статьи

Новая политика в регионе

Ամերիկայի Միացյալ Նահանգների այս վերջին հայտարարությունը, անկեղծ ասած, նորություն չի կարելի համարել: Վերջին ժամանակներս տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվությունը՝ ոչ միայն Կովկասում, այլեւ Իրանում, Բուշերի ատոմակայանի բացման հետ կապված, եւ դրա նկատմամբ Միացյալ Նահանգների շատ հանգիստ վերաբերմունքն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Ռուսաստանի այս գործողությունները չի կարելի դիտարկել հնում ռուս-ամերիկյան կամ Ռուսաստան-ՆԱՏՕ հակադրությունների կոնտեքստում:

Կարծում եմ սա նոր երեւույթ է: Թվում է, թե իսկապես, Ռուսաստանն այս տարածաշրջանում ակտիվանալու եւ ինչ-ինչ պրոցեսներ կարգավորելու քարտ-բլանշ է ստացել: Դրա արտահայտությունները մենք տեսնում ենք տարածաշրջանում: Հակառակն էլ է երեւում: Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես ինչ-որ քարտ-բլանշ են ստացել հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի հետ միասին տարբեր խնդիրների կարգավորմամբ զբաղվելու, ինչը մենք տեսանք հատկապես Կենտրոնական Ասիայում՝ ղրղզական դեպքերի ժամանակ:

Այսինքն, այս ամենը նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների արտացոլումն է: Ուստի ինձ համար զարմանալի չէր, որ ԱՄՆ-ն գրեթե ողջունում է հայ-ռուսական պայմանագիրը: Որեւէ բացասական բան չի ասվում այս կապակցությամբ եւ բոլորի իրավունքները ճանաչվում են: Թե այս նոր ռուսական կամ միասնական՝ ռուս-ամերիկյան քաղաքականությունն ինչ ապագա եւ նշանակություն ունի տարածաշրջանի համար, ամբողջովին նոր խնդիր է, եւ այսօր շուտ է այդ մասին խոսելը: Բայց այն, որ երեւույթը եւ մոտեցումները նոր են, դա միանշանակ է:

Բնական է, որ Ադրբեջանը մտահոգված է այս ամենով: Հավանաբար կմտահոգվի նաեւ ամերիկացիների այս վերջին հայտարարությամբ, որովհետեւ վերջին տարվա ընթացքում Ադրբեջանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ վատացել են: Բացի այս, Ադրբեջանը լավ չի հասկանում նաեւ ռուսական գործոնի նոր դերը: Վերցնենք թեկուզ ղարաբաղյան հարցի կարգավորման դիվանագիտությունը, որտեղ, փաստորեն, ամեն ինչ մեկ տարի է՝ օդից կախված վիճակում է, եւ անընդհատ բողոքներ ու մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նկատմամբ, թե նրանք ցանկություն չունեն կարգավորելու այս խնդիրը:

Բնական է, որ անվտանգության հարցում էլ Ադրբեջանի համար նոր խնդիրներ են ծագում, բայց կարծում եմ, դա երկրորդական է մեզ համար: Շատ ավելի էական է տեսնել այս նոր քաղաքականության զարգացումն ու ապագան: