статьи

«Արամազդայ խորհուրդն հանգէր ի կատար». համաշխարհային ճգնաժամի միտումները եւ Հայաստանը

Մարդկության պատմության մեջ հայտնի տարբեր աշխարհակարգերը ձեւավորվել են մեծ տերությունների միջեւ հաստատված ուժային կշռույթների շուրջ՝ համեմված այլեւայլ աշխարհայացքային մեկնաբաթյուններով (որպես կանոն ամեն աշխարհակարգ ինքն իրեն մեկնաբանել է որպես վերջնական արդարության, խաղաղության եւ բարեկեցության հաստատում):

Հին Արեւելքից մինչեւ նոր ժամանակներն իրար հաջորդող աշխարհակարգերից ոչ մեկը չի եղել ո՛չ հավերժ, ո՛չ էլ անշարժ:

Բոլորն էլ ունեցել են իրենց ձեւավորման, կայունացման, ճգնաժամերի եւ վերջապես անկումների եւ քայքայման փուլերը, ի հեճուկս այն հանգամանքի, որ դրանցից շատերն իրենք իրենց հռչակել են որպես մարդկության նվիրական ձգտումների եւ գաղափարների կատարում՝ պատմության ավարտ:

Պատմությունը, սակայն, միշտ էլ վերադարձել է անսպասելիորեն, հաղթական եւ անողոք՝ հաճախ մարմնավորվելով առավել դաժան, սթափեցնող պատկերներով, որով հիշեցրել իր անմարդկային՝ աստվածային էությունը. «Շանց կերակուր եդ զնոսա եւ գէշ թռչնոց օդապար, Եվ անպատիր Արամազդայ խորհուրդն հանգէր ի կատար»:

Դից կամքն, իրականում, ունի իր բացատրությունն ու օրենքը՝ մարդը չպետք է անցնի իր չափը՝ հռչակելով ինքն իրեն կամ իր ժամանակը վերջնական եւ կատարյալ. դրանով նա իր վրա բերում է անմահների բարկությունը, եւ ամեն պատմություն սկսվում է աստվածային մի բարկությամբ, ինչպես Իլիականը, որի սկզիբը՝ «աստվածային Աքիլեսի» եւ Ապոլոնի մոլի զայրույթն է: Կատարյալն անմահներինն է, իսկ մահկանացուներինը՝ պատմությունն է, այսինքն՝ անընդատ շարժումը, փոփոխությունն ու կայացումը:

Աշխարհակարգերը եւ փոքր պետությունները. հաշիվ փակելու ժամանակները

Մեծ տերությունների միջեւ հաստատված ուժային կշռույթի «արանքներում» ձեւավորվել եւ գոյատեւել են միջին ու փոքր պետությունները, որոնց շարքին գրեթե մշտապես դասվել է նաեւ Հայաստանն իր պետական պատմության գրեթե ողջ ընթացքում:

Այս կամ այն աշխարհակարգի կայունության շրջանում այդ՝ միջին եւ մանր պետությունների անկախ կարգավիճակը համեմատաբար ապահով է՝ անկախ պետության ներքին հանգամանքներից: Նույնիսկ թերի ներքին համակարգերը հիմնականում կարողանում են գոյատեւել արտաքին կայութնության պայմաններում:

Պետությունների եւ ժողովուրդների ճակատագրերը, սակայն, լուծվում են աշխարհակարգի անցումային եւ ճգնաժամային շրջաններում: Աշխարհակարգային ճգնաժամերը քննության շրջաններ են, որոնք միաժամանակ եւ նո՛ր հնարավորություններ, եւ նո՛ր սպառնալիքներ են նշանակում «փոքրերի» համար:

Պատմականորեն Հայաստանի անկախությունը՝ դրա ձեռքբերումը, գոյատեւումը եւ անկումը մշտապես եղել ամեն տվյալ ժամանակաշրջանի աշխարհակարգի մաս՝ ձեւավորվելով, զարգանալով եւ անկում ապրելով դրա շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը հետսառըպատերազմյան աշխարհակարգի մաս

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը նույնպես այդ կանոնի մաս է: Հանուն անկախության նորագույն պայքարը (1988-91) ձեւավորվեց ու հաջողության հասավ մեր երկրում որպես համաշխարհային կարգի հեղափոխման մի դրվագ: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հռչակվել, զարգացել է եւ ցայսօր գոյատեւում է այդ «համաշխարհային հեղափոխությամբ» ձեւավորված նոր աշխարհում:

ՀՀ զարգացման հիմնական առանձնահատկությունները եւ միտումներն իրենց առավել ընդհանուր գծերով ավելի պայմանավորված են աշխարհակարգով քան ազգային յուրահատկություններով: Որպես այդպիսի՝ ի վերջո համաշխարհային միտումներով սահմանված առանձնահատկությունների օրինակներ կարող ենք նշել՝ ապաարդյունաբերականությունը (դեինդուստրիալիզացիա), «սառեցված առճակատումը», քաղաքական պայքարի ապագաղափարականացումը եւ այլն:

Այս բարդություններով հանդերձ, պետք է արձանագրել, որ ի տարբերություն աշխարհակարգային հեղափոխության նախորդ փուլերի, օրինակ, 1914-21 թթ.-ի, Հայաստանն ընդհանուր առմամբ կարողացավ շահող դուրս գալ՝ փոփոխություններն ու փլուզումներն հոգուտ իրեն օգտագործելով: Սա տեղի ունեցավ շնորհիվ ներքին ինքնակազմակերպման բարձր աստիճանի:

Պետք է արձանագրվեն այն արտաքին կարեւոր գործոններն ու պայմանները, որոնց շրջանակում ձեւավորվեց եւ գոյատեւեց Հայաստանի Հանրապետությունը:

Արեւմուտք (ԱՄՆ եւ ԵՄ) – Ռուսաստան հարաբերությունների համեմատական մեղմությունն ու կայունությունը, որն առավելագույնն էր 1990-ականներին՝ այն բնական միջավայրն էր, որում ձեւավորվեցին նորանկախ պետությունները նախկին ՍՍՀՄ տարածքում, եւ որն այդ պետությունների ներքին կայունության կարեւոր, եթե ոչ՝ կարեւորագույն հիմքերից էր:

Այժմ այդ միջավայրը կտրուկ փոփոխության կամ առնվազն լուրջ ճգնաժամի միտում է դրսեւորում: Թվում, թե այսօր եթե ոչ 1914-21 կամ 1988-91 թթ.-ին համարժեք աշխարկարգային հեղափոխության, ապա գոնե լուրջ վերակառուցման փուլում ենք:

Նոր համաշխարային փուլի հանգուցային կետեր կարող ենք համարել.

Մերձավորարեւլյան ճգնաժամ. արաբական արդիականացման աշունը

- արաբական գարունը՝ բարդ եւ չիմաստավորված մի գործընթաց, որը սկիզբ դրեց մերձավորարեւելյան ներկա քաոսին՝ պետական համակարգերի քայքայմանը եւ բոլորի պատերազմին բոլորի դեմ:

Ըստ ձեւի արաբական գարունը հեղափոխությունների մի շարք էր, որով տապալվեցին 1950-1960-ականներին իրենց հերթին ազգային-ազատագրական ու սոցիալիստական կարգախոսներով եւ հակամիեապետական հեղափոխություններով հաստատված վարչակարգերը 4 արաբական երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Յեմենում եւ Լիբիայում: 5-րդ երկրում՝ Սիրիայում՝ հեղափոխությունը վերածվեց տեւական քաղաքացիական պատերազմի, որում իշխող ռեժիմը դեռ պահպանում է իր գոյությունը, իսկ 6-րդ-ում՝ Իրաքում նույն ծագման ռեժիմի տապալումը տեղի ունեցավ մի քանի տարի ավելի վաղ՝ արտաքին ներխուժմամբ: Ուշագրավ է, որ ալիքը չընդգրկեց կամ անհաջողության մատնվեց միապետությունը պահպանած եւ 1950-60-ականների հեղափոխական փուլը չանցած արաբական երկրներում:

Այդու՝ հեղափոխական ալիքն ընդրգկեց միայն ա՛յն արաբական երկրները, որոնք նախորդ պատմական փուլում տապալվել էին ավանադական միապետությունները եւ հաստատվել էին իրենց ժամանակին «առաջադիմական» համարվող ռեժիմներ, որոնք իրականացրել էին այդ հասարակությունների որոշակի արդիականացում եւ որոնք կայունացել էին որպես հետհեղափոխական դիկտատուրաներ:

Այպիսով, իր խորքում «արաբական գարունը արաբական արդիականության աշունը կամ մայրամուտն էր՝ ավարտը 1950-60-ականներից բացված մի փուլի, որում գերակայող էին Արեւմուտքից փոխառած ազգային եւ սոցիալիստական կարգախոսները:

Ուշագրավ է, որ արաբական գարնան արդյունքում ոչ մի երկրում իշխանության չեկան պայմանական «առաջադիմական» ուժերը՝ զանգվածային բողոքների կարեւոր հատվածը կազմող ուրբանիզացված եւ արեւմտականացված միջին խավի երիտասարները, որոնք փաստացի չունեին ո՛չ բավարար կամք, ո՛չ կազմակերպություն, ո՛չ հստակ քաղաքական ծրագիր: Հակառակը՝ ամենուրեք պայքարը ծավալվեց արմատապես հակաարեւմտյան եւ «հետադիմական» իսլամիզմի եւ աշխարհիկ բայց ոչ ժողովրդավարական համարվող ուժերի միջեւ:

Արաբական գարնան բովով անցած 5 երկներից 3-ը մտան տեւական քաոսի՝ քաղաքացական պատերազմի, միասնական պետության վերացման եւ արտաքին անթաքույց միջամտության շրջան՝ Լիբիան, Յեմենը, Սիրիան: Սրանց հարում է նաեւ Իրաքը: Մնացած երկուսից՝ քիչ թե շատ կայուն ազատ կարգեր հաստատվեցին Թունիսում, իսկ Եգիպտոսում անկայունության եւ իսլամիստական կառավրման կարճ շրջանից հետո տեղի ունեցավ վերադարձ դեպի նախկին ռազմական դիկտատուրա:

Բոլոր թվարկած երկրներում հետհեղափոխական իրավիճակը նշանավորվեց «չափավոր» կամ «ծայրահեղ» իսլամիզմի ծաղկմամբ՝ քաղաքական իսլամի դրոշը եկավ փոխարինելու ազգային եւ սոցիալական գաղափարները որպես համախմբող ուժ:

Այս նույն գործթընացի ավելի մեղմացված դրսեւորում պետք է համարել նաեւ Թուրքիայի ներքին զարգացումը՝ քեմալիզմից՝ աշխարհիկ ազգայնականություն դեպի իսլամիզմ անցումը:

Այդու՝ ականատես ենք մի մեծ գործընթաացի, որի շրջանակներում փլուզվում կամ տեղի են տալիս նախորդ դարում ձեւավորված եւ տասնամյակներով տարածաշրջանը ձեւավորող ու ուղղություն տվող գաղափարական, քաղաքական, պետական համակարգերը եւ հարացույցները:

Գործընթացի աշխարհաքաղաքական արդյունքն է Մերձավոր Արեւելքի, հատկապես՝ Ասորիքի եւ Միջագետքի պետությունների փլուզումը, դրանց փաստացի մասնատումն առանձին՝ անկայուն եւ թույլ միավորների: Ձեւավորվում են մշտական պատերազմների օջախներ, որոնց առումով անիրատեսական չի թվում աֆղանական տարբերակով անվերջ՝ տասնամյակներով տեւող՝ մե՛րթ ուժգնացող, մե՛րթ մարող ռազմական առճակատման կանխատեսումը, քանի որ չի երեւում ա՛յն քաղաքական գործիքը, որով հնարավոր է ընդունելի լուծում գտնել բոլոր հակամարտող կողմերի համար, իսկ ռազմական լուծումն ինքնին չի կարող վերջնական խաղաղություն բերել:

Այդու, կարող ենք փաստել դեռեւս Օսմանյան կայսրության անկումից հետո ուրվագծված աշխարհակարգի փլուզումը Մերձավոր Արեւելքում՝ իր հաստատուն քաղաքական սահմաններով եւ յուրաքանչյուր պետության ներքին «կոմպոզիցիայով»: Փլուզվում են, ուրեմն, ոչ միայն ռեժիմներն ու գաղափարները, այլեւ բուն իսկ պետությունները:

Հայաստանի տեսակետից, բացի ընդհանուրից մտահոգիչ են հետեւյալ մանրամասները՝

1. Պետությունների փլուզումն ու հավերժ պատերազմ վիճակի հնարավոր հաստատումը տեղի է ունենում Հայաստանից «մեկ սահման» այն կողմ, Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող տարածաշրջանում,

2. Անկայունության գոտում եւ նրա անմիջական հարեւան երկրներում (Լիբանան, Իրան) հայկական Սփյուռքի ավանդական կենտրոններ են,

3. Մերձավոր Արեւելքի քրիստոնեության ողբերգությունը՝ երբեմնի ստվար եւ Հայաստանի նկատմամբ պոտենցիալ բարյացկամ քրիստոնյա բնակչությունը Միջագետքում եւ Ասորիքում վերացման եզրին կարող է համարվել,

4. Հայաստանի անմիջական հարեւաններ՝ Թուրքիայի եւ Իրանի ուղղակի ներգրավվածությունը պատերազմին՝ անկանխատեսելի հետեւանքներով եւ ազդեցությամբ,

5. Մեծ տերություններից՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ անմիջական միջամտությունը պատերազմին եւ երկուսի միջեւ ընթացող մրցակցությունը,

6. ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումներն՝ անմիջապես կապված մերձավորարեւելյան քաոսի հետ,

7. քրդական հարցը:

Ավելին. կարելի է եթե ոչ անմիջաան, ապա գոնե լավ հիմնավորված միջնորդավորված կապ տեսնել մերձավորարեւելյան պատերազմի եւ Արցախում 2016-ի քառօրյա պատերազմի, նաեւ՝ ղարաբաղյան հարցի շուրջ հետագա զարգացումների, թերեւս նաեւ՝ Հայաստանում ներքին անկայունության աճի, հատկապես՝ հուլիսյան խռովության միջեւ:

Ճգնաժամի եվրոպական տարբերակը. արեւմուտքի հավետ մայրամուտը

- Եվրամիության մեջ ճգնաժամային դրսեւորումների աճը, որոնք, բացի ամենից կարելի է միջնորդավորված, իսկ որոշ դեպքերում՝ անմիջական կապերով կապել մերձավորարեւելյան ճգնաժամի հետ:

Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը ոչ այնքան իրար հակադիր, որքան հազարամյակներով մեկ մեծ ընդհանրություն կազմող տարածքներ են՝ քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային, մշտական փոխազդեցությամբ:

Նորագույն շրջանի Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզն ըստ էության գծված եղել եվրոպական մեծ պետությունների կողմից: Հենց այդ քաղաքական քարտեզն է, որ այսօր արմատական ձեւափոխման է ենթարկվում:

ՄԱ քաոսի անիմիջական ազդեցությունը Եվրոպական ուղղությամբ ակնկերեւ է՝ փախստականների ճգնաժամ, ահակեբկչության վտանգի կտրւոկ աջ, որպես հետեւանք՝ եվրոպական քաղաքականության «աջ թեկում», կայացած քաղաքական համակարգերի հավասարակշռության խախտում եւ այլն:

Թվում է, սակայն, որ կա ավելի ընդհանուր կապ եւս: Ե՛վ Արեւելքում ե՛ւ Արեւմուտքում նկատելի է նույն գործընթացը՝ տարբեր դրսեւորումներով. ավանադկան դարձած գաղափարական հարացույցների սպառում, քաղաքական համակարգերի մաշեցում, վերնախավերի եւ բնակչության միջեւ հաղորդակցության, վստահության, փոխհամաձայնության ճգնաժամ:

Վերջին տասնամյակներում Եվրոպայում հաստատված այն կարգը, որը ստացել էր «արեւմտյան դեմոկրատիա» անվանումը, եւ որը հավակնում էր լինել միակ, վերջին եւ իսկական «դեմոկրատիան»՝ «օրինաց եւ մարգարեից կատարումը», հիմնված էր հենց այդ փոխհամաձայնության՝ կոնսեսուսի վրա, որով վերնախավերը կառավարում էին, իսկ բնակչության բակերեկցությունն աճում, հետեւաբար ներհասարակական կոնֆլիկտը (մարքսիստական «դասակարգային կռիվը») մեղմվում: Երբ այս ձեւաչափը ճգնաժամ է ապրում, եւ «դեմոսի» ու վերնախավերի շահերն ու իդեալները նորից մտնում են հակասության մեջ, առաջ է գալիս այսպես կոչված «պոպուլիզմը»:

«Պոպուլիզմն» Իլիականի Թերսիտեսն է՝ աքեացիների ժողովների ժամանակ թագավորների դեմ խոսացողը՝ «որից ավելի տգեղ եւ ծաղրածու այր չէր եղել աքեացիների բանակում»: Նա հանդես է գալիս ժողովում, ա՛յն ժամանակ երբ Ագամեմնոն արքայի դիրքերը թուլանում են Աքիլեսի ոխի պատճառով, եւ միայն խորամանկ Օդիսեւսի միջամտությամբ է հնարավոր լինում կանխել նրա խոսքի ազդեցությունը զորքի վրա: Իսկ այդ խոսքն իր բնույթով տիպիկ «պոպուլիստական է»՝ նա մեղադրում է Ագամեմնոնին զորքի ունեցվածքւ յուրացնելու, միայն սեփական անձի մասին հոգալու, արծաթասիրության եւ նման «արքայական» հանցանքներում, իսկ աքայացիերին կոչում է «աքայուհիներ» այն բանի համար, որ նրանք դեռ շարունակում են ծառայել իրենց արքային: Թերսիտեսը երկիմաստ կերպար է՝ մի կողմից նա նկարագրվում է որպես տգեղ, հիմար ծաղրածու, մյուս կողմից նա բարձրաձայնում է «ժողովրդական» կարծիքն այն պահին, երբ ժողովուրդի եւ վերնախավի միջեւ փոխհամաձայնությունը (Իլիականում՝ Տրոյան գրավելու եւ ավարը բաժանելու փոխշահավետ գործարքը) ճգնաժամ է ապրում: Միաժամանակ նրա խոսքը եւ դիրքը զարգացում եւ շարունակություն չի ստանում, որովհետեւ ճգնաժամը լուծվում է նոր փոխհամաձայնությամբ եւ փոխզիջմամբ, որով Թերսիտեսի դերն իմաստազրկվում է՝ չկա շահերի հակասություն, չկա եւ նրա կարիքը:

«Պոպուլիզմը», որը բառացիորեն նշանակում է ժողովրդականություն, այլ բան չէ, քան ոչ «կոնվենցիոնալ» (ոչ «պայմանավորված», «պայմանական»), այսպես ասած տարրերային ժողովրդականության «կոդային անավնումն է» վերնախավերի կողմից: Պոպուլիզմ բառով ըստ էության փորձ է արվում բառախաղի միջոցով շրջանցել բուն խնդիրը՝ պարզվում է, որ ժողովրդականությունն ու ժողովրդավարությունը նույն բանը չեն: Բայց իրական խնդիրն այն է, որ երբ խախտվում է վերնախավերի եւ լայն հասարակության փոխհամաձայնությունը, պարզվում է, որ «դեմոկրատիան» պայմանականություն էր (եթե կուզեք ավելի մեղմ՝ պայմանավորվածություն), որի բացակայությամբ այն վերածվում է «պոպուլիզմի», իսկ վերնախավային քաղաքականությունը «Պարծիայի» միակ ճիշտ գծի:

Եթե Մերձավոր Արեւելքում փոխհամաձայնության խախտումը հանգեցրեց լիակատար փլուզման եւ քաոսի, ապա ավելի կայուն եվրոպական համակարգերում նույն միտումը դրսեւորվում է որպես ճգնաժամ, որի տեւողությունը, խորությունը եւ ելքն այս պահին չի կարող հայտնի լինել, բայց որը, մյուս կողմից արդեն բավականին լայնք եւ խորք ունւ անհետեւանք չանցնելու համար այդ թվում մեզ համար: Այս պայմաններում հատկապես խնդրահարույց է դառնում հարաբերությունների երկարատեւ պլանավորումը եվրոպական ուղղությամբ, հետեւաբար նաեւ եվրոպական ինտերգրման նախագծերը:

Իր բոլոր խնդրահարույց կամ քննադատելի կողմերով հանդերձ, եվրոպական քաղաքականությունը ցայսօր ունեցել է որոշակի կայունացնող ազդեցություն Հայաստանի քաղաքական համակարգի վրա՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հավասարակշռման, իրավական ոլորտի բարելավման եւ այլ ուղղություններով: Ճգնաժամաի խորացման դեպքում, այդ ազդեցության նվազումը կարող է հավելյալ ռիսկային գործոն դառնալ մեր պետության համար:

Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ քանի որ հայկական վերնախավերը (քաղաքական եւ մտավորական) վերջին մոտ երկու հարյուրամյակի ընթացքում գրեթե բոլոր կարեւոր գաղափարների ու հղացքների օրինակարգությունը հաստատել են հղելով եվրոպական փորձին (կամ էլ ռուսական ազդեցությամբ՝ հակադրվելով դրան, իկս նման հայելային հակադրությունը հակադրվողին դուրս չի բերում, այլ հակառակը՝ միայն հաստատում է «համակարգի» սահմաններում), ապա գաղափարական ճգնաժամի հնարավոր խորացումը կարող է բերել նմանատիպ ճգնաժամի նաեւ մեզանում՝ միաժամանակ բացելով նոր հնարավորություններ՝ գաղափարների եւ հղացքիների թարմացման, կարծարացած պատկերացումների վերագահատման եւ դեպի սեփական փորձը հայացքն ուղղելու առումով:

Կարեւոր է նաեւ արձանագրել, որ եվրոպական եւ մերձավորարեւելյան ճգնաժամերի ազդեցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության՝ հատկապես թուրք-եվրոպական հարեբերությունների վրա: Եվրոպական ինտեգրումը դեռեւս մնում է Թուրքիայի պաշտոնական օրակարգում, սակայն, սա էլ ակնհայտ ճգնաժամ է ապրում:

Բացի այդ նկատելի են Հայկական հարցի (ցեղասպանության խնդրի) արծարծման, եթե չասենք, շահագործման նոր փորձերը, հատկապես ցայսօր այդ հարցում համեմատաբար կրավորական դիրք ունեցող Գերմանիայի կողմից՝ թուրք-եվրոպական հարաբերությունների շրջարկում:

Միաժամանակ Գերմանիայի աճող կետնրոնական քաղաքական եւ տնտեսական դերը ԵՄ-ում օրակարգային է դարձնում հայ-գերմանական հարաբերությունների նոր ձեւակերպման խնդիրը:

Կարելի է ենթադրել, որ եվրոպական ճգնաժամն ի վերջո կունենա իր տրամախոսական (դիալեկտիկ) լուծումը: Եթե մի կողմից այսօր թափ հավաքող այսպես կոչված «պոպուլիստական» եւ եվրասպեկտիկ շարժքումները ակնհայտորեն թուլացնում են եվրոպակամ միասնության գաղափարն ու քաղաքականությունը, ապա մյուս կողմից այդ նույն կենտրոնախույզ շարժումները կարող են մեկնաբանվել որպես պատճառ եւ սկիզբ եվրոպական նախագծի վերամեկնաբանման եւ թարմացման, նոր՝ ավելի համոզիչ կենտրոնացման, եւ այդ դեպքում դրանց հաջողությունը ժամանակավոր եւ անցումային բնույթ ունեն, որին հետեւելու է նոր՝ աշխարհաքաղաքականորեն ավելի անկախ եւ ավելի կենտրոնաձիգ Եվրոպայի կայացումը: Այս հնարավորության իրականացման դեպքում լիովին նոր բնույթ կարող են ստանալ եւ հայ-եվրոպական հարաբերությունները:

Նոր «սառը պատերազմը». անհնարինն՝ ակնառու

- Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում հակասությունների կտրուկ աճը, որը շատերը համեմատում են Սառը պատերազմի տարիների հետ: Թեեւ այս համեմատությունը չի կարող լինել բառացի, (այսօրվա Ռուսաստանի ներուժն անհամեմատ թույլ է ՍՍՀՄ համեմատ), սակայն այն արտահայտում է այն իրողությունը, որ երկու կողմերի հարաբերությունները մտել են որակապես նոր փուլ ի համեմատություն հետսառըպատերազմյան առաջին երկու տասնամյակի:

Սովորական են դառնում անցյալ երկու տասնամյակում անպատկերացնելի երեւույթներ, որոնցից են 2008-ի ռուս-վրացական պատերազմը, եւ հատկապես քաղաքացիական պատերազմն Ուկրաինայում՝ այդ պետության փաստացի մասնատումն եւ տեւական խորն անկայունության փուլի մեջ մտնելը: Ուկրաինայի օրինակը վկայում է, որ այսօր մարտահրավերը ոչ միայն սովորական ներքաղաքական ճգնաժամն է, այլ պետության ճգնաժամն իսկ՝ ընդհուպ մինչեւ փաստացի փլուզման հեռանկար եւ քաղաքացիական պատերազմ, որն ուղիղ հետեւանք է աշխարհաքաղաքական մրցակցության սրման եւ տեղական վերնախավերի կողմից սեփական պետությունը արտաքին ուժերի պայքարի առաջադիրքի (ֆորպոստի) վերածելու քաղաքականության:

Հատկանշական է, որ պետության խորը ճգնաժամը, փաստացի մասնատումն ու քաղաքացիական պատերազմը Արեւմուտքի ծայրագավառ Ուկրաինայում ընթանում է Մերձավոր Արեւելքում նույնատիպ գործթընացբերին զուգահեռ: Հաշվի առնելով, որ Հայաստանը հավասարապես կարող է դասվել այդ երկու աշխարհներին, եւ տեղադրված է երկուսի «արանքում», սա կարող ենք դիտարկել որպես երկակի մարտահրավեր մեզ համար:

Նկարագրվող միտման նախնական արտահայտումներից է մեր իրականության մեջ, ներքաղաքական պայքարի մեկնաբանումն ու ներկայացումը որպես տարբեր արտաքին ուղղվածություն ունեցող բեւեռների՝ «-մետությունների» պայքար, քաղաքական գաղափաևրախոսոթյունների փոխարինումը «-մետությամբ», արտաքին հովանավորություն ունեցող ուժերի եւ վերլուծությունների ակտիվությունը, աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ներգրավման, կողմ գրավելու դիրքորոշման ագրեսիվ, իր ոճով եւ մտածողությամբ գրեթե կրոնական մոլերանդությունը հիշեցնող քարոզն ու դրա որպես նորմա ընկալվելու միտումը քաղաքական եւ մերձքաղաքական խոսքի մեջ: Այս միտման շրջանակներում փորձ է արվում լուսանցքային դիրք մղել կամ պիտակավորել որպես ոչ ակտուալ անկախության բուն՝ հայաստանակենտրոն դիրքորոշումը:

Բացի այդ՝ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ներգրավման, ներքին քաղաքականությունը «գեոպոլիտիկայով» փոխարինելու իդեոլոգիան ինքնին վտանգ է որպես աշխարհի ոչ համարժեք, ապաբանական, առասպելական՝ քաղաքականության մեջ Բարու ու Չարի պայքար տեսնող աշխարընկալում, որը վերարտադրում է հայկական ավանդական քաղաքական մտքի վատագույն օրինակները՝ «օրիենտացիոն քաղաքականությունը»:

Քաոսի դիալեկտիկան

- Ընդհանրապես միջազգային քաղաքականության մեջ քաոտիզմի, անկայունության, անկանխատեսելիության, արագ շրջադարձերի, հակասությունների կտրուկ աճը, որոնք բարդացնում են արագ կողմնորոշումն իրավիճակում: Որպես օրինակ, կարելի հիշել

ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրումն եւ արագ կարգավորումը մեկ տարվա ընթացքում,

Ռուսաստանի քաղաքական ազդեցության աճի եւ տնտեսական ճահճացման միջեւ հակասությունը,

եվրոպական քաղաքականության մեջ մի կողմից կենտրնախույս (բրիտանական հանրաքվե, «պոպուլսիտական» կուսակցությունների վարկանիշի աճ), մյուս կողմից կենտրոնաձիգ (Գերմանիայի կենտրոնական դերի ամրապնդում)

հակասությունը եւ «դիալեկտիկան», եւ այլն, որոնք ընդհանուր առմամբ ավելի անճանաչելի եւ անորոշ են դարձնում աշխարհի քաղաքական քարտեզը:

Նոր անկայությունյունը մտնում է Հայաստան. 2016-ը որպես անկայունության այցեքարտ

- Արտաքին անկայունացումը ոչ թե զուտ տեսական, այլ արդե՛ն իսկ գործնական ազդեցություն ունի Հայաստանի ներքին իրավիճակի վրա: Շրջադարձային այս առումով պետք է համարել 2016 թ.-ը, որը նշանավորվեց Ղարաբաղյան ճակատում 1994-ի հրադադարից ի վեր աննախադեպ լարվածությամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմով, ինչպես նաեւ նույն քառօրյա պատերազմի եւ Ղարաբաղի շուրջ ըթնացող բանակցությունների հետ սերտ կապեր դրսեւորող եւ անկախ Հայաստանի պատմության մեջ նույնպես աննախադեպ՝ հուլիսյան զինված խռովությամբ Երեւանում:

Պետք է նշել, որ երկու փորձություներից էլ հայկական պետությունն ու հայկական հասարակությունը պատվով դուրս եկան, սակայն, հարցի մյուս կողմն այն է, որ տեղի ունեցածը ոչ թե անցողիկ եւ պատահական դիպվածներ էին, այլ նշանավորում են որակապես նոր մի փուլ, որի մեջ մտնում է Հայաստանը:

Անկայունությամբ եւ անկանխատեսելիությամբ բնորոշվող այդ նոր փուլը, որով Հայաստանի ներքին զարգացումների տրամաբանությունը ներգծվում է համաշխարհային զարգացումների տրամաբանության մեջ, միայն սկսվո՛ւմ է 2016-ի աննախադեպ իրադարձություններով:

Այլ կերպ ասած՝ ապրիլյան պատերազմն ու հուլիսյան խռովությունները ոչ թե եզակի, մեկուսի, իրենք իրենց մեջ ամփոփ ու ավարտուն երեւույթներ են, այլ նախանշանն ու սկիզբը, առաջին ծիծեռնակները նոր փուլի, որի ընթացքում անկայունն ու անկանխատեելին կարող են գերակայել: Հատկապես կանխատեսելի է արտաքին միջամտության աճը, որի անմիջական կամ անուղղակի հետեւանքով կարող են գրանցվել լարվածության նոր դրսեւորումներ ճակատում, ինչպես նաեւ ներքին խռովություններ:

Այս ամենից չի կարող չբխել քաղաքական օրակարգերի՝ դրանց շեշտերի եւ թեմաների վերասահմանումը, ինչը դառնում է քաղաքական ուժերի առաջնային խնդիրը:

Ներկա պահին հիմնական մարտահրավերներն են

- լարվածության եւ անկայունության աճը ռազմաճակատում՝ ընդհուպ մինչեւ նոր «փոքր» կամ մեծ պատերազմի վերսկսման անմիջական վտանգ

- Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում Հայաստանի մեկուսացման հնարավորությունը

- ներքաղաքական գործթընացներին արտաքին միջամտության չափի աճը

- արտաքին կապեր ունեցող խռովությունների, զինված գործողությունների, ապակայունացումների հնարավորության աճը

- ընդդիմադիր դիմակի տակ դրսից հովանավորված ագրեսիվ հակապետական, հակաանկախական, նիհիլիստական գաղափարախոսության տարածումը եւ կոնտրոնական տեղ գրավելն «ընդդիմադիր» խոսքում

- քաղաքական դաշտի բաժանումը ըստ արտաքին կողմնորոշման՝ հայաստանակենտրոն՝ բուն անկախական դիրքորոշման լուսանցքայնացմամբ

- հեռանկարում ընդհուպ մինչեւ պետության փլուզման վտանգը՝ վերոնշյալ իրողությունների լույսի ներքո

Ըստ այդմ ներկա պահի եւ մոտակա, կանխատեսելի հեռանկարի քաղաքական օրակարգի առաջնայնություններ են դառնում

- Անկախության եւ պետականության խնդիրը

- Անվտանգության խնդիրը՝ ներքին եւ արտաքին

- Պատերազմի եւ խաղաղության խնդիրը

- Տարածաշրջանային ակտիվ քաղաքականությունը եւ նախաձեռնությունները

- Հասարակական միասնությունը

- Երկրի զարգացման իրատեսական ծրագրերը

Համապատասխան այս գերակա օրակարգի անկախական քաղաքական ուժերի նպատակրների մեջ պետք է ներառվեն հետեւյալ կետերը

- անկախական քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն դառնալու այլընտրանքային ուժի կենտրոններ՝ պատրաստ պատասխանատվություն ստանձնելու եւ գործելու արտակարգ իրավիճակներում, որի համար պետք է նախապես ստեղծեն համապատասխան հարթակներ, ցանցեր եւ գործիքներ

- անկախության գաղափարախոսության քարոզչություն, եւ դրա հակադրում արտաքին հովանավորում ունեցող հակապետական նիհիլիզմից, նոր որակի եւ ոճի ընդդիմադիր խոսքի ձեւակերպում՝ 1992-ից ի վեր Հայաստանում հաստատված ընդդիմադիր ոճի վերանայմամբ եւ նոր որակի խոսքի հաստատմամբ

- տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերբող նախագծերի մշակում եւ նախաձեռնություն, որոնց շեշտը պետք է լինի տարածաշրջանում խաղաղության հաստատումը ներքին ջանքերով՝ հանուն ժողովուրդների իրական անկախության եւ անվտանգության, տարածաշրջանային միասնության (ինտեգրման) գործնական ծրագրերը

- Ղարաբաղյան խնդրի շուրջ հայեցակարգային, ծրագրային մոտեցումների ձեւակերպումն ու քննարկումը

- Իրատեսական՝ «արշակսադոյանական» տարրերից հնարավորինս զուրկ զարգացման ծրագրերի առաջքաշումը երկրի համար հիմնարար ոլորտների շուրջ՝ տնտեսություն, ժողովրդագրություն, անվտանգություն, բնապահպանություն եւ այլն:

- Հրաժարում «հեղափոխության» գաղափարից եւ համապատասխան հռետորաբանությունից

- Քաղաքական դաշինքների եւ համագործակցության նոր «քարտեզներ»