статьи

Այլընտրանքային պատմություն-Ե Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը

Մաս 6

Ընդմիջարկում՝ 1920-ը Հայոց պատմության մեջ

....Ղարսն եմ հիշում հեռավոր, - միշտ երբ կարդում եմ Տերյանը...

Միթե՞ կասեմ ես, որ հին է օրորրան այդ սուրբ ցնորքի....

Ի՞նչ եմ անում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյանը.-

Ես երազում եմ լոկ ի՛մը, - այն որ տվեց իմ արյանը

Բույր ու երանգ հնօրյա, - երգ ու ցնորք անմեկին....

Այլ երգ չունի էլ հոգին իմ, - լոկ երբ կարդում եմ Տերյանը, -

Լոկ մանկականն ու նայրյանը, - Ղարսն է հիշում իմ հոգին

Չարենց, 1937

1920 թվի աշուն ավելի ողբերգական ու անդառնալի էջ է հայոց նոր պատմության (և ճիշտն ասած ամբողջ հայոց պատմության) քան նույնիսկ 1915-ը:

Մենք սիրում ենք ընդհանրապես մեր պատմությունը պատկերացնել և ներկայացնել որպես շարունակ ողբերգություն, բայց ընդհանուր առմամբ հայոց պատմությունը ոչնչով ավելի ողբերգական չէ քան միջինում համաշխարհային պատմությունն է, քան այլ ազգերի պատմությունը: Պատմությունն ինչ որ առումով ինքնին մի մեծ Մատյան ողբերգություն է՝ այս դեպքում նկատի ունեմ բառիս ավելի հին հունական, կամ թեկուզ հենց բուն նարեկյան բարձր իմաստը կամ քան ողբերգությունը կենցաղային, «խեղճ» իմաստով: Այստեղ ողբերգությունը, ոչ թե ինչ որ մի «տխուր» բան է կամ թեկուզ մեծ աղետ, այլ խոշոր, տիտանական, միմյանց նկատմամբ ներհակ ուժերի, խառնվածնքների, սկզբունքների, տիպերի բախում, որտեղ կարևոր են ոչ թե ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի բարոյական սկզբունքները, այլ բարոյականից անդին՝ վիպական կամ դիցաբանական էսթետիկան: Հունական ողբերգությունում չկա ճիշտ ու սխալ, արդար կամ անարդար, այլ կա կյանքի խորքային, էական հակասականության բացահայտում, ճակատագրականի բացահայտում, որի դեմ անզոր եւ երկրորդական են առաձին մարդը, այլև հանրային կանոնակարգումները, բարոյականը և այլն: Նարեկացու Մատյանում հունական այս իմաստը ձևափոխվում է, տեղափոխվում է մարդու ներքին աշխարհ, ինչպես նաև մարդ-Աստված հարաբերությունների տիրույթ, բայց էությունը նույնն է մնում՝ ներհակ, ինքնին տրված, սկզբունքային ուժերի անհաշտ ու անընդատ, անհաղթահարելի բախում, անհաղթահարելի հակասություն՝ առանց վերջնական լուծման, մարդու ներքին վեճ, կռիվ ինքն իր հետ, և մարդու դատ Աստծո հետ և նույնիսկ ....Աստծո դեմ: Պատմությունն իր ամենա ընդհնաուր ու բարձր մակարդակում հենց այս կերպ ահսկացված ողբերգություն է:

Բայց մարդկության պատմությունն ասածն ինքնին մի վերացականություն է: Մարդկության պատմությունն այլ բան չէ քան ազգային պատմություների հաշվեկշիռ: Պատմության սուբյեկտներն ազգերն են՝ ոչ վերացական մարդկությունն է ինքնին, ոչ էլ անհատ-մարդը: Եվ ամեն առանձին վերցված ագզյաին պատմություն ավելի կամ պակաս ողբերգական չէ մյուսից՝ նույնիսկ, եթե ողբերգականն այստեղ մի փոքր «իջացնենք» հունականից դեպի ավելի «մարդամոտ»՝ «աղետներով լի», «կորուստներով լի» կամ նույնիսկ «դարերով պետությունից զուրկ» իմաստը:

Հայկական պատմությունը միջինում ավելի ողբերգական չէ, քան ասենք, գերմանական, ֆրանսիական, ռուսական, չինական, պարսկական պատմությունը և այլն: Եթե հայոց պատմությունը լիներ միայն կորուստների ու ձախողումների պատմություն, մենք այսօր, բնականաբար չէինք լինի: Չի կարող մի ժողովուրդ 2-3 հազար տարի շարունակ ձախողվել, և այդուհանդերձ լինել: Հայոց պատմությունն այս առումով ուժի, այլ ոչ թե թուլության դրսևորում է: Չի կարող այս աշխարհում որևէ թույլ բան գոյատևել՝ դա հակասում է բնության և պատմության հիմունքներին: Նույնիսկ ուժեղները կործանվում են, նույնիսկ ուժեղ լինելը բավականաչափ չէ մնալու համար, բայց թուլությունը ոչնչացվում է լույսի արագությամբ: Ցանկացած լինելիություն ուժի դրսևորում է, իսկ հայոց լինելիությունը բավականին պատկառելի ուժի դրսևորում է:

Մեր ամբողջ պատմության իրական միակ մեծ ողբերգությունը, իրական անդառնալի կորուստներն ընկնում են 1914-21 թթ.-ի միջակայքում, չնայած նույնիսկ այդ արանքում ունեցանք ոչ միայն կորուտսներ, այլև ձեռքբերումներ, և եթե այսօր էլ դեռ ունենք հայաբնակ Հայաստանի կտոր և պետություն, դա նույնպես ցուցիչ է, որ ուժ ենք, այլ ոչ մաքուր թուլություն: Թվում է, թե նոր բան չի ասվում այսքանով: Բայց խնդիրը ոչ թե ըստ էության նոր բան ասելն է, այլ նոր ու ճիշտ շեշտեր դնելն է թվացյալ իմացածի վրա, նոր ու ճիշտ «կետրադրությունն է», որն, ինչպես հայտնի է, կարող էապես փոխել «նախադասության» իմաստը:

Ոչ թե 1915, այլ 1914-21-ի միջակայք (սահմանները որոշ չափով պայմանական են, կարող ենք մի փոքր ավելի լայնացնել կամ մի փոքր ավելի կճատել, դա չի հարցը): Ինչո՞ւ: Որովհետև, եթե մի կողմից ինքնին պարզ է, որ հայոց պատմության մեծագույն, իսկ մեր կարծիքով նաև միա՛կ իրական մեծ ողբերգությունն ու կորուստը Մեծ Եղեռնն էր, ապա մյուս կողմից կարևորն այն էր, որ դրա հետևանքները՝ ոչ բառացի բոլորն, իհարկե, բայց հիմնական քաղաքական և պատմական հետևանքները հաղթահարելի էին մինչև 1920 թվականի աշուն: Ավելի պարզ՝ եթե 1920-ին մենք հաղթեինք, ապա, 1915-ն իր բոլոր անդառնալի կորուստներով հանդերձ, չէր լինի այն ինչ է՛ այսօր, չէր լինի այն մեծ բաժանարար գիծը հայոց պատմության, որից ա՛յն կողմ դեռ ունեինք հզարամյակների հայրենիք, որը կորցրել ենք:

Մեր հայրենիքը կորցել ենք ոչ թե 1915-ին, այլ 1920-ին:

Հարցը կարևոր է և արդիական: Մեր պատմության շեշտը սխալ տեղում ենք դրել, իսկ պատմական սխալ շեշտադրումները միշտ էլ ստվերում են ու ազդում են ներկայի քաղաքականությունը:

Կռվի փոխարեն շեշտը դրել ենք ցեղասպանության վրա: Որով լռելյայն ենթադրում ենք, որ կորցրել ենք ինչ կորցրել ենք կոտորածի, այլ ոչ թե կռվի արդյունքում պարտության պատճառով: Եվ ավելին ենք անում՝ բուն 1920 թվի հայ-թուրքական պատերազմը ներկայացնում ենք Մեծ Եղեռնի պատմության ազդեցության տակ, որպես դրա դրվագ, շարունակություն, ճյուղավորում: Բայց հայ-թուրքական պատերազմում միմյանց բախվել են ոչ թե Օսմանյան կայսրության պետական բանակն ու հայկական փոքրթիվ պարտիզանական կամ կամավորական միավորներն, այլ թուրքական մի ասպատմաբական զորախումբ, և հայկական պետության բանակ: Կռիվը մեծ հաշվով եղել է հավասարաը հավասարի, և պատմությունը մեզ տվել է հնարավորություն, եզակի, անկրնելի հնարավորություն կռվով, պայքարով լուծելու հարցը: Կարելի է անվերջ բողոքել արտաքին անբարենպաստ պայմաններից, ռուս-թուրքական դաշինքից և այլն, բայց փաստն այն է, որ պատմական հնարավորություն լուծելու հայկական հարցը դրա լուծման միակ հնարավոր ձևով՝ պայքարով և վճռական ճակատամարով մենք ունեցել ենք, և պարտվել ենք: Երբ պատմության շեշտը տեղափոխում ենք կռվից դեպի կոտարած, սխալ ուղերձ ենք ուղղում մեր ժողովորդին: Հերթական անգամ թաքցնում ենք նրանից, որ ժողովուրդների ճակատագիրը նրանց իսկ ձեռն է, և որ պատմական-քաղաքական հարցերը լուծվում են պայքարով ու կռվով: Հայ նոր պատմության ուսումնասիրության, ուշադրության կիզակետը պետք է լինի ու դառնա հայ-թուրքական պատերազմը, 1920 թիվը: Մինչ այսօր հայոց որ պատմության ուսումնասիրությունը կենտրոնացած է 1915-ի վրա, եթե ոչ նույնացրած է դրա հետ: Բնականաբար ասվածը չի նշանակում, որ պետք է մոռանանք 1915 թվականը: Բայց կրկնեմ, շեշտերը պետք է ճիշտ դնենք՝ գլխավոր հարցը 1920-ի պատերազմն է:

Ցեղասպանագիտությունն այսօր մոդայիկ «թրենդ» է աշխարհում: Եթե դեռ 20-րդ դարի երկրորդ կեսին հիմնականում խոսում էին հրեական, և որոշ չափով՝ հայկական ցեղասպանությունների մասին, ապա այսօր միտումն այն է, որ ամեն ազգ ունենա իր ցեղասանությունը: Ամեն մեկը հուսով է իր հին ու նոր ցավերը քաղաքական աճուրդի հանելով, մի բան ստանա, մի բան պոկի: Որքան բարոյապես տարակուսելի, անարժանապատիվ, նույնքան էլ գործնականորեն քիչ արդյունավետ մարտավարություն է սա:

Այստեղ, իմիջայլոց մի բարի խոսք պետք է ասենք անգլիական քաղաքականության մասին: Իրենց բոլոր թերություններով, մաքիավելիզմով հանդերձ, անգլիական քաղաքականությունը, թերևս, զարմանալիորեն ամենաազնիվն է նաև հայկական հարցում: 1920 թ.-ին անգլիացիները միակն էին մեր «մեծ դաշնակիցներից»՝ ռուսներ, ֆրանցիացիներ, ամերիկացիներ, որոնք փորձեցին «տեր կանգնել» 1914-18-ին հայերին շռայլված խոստումներն, թեև խոստումներ շռայլողների թվում իրենք առաջին դիրքերում չէին: Անգլիական բաց պայմանն էր՝ մենք տալիս ենք ձեզ զենք ու հանդերձանք, դուք կազմում եք բանակ և կռվով հաղթում եք Քեմալին՝ իրագործելով Սևրի դաշնագիրը: Ավել բան չեն խոսատցել, բայց խոստացածն էլ արվել է: Բնականաբար անգլիական շահերը մեջը հաշվի առած: Ֆրանսիացիներն ամենակողտետ կերպով են հայերի հետ վարվել Կիլիկիայում՝ ավելի զզվելի ու տմարդի բարդ է պատկերացնել: Ռուսների պատմությունը հայտնի է: Բայց անգլիացիները նաև այն միակ մեծ պետությունն են դեռ, որ երբեք հայոց ցեղասպանության խնդիրը չեն դարձրել թուրքերի հետ առուծախի առարկա: Հայերի պարտությամբ, նրանք հասկացել են, որ սխալ խաղադրույք են արել, կողմնորոշվել են դեպի Թուրքիա, բայց երբեք հայկական հարցը չեն կախել թուրքրեի գլխին, ու մեր նահատակների հոգիների հանգիտսը չեն խանգարել «ցեղասպանության ճանաչում» կոչված զզվելի չարչիությամբ: Շատ զարմանալի էլ չէ, քանի որ գոնե միջազգային քաղաքականության մեջ առավել ցինիկ ու անբարոյականը որպես կանոն իդեալիստներն են դուրս գալիս, իսկ ամենա ազնիվն ու մարդկայինը մաքիավելիստները:

1920 թվին ի չիք եղավ և հայ-թուրքական պատվավոր խաղաղության հնարավորությունը: Խնդիրն այն է, որ իրական խաղաղություն, երկու կողմերի համար պատվարժան կարող է լինել միայն երկու համեմատաբար համարժեք ուժերի միջև: Ճիշտ է, որ 20-րդ դարի սկզբին հայերն ու թուրքերը բառացի համարժեք ուժեր չէին՝ այն ժամանակ էլ թե զուտ քանակապես, թե՛ այլ ցուցանիշներով թուրքերը մեզ գերազացում էին: Բայց չկար այն բացարձակ անհամարժեքությունը, որը կա այսօր: Որքան էլ զարանալի թվա այսօվա տեսակետից, 20-րդ դարի սկզբում նույնիսկ տարածված էին խոսակցություններ նրա մաիսն, որ թուրքերը մեռնող ժողովուրդն են, իսկ հայերն՝ աճող, քանի որ ծնելիության ու բնական աճի ցուցանիշներով հայերը գերազանցում էին թուրքերին: Բայց խնդիրը մենակ այդ քանաական ցուցանիշմերը չէին: Հայերը թուրքերի համար բավականին պատկառելի քաղաքական, տնտեսական և ռազմական ուժ էին: Ռուսների կամ մյուս մեծ պետությունների համար հայերը երբեք այդպիսին չէին: Արհամարելի միավոր չէին, բայց նաև հավասարը-հավասարի կռվելու կամ բանակցելու-պայմանավարվելու միավոր չէին: Թուրքերը հայերի ուժը հաշվի են առել, չէին կարող հաշվի չառնել՝ այդ ուժը նրանց և վտանգ ու մարտահրավեր էր, բայց նաև որոշ պայմաններում՝ ցանկալի դաշնակից: Այստեղից է բխում 1908 թվակաին երիտթուրքերի համագործակցությունը Դաշնակցության հետ, որն այսօր նույնիսկ դաշնակցականների համար մոռանալու էջ է, բայց իրա ժամանակին հայերի ուժային գործոն դառնալու ցուցանիշ էր: Այստեղից է բխում 1914-ի օգոսոտսին թուրքերի կողմից հայերի հետ բանակցելու փորձը: Բայց այստեղից նաև հայերի ոչնչացման ծրագիրը, որն իրականացվեց 1915-ից: Մեզ կոտորեցին ոչ թե որովհետև մենք խեղճ էինք ու ոչ մեկին պետք չէինք՝ խեղճ ժողովուրդներին չեն կոտորում, այլ շահագործում են, եկամուտ են քամում, այլ որովհետև թուրքերի աչքերում մենք իրական վտանգ էինք, գուցե նաև՝ չափազանցված, բայց վտանգ էինք: Որքան էլ զարմանալի է, թուրքերը հայերից վախենում էին: Ի դեպ հայերի կոտորածը ստրատեգիապես թուրքերին հոգուտ չեղավ: Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնում է էթնիկապես ոչ թե թուրքական, այլ քրդական, իսկ հողը նրանն է, ով ապրում է այդտեղ: Ուշ թե շուտ այդտեղ լինելու է անկախ Քրդստան՝ միայն ժամանակի հարց է: Եվ եթե նախկինում, թուրքերը կարողանում էին կառավարել իրավիճակը հենվելով հայ-քրդական հակասության վրա՝ մերթ հայերին խրախուսելով, մերթ քրդերին, ապա այժմ այդ գործիքը չկա: Հայաստանի թուլացմաբ, թուրքերը նաև, կարելի ասել, հավերժացրեցին ռուսական գերիշխանությունն Այսրկովկասում՝ գոնե այնքան ժամանակով, որքան Ռուսաստանը կգոյատևի որպես մեծ տերություն:

Եթե հայ-թուրքական պատերազմը չավարտվեր մեր պարտությամբ, այլ գոնե պաշտպանական հաղթանակով, այսինքն՝ եթե գոնե կարողանային պահել մեր ձեռքի տակ եղածը, էլ չասած ավելինի մասին, ապա դրա արդյունքում կնքվելիք հայ-թուրքական հաշտությունը դառնալու էր ամուր հիմք հետագայի բնականոն հարաբերությունների, եթե ոչ դաշինքի: Ըստ որում՝ հայ-թուրքական կայուն խաղաղությունը նաև անխուսափելորեն վերածվելու էր տարածաշրջանի ժողովուրդների անկախության կայուն հենարանի, որովհետև դադարեցելու էր դրսի ուժերի միջամտության կարևոր գործիքի ազդեցությունը:

1920 թվի պարտությունի հետո արդեն հայ-թուրքական հաշտությունն անհեռանկար կամ շատ բարդ իրագործելի նախագիծ պետք է համարվել նաև այն պատճառով, որ Թուրքիան ու Հայաստանը չափազանց անհամարժեք միավորներ են իրար հանդեպ, չափազանց մեծ է անհավասարությունը, իսկ նման դեպքերում կայուն և անկեղծ հաշտությունը բնական չէ: Ամուր հիմքերով լուծման համար անհրաժեշտ է ուժային հաշվեկշռի նոր փոփխություն՝ ի վնաս թուրքերի և հոգուտ հայերի, որպեսզ կողմերի ներուժը գոնե մի քիչ մոտենա իրար:

Կարող է առաջին հայացքից չափազանցություն թվալ ասածս, բայց Ղարսի անկումն ի ցույց է դնում հայ ժողովորդի ստրկացված կարգավիճակը: Եվ ոչ միայն բուն փաստը, այլև դրա մեկնությունը կամ ընկալելու ձևը երեկ և այսօր: Ի՞նչ նկատի ունեմ:

1914-ի աշնանը, երբ հայտարարվեց ռուս-թուրքական պատերազմը, և դեռ պատերազմի պաշտոնական մեկնարկից էլ շուտ ողջ Անդրկովկասով մեծ շուքով ծավալվեց հայկական կամավորական շարժումն ի նպաստ ռուսական բանակի: Հարցն այն չէ, որ կամավորների թիվն իրականում այդքան էլ մեծ չէր 2-3 հազարի մասին է խոսքը, իսկ ավելի իրենք ռուսներն էլ չէին ուզում, որպեսզի հայկական գործոնը չափից ավելի չուժեղացնեն: Հարցն այդ քանակը չէ, այլ ընդգրկումը, համատարած աջակցությունը, կազմակերպվածությունը: Անխտիր բոլորը՝ Եկեղեցին, Թիֆլիսի հայկական բուրժուազիան, մտավորականությունը, քաղաքական բոլոր ուժերը, գաղափարական բոլոր հոսանքները (ի բաց բոլշևիկների) լծվեցին կամավորական շաման կազմակերպմանն ու քարոզին: Տեղին է նշել, որ բացի Դաշնակցությունից, մնացած բոլոր լծյալները կոպեկի իսկ մասնակցություն չեն ունեցել հայկական զինված ազատագրական շարժմանն Օսմանյան կայսրությունում, եթե չհաշվենք այն որ կողքից անխնա քննադատողի դերում են եղել:

Ի դեպ է, ասել, որ կամավորական շարժումը նաև կարևոր առիթներից եղավ հայերի ցեղասպանության (չենք ասում պատճառ, բայց կարևոր առիթ): Սա կարևոր է, որովհետև մոռանում ենք, որ Մեծ Եղեռնը պատմական վակուումի մեջ չի տեղի ունեցել, այլ Առաջին Համաշխարհայինի օրգանական մասն է: Կտրելով Մեծ Եղեռնն իր այդ բնական միջավայրից, բնիկ պատմական շրջարկից, կաման թե ակամա կեղծում ենք մեր պատմությունը, պատում ենք այն անորոշության մշուշով և թաքցնում ենք մեր ժողովորդից կարևոր փաստը՝ հայերը ոչնչացվել են ոչ թե հենց այնպես, զուտ որպես հայեր, այլ որպես Անտանտի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դաշնակիցներ: Մեկ միլիոն հայ զոհվել է հանուն Անտանտի....:

Ի՞նչ եղավ 1920 թվին: Եթե հանուն ռուսական բանակի և հանուն համաշխարհային առաջադիմականության մարմնավորման՝ Անտանտի, ծավալվեց հայկական հուժկու կամավորական շարժում, որին լծվեցին հայկական բոլոր շրջանակները, բոլոր կառույցները, բոլոր խավերը, ապա տրամաբանակն չէ՞ ենթադրել, որ 1920 թվին երբ վճռվում էր Հայաստանի ու հայ ժողովորդի ճակատագիրը նույն այդ շրջանակները պետք է տասնապատիկ եռանդով լծվեին հայրենիքի պաշտպանության գործին, մի նոր՝ աննախադեպ կամավորական շարժման նախաձեռնող լինեին: Բնավ նման բան տեղի չունեցավ: Իհարկե, տաք-տաք խոսքեր ասվեցին, բայց Ղարսի կռիվը մնաց առավելապես հայաստանցիների գործը, եթե չասենք հայաստանցիների «պրոբլեմը»: Մնացյալ բոլորը՝ ֆուտբոլ դիտողի դերում էին՝ «Արարատ հուպ տուր, Դինամոյին կուլ տուր» կարգավիճակում: Ծիաղլեին այն է, որ որոշ թվով կամավորներ Թիֆլիսից այդուհանդեձ եկան: Բայց ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր էին դրանք և ի՞նչ նպատակներով: Այդ կամավորների զգալի մասը բոլշևիկներ էին, որոնք մեկնել էին ճակատ այն նպատակով, որ համապատասխան քարոզչությամբ թուլացնեն հայկական բանակի դիմադրողականությունը՝ այպիսի պատմական հեգնանք:

Հարցն այստեղ «ժողովորդի անտարբերությունը» և նման հռետորական վարժանքները չեն: Ժողովուրդնեն իրենք իրենցով չեն կազմակեպվում: Նույնիսկ կամավորական շարժումները պետք է ունենան կազմակերպող՝ ոգևորումից, գաղափարից սկսած մինչև զուտ կազմակերպչական աշխատանք: Հայ ժողովուրդը լավ կռվող է եղել բոլորի համար, լավը կլիներ նաև իր համար, եթե իրեն կազմակերպող ուժ լիներ: Բայց այստեղ է հայկական վերնախավերի էությունը՝ հանուն Անտանտի, հանուն Ռուսաստանի՝ կամավորական շարժում, հանուն՝ Հայաստանի՝ ո՛չ: Սա է հայ ժոցոդրի ստրկության ցուցիչը՝ զոհվել հանուն այլոց շահերի՝ կազմաերպված սեփական վերնախավերի կողմից, զոհվել կամավորապես, կամ էլ զոհվել՝ օտար պետության մեքենայի ստիպողաակն ուժով: Իսկ մեր հայրենիք՝ թշվառ, անտեր.....:

Պատմություն ունի և շարունակություն: Ղարսի անկումից 21 տարի անց Երկրորդ Համաշխարհայինի մաս ռուս-գերմանական պատերազմում նույնպես զոհվեցին տասնյակ հազարավոր հայեր: Չենք քննարկում հիման մանրամասները: Դա անիմաստ էլ է՝ ոչ ոք չէր էլ հարցնում մեր պապերին 1941-ին՝ նրանք պարտավոր էին որպես ՍՍՀՄ քաղաքացիներ մասնակցել պատերազմին: Բայց հարցն այն է, որ երբ հպարտանում ենք նրանց մասնակցությամբ, ամոթխած լռության ենք մատնում այն փաստը, որ 1920-ին, եթե տասնյակ հազարավոր հայեր պատրաստ լինեին զոհվել Ղարսի պատերի տակ, ապա մենք ոչ թե Ղարս ու Էրզրում, ոչ թե ծովից-ծով Հայաստան, այլ համաշխարհային տերություն էլ գուցե դառնայինք: Իրականում այդքան շատ զոհ, ինչքան տվել ենք օտար բանակներում երկու համաշխարհայիների ըթնացքում մեզ ամենևին էլ պետք չէր 1920-ին: Մեր համետս, ոչ համաշխարհային, զուտ հայկական ազգային նպատակների համար շատ ավելի համեստ թվեր էլ բավական էին հաղթելու համար: Եվ այդ դեպքում առանց այդ էլ մեծ զոհեր տված հայ ժողովուդը կարիք չէր ունենա նոր զոհաբերությունների ոչ սովետական ռեպրեսիաների, ոչ, կներեք, հանուն «ֆաշիզմի դեմ հաղթակակի» (մի կերպ առանց մեզ այդ հարցը կլուծեին, վստահ եմ), ոչ էլ իսկ Ղարաբաղյան պատերազմում, որը պարզապես չէր լինի: Սա է գինը, որը վճարում են ստրկացված ժողովուրդները: Եվ թող կտրուկ հնչի խոսքս, բայց քանի դեռ մենք մեր ժողովորդին չենք ասում պարզ ճշմարտությունը՝ որ միլիոնից ավել հայ ոչնչացել է որպես Անտանտի դաշնակից, որ եթե ռուս-գերմանական պատերազմում զուհացների կեսի թվով մարդ 20 թվին պատրատս լիներ զոհվեր Կարսի տակ, ապա Արևմտյան Հայաստանի մեծ մասն այսօր մերն էր լինելու ու այլևս պատերազմների կարիք Հայաստանը չէր ունենալու, ուղիղ այդքան ժամանակ շարունաելու ենք փաստացի ստրկություն քարոզել մեր ժողովորդին՝ լինել թնդանոթի միս մեծ տերությունների բախումներում: Մենք նույնիսկ այնքան չկանք, որ երբ հպարտանում ենք Երկու համաշծարհայններում մեր զոհերով ու մեր մասնակցությամբ, հարց տանք՝ իսկ ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Չէ՞ որ զոհաբերությունը, եթե ստրւոկի զոհաբերություն, այլ սուբյեկտի՝ փոխհատուցելի է: Մեր վարձքը զրո է՝ դարի ամենամեծ զոհերի դիմաց:

Ղարսի կռիվը բացարձակապես հայաստանցու գործ մնաց: Ու Հայաստանի կառավարությունն էլ չափազանց թույլ գտնվեց՝ կազմակերպելու համար իսկական ժողովորդական պատերազմ, որպիսին իր էությամբ պետք է լիներ 1920 թվի պատերազմը:

Բայց հայությունը նույնիսկ Ղարսի անկումից չնցվեց: Թվում էր գոնե պարտությունը, բոոր ազգային երազանքների վերջնական անկման վտնագը, պետք է տակնուվրա անի, մինչև հոգու խորքը ցնցի....: Պատերազմը դեռ մոտ մի ամիս էլ շարունակվեց Ղարսի անկոմից հետո՝ հրաշալի հնարավորություն հայությանը ոտքի կանգնելու, ամեն բան մի կողմ թողնելու ու «ամենայն տեղ մահը մի է» երգելով գլխակորույս նետվելու կռվի մեջ: Չգիտեմ, զավեշտալի ասեմ, թե սարսափելի, բայց փաստ է, որ նույնիսկ ուրախացողներ կամ թեթև շունչ քաշողներ եղան....: Չէ, խոսքը բոլշևիկների մասին չէ: 1920, 21 թվի սփյուռքյան թերթերում հոդվածներ կան գրած այն ոճով, որ լավ է, վերջապես պրծանք էս Արարատյան հանրապետությունիվ, որը մենակ խանգարում էր մեր ազգային իղձերի իրացմանը, այ հիմա արդեն մենք միջազգային հանրության օգնությամբ կհասնենք Սևրի պայմանագրի իրագործմանը՝ Արեևմտյան Հայաստանում անկախ հայկական պետության ստեղծմանը շնորհիվ Պողոս Նուբարի դիվանագիտության գործունեության, որին մենակ խանգարում էր Հայաստանի Հանրապետությունն՝ չափավարելով հայկական պահանջները: Սա մարդիկ լուրջ էին գրում և մտածում:

Բայց մենք ցայսօր էլ իրապես չենք ցնցվել 20 թվի պարտությունից: Մեր սգո օրն այսօր էլ ապրիլի 24-ն է, ոչ թե հոկտեբերի 30-ը՝ Ղարսի անկման օրը, երբ իրապես որցրեցինք մեր հայրենիքը, երն հայությունը նորից դադարեց քաղաքական ազգ լինելուց (այստեղ մի փոքր չափազանցնում եմ՝ իրականում վերջնականապես չենք դադարել երբեք, բայց շատ-ատ բաներ ստիպված ենք եղել սկսել զրոյից, կորցնելով ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, օրինակ, 1936-38-ին, երբ գնդակահարվեց հայկական քաղաքական և մտավորական վերնախավերի սերուցքն ի դեմս ...հայ հին բոլշևիկների, որոնք վերջինն էին հայկական ինքնուրույն քաղաքական սերնդից, և հենց դրա համար էլ ոչնչացվեցին՝ պարադոքսալ կերպով որպես հայ անկախականներ):

Չեմ ուզում ավարտեմ սգո նոտայով:

1920 թվի այլընտրանքային պատմությունը հենց նրա համար էլ պետք է, որ նորից վերապրենք եղածը, ազգային հոգեբանության անգիտակցական խորքերում թաքնված խնդիրը վեր հանենք դեպի գիտակցության լույս, ու նաև տեսնենք, որ իրական այլընտրանքը միշտ կա, որ ոչինչ կանխորոշված և վերջնական չէ, որ սեփական ուժերին ապավինած և պայքարի պատրաստ ժողովուրդները երբեք էլ պարտված չեն վերջնականապես:

Նախորդ դարում ունեցանք ոչ միայն կորուստներ, այլև ձեռքբերումներ: Հարցը մենակ այն չէ, որ պետություն ունեցանք: Ունեցանք նաև կոմպակտ հայաբնակ տարածք, որպիսին չունեինք: Այն ինչ ունենք այսօր որպես Հայաստան (Ղարաբաղն էլ բնականաբար հետն՝ առանձին չեմ նշում) բոլորը ձեռք է բերված կռվով ու արյամբ: Ոչ մի միլիմետր հող ձրի չի հասել մեզ: Ունենք այնքանի, որքանի կարողացել ենք պահել: Թղթային որոշումները, որոնց հաճախ վերագրում ենք մեր այս կամ այն տարածքն ունենալ կամ չունենալը միայն ամրագրել են այն ինչ մինչ այդ պահպվել է կամ կորսվել է կռվով կամ դրա բացակայությամբ (կորուստների մի մասը):

1918-20-ին և հետագայում չենք կարողացել մեկ գրոհով լուծել մեր մեծ խնդիրը: Բայց դա չի նշանակում խնդրի վերջնական փակում, այլ ընդամենը հետաձգում: Իսպանական ռեկոնկիստան տևեց 800 տարի: Հայկական ռեկոնկիստան դեռ նոր է սկսվել:

1920 թվի պատմությունն՝ իրական թե այլընտրանքային նաև ընդհանրացնող է, կարևոր օրինաչափություններ վեր հանող: Այն ցույց է տալիս, օրինակ, ռուսական գերիշխանության վերադարձի հիմնուղին՝ Բաքու-Ղարաբաղ-Հայաստան-Վրաստան շրջանակով: Այդ ուղին այսօր էլ արդիական է: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքի տեղադրման խնդիրը հենց այդ հիմնուղոի խնդիրն է, և ուրիշ ոչինչ, և համենայն դեպս ոչ Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ: Հայերի հետ հարցերի լուծման միջնորդավորված եղանակը՝ թուրքերի, այդ թվում Ադրբեջանի թուրքերի միջոցով, և հետո հայերի փրկության բեմադրությամբ, նույնպես ակտուալ է այսօր՝ 100 տարի անց, որի վկայություններից է, օրինակ, 2016-ի պատերազմը:

Մյուս տարի լրանում է Ղարսի անկման 100-ամյակը: Ինչպե՞ս ենք այն դիմավորելու:

Եվ եթե պետք է լինի ազգային նոր դիմադրություն, անկախության նոր պայքար, պատրա՞ստ ենք այսօր դրան:

Եթե կարիք ծագի, պատրա՞ստ ենք 2020-ը դարձնենք 1920-ի հակապատկեր, և դրանով հենց հաղթահարենք 20-ի պարտության սինդրոմը:

Մենք դրա ներուժն ունենք: Բայց պետք է գիտակցենք, որ անկախությունը ձրի չէ, որ այն չի տրվում մեկ անգամ մեկընդմիշտ, այլ մշտական պայքարի՝ ստեղծագործ աշխատանքից մինչև հարկ եղած դեպքում զինված դիմադրություն առարկա է: