանրային պահանջի վրայով։ Քանի դեռ հանրությունը փորձելու է քննարկել ու յուրացնել վարչախմբի մատուցած օբյեկտիվ ճշմարտությունը, նա չի կարողանալու դիմադրել վարչախմբին, ով որդեգրել է հանրությանը կեղծիքով սնելու նպատակային վարքը:

Այսօր այլեւս հնացած է առկա ճգնաժամի ու դրա ծնող պատճառների շուրջ վարչախումբ-հանրություն լայն երկխոսությունը։ Սոցիալական անհավասարության, անարդարության, անպատժելիության, աղքատության, արտագաղթի եւ այլ երեւույթների մասին խոսելու ու ճշմարտությունը մատուցելու միջոցով շարունակաբար փորձ է արվում չարաշահել հանրության վստահությունը։ Ներկայում հանցավոր վարչախմբի ղեկավարի ելույթը, հանրությանն ուղղված նրա ուղերձը մի հարցի պատասխան պետք է պարունակի։ Այն է՝ ովքե՞ր են ճշմարտության հետ ձեռնածությամբ զբաղվող եւ հանրության վստահությունը ցինիկաբար չարաշահող պաշտոնյաները: Նրանք կոնկրետ անձիք են: Հանրությունը լավ գիտի ովքեր են նրանք: Համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյան նույնպես գիտեն, որ հեռուստաէկրանից պետությանը պատած արատավոր երեւույթների մասին բարձրաձայնող ու հաջորդ օրը սկզբունքորեն դրան հակառակ վարք ցուցաբերողները դրանք կառավարման համակարգի վերին օղակներում կանգնած իրենց վերադասներն են: Ահա այդ ձեռնածությունը արմատախիլ անելն է նոր քաղաքական մշակույթը: Այդ հարցում է, որ «կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխում»: Ուստի հանրության առաջ ծառացած է այս երկիրը նախ կեղծիքի տիրապետությունից ազատագրելու խնդիրը: Իսկ դրանից հետո մյուս հանցավոր ու արատավոր երեւույթները շատ ավելի հեշտ կլուծվեն: