հոդվածներ

Պայքար հանուն ազատ ընտրությունների՞, թե՞ պատգամավորական աթոռների

2016-03-28

Օրեր առաջ հասարակական ութ կազմակերպություններ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հինգ պահանջներ ներկայացրեցին Հայաստանի գործող վարչախմբին: Իրենց տարածած հայտարարության մեջ այդ կազմակերպությունները նշել էին, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն հետեւյալ հինգ մեխանիզմները`

1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։

2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով։ Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:

3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով` բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։

4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:

5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում:

Տվյալ հայտարարության մեջ այդ կազմակերպությունները նշում էին նաեւ, որ վերը նշված պահանջներին աջակցում են Հայ ազգային կոնգրես, «Հայկական վերածնունդ», «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազատություն», Հայաստանի ժողովրդական կուսակցություն, Հայոց համազգային շարժում եւ այլ կուսակցություններ։ Հետագայում կուսակցական տարբեր գործիչների խոսքերից պարզ դարձավ, որ այդ պահանջները ընդդիմադիր կուսակցությունները համարում են նաեւ իրենց պահանջները։ Այս օրերին տարբեր լրատվամիջոցներով ընդդիմադիր գործիչները թմբկահարում են, որ երկրում ձեւավորվել է հանրային-քաղաքական լայն կոնսոլիդացիա՝ Ընտրական օրենսգրքի նախագծի ներկայացված հինգ պահանջների շուրջ:

Անշուշտ, վարչախումբն այսօր այնպիսի վատթար ու անզոր վիճակում չէ գտնվում, որ ընդունի այդ պահանջները։ Ուստի գլխավոր հարցն այն է, թե ինչ կլինի, երբ վարչախումբը չընդունի դրանք կամ ընդունի մասնակիորեն՝ այդ պահանջների առթիվ բանակցությունների ձեւաչափը ի շահ իր ծրագրերի ծառայեցնելով:

Գործող վարչախմբի կողմից նշված պահանջները մերժելու դեպքում քաղաքական միավորները ստիպված են լինելու որոշում կայացնել, թե ինչպես արձագանքեն նման իրավիճակին: Սակայն, քաղաքական խաղն ու առեւտուրն ավելի հետաքրքիր դարձնելու համար, վարչախումբը ընդդիմադիր միավորների հետ կարող է մտնել երկխոսության մեջ եւ փորձել ինչ-որ մանր հարցերում գնալ զիջումների՝ ցույց տալու համար, որ Ընտրական օրենսգրքի շուրջ նա հակված է բոլոր քաղաքական միավորների հետ համաձայնության գալ։

Ահա երկու սցենար, որոնք ընդդիմադիր միավորներին կկանգնեցնեն կողմնորոշվելու խնդրի առաջ։ Քննարկենք այդ երկու հնարավոր զարգացումներն առանձին-առանձին։

Վարչախումբը եթե բոլոր հինգ պահանջները մերժի, ապա ընդդիմադիր կուսակցությունները կհայտնվեն շատ ծանր վիճակում։ Արդեն երկար տարիներ է, ինչ հայաստանյան կուսակցությունների համար կեղծվող ընտրական գործընթացին մասնակցությունը նրանց կենսագործունեության հիմնական ճանապարհն է։ Անընդհատ հայտարարելով, որ Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվում են՝ կուսակցություններն, այնուամենայնիվ, մշտապես մասնակցել են այդ ընտրություններին, ստացել մի քանի մանդատներ, բայց դրա դիմաց լեգիտիմացրել վարչախմբի՝ պետական կառավարման համակարգի բռնազավթումը։ Այս վարքագիծը վաղուց դարձել է կուսակցական կյանքի բանաձեւը։ Եւ այդ արատավոր վարքագիծը հանրությունից թաքցնելու համար նախկինում նրանք դիմել են տարբեր խաբկանքների՝ հիմնավորելու համար թե ինչու են իրենք մասնակցում կեղծվող ընտրություններին։ Այսպես մեկնաբանվել է, որ գործող վարչախումբը ուր որ է տապալվելու է, չունի վերարտադրման ռեսուրս, ընդդիմությունը տեղամասերում կարողանալու է պահել իր ձայները, ընդդիմադիր միավորները համատեղ թույլ չեն տալու, որ ընտրությունների ժամանակ վարչախումբը բռնանա քաղաքացիների ազատ կամաարտահայտության վրա, լայն ճնշման շնորհիվ նրանք ընտրությունների օրը կամ հետընտրական շրջանում տապալելու են վարչախմբին, դատական կարգով բողոքարկելու են ընտրական գործընթացը ու հասնելու են կեղծված ընտրությունների չեղարկմանը եւ այլն։

Ներկա ընտրական գործընթացն առանձնանում է նրանով, որ արդեն սպառվել են կուսակցությունների՝ քաղաքական շուլերությունների դիմելու բոլոր հնարավորությունները։ Հանրությանն այլեւս չես համոզի, որ ընդդիմությունն ուժեղ է վարչախմբից եւ ընտրությունների օրը, հետընտրական շրջանում կարող է նրան տապալել կամ թույլ չտալ՝ կեղծել ընտրությունները։ Հնարավոր չէ պնդել նաեւ այն խաբկանքը, որ բողոքարկման միջոցով հնարավոր է հասնել ընտրությունների արդյունքների վերանայմանը կամ դիտորդական առաքելությունների, արտաքին ուժերի ճնշմամբ հնարավոր է ստիպել վարչախմբին` ընդունել ընդդիմության պահանջները։ Առավել եւս այսօր հնարավոր չէ խոսել այն մասին, որ ընտրությունները չեն կեղծվելու։

Ահա ներկայացված այս փաստարկներից ելնելով՝ անհնար է լինելու հանրությանը բացատրել, թե ինչու են ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում մասնակցել ընտրական գործընթացին, երբ հենց իրենք են պնդում, որ ընտրությունները կեղծվելու են եւ վարչախումբն էլ չի պատրաստվում կատարել ընդդիմադիր հանրության ներկայացրած ընտրական գործընթացում կեղծիքների չեզոքացմանը միտված հինգ պահանջները։ Ակնհայտ է դառնալու, որ այդ մասնակցությունը ընդամենը մի խնդիր է լուծելու՝ վարչախմբից ընդամենը մի քանի մանդատներ ստանալու խնդիրը, որի դիմաց, սակայն, այդ նույն ընդդիմադիր կուսակցություններն էլ պարտավորվելու են լեգիտիմացնել գործող վարչախմբին եւ միայն հայտարարությունների տեսքով են վիճարկելու ԱԺ ընտրությոնների արդյունքները: Պարզ է դառնալու, որ սեփական մանդատներից նրանք երբեք չեն հրաժարվելու։

Հնարավոր երկրորդ սցենարի դեպքում վարչախումբը եւ ընդդիմադիր կուսակցությունները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ եւ հասնելու են ինչ-որ հանգրվանի: Վերջինս կարող է լինել կամ կողմերի միջեւ համաձայնության կայացման ձեւով, կամ` բանակցությունների տապալման: Անկախ այդ ելքերից, հանդիպման փաստը միայն օգտագործելով, կուսակցություններն իհարկե կփորձեն մեկնաբանել, թե վարչախումբը թույլ է եւ դրա համար է իրենց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ընդդիմադիր քարոզչությունը վաղուց այս հնարքն օգտագործում է` փորձելով նման կեղծիքի միջոցով բարձրացնել իր արժեքը հանրության աչքում:

Ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել վարչախմբի հետ «Կլոր սեղանի» սկզբունքով բանակցելու ցանկության մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ` նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա կառուցելու համար որպես առանցքային գործիք առաջարկվում է բանակցությունների 4+4+4 ձեւաչափը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ։ Համաձայն առաջարկի՝ բանակցությունների ձեւաչափում իշխող կոալիցիան ներկայացված կլինի չորս ներկայացուցիչով, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունը) համապատասխանաբար կներկայացնեն մեկական ներկայացուցիչ, եւ եւս չորս ներկայացուցիչ կներկայացնի քաղաքացիական հասարակությունը՝ ընտրված հասարակական կազմակերպությունների կողմից։

Բանակցությունների այս սցենարն, իհարկե, ձեռնտու է ընդդիմադիր կուսակցություններին: ՀԱԿ կուսակցության կողմից նման ձեւաչափի ներմուծումը կարող է միայն խանդ առաջացնել մյուս կուսակցությունների մոտ, որ իրենք չեն նախաձեռնել այդ գործընթացը եւ կամ այն պատճառով, որ չեն ընդգրկվել «Կլոր սեղանի» կազմում: Սակայն այն, որ տվյալ զարգացումը ձեռնտու է ընդդիմադիր կուսակցություններին, ակնհայտ է: Մի բան է, երբ վարչախմբի կողմից հինգ պահանջները մերժելուց հետո ընդդիմադիր միավորները ակնհայտ անսկզբունքային վարքի, ինչպես նաեւ հետագայում արմատական գործունեություն ծավալելու կամք ու ծրագիր չունենալու պատճառով կանգնում են փաստի առաջ, եւ մի այլ բան, երբ բանակցությունների զուտ փաստը վկայակոչելով՝ փորձում են սեփական կարեւորությունը ցուցանել եւ հույս կապել այս կամ այն կերպ ձեռք բերել Ազգային ժողովում մի քանի մանդատներ:

Սակայն միայն ընդդիմադիր կուսակցություններին չէ, որ բանակցությունների գործընթացը ձեռնտու է: Արմատական ընդդիմության հետ բանակցությունների փաստը վկայակոչելու միջոցով վարչախումբը կարող է ցուցանել իր հակվածությունը՝ Ազգային ժողովի ընտրությունների շուրջ հանրային լայն համաձայնության հասնելու կապակցությամբ: Բանակցությունների գործընթացը հնարավորություն է տալիս բոլոր այն կուսակցություններին, ովքեր դեռեւս լիարժեք չեն գտնվում վարչախմբի կրնկի տակ, բերել ենթակայության։ Միայն բանակցելու փաստն արդեն իսկ հանրության մեջ դեպի այդ կուսակցությունները բացասական տրամադրություններ սերմանելու ներուժ ունի եւ վարչախումբն իր լրատվամիջոցներով հարկ եղած դեպքում կիրականացնի նման քարոզչություն։ Ի վերջո ցանկացած հանգուցալուծում նա կարող է հենց իրեն ցանկալի լույսի ներքո ներկայացնել եւ անգամ պառակտել ներկայացված հինգ պահանջների շուրջ հանրային-քաղաքական լայն կոնսոլիդացիայի մասին խոսող կուսակցություններին։

Այսօր կուսակցությունների քաղաքական վարքագծի գլխավոր հարցը մնում է այն, թե կարող են նրանք երբեւէ մերժել մասնակցել վարչախմբի կազմակերպած եւ վերահսկած ընտրական գործընթացին։ Ներկայումս երկրի թիվ մեկ խնդիրը ազատ ընտրությունների անցկացումն է։ Դրա համար պետք է, որ ընտրական գործընթացի թե կազմակերպիչները, թե վերահսկողները եւ թե մասնակիցները բավարարեն որոշակի պահանջներ։ Առանց այնպիսի ընտրական օրենսգրքի գոյության, որը կերաշխավորի ազատ ընտրությունների անցկացումն ու ընտրողների ձայների արդար հաշվարկը, չի կարելի մտնել այդ գործընթացի մեջ։ Եթե ընտրություններին մասնակցում են պետական կառավարման համակարգը բռնազավթած կուսակցություններ, ապա պարզամտություն է կարծել, որ նրանք, իրենց հանցավոր բնույթը մի կողմ թողնելով, կգնան ազատ ընտրություններ անցկացնելու ճանապարհով։

Ընդդիմադիր կուսակցությունները եթե հայտարարում են, որ իրենց պահանջները սկզբունքային են, ապա կախված վարչախմբի արձագանքից նրանց հետագա որոշումները եւս պետք է սկզբունքային լինեն։ Վարչախմբի կողմից վերը նշված հինգ պահանջները մերժելու դեպքում իրենք եւս պետք է մերժեն մասնակցել ընտրություններին, այլապես լիովին կապացուցվի, որ ընդդիմադիր կուսակցությունների գործառույթը գործող վարչախմբի կողմից կառավարման համակարգը բռնազավթելու գործընթացը լեգիտիմացնելն է, դրա դիմաց մի քանի մանդատներ ստանալու դիմաց։ Նմանապես եթե վարչախումբը մի սեղանի շուրջ նստի ու սկսի բանակցել ընդդիմության հետ եւ բանակցություններն անարդյունք ավարտվեն, ապա այդ դեպքում եւս կուսակցությունները պետք է սկզբունքային որոշում կայացնեն եւ մերժեն մասնակցել կեղծվող ընտրություններին։

Իհարկե, բացի նշված զարգացումներից, առավել հավանական է, որ թե վարչախումբը եւ թե ընդդիմադիր կուսակցությունները բանակցությունների արդյունքում գան ինչ-որ ընդհանուր հայտարարի եւ ներկայացված պահանջների շուրջ գտնված «լուծումները» ներկայացնեն որպես ստեղծված իրավիճակում «ազգի միակ փրկություն»։ Նման ճանապարհը երկուստեք հնարավորություն կտա սահուն ընթանալ դեպի ԱԺ ընտրություններ։ Իսկ Ընտրական օրենսգրքի նախագծում վիճահարույց դրույթների համաձայնեցված փոփոխություններն էլ վկայակոչելով՝ հիմնավորել, թե ինչպես են չեզոքացվելու կեղծիքները ընտրական առաջիկա գործընթացում։ Սակայն այդ ժամանակ հանրության շրջանում կրկին ի հայտ կգա կուսակցությունների՝ հանցավոր վարչախմբի հետ սերտաճած լինելու եւ բանակցությունների «կլոր սեղանն» էլ ընդամենը առեւտրի հարթակ ծառայեցնելու համոզմունքը։

Կուսակցությունները վաղուց ապացուցել են, որ հանուն մի քանի մանդատների իրենք կարող են արհամարհել հանրությանը եւ ոչինչ չանել նման համոզմունքը շտկելու՝ իրենց հանդեպ դրական կարծիք ձեւավորելու համար։ Վաղուց կուսակցությունները չեն արտահայտում հանրության շահերն ու հետեւաբար որեւէ պատասխանատվություն չեն կրում ժողովրդի առաջ։ «Ռեալ-պոլիտիկայով» շարժվող այդ խմբավորումների կյանքի իմաստը հենց այդ մանդատները ստանալու մեջ է։ Ու դա կշարունակվի այնքան ժամանակ մինչեւ որ հանրությունն ինքը որոշի պատասխանատվության կանչել կուսակցություններին։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել գործող վարչախմբին պատասխանատվության կանչելու եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ մինչ այդ հանրությանը վերապահված է դիտորդի դեր ընդդիմության եւ վարչախմբի բանակցություններում։