статьи

Совместимы ли фашизм и криминально-олигархическая система?

Ռուսական քարոզչամեքենան հերթական անգամ «Զվեզդա» հեռուստաալիքով եթեր արձակեց Հայաստանը վարկաբեկող տեսահոլովակ: Այս անգամ մեղադրանքները թափվեցին իշխանական կուսակցության վրա՝ նրան մեղադրեցին ֆաշիզմի մեջ, օգտագործելով Գարեգին Նժդեհի գործոնը, որի դրոշի ներքո թաքնվում է այդ կուսակցությունը: Առաջին անգամ չէ, որ ռուս քարոզիչներն օգտագործում են Նժդեհի կերպարը՝ Հայաստանին պարբերաբար այս կամ այն պահանջը ներկայացնելիս: Բայց այս անգամ ստեղծվել է մի իրավիճակ՝ ըստ «ե՛ւ ծիծաղ, ե՛ւ լաց» գծապատկերի:

Ամենեւին պատահական չէ, որ իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը, լինելով հետխորհրդային երկրներին բնորոշ կոռուպցիոներների ու քրեական բիզնեսի գործամոլների հավաքատեղի, բարձրացրել է հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գաղափարախոս Գարեգին Նժդեհի դրոշը: Ցանկացած ոճիր միշտ թաքնվում է հայրենասիրության կարգախոսի ետեւում: Հայոց «Գողերի ու խարդախների կուսակցությունը» նույնպես դրանում բնավ ինքնատիպ չէ: Եվ այս քարոզչական զվարճահանդեսում Նժդեհի երեւույթն ընդհանրապես ոչ մի կապ չունի: Այլ բան է, որ «գողերի եւ խարդախների» այս խառնամբոխին «ֆաշիզմի» պիտակ կպցնելը շատ շքեղ նվեր է վերջիններիս համար: Ֆաշիզմը, այնուամենայնիվ, քաղաքական հասկացություն է եւ դրանով կարելի է բնորոշել քաղաքական երեւույթները: Իսկ ապաքաղաքական երեւույթը միայն կարող է օգտագործել այս պարգեւը՝ արդարացնելու համար իր հակաժողովրդական էությունը, ինչը եւ արվեց մեծ ջանասիրությամբ՝ Երեւանում հայրենասիրական իրարանցումը խթանելու միջոցով: Սրանով կարելի էր մոռանալ այս միջադեպի մասին:

Բայցեւայնպես՝ քանի առիթը ներկայացավ, կարելի է հարցնել. կա՞ արդյոք որեւիցե կապ քրեաօլիգարխիկ վարչակարգի եւ ֆաշիզմի միջեւ: Եթե հաշվի առնենք, որ ֆաշիզմը ռազմականացված նացիզմ է, ապա հնարավոր է տեսնել նման կապ: Բացատրենք ասվածը, քանի որ սա, կարծես թե, այնքան էլ դատարկ խոսակցություն չէ:

Իսկ միտքը հետեւյալն է. երբ քրեաօլիգարխիկ վարչակարգը կանգնում է իր իշխանությունը կորցնելու վտանգի առջեւ, մշտապես փորձում է օրինականացնել ահաբեկչությունը՝ երկրում ֆաշիստական ​​վարչակարգը խրախուսելու միջոցով: Դասական օրինակ է 1930-ական թվականների Գերմանիան. սոցիալիստական ​​հեղափոխության վտանգի առջեւ հայտնված բուրժուա-օլիգարխիկ համակարգը իշխանության բերեց նացիստներին՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ: Դրանով այդ երկրում ձեռնարկվեց ֆաշիզմի հաստատման առաջին քայլը: Քսանականների սկզբին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Գերմանիայի այդ քաղաքական վերամարմնավորումը միանգամայն օրինաչափ էր: Նման սպառնալիքի առջեւ էին կանգնած շատ այլ պետություններ, նույնիսկ՝ ԱՄՆ-ը:

Փորձելով հասկանալ նկարագրված օրինաչափությունը, անհրաժեշտ է կենտրոնանալ այն երկրների իշխանությունների գործողությունների հենց գաղափարական բաղադրիչի վրա, որտեղ պետությունն օլիգարխացվում է: Յուրաքանչյուր օլիգարխիկ վարչակարգ իր գործունեության մեջ խթանում է բռնաճնշումները: Հետեւաբար, որոշակի պահի երկրում շանտաժի եւ ուժային ճնշումների (ահաբեկչության) միջոցով կայունության պահպանումն ինքնին պետք է դառնա հիմնական գրգռիչ գործոն եւ հասարակության մեջ ընկալվի որպես անօրինականության պատճառ: Սակայն, քանի որ օլիգարխիկ իշխանությունը սեփական գործունեությունն ապահովելու համար այլ գործիքակազմ չունի, իսկ հասարակությունը կարող է կազմակերպված պահանջել, որպեսզի երկրում օրինական կարգ հաստատվի, ակնհայտ է, որ իշխանությունները պետք է ներկայացնեն օրինական կարգի իրենց սեփական հայեցակարգը:

Իսկ իրենից ինչ կարող է ներկայացնել քրեաօլիգարխիկ վարչակարգի նման հայեցակարգը: Պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպիսի իշխանությունը զինվում է «ազգային կարգի ստեղծում՝ հանուն ոտնահարված ազգային արժանապատվության պաշտպանության» հասկացությամբ: Այսինքն՝ «պետական կարգ» հասկացությունը փոխարինվում է «հանուն ազգի կարգով», իսկ «քաղաքացիների արժանապատվություն» հասկացությունը՝ «ազգի արժանապատվություն» հասկացությամբ:

Ահաբեկչությունը կայունության համար գործածող իշխանությունը պարզապես այլ ելք չունի: Քրեական իշխանությունները ստիպված են բարձրացնել այս կարգախոսը ահաբեկչության օրինականացման համար: Այստեղ է տեղի ունենում ազգային խնդիրների գերակայությունների փոխարինման գործընթացը: Ներքին ահաբեկչությունը հնարավորություն է ստանում օրինականացվելու եւ իրեն արդարացնելու «ազգի ոտնահարված արժանապատվությունը» պաշտպանելու, իսկ ավելի հաճախ՝ «պատմական արդարության վերականգնման» կարգախոսով:

Սա նացիզմի դասական բանաձեւն է: Այնտեղ, որտեղ քրեա-օլիգարխիկ կարգեր են հաստատվում, անկյուն քշված հանցաշխարհը վեր է պարզում ազգայնականի դրոշը: Սակայն ոչ ամենուր է այն փրկություն դառնում նրանց համար, այլ միայն այնտեղ, ուր օրինական կարգեր եւ արդարություն հաստատելու՝ քաղաքացիների պահանջները հնարավոր են լինում փոխարինել «ազգային կարգ՝ հանուն ոտնահարված ազգային արժանապատվության պաշտպանության» գաղափարով: Եթե ​​հասարակության նման ապակողմնորոշումը ստացվում է, ապա քաղաքականություն խաղացող հանցաշխարհի հաղթարշավը ֆաշիզմի տեսքով իրականություն է դառնում: Սրա արդյունքները պարզ երեւում են բազմաթիվ երկրների պատմության օրինակներում:

Վերոնշյալ դատողությունների խորապատկերին կարելի է գնահատել Հայաստանի քաղաքական իրադրության յուրահատկությունները: Հաշվի առնելով, որ այստեղ առկա են վերը նկարագրված երեւույթների համախտանիշները ներկայացնող մի շարք հարաչափեր (պարամետրեր), կարելի է ենթադրել, որ Հայաստանի քաղաքական վիճակի ոչ կառուցողական փոխակերպման սպառնալիքը բավական մեծ է: Իսկապես, Հայաստանում առկա են հետեւյալ հարաչափերը.

- «պատմական անարդարության» եւ «ազգային արժանապատվության ոտնահարման» գործոնի բավականաչափ ուժեղ ազդեցությունը հասարակական գիտակցության վրա;

- իշխանության քրեաօլիգարխիկ տիպօրինակը եւ անլեգալ ահաբեկչությունը;

- հասարակության՝ օրինական կարգի եւ արդարության հարաճուն պահանջները:

Այս հանգամանքները ստիպում են լրջորեն մտածել՝ արմատախիլ անելու իշխանությունների քաղաքականության գաղափարախոսական այն ծրագրահենքը, որն ուշադրության կենտրոնում է դնում «կարգ՝ հանուն ազգի» գաղափարը: Սակայն նկարագրված իրավիճակում կա յուրահատուկ մի գործոն՝ հարեւան պետության (Ադրբեջանի) հետ հակամարտությունը: Այստեղ Հայաստանի իշխանությունները հայտնվեցին լուրջ իրավիճակում՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ, որտեղ միջազգային հանրության պահանջները Հայաստանի ղեկավարությանը ստիպում են գնալ զիջումների: Սա ոչ մի կերպ չի տեղավորվում «արդարության եւ ոտնահարված արժանապատվության վերականգման» գաղափարի ծիրում: Ներքին ահաբեկչության օրինականացումը պահանջում էր այլ թեզ: Քաղաքականության մեջ արմատավորվել է պատերազմի սպառնալիքով հասարակությանը շանտաժի ենթարկելու փորձը՝ երկրում կայունության խախտման դեպքում: Այսինքն՝ «ազգային կարգ» գաղափարը գտնում է լրացուցիչ արտահայտչամիջոցներ: Ի հայտ է գալիս նաեւ ռազմականացման ծրագիրը՝ «ազգ-բանակ» անվանմամբ, որը փաստորեն բացարձակապես կապ չունի ազգի անվտանգության խնդրի հետ:

Բայցեւայնպես՝ իշխանությունների ընդհանուր ռազմավարությունում գոյություն ունեցող հակասությունը կարող է հիմնական դերակատարներին կանգնեցնել սնանկության խնդրի առջեւ: Անհնար է միաժամանակ լինել «պարտվողներ» եւ ղեկավարել «պատմական արդարությունը վերականգնելու» ուղին: Ըստ երեւույթին, այս հանգամանքն է իշխանություններին քշել ծուղակը: Այս դրույթն էլ ավելի է հանգեցնում այն մտքին, որ Հայաստանի քաղաքական զարգացումը կարող է գնալ ապակառուցողական դիպաշարով: Մասնավորապես՝ իշխող ընտրախավը կարող է չխորշել իր վիճակի փրկության համար պատերազմի գործոնն օգտագործելուց: Մենք դա արդեն տեսել ենք 2016-ի ապրիլին:

Այնպես որ, ֆաշիստ անվանված՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների հայրենասիրական փքուն արտահայտություններն այնքան էլ անվնաս չեն: Ուրիշ բան է, որ «Ռուսագիտպրոպը» իր կասկածելի նպատակների համար կարող էր այլ թեմաներ գտնել: Ավելի լավ կլինի, եթե ռուս հասարակությունն իր հայացքը սեւեռի սեփական երկրի նմանատիպ իրավիճակին: