Պառլամենտարզիմի տխուր փորձը Հայաստանում
1918-ից ի վեր գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը 73 տարի (1918-91՝ (հաշվելով նաեւ ՀԽՍՀ-ն՝ խորհրդային Հայաստանը, որը թեեւ անկախ չէր, բայց հայկական պետություն էր եւ փաստացի շարունակությունն էր Առաջին Հանրապետության)՝ իր պատմության մեծ մասում ունեցել է կառավարման խորհրդարանական համակարգ եւ միայն վերջին երկու տասնամյակում՝ կիսանախագահական (1991-ից): Համառոտ ակնարկով դիտարկենք հայկական պառլամենտարիզմի այդ փորձը՝ նախապես ասելով, որ դրա մեջ առանձնապես ոգեւորիչ բան չկա:
Դոգմատիզմի հետեւանքները
1918-ի մայիսից անկախացած Հայաստանում խորհրդարանական կառավարումը հռչակվեց ոչ թե այն պատճառով, որ հենց ա՛յդ ձեւն էր խորապես բխում Հայաստանում առկա պայմաններից, ժողովրդի հոգեբանությունից, պատմական փորձից եւ այլն, այլ միայն ու միայն՝ որպես տուրք դոգմատիկ մտածողության: Ժամանակի դոգման այն էր, որ միայն խորհրդարանական կառավարումն է համապատասխանում ժողովրդավարությանը եւ սոցիալիզմին: Ըստ այդմ՝ քննարկման հարց իսկ չի եղել, թե ինչպիսի՛ կառավարման ձեւ պետք է ունենա նորանկախ Հայաստանը (համենայն դեպս, քննարկման մասին որեւէ վկայություն հայտնի չէ ինձ): 4 տարի համաշխարհային պատերազմի առավել արյունահեղ ճակատներից մեկը եղած, գրեթե իսպառ ավերված, իր փոքր տարածքի համեմատ անթիվ-անհամար գաղթականներով լցված, անընդհատ պատերազմի վտանգի տակ ապրող, սովամահ, միասնական իդեալ եւ նպատակ չունեցող տարասեռ բնակչությամբ երկրում՝ հանուն այդ իրավիճակում, չգիտեմ՝ զավեշտալի թե ողբալի դոգմատիզմի, հռչակվում է տեւականորեն խաղաղ, կայուն եւ զարգացած հասարակական կյանքով ապրող երկրներին բնորոշ պառլամենտական կառավարում:
Այն էլ պետք է ասել, որ բուն անկախությունը Հայաստանը նվաճում է ոչ թե շնորհիվ «պառլամենտարիզմի», ասենք՝ ոչ թե շնորհիվ նախքան անկախությունը գոյություն ունեցած եւ կոալիցիոն սկզբունքով կազմված Ազգային Խորհրդի գործունեության, այլ շնորհիվ Երեւանի բնակչության մի մասի (որոնց մեջ վանեցիները կարեւոր դեր էին կատարում) դիմադրելու կենտրոնացված կամքի, որը կազմակերպվեց եւ իրագործվեց հեղափոխական պայքարի բովով անցած Արամ Մանուկյանի եւ նրան հարող գործիչների ու հայ զինվորականության համատեղ ջանքերով: Ընդ որում, հենց 1918-ի գարնան վճռորոշ օրերին Թիֆլիսում նստած «առաջադեմ» դոգմատիզմը, օրինակ՝ ի դեմս «Մշակ» թերթի, չէր զլանում քննադատել Երեւանում հաստատված «փաշաների» «դիկտատուրան» (հայ ժողովրդի լինել-չլինելու հարց էր դրված, բայց դոգմատիկներին կարեւոր են ձեւերը՝ ավելի լավ է մեռնել որպես պառլամենտական, քան ապրել՝ որպես «դիկտատուրա»): Հետո «դիկտատուրայի» պատրաստի արդյունքի վրա Թիֆլիսից եկան ու կազմեցին պառլամենտական հանրապետություն:
Հակասության գիծը
Բնական է, որ հռչակված ձեւն ու փաստացի իրականությունը պետք է շարունակական լարման, հակասության դաշտ ստեղծեին, որը 1918-20 թթ.-ի ընթացքում գնալով միայն ծավալվում էր, այլ ոչ թե՝ նվազում: Արդեն նշեցինք, թե Հայաստանի դժոխային պայմանները որեւէ կերպ չէին կարող համապատասխանել պառլամենտարիզմին. Հայաստանը ո՛չ Անգլիա էր, ո՛չ Ֆրանսիա, իսկ 1918-20-ին առավել հեռու էր իր պայմաններով դրանցից, քան երբեւէ՝ իր նոր պատմության մեջ: Էլ չասած, որ Առաջին համաշխարհայինից հետո՝ նույնիսկ ժամանակակից պառլամենտարիզմի բնօրրան Եվրոպայում կառավարման այդ ձեւը խորը ճգնաժամ էր ապրում՝ վերապրելով միայն Եվրոպայի ծայր արեւմուտքում եւ հյուսիսում: Բայց եթե նույնիսկ չլիներ այդ ծայրաստիճան ավերակ վիճակը, միեւնույն է՝ հայկական իրականությունը, որտեղ, բացի Դաշնակցությունից, մյուս քաղաքական հոսանքներն անվանապես կուսակցություններ լինելով՝ իրականում, լավագույն դեպքում, քաղաքական ակումբներ եւ խմբակներ էին՝ կենտրոնացած այս կամ այն թերթի խմբագրությունում (սրանցից համեմատաբար ուժեղը միայն Ժողովրդական կուսակցությունն էր), որտեղ Արեւելյան Հայաստանի անկախությունը երբեք չի եղել նույնիսկ առաջատար քաղաքական ուժերի նպատակը, որտեղ բնակչության մեծ մասն ապրում էր գյուղական նահապետական կյանքով եւ այլն, չէր կարող հակասության մեջ չմտնել Թիֆլիսի մտավորական խմբակներից ներմուծված խորհրդարանանական կառավարման ձեւի հետ: Էլ չենք խորանում այն հարցի մեջ, որ Հայաստանի այդ պահի միակ կազմակերպված ուժը՝ Դաշնակցությունն ինքը, լիարժեքորեն պատրաստ չէր անկախ պետության պայմաններում գործելու, քանի որ անկախությունից նույնիսկ կես տարի առաջ անկախության նպատակ չէր դնում, եւ քանի որ կազմակերպված էր որպես աշխարհով մեկ սփռված ժողովրդի կառույց, ուր Հայաստանից դուրս ապրող եւ մեր իրականությունից կտրվածները մեծամասնություն էին (բավական ուշագրավ են այս առումով 1919 թ.-ի ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի նկարագրությունն ու գնահատականը՝ արված Սիմոն Վրացյանի կողմից, որը համարում էր, որ ժողովականների մեծամասնության ընդունած որոշումները կործանարար հետեւանքներ ունեցան Հայաստանի հետագա ճակատագրի համար):
Առաջին Հանրապետության ներքաղաքական պատմության հիմնական միտումը եղավ այն, որ ձեւականորեն հռչակված պառլամենտարիզմի անվան տակ՝ ավելի ու ավելի հստակ բյուրեղանում էր փաստացի միակուսակցական, ստվերային կառավարման համակարգը (կարեւոր որոշումներն ընդունվում էին ոչ թե Խորհրդարանում, այլ ՀՅԴ Բյուրոյում, իսկ խորհրդարանը, որտեղ դաշնակցականները կայուն մեծամասնություն էին, միայն հաստատում էր այդ որոշումները): Այս միտումն աստիճանաբար ուժգնանալով՝ իր գագաթին հասավ 1920-ի մայիսյան ապստամբություններից հետո, երբ ստեղծվեց, այսպես կոչված, Բյուրո-կառավարությունը՝ Օհանջանյանի գլխավորությամբ, եւ երբ, հակառակ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշման՝ Բյուրոյի անդամները մտան կառավարության մեջ, որով փաստացի իրականությունն արդեն ոչ թե ստվերային, այլ բաց կերպով ճնշեց ձեւականորեն հռչակվածը: Ու կրկին չենք խորանում այսօրվա տեսակետից արդեն ոչ այնքան առաջնային այն փաստի մեջ, որ դաշնակցական մեծամասնություն ունեցող խորհրդարանի ընտրությունները (1919 թ.-ի) վիճարկվում էին ժամանակի ընդդիմադիր մամուլում ո՛չ պակաս կրքով, քան այսօրվա մեր ընտրությունները՝ որպես կեղծված, բռնի, ոչ օրինական (հետաքրքրվողները կարող են ծանոթանալ այդ քննադատությանն, օրինակ, Թադեւոս Ավդալբեկյանի խմբագրած «Կայծ» թերթի նյութերում, որոնց մի մասը հրապարակվել է վերջերս՝ Ավդալբեկյանի երկերի հատորում, իսկ մի մասն էլ հասանելի է ցանցում. այդտեղ օգտագործվում է այսօրվա քննադատության ողջ զինանոցը՝ ընդհուպ մինչեւ «օլիգարխիկ կառավարում» բնորոշումը):
Դաշնակցության քննադատների սխալը
Ընդհանրապես Դաշնակցության քննադատները՝ սկսած նույն Ավդալբեկյանից մինչեւ Քաջազնունի (Առաջին Հանրապետության առաջին կառավարության վարչապետը) եւ բազմաթիվ ուրիշներ, Առաջին Հանրապետության հիմնական թերություններից են համարում հենց այն, որ անվանապես լինելով խորհրդարանական համակարգ, իրականության մեջ այն ավելի ու ավելի վերածվում էր միակուսակցական համակարգի: Ես, անկեղծ ասած, ճիշտ հակառակի մեջ կմեղադրեի Դաշնակցության այն ժամանակվա ղեկավար փոքրամասնությանը. փոխանակ տուրք տալու մտավորականության, այդ թվում՝ դաշնակցության մտավորականության մեծամասնության դոգմատիզմին եւ պառլամենտարիզմ խաղալուն, պետք էր ավելի արագ եւ ավելի վճռականորեն, հենց սկզբից հաստատել կառավարման այնպիսի ձեւ, որը բխում էր երկրի փաստացի, իրական պայմաններից: Չկան ինքնին լավ եւ ինքնին վատ կառավարման ձեւեր՝ լավն ու վատը բխում են իրական պայմաններից, եւ դրա համար ծիծաղելի են այն բոլոր դոգմատիկները, որոնք սքոլաստիկ լրջությամբ պնդում են, թե այսինչ կառավարման ձեւն ամրապնդված է իրենց ծրագրում, հետեւաբար՝ սկզբունքային է իրենց համար: Սկզբունքայինը երկրի զարգացումն է, իսկ ձեւերը եւ դոգմաները՝ փոփոխական գործիքներ են:
Ճիշտ է, որ Առաջին Հանրապետությունում հռչակված խորհրդարանական համակարգն աստիճանաբար փոխվեց դեպի փաստացի միակուսակցական կառավարում (թեեւ այս գործընթացը հեռու էր ավարտին հասնելուց, մանավանդ՝ համեմատած համաժամանակյա բոլշեւիկյան փորձի): Կարելի է դա քննադատել՝ տեսականորեն իրավացի լինելով: Բայց նման տեսականորեն ճիշտ քննադատությունը չի կարող համարվել իրապես պատմագիտական, որովհետեւ պատմաբանին պետք է հետաքրքրեն ոչ միայն բառերը, տեքստերն ու գաղափարները, այլ նախ՝ կենդանի իրականությունը: Անխուսափելի էր իրականությունից բխած ավելի կենտրոնական համակարգի կայացումն այն ժամանակվա Հայաստանում, որքան էլ դա քննադատելի լիներ: Բայց որպեսզի անխուսափելի, կենդանի գործընթացը չընդուներ ստվերային, ապա եւ՝ բաց, բայց անօրինական (նույնիսկ կուսակցության իսկ ձեւական որոշմանը հակասող) կուսակցապետության տգեղ ձեւ, պետք էր հենց սկզբից մտածել իրականությանը համապատասխանող ավելի կենտրոնացված կառավարման ձեւի հռչակման մասին: Այդ դեպքում Առաջին Հանրապետության ճակատագիրը եթե արմատապես չփոխվեր, ապա գոնե շատ հարցերում այլ կերպ կարող էր զարգանալ:
Այն ժամանակվա պայմաններում Հայաստանին պետք էին արագ որոշումներ, եւ կարեւորը՝ անհատներ, որոնք պատրաստ էին պատասխանատվություն ստանձնել նույնիսկ ժողովրդականություն չվայելող, բայց անհրաժեշտ քայլերի համար: Նույն ՀՅԴ ղեկավար փոքրամասնության մեջ այն ժամանակ քիչ չէին մարդիկ, որոնք ավելի կապված լինելով կյանքի եւ երկրի հետ, քան կուսակցության գաղութային եւ մտավորական մեծամասնությունը, հասկանում էին, օրինակ, ծովից ծով Հայաստան պահանջելու քաղաքականության անիրատեսությունն ու վտանգը ստեղծված պայմաններում (տես, օրինակ, Վրացյանի արդեն հիշատակված անդրադարձը 9-րդ ԸԺ-ին, «Հայրենիք» ամսագրի 1922-ի հենց առաջին համարում): Բայց փոխանակ պատասխանատվություն ստանձնելու, նրանք ընթանում էին մեծամասնության ընդունած որոշումների պոչում: Իսկ 20-ականներին, պետական լծակներից այլեւս զուրկ Ռուբեն Դարբինյանը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը եւ այլք քարոզում էին ավելի իրատեսական քաղաքականության անհրաժեշտությունը: Ավանգարդի դեր կատարելու փոխարեն՝ այդ փոքրամասնությունն ընթացիկ, անցողիկ հասարակական տրամադրությունների հետեւից ընկավ, իսկ ավելի կենտրոնացված կառավարում ստեղծելու նրանց ջանքերն ուշացած էին, դանդաղկոտ, անլիարժեք եւ անխուսափելիորեն ստվերային:
Միջակություն, գորշություն եւ լճացում
Գուցե չափազանցություն լինի ասել, թե Առաջին Հանրապետությունը կործանվեց խորհրդարանական կառավարման համակարգի պատճառով, բայց չափազանցություն չէ համարելը, որ պառլամենտարիզմ խաղալը բացասական դեր կատարեց մեր անկախության երկու տարիների պատմության մեջ: Հայաստանյան առաջին պառլամենտարիզմի փորձն, ուրեմն, բացասական է: Երկրորդ փորձը կարող ենք համարել արդեն Սովետական Հայաստանը: Տվյալ դեպքում դրա վրա առանձնապես չենք կենտրոնանա: Բայց առանց ավելորդ խորացումների էլ պարզ է, որ Սովետական Հայաստանում պառլամենտարիզմը բացարձակ ձեւականություն էր: Եթե Առաջին Հանրապետությունում ընտրությունները կասկածի տակ էին առնվում, ապա Երկրորդում՝ ընտրությունները պարզապես ծաղրուծանակ էին, եթե Առաջինում ընդդիմադիր մամուլը քննադատում էր իշխող ուժին՝ միակուսակցական համակարգ հաստատելու համար, ապա Երկրորդում՝ ընդդիմադիր մամուլ չկար, իսկ ինքնաբուխ քննադատությունը բացառված էր եւ այլն: Չենք ծանրանում այս շրջանի վրա, որովհետեւ պարզ է, որ սա ոչ թե բուն հայկական, այլ համասովետական երեւույթ էր: Ավելին, ՍՍՀՄ-ի քաղաքական համակարգն էլ ընդամենը ծայրահեղ դրսեւորումն էր Առաջին աշխարհամարտին հետեւած պառլամենտարիզմի ճգնաժամի, որն ընդգրկել էր Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Եվրոպան:
Հիմա գանք մեր ժամանակներին՝ Երրորդ Հանրապետության շրջանին: Պատահական չպետք է համարենք, որ անկախություն ստանալով՝ խորհրդարանականից անցանք կիսանախագահական կառավարման ձեւին: 90-ականների Հայաստանի պայմանները շատ էլ չէին տարբերվում 1918-20 թթ.-ի պայմաններից՝ պատերազմ, տնտեսական խորը անկում, աշխարհաքաղաքական արմատական փոփոխություններ, փախստականների հոսք եւ այլն (իհարկե, ամենը՝ փոքր-ինչ մեղմված ձեւերով): Հարց է, թե նման պայմաններում խորհրդարանական համակարգը, իշխանության ապակենտրոնացումն ի՛նչ հետեւանքներ կունենային: Քաղաքական համակարգն էլ բավականին նման էր դարասկզբին. մեկ կազմակերպված ուժի՝ ՀՀՇ-ի հետ մեկտեղ, կուսակցության անուն կրող բազմաթիվ, բայց փոքրաքանակ քաղաքական խմբակներ, ակումբներ, թերթեր… Բայց, ի տարբերություն Առաջին Հանրապետության, Երրորդ Հանրապետությունը ճգնաժամից դուրս եկավ պատերազմում հաղթած եւ գոնե՝ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանած, եւ այդ ելքում կարեւոր դեր կատարեց պատասխանատվության կենտրոնացումը: Բնականաբար, եղան նաեւ բազմաթիվ թերացումներ, բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքիր է ընդհանուր արդյունքը, ոչ թե՝ մանրամասները: Մի թերացման մասին, սակայն, երեւի արժե խոսել, բայց ոչ թե՝ մանրամասն, այլ միայն՝ կարճ նշմամբ: Այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, նույնպես չվերածվեց հասարակությանն առաջնորդող, դաստիարակող, ավանգարդային ուժի: Երեւի այստեղ դեր կատարեց նաեւ նախորդ՝ սովետական շրջանից տարբերվելու բարդույթը: Երբ 1998-ին նեղ վերնախավային շերտը հեռացավ իշխանությունից, բավականին արագ հայտնվեցինք պայմանական «1987 թ.»-ում՝ քաղաքական մտածողության, հասարակական ընկալումների, կազմակերպվածության առումներով: Հերթական անգամ մեծ ջանքերի եւ զոհողությունների գնով ձեռք բերված հասարակական փորձը փոշիացվեց, եւ ժառանգականության շղթա չստեղծվեց:
Այսօր Հայաստանը նորից բռնել է խորհրդարանական կառավարման ուղին: Էակա՞ն են արդյոք տարբերությունները նախորդ ժամանակաշրջաններից: Տարբերություններ, անշուշտ, կան, բայց դրանք ավելի մակերեսին են վերաբերում, քան էությանը: Հայաստանն ինչպես եղել է, այնպես էլ մնում է պատերազմի եւ արտաքին անկայունության մշտական սպառնալիքի մեջ ապրող երկիր: Մնացած խնդիրների մասին էլ չեմ խոսում: Քաղաքական դաշտը՝ նույնիսկ 90-ականների համեմատ, ոչ միայն զարգացում չի ապրել, այլեւ ակնհայտորեն հետքայլ է կատարել՝ եղած քաղաքական ուժերի որակը չի համապատասխանում կառավարման խորհրդարանական ձեւին: Հետեւաբար, նույնքան անխուսափելի է ստվերային, փաստացի միակուսակցական կառավարման հաստատումը նոր պայմաններում, միայն թե պատասխանատվությունը դառնում է ավելի ցրված, ավելի անորոշ: Իշխող ուժի հեղինակությունը ցածր է եւ հիմնված է միայն ուժի ու փողի վրա. ի տարբերություն բոլոր նախորդ շրջանների՝ դաշնակցական, բոլշեւիկյան, ՀՀՇ-ական՝ իրենց բոլոր թերիներով հանդերձ, իշխող ուժի մեջ այսօր նվազագույն տոկոս են կազմում գաղափարական նվիրյալները, քաղաքական կուրսին հավատարիմները, եւ ճնշող մեծամասնություն են զուտ պատեհապաշտությամբ առաջնորդվող պոտենցիալ ճամբարափոխները: Հետեւաբար, վաղը հաստատվելիք անխուսափելի կուսակցապետությունը ոչ միայն ունենալու է նման համակարգերին բնորոշ բոլոր թերությունները, այլեւ զուրկ է լինելու նաեւ համեմատական առավելություններից: ՀՀԿ-ն իր այսօրվա վիճակով բացարձակապես ի զորու չէ ստանձնել առաջնորդող, ավանգարդային ուժի դերը: Ճիշտ հակառակը՝ Հանրապետականն այսօր մեր հասարակության «միջին վատի», միջակի հավաքատեղին է՝ լճացած, անգաղափար, անհավատ, ապագայի տեսիլ չունեցող մի բազմություն: Էլ չասած, որ նույնիսկ այս վիճակում ՀՀԿ-ն, ամենայն հավանակությամբ, դեռ զտվելու, «կռտվելու է»՝ ավելի անվնաս եւ ապաքաղաքական ուժի վերածվելու համար՝ հանուն Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի նպատակների: Մեզ սպասվում է հայաստանյան պատմության առավել տխուր, առավել գորշ, առավել կեղծ «պառլամենտարիզմը», որն անխուսափելիորեն հօդս է ցնդելու առաջին իսկ լուրջ ճգնաժամի դեպքում՝ փոխարինվելու համար ավելի կենդանի համակարգերով: