հոդվածներ

Հասարակական վստահության գործոնը

2011-04-11

Հայաստանի հանրային քննարկումների հրատապ թեման ներկայումս ընդդիմադիր քաղաքական ուժերի ու առանձին գործիչների վստահության խնդիրն է: Սրվող քաղաքական պայքարի արդյունքում ավելի ու ավելի է առաջ մղվում այն հարցը, թե արդյոք չի դավաճանի (չի դավաճանել) տվյալ ուժը կամ գործիչը իր ստանձնած հրապարակային խոստումներին ու ծրագրերին: Եթե քաղաքական ուժերի կողմից տվյալ խնդրի շահարկման միջոցով փորձ է արվում իշխանության համար պայքարում կարեւոր շահաբաժիններ ձեռք բերել, ապա քաղաքացիական հասարակության շրջանում այն արձանագրում է անընդհատ խորացող երկպառակություններ:

Այս ամենի արդյունքում հասարակական քննարկումներում առաջին պլան են մղվում առանձին քաղաքական գործիչների` նախկինում ցուցաբերած քաղաքական վարքագծի այնպիսի տարրեր, որոնց տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունը քաղաքական ուժերին թույլ է տալիս շահարկման առարկա դարձնել անցած իրադարձությունները: Հատկապես ընդդիմության մարտի 17-ի հանրահավաքից հետո սկիզբ առած այս միտումը գնալով ավելի մեծ ծավալներ է ընդունում, որով եւ հասարակության ուշադրությունը շեղում է ընդդիմության առաջադրած քաղաքական օրակարգից` քրեաօլիգարխիկ վարչախմբի տապալումից:

Նախկինում եւս քաղաքական դաշտն արձանագրել է կոշտ պայքարի սրացումներ, որոնց ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերը կիրառել են հակառակորդներին ոչնչացնելու «ծախվածության» մեխանիզմը: Հասարակական կարծիք ձեւավորող հզոր այս զենքը հենվում է խմբային հոգեբանության վրա ազդող երկու կարեւոր գործիքների` հավատի ու վստահության վրա: Հենց «ծախվածության» մեխանիզմի արդյունքում էլ երեք տարի առաջ քաղաքական դաշտից դուրս մնացին ընդդիմադիր ՕԵԿ, ԱՄ, ԱԺՄ եւ այլ կուսակցություններ ու նրանց առաջնորդներ: Բոլոր այդ կուսակցությունների եւ գործիչների քաղաքական լուսանցքում մնալը պայմանավորված է եղել հստակ տարանջատված երկու բեւեռներից մեկին նրանց լռելյայն կամ հրապարակային աջակցություն հայտնելու փաստով: Այդուհետ իշխանությունը բռնազավթած քրեաօլիգարխիկ վարչախմբին նշված գործիչների «գնվելու» ու «կցվելու» գաղափարը մյուս` ընդդիմադիր բեւեռը ներկայացնող ուժերի կողմից կիրառվել է որպես ոչնչացման միջոց:

Ի տարբերություն նախորդ դեպքերի, ներկա պայմաններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների գործունեության հանդեպ հասարակական վստահության պակասն առաջացել է ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ մերօրյա ընդդիմադիր առանձին ուժեր ու գործիչներ ֆորմալ կամ ոչ ֆորմալ «գնվել» ու «կցվել» են իշխանական բեւեռին: Այս դեպքում նման մեղադրանքի հիմքեր ընդդիմադիր ճամբարի կողմերը չունեն: Այսօր շահարկման թեման կողմերի փոխադարձ մեղադրանքն է առ այն, որ ընդդիմադիր գործիչները գնացել են իշխանությունների հետ անդրկուլիսյան գործարքի ճանապարհով։ Ավելին` նման գործարքի մեղադրանք է այսօր առաջադրվում նաեւ ընդդիմադիր բեւեռը ներկայացնող գլխավոր ուժին` ՀԱԿ-ին, որով էլ բացատրվում է նրանց հանդեպ որոշակի հավատի անկման փաստը: Ուստի խոսել, որ ներկայումս գործ ունենք քաղաքական դաշտի սրացումների ժամանակ նախկինում տեղ գտած 1 «ծախվելու» նույնաբովանդակ մեխանիզմի գործադրման հետ` անհարկի է: Այս դեպքում «գնվելու» մեղադրանքի փոխարեն շրջանառվում է իշխանությունների հետ «գործարքի գնալու» մեղադրանքը:

Վերը նկարագրվածը հիմք է տալիս առաջադրել մի հարց` ի՞նչն է խթանում վստահության խնդրի կարեւորումը ներկա գործընթացներում, երբ ակնհայտ է, որ «գնվելու» ու «կցվելու» ոչ մի փաստ կողմերը չունեն: Արդյո՞ք վարչախմբի հետ «գործարքի գնալու» երեւույթը:

Միջազգային քաղաքական իրավիճակը եւ ընդդիմության գործողությունները վերջին ամիսներին հանգել են նրան, որ վարչախումբը լծվել է որոշակի իմիտացիոն գործողություններ կատարելու եւ դրանք հեռուստատեսային լրատվության միջոցներով ամեն օր բարձրաձայնելու գործին: Ընդ որում` ընդդիմության գործողությունների պատճառով որքան մեծ չափեր է ընդունել հասարակության քաղաքականացումը, նույնքան անգամ մեծացել է հասարակական ճնշումը քաղաքական ուժերի վրա: Դրա հետեւանքով թե՛ վարչախումբը եւ թե՛ ընդդիմությունը ստիպված են եղել առավել մեծ զոհաբերությունների կամ արմատական գործողությունների գնալ քաղաքական դաշտում եւ փորձել բավարարել հասարակությանը` նրա ակնկալած փոփոխությունների հարցում:

Հասարակական ճնշմանը դիմագրավելու համար երկու բեւեռները (վարչախումբը եւ ընդդիմությունը) միաժամանակ ստիպված են եղել ընթանալ նաեւ «արժանապատիվ» գործարքի ճանապարհով: Վերջինս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 17-ի ելույթում տեղ գտած քաղաքական այն եզրաբանությունն է (ըստ Տեր-Պետրոսյանի` «արժանապատիվ գործարք, քանի որ չի կարող ավելի արժանապատիվ գործարք լինել, քան իշխանության եւ հասարակության գործարքը»), որը բացատրում է վարչախմբի եւ ընդդիմության միջեւ նոր ձեւավորվող շփումները, սակայն որը բացառում է կողմերի` միմյանց «գնումն» ու «կցումը»:

Ակնհայտ է, որ վարչախմբի կողմից արտախորհրդարանական ընդդիմության` իբրեւ երկրում կայունության կարեւոր երաշխավորի, ճանաչումը բերել է նրա ֆորմալ ճանաչմանը` որպես իշխանական լծակների կրողի: Այս ամենը իշխանության ճամբարում իրապես խուճապային տրամադրությունների գեներատոր է դարձել:

Պետք է նշել, որ վերջին երկու ամիսների ընթացքում հասարակական ընկալումներում քրեաօլիգարխիկ բուրգի անսասանության առասպելի հետզհետե փլուզումը չէր կարող չմեծացնել վստահությունը ընդդիմադիր ուժերի իշխանական հավակնությունների հանդեպ: Դրա արդյունքում էր, որ հասարակական վստահության գործոնը միանգամից իր արտահայտությունը գտավ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած վերջին երեք հանրահավաքներում եւ դրսեւորվեց քաղաքացիական ակտիվության աճի ձեւով: Սակայն ընդդիմադիր դաշտի անհամաչափ մասերով տրոհված լինելը ընդդիմության առջեւ մեկ այլ խնդիր առաջադրեց: Իշխանության գալու համար արդիական խնդիր դարձավ ուժերի համախմբումը:

Միավորման անհնարինության դեպքում այն խոշոր քաղաքական ուժին ստիպում է կիրառել մեկ այլ մեխանիզմ, որը հայ իրականության մեջ հանդես է գալիս «ով 2 3 մեզ հետ չէ, նա մեր դեմ է» բանաձեւի տեսքով: Վերջինս էլ դարձել է այն պարարտ հողը, որը ստիպել է «անմիաբան» ընդդիմադիր առանձին ուժերին ու անհատներին «ծախվածության» վերաբերյալ քաղաքական մեղադրանքներ առաջադրել:

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր առանձին ուժերին ու գործիչներին անվստահություն հայտնելու երեւույթը, որը վերջին ամսում արժանացել է հասարակական մեծ արձագանքի, պայմանավորված էր ընդդիմության դիրքերի կտրուկ աճով եւ վարչախմբի հստակ նշմարվող անկումային վիճակով: Նոր քաղաքական իրավիճակի տեսանելիությունը հասարակական ընդդիմադիր շերտերին հիմք էր տվել առավել կոշտացնել իրենց ցանկալի ուժի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը, որտեղ «գործարքի գնալու» երեւույթը ընդամենը միջոց էր հասարակական կարծիք ձեւավորելու եւ իշխանության համար պայքարում «ծախվածության» մեխանիզմը կիրառելով` ցանկալի հասարակական կոնսոլիդացում ստանալու համար: